Սոթքի հանքավայրի 600 աշխատակիցներից 400-ին հանքը շահագործող ընկերությունը հարկադիր պարապուրդի է ուղարկել: 44-օրյա պատերազմից հետո կիսով չափ աշխատող հանքավայրը, որ բացառապես ռուսական կողմի միջնորդության ջանքերով էր աշխատում, այժմ, փաստորեն, լուծարման է գնում: Վարդենիսի տարածաշրջանին պահող ու սնող, կարելի է ասել՝ ռազմավարական նշանակության գործարանի ճակատագիրն օդում կախված է, կամ էլ՝ ամեն ինչ դեռ շատ վաղուց որոշված է՝ ցավոք ոչ մեր օգտին: «Սոթքն», ի դեպ, 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո 2-րդ խոշոր հիմնարկությունն է, որ լուծարման է գնում: Փաշինյանի իշխանության ձեռամբ Ալավերդիի Պղնձամոլիբդենային կոմբինատի ձուլարանի կրակն իշխանափոխությունից կարճ ժամանակ անց՝ 2018-ի ամռանը, մարեց, ինչի հետեւանքով մոտ 1000-ի հասնող մարդ առանց աշխատանքի մնաց: Չնայած գործարանի հնաբնակ մասնագետների ահազանգերին, որ ձուլարան վերագործարկելը հանաք-մասխարություն չէ, միեւնույնն է՝ 2018-ին Փաշինյանի իշխանության հովերով տարված ալավերդցիներն անձամբ էին հայտարարում, թե «Նիկոլն ինչ անում է, լավ է անում, ճիշտ է անում»: Իսկ լավ ու ճիշտ անելն Ալավերդիում այժմ հետեւյալ տեսքն ունի արտագաղթի ահագնացող տեմպ, մռայլ ու չժպտացող քաղաք, հոգսաշատ դեմքով ու վաղվա օրը չտեսնող քաղաքացիներ…
Քաղաքական դաշտի որեւէ ուժ սակայն այս խնդրով մտահոգված չէ առ այս պահը որեւէ ուժ կամ կուսակցություն հանքի լուծարման գնացող ճակատագրի մասին ձայն-ծպտուն չի հանել: Գեղարքունիքի մարզը ներկայացնող մի քանի պատգամավոր կա խորհրդարանում, նրանք սակայն այս օրերին Սոթք ու Վարդենիս չեն գանցել՝ տեղացիներին գոնե սիրտ տալու համար: Փոխարենը թե՛ իշախանականները, թե՛ ընդդիմադիրները մտածում են ավելի գեղեցիկ «լուքի», գործուղումների մեկնելու ու ճռճռան տեքստեր ասելու մասին:
Ի դեպ, գործուղումների մասով. «Ազգ»-ի՝ խորհրդարանական ընդդիմությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են՝ ընդդիմադիրների մեջ հատուկենտ պատգամավորներ կան, որ սկզբունքայնորեն հայտարարել են, թե ՔՊ-ականների հետ երբեւէ ու որեւէ դեպքում գործուղման չեն գնա: «Պատգամավորների մեծամասնությունը սակայն անում է հնարավորը, որ յուղոտ «վոյաժների» ցուցակում ինքը նույնպես ներառված լինի՝ մտածելով, թե քանի ձեռքը մեղրի կարասին է հասնում, մի մատնաչափ էլ ինքն անուշ անի»,- ասաց մեր զրուցակիցը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ