Մեծ եղեռնի հարյուրամյակին ընդառաջ Հարավային Կալիֆոռնիա համալսարանի (ՀԿՀ) Շոա հրեական հիմնադրամի «Տեսողական կրթության եւ պատմության ինստիտուտը» պաստրաստվում է Հայկական ֆիլմ հաստատությունից ձեռք բերած մոտ 400 վերապրողների վկայություններից առնվազն 40-ը ընդգրկել իր պատրաստած «Պատմության տեսողական արխիվում»: Ակնկալվում է, որ ամբողջ հավաքածուն ներդրված կլինի այդ արխիվում մինչեւ այս տարվա աշունը:
Սույն լուրը հաղորդող «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ հիմնադրամի եւ հայկական հաստատության միջեւ պայմանագիրը ստորագրված է եղել դեռ 2010-ի ապրիլին, համաձայն որի պետք է թվայնացվեին 1972-ից 2005 թվականը 16 մմ ֆիլմերիզի վրա վաղամեռիկ դոկտ. Մայքլ Հակոբյանի վարած հարցազրույցները Ցեղասպանությունից փրկվածների հետ:
Հակոբյանը «Էմմի» մրցանակին արժանացած ֆիլմարտադրիչ էր, ով 70 ուսումնական եւ վավերագրական ֆիլմերի հեղինակն էր, ներառյալ 17 ֆիլմերի, որոնք պատմում են հայերի եւ Հայոց մեծ եղեռնի մասին: Արժանացել էր ավելի քան 160 մրցանակների:
«Դրանք կարեւոր են, որովհետեւ ներառում են նաեւ վկայություններ այլազգի ականատեսների», ասել է այս առթիվ վերոնշյալ ինստիտուտի վավերագրության եւ հետազոտությունների բաժնի տնօրեն Կարեն Յունգբլաթը:
Վկայությունների ներդրումը արխիվում կատարվում է Լոս Անջելեսի Կալֆիոռնիա համալսարանի պատվավոր պրոֆ. Ռիչարտ Հովհաննեսյանի աջակցությամբ:
Շոա հիմնադրամը արդեն երկու կլիպ է տեղադրել հայկական վկայությունների մասին իր «www.sfi.usc.edu» կայքում: