ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու
Քաղաքակրթական հատկանիշներով ժողովուրդների նմանությունները դասակարգել փորձող հեղինակավոր հետազոտություններց մեկը պնդում է, որ հայերին այդ հատկանիշով ամենամոտ ժողովուրդը վրացիներն են: Այս պարզ իրողությունը գիտեն նաեւ մեր մյուս հարեւանները, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում հայերի ու վրացիների միջեւ ամեն տեսակի տարաձայնություններն ու հակասությունները փչելու-ուռճացնելու համար: Հայաստանն ու Վրաստանը նախկին ԽՍՀՄ փլուզումից հետո ամերիկյան ստրատեգների գծած Մեծ Մերձավոր Արեւելքի միակ երկու քրիստոնյա պետություններն են: «Ազգի» էջերում վերջին տարիներին շատ ենք գրել հայ-վրացական եղբայրության դաստիարակության անհրաժեշտության, Հայոսի ու Քարթլոսի, պատմության դրական դասերը մոռանալ տալու, բացասական դասերը մատի փաթաթան դարձնելու, մերօրյա հայ-վրացական գործակցության համար նոր խորհրդանիշներ փնտրել-գտնելու, Վրաստանի նախագահի էջմիածնեցի ընկերների եւ այդ ընկերության խորհրդի, երկկողմ հարաբերությունները պատշաճ մակարդակի վրա մշտապես բարձր պահելու կարեւորության մասին: Սրանք հարցեր են, որոնք վերջին համաշխարհային ցնցումների ու նոր դժվարությունների պայմաններում նոր իմաստ եւ լրացուցիչ կարեւորություն են ստանում: Եվ ինչո՞ւ պետք է թույլ տայինք, որ մեր միջեւ հակասությունները խորանային այն աստիճան, որ քրիստոնյա երկրում ապրող վրացիները, որոնք հայկական արյուն ունեն իրենց երակներում, թաքցնեին կամ ուրանային դա:
Նմանություններ, որոնք հաստատում են իրար մոտ լինելու հանգամանքը
Հայկական տնտեսության մեջ ամենախոշոր ներդրողը Ռուսաստանն է: Երկրորդ տեղում է Ֆրանսիան: Վրացական տնտեսության մեջ ամենախոշոր ներդրողը ԱՄՆ է: Երկրորդ տեղում է Թուրքիան: Վրաստանի տնտեսության վրա իրականում ամենամեծ ազդեցությունն ունեն թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած: Հայկական տնտեսությունն ուղղորդված է գլխավորապես դեպի Ռուսաստան: Այս տարբերությունները ներկայացնում եմ, անելու համար զարմանալի ընդհանրացում: Դրամը եւ լարին դոլարի վերջին արժեւորումից ցնցվեցին միաժամանակ եւ նույն չափով: Սա չի՞ խոսում արդյոք այն մասին, որ մեր երկու տնտեսությունները համարյա նույն կերպ են արձագանքում արտաքին մարտահրավերներին: Հայերս հնարավորություն չունենք Վրաստանում այնպիսի ազդեցություն ապահովելու, ինչպիսին ունեն թուրքերն ու ադրբեջանցիները: Բայց մենք ազնվորեն պատրաստ ենք եղել եւ ենք լինելու միջնորդ Հյուսիս-Հարավ համագործակցության ծավալման համար: Այդ նպատակին են ուղղված նաեւ վերջերս աշխուժացած քննարկումները Դաղստանից Վրաստան նոր ավտոմայրուղու շինարարության վերաբերյալ, որը մի թեւով կկապվեր մեր հյուսիս-հարավ մայրուղուն, իսկ մյուս թեւով կուղղվեր դեպի Թուրքիա: Վերջերս Վրաստանում հաճախակիացել են խոսակցությունները մեր քաղաքակրթական նմանությունների մասին, որոնք իրականում կան եւ որոնք կարող են դրական ու հավասարակշռող դեր կատարել Վրաստանի հասարակական-քաղաքական իրողություններում:
Երեքշաբթի օրը Երեւանում կայացած շնորհանդեսի ժամանակ ներկայացված «Ռուսաստան-Հայաստան. Ինտեգրումը գլոբալ ճգնաժամի համապատկերում» զեկույցում ուշագրավ գնահատումներ կան հայ-վրացական հարաբերությունների արդի վիճակի եւ հեռանկարների մասին: Միջազգային հարաբերությունների մոսկովյան պետական ինստիտուտի շրջանակներում գործող հետազոտական կենտրոններից մեկի երկու հեղինակներըՙ Միխայիլ Վոլխոնսկին եւ Նիկոլայ Սիլայեվը գնահատել են ԵԱՏՄ-ի ստեղծման նախօրեին առկա հարաբերությունների վիճակը, իրական եւ հնարավոր հիմնախնդիրները եւ քաղաքական-տնտեսական որոշ հեռանկարներ: Հայ-վրացական հարաբերությունների մասին հեղինակներն արել են միանգամայն ուշագրավ դիտարկումներ: Նրանք գրում են. «Հայաստանի վրա դրված տրանսպորտային սահմանափակումների պայմաններում հատուկ նշանակություն են ստանում հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի հետ: Ընդ որում հատուկ կարեւորություն են այստեղ ստանում հարաբերությունները Վրաստանի հետ… Այս առումով ուշագրավ է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական շփումների աճած ինտենսիվությունը վերջին երկու տարում: Բիձինա Իվանիշվիլու առաջին այցերից մեկի ուղղությունն էր Հայաստանը: Իր այցի ընթացքում նա արեց հայտարարություններ, որոնք կարելի էր մեկնաբանել այնպես, որ Վրաստանը դիտարկում է Աբխազիայով անցնող երկաթուղու վերականգնման հնարավորությունը: Հայաստանը մեծապես հետաքրքրված է Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերսկսման հարցումՙ Վրաստանի եւ Աբխազիայի վրայով: Եվ չնայած այն բանին, որ վրացական ղեկավարությունը չձեռնարկեց որեւէ էական գործնական քայլ այս գաղափարի իրականացման ուղղությամբ, իսկ Թբիլիսիում այն ենթարկվեց քննադատության, Հայաստանը մշտապես դնում է այս հարցը երկկողմ հարաբերությունների օրակարգում: (Դիվանագիտական աշխուժության) հիմնական պատճառն այն է, որ Հայաստանը մտնում է Եվրասիական տնտեսական միություն, իսկ Վրաստանըՙ ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտի: Հաշվի առնելով Վրաստանի նշանակությունը հայ-ռուսական տրանզիտի համար, կողմերը պետք է որ ներդաշնակեցնեին իրենց քաղաքականությունը տարբեր ինտեգրացիոն միավորումներին միանալու ուղղությամբ: Նրանց միջեւ կարող են գոյություն ունենալ պայմանավորվածություններ միմյանց իրավասությունը փոխադարձաբար օգտագործելու մասին, իրականացնելու համար առեւտրական առավելությունները, որը տալիս են ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտին եւ Եվրասիական տնտեսական միությունը: Այդ մասին է հայտարարել վարչապետ Ի. Ղարիբաշվիլին Երեւան կատարած այցի ժամանակ. «Հայաստանը եւ Վրաստանը պետք է կարողանան օգտագործել տարբեր միավորումներում անդամակցության հնարավորությունը երկու երկրների օգտին: Դա կդառնա լավ օրինակ միջազգային հանրության համար»: Եթե պայմանավորվածությունները ձեռք բերվեն, վրացական ընկերությունները կգրանցվեն Հայաստանում կամ Ռուսաստան եւ ԵԱՏՄ-ի մյուս երկրներ կներկրեն իրենց ապրանքներըՙ որպես Հայաստանում արտադրված, իսկ հայկական ընկերությունները կգրանցվեն Վրաստանում եւ իրենց ապրանքները կառաքեն ԵՄ: Եթե այսպիսի համագործակցության գծագիրը երկու երկրների միջեւ իրականցվի, այն կդառնա հայ-վրացական հարաբերությունների ամուր հիմք մոտակա տարիների համար»:
Նախագահ Վ.Պուտինի հայտնի հայտարարությունն այն մասին, որ «հնարավոր ենք համարում մյուս գործընկերների հետ մտածել եւ ընդհանուր համաձայնության դեպքում իրականացնել այդպիսի նախագիծ, օրինակ, ինչպես տարանցիկ երկաթուղային հաղորդակցությունն է Սուխումի, Թբիլիսի եւ այնուհետեւ մի կողմից դեպի Հայաստան, իսկ մյուս կողմից դեպի Ռուսաստան», ունեցել է արձագանք Վրաստանում: Երկրի վարչապետիՙ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Զ. Աբաշիձեն ասել է, որ Վրաստանը պատրաստ է քննարկել երկաթուղային հաղորդակցության վերսկսման հարցը, եթե այն «ծառայի աբխազական հակամարտության կարգավորմանը եւ եթե այդ ամենը տեղի ունենա Վրաստանի ինքնիշխանության հարգման, տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման միջոցով»: Զեկույցի հեղինակներն ուշադրություն են դարձրել, որ «Ռուսաստանի նախագահի հայտարարությունը խորհրդանշում է այն հանգամանքը, որ Հայաստանի հետ հուսալի տրանսպորտային հաղորդակցության խնդիրը ավելի է բարձրացվում Հարավային Կովկասում ռուսական արտաքին քաղաքականության առաջնահերթությունների պայմանական ցուցակում: Եվ դաՙ ԵԱՏՄ-ին Հայաստանի սպասվող անդամակցության կապակցությամբ: Դա էլ իր հերթին նշանակում է, որ Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների նորմալացման քաղաքականության համար ի հայտ է գալիս լրացուցիչ մոտիվացում: Այդ քաղաքականությունն, իր բոլոր հասկանալի սահմանափակումներով, վերջին տարիներին ծառայում է իբրեւ Անդրկովկասում իրավիճակի կարգավորման գործոն եւ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Հայաստանի ինտեգրումը նաեւ այդպիսի անուղղակի ազդեցություն է ունենում տարածաշրջանում ընդհանուր գնահատականի վրա»:
Այս երկարաշունչ մեջբերումը արեցինք ցույց տալու համար, որ ռուսական դիվանագիտական շրջանակներում միանգամայն իրատեսական են համարում բազմակողմ բանակցություններն ու քննարկումները աբխազական երկաթուղու վերագործարկման ուղղությամբ:
Մյուս թարմ նորությունն այն է, որ արդեն եվրոպական վարկերով Հայաստանը եւ Վրաստանը կմիանան միասնական էներգամատակարարման համակարգում, որտեղից հնարավոր կլինի էլեկտրաէներգիա առաքել, ըստ անհրաժեշտության, Հայաստանից Վրաստան եւ ընդհակառակն, որտեղ որ դրա կարիքը լինի: Սա գործնականում էներգետիկ ինտեգրման շատ գործնական օրինակ է դառնալու:
Վրացահայությունըՙ որպես կամուրջ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ
Ժամանակակից Վրաստանում վրացահայության թիվը եւ տեսակարար կշիռը կրճատվել է: Եթե ԽՍՀՄ ժամանակներում վրացահայությունը հանրապետության ամենամեծ ազգային փոքրամասնությունն էր, ապա այսօր ամենամեծը Վրաստանի ադրբեջանցիներն են: Հետաքրքրական է, որ նրանք ավելի արագ եւ ճկուն քայլեր են անում վրացական իրականության մեջ ինտեգրվելու ուղղությամբ, քան վրացահայերը: Օրինակ, վրացական բուհեր ընդունվելու համար հազարից ավել ադրբեջանցի երիտասարդներ մասնակցել են հարցազրույցի եւ հինգ հարյուրից ավելն այսօր բարձրագույն կրթություն է ստանում վրացերեն լեզվով: Հայերից նման հարցազրույցի մասնակցել է մոտ հինգ հարյուր մարդ, եւ հարյուր հիսունից մի փոքր ավելի նույնպիսի կրթություն է ստանում: Այս տեղեկությունն իմանալովՙ ես մտորում էի այն մասին, թե ինչո՞ւ է Սայաթ-Նովայի ժողովրդի համար դժվարացել երկու կամ երեք լեզու միաժամանակ տիրապետելը: Ինչո՞ւ Ղազախստանը կարող է պետականորեն ձեւակերպել եռալեզու հասարակություն ձեւավորելու խնդիրը, իսկ մենքՙ հայերս, որ հազարամյակներով հեռու ու մոտ երկրներում զարմանալիորեն արագ ինտեգրվել ենք տեղի հասարակություններին, այսօր մտահոգ ենք կամ մտահոգ ենք ձեւանում լոկ մայրենի լեզուն պահպանելու հարցում: Եվ, օրինակ, ի՞նչ կլիներ, եթե հայերը Վրաստանում ավելի արագ ինտեգրվեին ժամանակակից վրացական հասարակությանը եւ հավասար մրցակցության պայմաններում այնտեղ ձեռք բերեին առաջատար դիրքեր տնտեսության, քաղաքականության եւ հումանիտար ասպարեզներում: Եվ ավելի լավ չէ՞ արդեն այդ դիրքերից վրացական իշխանություններին վրացերեն բացատրելը, որ իրենք Ջավախքի համար լեզվական եւ մշակութային ինքնավարություն են պահանջում ոչ թե այն պատճառով, որ չգիտեն վրացերեն խոսել, այլ այն պատճառով, որ իրենք հայ են եւ, վրացերեն գերազանց իմանալով, ուզում են իրենց կոմպակտ բնակության վայրերում կիրառել իրենց մայրենի լեզուն, այդ թվում դատաիրավական եւ վարչական համակարգերում: Ինտեգրված հասարակության համար հիմնախնդիրներ լուծելու տեխնոլոգիաները շատ ավելի ճկուն են եւ շատ ավելի քիչ ցավոտ: Եռալեզու կամ քառալեզու վրացահայությունը մեր ժամանակների քննություններին ընդառաջ հսկայական մարդկային կապիտալ կարող է լինել եւ դրանով նպաստել Հայաստանի առջեւ ծառացած տարածաշրջանային խնդիրների լուծմանը: