Գրագիտության մակարդակը բարձր չէ Եգիպտոսում, բայց տեղի ժողովուրդն օժտված է հումորի բնածին տաղանդով: Մարդիկ երբեմն կարող են քաղաքական գլխավոր զարգացումները խտացնել մի սովորական անեկդոտի մեջ: Նման մի անեկդոտ շրջանառության մեջ դրվեց, երբ Անվար Սադաթը որպես նախագահ հաջորդեց Գամալ Աբդել Նասերին: Պաշտոնավարության առաջին օրը, երբ նոր նախագահը լիմուզինով գնում է դեպի իր աշխատասենյակը, վարորդը հանդիպակաց խաչմերուկում կանգնեցնելով մեքենան հարցնում է Սադաթին ո՞ր ուղղությամբ գնալ, ձա՞խ, թե՞ աջ, հիշեցնելով, որ Նասերը ձախն էր նախընտրում: Սադաթը պատասխանում է. «Ազդանշանը ձախ միացրու, բայց հետո աջ գնա»:
Այսօր նույն երեւույթի ականատեսն ենք լինում Թուրքիայի վարած քաղաքականության առնչությամբ: Պահպանելով Հայաստանի հետ սահմանի շրջափակումը, ժխտելով Ցեղասպանության փաստը եւ քաջալերելով Ադրբեջանի մարդասպանական ռեժիմինՙ շարունակելու իր ռազմատենչ դիրքորոշումը, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կոչ է անում «Հայաստանի հետ (հարաբերություններին) նոր թափ հաղորդել»:
Դավութօղլուն ինքն էր Գալիպոլիի հարյուրամյակը նշելու գաղափարի նախաձեռնողը, նպատակ հետապնդելով նսեմացնել հայերի Ցեղասպանության հարուրյամյակի ոգեկոչումները: Դրան ավելացավ նախագահ Էրդողանի ցինիկաբար ուղարկված հրավերը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանինՙ մասնակցելու Գալիպոլիի տոնակատարություններին, ստեղծելով աբսուրդի մի թատրոն իր արտաքին քաղաքականության մեջ: Նախագահ Սարգսյանն իր ամրակուռ պատասխանով երեւան հանեց Հայաստանի հանդեպ Թուրքիայի որդեգրած քաղաքականության կեղծավորությունը:
Շատ քննադատական մեկնաբանություններ հրատարակվեցին համաշխարհային մամուլի եւ նույնիսկ թուրքական թերթերի էջերում: Բայց դրանցից մեկն էր միայն, որ հարցի բուն էությունն էր շոշափում, գրված հունվարի 19-ի «Ինդիփենդենտում» (Անգլիայում հրատարակվող) թերթի Մերձավոր Արեւելքի ամենախորագիտակ թղթակից Ռոբերտ Ֆիսքի կողմից: (*) Ամեն մի հայկական կազմակերպություն, որն զբաղված է թուրքական հերյուրանքներին պատասխանելու հարցերով, պարտավոր է Ֆիսքի այդ հոդվածը ուղարկելու այն 102 պետությունների առաջնորդներին, որոնք հրավիրված են մասնակցելու այդ շինծու տոնակատարությանը:
Բացի հայերի Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչումները նսեմացնելու ամոթալի փորձ լինելուց, դա նաեւ վիրավորական եւ անհարգալից վերաբերմունք է հրավիրյալ երկրների բանակների հանդեպ, քանի որ 1918-ի պատերազմում Թուրքիան ի վերջո պարտվեց: Ի՞նչ արժեք ունի այդ բոլորի համատեքստում մեկ ճակատամարտը: Գուցե առավել նշանակալից կլիներ տոնել հաղթանակը 1918-ի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած քիչ հայտնի Պաղեստինի Արարայի ճակատամարտի, որի ընթացքում դաշնակիցները քայքայիչ պարտության մատնեցին Օսմանյան եւ գերմանական ուժերին, ստիպելով նրանց նահանջել ռազմավարական նշանակություն ունեցող այդ բարձունքից: Այդ ճակատամարտում Մ. Նահանգներից եւ այլ վայրերից 5000 հայ կամավորներ էին կռվում Հայ լեգեոնականների շարքերում, որոնք հետագայում արժանացան ֆրանսիական եւ անգլիական հրամանատարության դրվատանքին:
Ֆիսքի հոդվածի վերնագիրն անգամ ամեն ինչ ասում է. «Գալիպոլիի հարյուրամյակը ամոթալի փորձ է թաքցնելու հայերի Հոլոքոսթը»: «Սա սոսկ դիվանագիտական չարություն չէ: Թուրքերը քաջ գիտեն, որ դաշնակիցները Գալիպոլի ցամաքահանում կատարեցին ապրիլի 25-ին, այսինքնՙ այդ ժամանակվա թուրք կառավարության հրամանով իրականացված հայերի Ցեղասպանությունից մեկ օր անց: Նրանք գիտեն, որ Ավստրալիան եւ Նոր Զելանդիան «Անզակի օրը» (Anzac Day) նշում են ապրիլի 25-ին: Ընդամենը երկու տարի առաջ, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը այդ ճակատամարտի 98-րդ տարեդարձը նշեց մարտի 18-ին, այն օրը, երբ Ուինստոն Չերչիլի հրամանով բրիտանական նավատորմը սկսեց ռմբակոծել Դարդանելի թերակղզին: Այդ ժամանակՙ 2013-ին, ոչ ոք Թուրքիայում չառաջարկեց, որ Գալիպոլին (թուրքերենՙ Չանաքկալե) հիշատակվի ապրիլի 24-ին: Թուրքերն անշուշտ վախենում են, որ 1915-ը կհիշատակվի որպես հայերի բնաջնջման, մարդկության դեմ իրենց երկրի գործած ահավոր ոճրագործությունների տարելիցը», գրում է նա:
Ընդհանուր պատերազմում պարտված Թուրքիայի Գալիպոլիի այս մեկ ճակատամարտի «հաղթանակը» դեռ շատ գաղտնիքներ ունի բացահայտելու: Մինչ Օսմանյան բանակի դեմ էր կռվում, Բրիտանական կառավարությունը մեծապես մտահոգված էր այն հանգամանքով, որ դաշնակից դարձած իր թշնամի Ռուսաստանը գնալով ավելի էր մոտենում Միջերկրականի տաք ափերինՙ գրաված լինելով արդեն Օսմանյան կայսրության արեւելյան սահմանում որոշ տարածքներ: Մինչ այդ բրիտանական քաղաքականությունը խոչընդոտել էր ռուսներին հասնելու այդ վայրերին, իսկ այժմ արծաթե սկուտեղի վրա դրանք հրամցվում էին նրանցՙ ռուսներին: Այնպես որ, նույնիսկ Չերչիլին ահ պատճառելու գնով, նրանք «պարտվեցին» Գալիպոլիում: Մյուս անբնական երեւույթն այն է, որ ավստրալացիներն ու նորզելանդացիները հավաքվում են Ստամբուլում տոնելու Գալիպոլիի ցամաքահանումը կարծես շնորհակալություն հայտնելով իրենց նախնիների մարդասպաններին: Սա պատմությունը աղավաղելու հիանալի օրինակ է:
Թուրքիայի «մեծահոգի» առաջնորդները հրաժարվել են Գալիպոլիի տոնակատարություններին հրավիրել նաեւ Ավստրալիայի նոր Հարավային Ուելսի օրենսդրական մարմնին, որը հայերի Ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւ է ընդունել: Եվ այս բոլորից հետո Դավութօղլուն դեռ երես ունի հայերին առաջարկելու «մի նոր սկիզբ», «նոր թափ հարաբերությունների»: Ահա թե ինչ է ասում. «Ընդգծելով պատերազմի հանգամանքներում անհրաժեշտություն համարվող տեղահանության քաղաքականության անմարդկային հետեւանքները, Թուրքիան կիսում է հայերի տառապանքները եւ համբերությամբ ու վճռականությամբ փորձում է վերահաստատել փոխըմբռնումը երկու ժողովուրդների միջեւ: Մեր 2014 թվի ապրիլի 23-ի ցավակցական արտահայտությունները, որոնք իրենց մեջ ընդգրկում էին նաեւ երկխոսության միջոցով վերջ դնել թշնամությանը, այդ վճռականության ապացույցն էին: Միայն տաբուները վերացնելով է, որ մենք կաող ենք հասկանալ այն մեծ ցավը, որ սառեցրեց ժամանակը 1915-ին: Թուրքիան իր կողմից անցել է այդ կրիտիկական շեմը եւ հրաժարվել անցյալի կարծրատիպային պնդումներից»:
Իհարկե հայերին ուղղված թուրքական ուղերձում հսկայական առաջընթաց կա: Դա ամբողջովին տարբեր է Թուրքիայի նախկին նախագահ Թուրգուտ Օզալի հայտարարությունից, որն սպառնում էր ռմբակոծել Երեւանը, որովհետեւ «նրանք (այսինքնՙ հայերը, Հ.Ծ.) դաս չեն քաղել 1915-ից»: Դա շատ ավելի դրական է, քան բռնակալ Քենան Էվրենի մարտահրավերըՙ «Եթե հող եք ցանկանում, եկեք եւ վերցրեք: Հողը միայն արյունով են ձեռք բերում»:
Բայց իր էության մեջ այն շատ չի տարբերվում նախորդներից: Փոխանակ ընդունելու կանխամտածված Ցեղասպանության անհերքելի փաստը, Դավութօղլուն իր խոսքերում զետեղում է ժամացույցով աշխատող ռումբ Ցեղասպանությունը բնութագրելով որպես «պատերազմի հանգամանքներում անհրաժեշտ համարվող տեղահանության քաղաքականություն»:
Այդուհանդերձ, հայերս պետք է որոշ չափով արժանին մատուցենք AKP կուսակցության քաղաքականությանը, որն հանդուրժողության մթնոլորտ ստեղծեց երկրում: Աշխարհով մեկ ծիծաղի առարկա դառնալուց հետո թուրքական կառավարությունը դադարեցրեց կիրառել քրեական օրենքի «թրքականությունը անարգելու» հոդվածը: Ապա այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Էրդողանը ներողություն խնդրեց քուրդերիցՙ Դերսիմի կոտորածների համար եւ սկսեց քրդական հարցի շուրջ բանակցել քուրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ: Նախագահական ընտրությունների ժամանակ նա կարողացավ հանդարտեցնել քուրդերին: Բայց քուրդերի համբերության բաժակը լցվում է, որովհետեւ Էրդողանի խոստումներից ոչ մեկն առայժմ իրականություն չի դարձել: Դանակը, ինչպես ասում են, ոսկորին է հասել: Որեւէ խռովություն կամ ապստամբության փորձ կարող է Թուրքիայի տարածքային մասնատման առաջնորդել, իսկ մենք գիտենք, որ Իրաքում Քուրդիստանը բարգավաճում է, եւ Կոբանիում (Սիրիա) քուրդերը պայքարում են իրենց հողերին տիրանալու համար:
Արդի պատմության մեջ թուրքական քաղաքականությունը տառապել է կրկնողություններից եւ դեպի սեպտեմբերի 6-ի իրադարձությունների վերադարձը բացառված չէ:
Երբ արձանագրությունները ձախողվեցին, Դավութօղլուն մեղադրեց հայերին անճկուն լինելու մեջ: Նա նշեց, որ համաձայնության կարելի էր հասնել, եթե հայերը ճկուն լինեին եւ որպես խորհրդանշական քայլ վերադարձնեին Ղարաբաղի մեկ կամ երկու տարածքները: Հայերն անշուշտ քաջ գիտակցում էին, որ նրանում կարծես հասունանում էր մի ամբողջ ժողովուրդ ոչնչացնելու թալեաթյան նողկալի մտածողությունը:
Որեւէ կոնկրետ գործողությունից զուրկ լինելովՙ Դավութօղլուի ելույթը պարունակում է Թալեաթի ոգին իր մեջ: Թալեաթը դեռ կենդանի է Թուրքիայում: Նրա աճյունները ակնածալից հանգչում են Ստամբուլում «Հուրիեթ-ի-Էբեդիյե Թեփեսի» բարձունքում: Տասնհինգ փողոցներ եւ քաղաքային զբոսայգիներ կրում են նրա անունը Անկարայում եւ Ստամբուլում: Այդ բոլորին գումարած դեռեւս ակտիվ գործում է «Թալեաթ փաշա կազմակերպությունը», որի թունալից առաջնորդն է Դողու Փերինչեկը:
Այս բոլոր վտանգների առկայության պայմաններում Դավութօղլուի «նոր սկիզբ» հորդորներն արդեն իսկ փակուղի մտած են համարվում:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.