Հայաստանի տնտեսության համար 2015-ը առանձնահատուկ տարի է լինելու: Երկու կարեւոր իրադարձություններ ստեղծել են նոր կացություն, որը, թեեւ նոր հնարավորություններ է ստեղծում մեր երկրի համար, բայց այնպես չէ, որ ամեն ինչ ինքնաբերաբար կընթանա այնպես, ինչպես ակնկալվում է:
Արտահանման ավելացման երկու նպաստավոր գործոնները
Երկու կարեւոր իրադարձություններից առաջինը Հայաստանի անդամակցումն է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), ինչի մասին բազմիցս է խոսվել եւ ներկայացվել: Այսինքն, մեր երկրի տնտեսավարողների համար բացվել է նոր` 170 միլիոնանոց շուկա, որտեղ ապրանքների ներմուծումը ազատված կլինի հարկերից եւ մաքսատուրքերից: Հայկական ապրանքների արտահանման համար դա անշուշտ նպաստավոր իրավիճակ է: Թերեւս ավելի նպաստավոր, քան ԵՏՄ անդամ երկրներից յուրաքանչյուրի համար առանձին վերցրած, քանի որ ամենափոքր` 3 միլիոնանոց ներքին շուկա ունեցող երկիրն այս միության մեջ հենց Հայաստանն է եւ հենց նրա համար է բացվում բազմապատիկ ավելի մեծ բնակչություն ունեցող շուկա:
Մյուս նպաստավոր հանգամանքն այն է, որ Հայաստանի ներդրումային գրավչությունն է մեծանում: Տարիներ շարունակ, Հայաստանում, պոտենցիալ ներդրողները հրաժարվում էին ներդրում կատարելու մտքից հենց մեր երկրի փոքր շուկան նկատի ունենալով: Մասնավորապես, հայտնի ընկերությունները իրենց ապրանքների կամ ծառայությունների սպառման համար ավելի մեծ շուկաների հետաքրքրություն են ունենում: ԵՏՄ անդամակցությունից հետո, երբ ներքին շուկա է դառնում արդեն ոչ թե փոքր Հայաստանը, այլ ամբողջ ԵՏՄ-ն, մեր երկրի ներդրումային գրավչությունը զգալիորեն ավելանում է` համատեղ արտադրություններ ստեղծելու առումով:
Երկրորդ կարեւոր իրադարձությունը տարեվերջում ձեւավորված դոլար-դրամ նոր փոխարժեքն է: Վերջին 5 տարիների ընթացքում` 2010-ի դեկտեմբերից, 1 դոլարը 363 դրամից, 2014-ի դեկտեմբերին այն դարձել է 410 դրամ: Եթե այդ 4 տարվա ընթացքում դրամն աստիճանաբար արժեզրկվել էր մոտ 10 տոկոսով, ապա անցյալ տարվերջին, մի քանի օրվա կտրուկ տատանումներից հետո, դրամն արժեզրկվեց միանգամից մոտ 15-20 տոկոսով: Դրամի նման արժեզրկումը գնաճի նոր ալիք բարձրացնելու հետ մեկտեղ, դրական ֆոն է ստեղծում տեղական արտադրողների համար: Ազգային արժույթի 15-20 տոկոսով արժեզրկումը նույնքանով թանկացնում է Հայաստան ներմուծվող ապրանքը: Ներմուծողը կա՛մ դա պետք է կրի իր վրա եւ նվազեցնի շահույթը, կա՛մ նույն չափով ավելացնի իր ներմուծած ապրանքի իրացման գինը: Բնականաբար, հայկական ներմուծողները ընտրում են ապրանքը թանկացնելու տարբերակը: Դրա շնորհիվ, այն ապրանքները, որոնք արտադրվում են տեղում, հայտնվում են շահեկան վիճակում, քանի որ կա՛մ դրանց գինն ավելի քիչ չափով է բարձրանում, կա՛մ չի բարձրանում: Դրանով տեղական արտադրանքը ստանում է մրցակցային առավելություն` ավելի ցածր գին ներմուծվող ապրանքի համեմատ:
Սակայն կան մի շարք հանգամանքներ, որ կարող են ի չիք դարձնել կամ նվազեցնել այն դրական արդյունքները, որ ակնկալում ենք Հայաստանի ԵՏՄ մտնելուց եւ նոր փոխարժեքից:
Հնարավորութուններից օգտվելու խոչընդոտները
Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին թեեւ ավելացրեց արտահանման մեր հնարավորությունները եւ ներդրումային գրավչությունը, բայց արտահանման ուղիների առումով դեռեւս կան մեծ խնդիրներ: Խոսքը Վերին Լարսի ճանապարհի թողունակության, տարվա ընթացքում ամիսներ շարունակ չգործելու մասին է: Սա Հայաստանից Ռուսաստան եւ ԵՏՄ մյուս երկրներ արտահանման լրջագույն խոչընդոտներից է եւ հատուկ ուշադրության կարիք ունի: Վերջերս էլ այս նույն ճանապարհով սկսել է ավելանալ թուրքական բեռնատարաների հոսքը դեպի Ռուսաստան, ինչի հետեւանքով այդ ճանապարհին եւ ռուս-վրացական անցակետի մոտ խցանումներն ու այլ դժվարություններն ավելանում են:
Բացի դրանից, որքան էլ խոսվում է աբխազական երկաթուղու գործարկման ցանկությունների կամ մտադրությունների մասին, այս պահին դա իրատեսական չէ: Ռուս-վրացական, վրաց-աբխազական հարաբերությունները եւ քաղաքական կացությունը մեր տարածաշրջանի այդ հատվածում անհավանական են դարձնում երկաթուղու վերագործարկման հեռանկարը մոտ ապագայում: Դա նշանակում է, որ արտահանումը դեպի ԵՏՄ Հայաստանից կատարվելու է միայն ավտոփոխադրումներով եւ շարունակելու է մնալ թանկ:
Դրամի արժեզրկումը, ճիշտ է, նպաստավոր հանգամանք է ինչպես ներքին շուկայում տեղական արտադրողների դիրքերի ամրապնդման, այնպես էլ արտահանման համար: Սակայն, նշենք, որ մեր արտահանման հիմնական շուկայում` Ռուսաստանում նույնպես ազգային արժույթը զգալիորեն արժեզրկվել է, իսկ տեղի բնակչության գնողունակությունը` նվազել: Այդ պատճառով ներկա պահին հայ արտահանողները դժվար կացության առջեւ են: Նրանց գործընկերները Ռուսաստանում չեն շտապում հայկական արտադրանքի նոր խմբաքանակներ ներմուծել, քանի որ սպասում են փոխարժեքի որոշակի կայունացման: Դեռեւս չկա վերջնական կողմնորոշում, թե ինչ արժույթով պետք է կատարվեն վճարումները` դոլարով, թե՞ ռուբլիով: Առաջինի դեպքում դա ձեռնտու չէ ռուսաստանյան ներմուծողներին, երկրորդի դեպքում` մեր արտահանողներին:
Անլուծելի է նաեւ հայկական ապրանքների մեծ խմբաքանակաների առաքման հարցը: Սպառման մեծ ծավալներ ունեցող շուկաներում, ինչպիսին նաեւ ԵՏՄ-ն է, պահանջվում են ապրանքների մեծ ծավալներ: Հայ արտադրողները չեն կարողանում ապահովել իրենց մատակարարների պահանջված ծավալները , ինչի պատճառով հնարավոր չի լինում կայուն տեղ զբաղեցնել այս կամ այն երկրի շուկայում:
Մի խոսքով, փաստ է, որ վերեւում նշված նոր իրողությունները նոր հնարավորություններ են բացել մեր երկրի զարգացման համար, բայց ակնհայտ է, որ դեռեւս պետք է կարողանալ օգտվել այդ իրողություններից, որպեսզի հետագայում սովորության համաձայն չդժգոհենք, որ դրանք էլ մեզ օգուտ չտվեցին, եւ պատճառները փնտենք ոչ այնտեղ, որտեղ պետք է: