«Ազգի» ընթերցողներն իրազեկ են, որ Ժնեւումՙ ՄԱԿ-ին հարակից այգում նախատեսված էր կառուցել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: 7 տարի է, ինչ Թուրքիայի հակազդեցության պատճառով, որին տուրք է տալիս նաեւ Շվեյցարիայի արտգործնախարարությունը,Արիանա այգում «Հիշողության լապտերներ» հուշահամալիրի շինարարությունը իրականություն չի դառնում: Ժնեւի կանտոնի ղեկավարները հայ համայնքին առաջարկել էին Մելիք Օհանյանի հեղինակած 8 մետր երկարությամբ լապտերների համար նոր վայր որոնել, ինչը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները մերժել էին: 2014-ի դեկտեմբերի 8-ին թվագրյալ նամակով Շվեյցարիայի արտգործնախարար Բուրկհալթերը Ժնեւի կանտոնի վարչապետ Ֆրանսուա Լոնշամին (Franջois Longchamp) առաջարկում է մերժել հուշահամալիրի թույլտվությունըՙ «ՄԱԿ-ի անկախ ու խոհեմ մթնոլորտը պահպանելու, նաեւ հարակից միջազգային մյուս կառույցների գործառույթները լավագույն պայմաններում շարունակելու նկատառումով»: Շվեյցարիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Կարլո Սոմմարուգան տեղեկացրել է, թե հանձնախմբում անհանգստացած են եւ արտգործնախարարից բացատրություն են ակնկալում: «Անհասկանալի է, թե Շվեյցարիայի պես մարդու իրավունքների պաշտպան, քաջալերող պետությունն ինչպես է Թուրքիայի ժխտող կառավարության կամակատարը դառնումՙ նրան արտոնելով իր տարածքում որոշելու», շվեյցարական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ընդգծել է Շվեյցարիա-Հայաստան կազմակերպության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը: «Եթե Ժնեւի քաղաքապետարանը նոր տեղ տրամադրի, կհամաձայնե՞ն» հեռուստալրագրողի հարցին Շահինյանը մերժողական պատասխան է տվելՙ ասելով , թե դատարան են դիմելու: