Եթե մենք, որպես հասարակություն, մեր արժահամակարգի մեջ մերժում ենք այն դրույթները, որոնք դարեր շարունակ ձևավորել են մեր ինքնությունը, ուրեմն մենք համաձայն ենք ունենալ կրթված, բայց ոչ հայ մարդիկ։ Եթե սա է մեր նպատակը, ապա աշխարհում շատ կրթված ոչ հայ մարդիկ կան։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան եկեղեցական ժողովական գրասենյակի պատասխանատու Տեր Տիգրան քահանա Բադիրյանը՝ անդրադառնալով 2023–24 ուստարվանից «Հայ եկեղեցու պատմություն» դպրոցական առարկան որպես առանձին առարկա չդասավանդելու և այն «Հայոց պատմության» դասագրքում ներառելու հայեցակարգին։
«Ակնհայտ է և քննարկման ենթակա չէ այն կարծիքը, որ կրթությունը յուրաքանչյուր պետության անկյունաքարն է. կրթությամբ են մարդիկ ժառանգում այն արժեհամակարգը, որով պետք է պետություն կառուցեն։
Մեզ պետք են կրթված հայեր, այնպիսի անհատներ, որոնք կգիտակցեն իրենց էությունը, արժեքը, կգիտակցեն, թե ինչի համար պետք է ներդնել սեփական գիտելիքներն ու կարողությունները։
Սա, իմ կարծիքով, ավելի նպատակային դրույթ ունի իր մեջ, իսկ թե ինչու չկա այդ ցանկությունը՝ ունենալ ինքնություն ունեցող, գիտակից հայեր, պետք է ՀՀ իշխանությունները պատասխանեն»,- ասաց հոգևորականը։
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն լրագրողների հետ զրույցում նախօրեին հայտարարել էր՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանն իրենք հստակ արտահայտել են եկեղեցու դիրքորոշումը, այն է՝ իրենց համար անընդունելի է մոտեցումը՝ տարրալուծել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան այլ առարկաների մեջ կամ սահմանափակել 1-ին կամ 2-րդ դասարանում դասավանդելով։
Ժաննա Անդրեասյանն իր հերթին հիշեցրել էր, որ 2021 թվականին հաստատվել է հանրակրթության պետական չափորոշիչը, որով սահմանված են ԿԳՄՍՆ մոտեցումները։ «Չափորոշիչը ներդրվելու է բոլոր դպրոցներում այս տարվա սեպտեմբերից, սա է իրավիճակը, և այս իրավիճակը չի փոխվում»,- ասել էր նախարարը։