ԱՂՎԱՆ ԱՍՈՅԱՆ
ԹՄՄ «Ուսուցիչ մը հովանավորէ» բարեգործական նախաձեռնությունը Քաշաթաղում ու Երեւանում
Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ թղթակցության մեջ, Թեքեյան մշակութային միությունը, իր այս տարվա «Ուսուցիչ մը հովանավորե» բարեգործական նախաձեռնությունը պետք է ավարտեր Երեւանում եւ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում:
Առաջին կանգառն Արցախն էր: Հոկտեմբերի 31-ին ԹՄՄ-ի անձնակազմին մեծ ուրախությամբ դիմավորեցին Բերձորի թիվ 1 դպրոցում: Սակայն այցն անակնկալներով լի էր նաեւ թեքեյանցիների համար: Առաջինըՙ տեղական ինքանակառավարման մարմինները նորոգել էին սարի գագաթին գտնվող դպրոցի աստիճանները: Մինչ այդ, թե երեխաները եւ թե ուսուցիչները դպրոց հասնելու համար ստիպված էին բազում փորձություններ հաղթահարելՙ բառի բուն իմաստով:
Երկրորդ անակնկալն այն էր, որ դպրոցն ընդգրկվել է ԼՂՀ հիմնանորոգման 2015թ. բյուջեի ծրագրի մեջ:
«Դպրոցի տարեգրության մեջ նշանակալի մեկ էջ եւս ավելացավ: Այցը արժեւորեց հարազատ կրթօջախի 20-ամյակը: Սա մեզ հպարտանալու առիթ է տալիս: Իսկ հպարտությունը բազմապատկվում է, երբ կողքիդ բարեկամ ունես, իսկ բարեկամ ձեռք բերելու ամենադյուրին ճանապարհը մեր ունեցածի, լավագույնի, մեր սրտի նվիրումն է»,- ասաց դպրոցի ուսուցչուհի Սիրվարդ Թամազյանը :
Դպրոցի վիճակը, մեղմ ասած, բարեկարգ չէր եւ այս օգնությունը ավելի քան անհրաժեշտ է դպրոցի անձնակազմին: Ահա այսպիսի խոսքեր էին հնչում համարյա բոլորի բերանից:
«Ոչ մի ուժ մարդուն չի դարձնում այնպես մեծ ու իմաստուն, ինչպես կոլեկտիվ, համերաշխ աշխատանքի ուժը: Անշուշտ այդ ուժը մենք ստանում ենք դպրոցում, որը մեր երկրորդ տունն է եւ դրանով մենք հպարտ ենք: Նաեւ նրանով, որ մեր դպրոցը կրում է Թեքեյան անունը: Մենք շնորհակալ ենք ԹՄՄ անդամներից եւ համակիրներից, որ սատարում են մեզ` նյութապես եւ, որ ամենակարեւորն էՙ բարոյապես», – ասաց պատմության ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանը :
Իսկ դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը բոլորին մաղթեց հաջողություններ իրենց աշխատանքային գործունեության մեջ` կարեւորելով նման հանդիպումների անհրաժեշտությունը , մարդասիրական արարքը, որով նրանք օրինակ են ծառայում մարդկանց եւ ցույց տալիս դեպի բարություն տանող ճանապարհը:
Եվ ահա, «Ուսուցիչ մը հովանավորէ» բարեգործական ակցիայի վերջին ակորդը Երեւանի Վահան Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցն էր: Այս դպրոցն առանձնանում է մնացած չորսից նրանով, որ այս ծրագրի «առաջնեկն» է: Եվ ուսուցիչները յուրահատուկ ակնածանքով են վերաբերվում այդ փաստին, նույնիսկ շատերը խոսքի մեջ նշեցին, որ «հպարտանում են» այդ փաստով:
«Յուրաքանչյուր տարի բոլորը մեծ ոգեւորությամբ են սպասում այս բարեգործությանը, շատ մեծ սպասելիքներ են կապում այդ գումարի հետ, չնայած, գումարն այնքան էլ մեծ չէ, համենայն դեպս, ուսուցիչն այսօր ունի դրա կարիքը: Սա եւս մի խթանիչ եւ ոգեւորիչ գործոն է, որը տալիս է ուսուցչին աշխատելու, արարելու, ստեղծելու ձգտում»,- ասաց դաստիարակության գծով փոխտնօրեն Քրիստինե Հարությունյանը :
Գումարները բաժանելուց հետո ուսուցիչները հավաքվեցին ուսուցչանոցում, որպեսզի զրուցեն Մ. Նահանգներից ժամանած, Ամերիկայի եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության փոխնախագահ Երվանդ Ազատյանի հետ:
Իր խոսքի ընթացքում պարոն Ազատյանը շեշտեց, որ կարեւորը գումարի չափը չէ. «Ես հասկանում եմ, որ այսօրվա սոցիալական պայմաններում նվիրաբերված գումարն այնքան էլ մեծ չէ: Սակայն այս ամենը կարող էր եւ անանձնական կերպով արվելՙ ուղղակի ուղարկեին կտրոնները եւ վերջ: Սակայն կարեւորը շփումն է, անմիջականությունը»: Գումարները հանձնելիս պարոն Ազատյանը շնորհակալություն էր հայտնում ուսուցիչներինՙ նրանց կատարած աշխատանքի համար:
«Մենք հավատում ենք Հայաստանի ապագային: Այսօր դրսում ավելի շատ հայ կա, քան հենց Հայաստանում: Եվ եթե այդքան հայերով չկարողացան այս փոքրիկ Հայաստանն ապրեցնել, ապա ամոթ իրենց», ասաց Երվանդ Ազատյանը:
Զրույցի ընթացքում ուսուցիչներն իրենց երախտագիտության խոսքը հայտնեցին ԹՄՄ-ին, ոմանք նույնիսկ խոսեցին այն լեզուներով, ինչը դասավանդում ենՙ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն: Երվանդ Ազատյանը հատկապես ուրախացավ ռուսերեն ելույթից հետո, քանի որ, ինչպես ինքը խոստովանեց, ռուսերեն չգիտե, սակայն իր շնորհակալությունը հայտնեց հենց ռուսերեն լեզվով:
Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գայանե Ղարիբյանը խոստովանեց, որ իրենց ավելի ապահով են զգում, երբ կա ԹՄՄ-ն. «Մենք ձեզ սպասում ենք ամեն տարի, եւ փառք Աստծո, որ մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ դա ոչ միայն գումարի համար է, այլ ձեր հետ հանդիպելու, ձեզ ունենալ մեր կողքին: Երկու մեծ նպատակ կա: Մեկը, որ մենք ձեզանով ավելի ապահով ենք զգում, եւ երկրորդը, «որ, անկախ տարիքից, չափազանց հաճելի է, երբ մարդու աշխատանքը գնահատում են: Մենք ձեզ սիրով սպասում ենք, տա Աստված, որ մենք էլ կարողանանք ձեզ էլ ինչ-որ բանով աջակից լինել»:
Մեզ հետ զրույցում, դպրոցի տնօրեն Ծովինար Մարդանյանը շեշտեց, որ, անկախ ամեն ինչից, ուսուցիչը նվիրյալ է, սակայն. «Սա օգնում է էլ ավելի եռանդով մոտենալ իր աշխատանքին»:
Այսքանով ավարտվեց «Ուսուցիչ մը հովանավորէ» բարեգործական ծրագրի 2014թ. արշավը: Հաջորդ տարի լրանում է ծրագրի 15 ամյակը: Երվանդ Ազատյանը խոստացավ, որ խորհրդանշական տարեդարձը կլինի ոչ պակաս խորհրդանշական անակնկալներով լեցուն: