ՍԱՄՎԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Արեւմուտքից մի ալիք է թափանցել ԶԼՄ օվկիանոս, որ «կանխատեսում» է տպագիր մամուլի մոտալուտ վերացումը: Իհարկե, պայմանավորող հանգամանքները մի քանիսն են, բայց առանցքայինը համացանցի գրոհն է, ինչին նպաստում են նրա բազմամիլիոն սպառողները: Թեր եւ դեմ կարծիքների հարաբերակցությունը դժվար է կռահել, բայց շատերն են այն մտքին, որ թերթը դուրս չի գա մեր կյանքից, քանի դեռ հասարակության մեջ կա որակյալ, մշակված լուր եւ հոդված պահանջող շերտ: Ի վերջո, հաշվի առնենք, որ հենց այսօր Գերմանիայում, Ֆրանսիայում եւ այլուր կրպակներին փակցված էՙ ««Շառլի Էբդո» չունենք». եզրակացությունը միասնական էՙ տպագիր մամուլի պահանջ կա՛:
Հայաստան աշխարհ: «Հիւսիսափայլ», «Մշակ»… Հիմա չկան այդ անունները, գուցե որովհետեւ մեր պանդուխտ մշակները հյուսիսում ոչ մի փայլ էլ չեն գտել (երեւի): Սա այլ հարց է: Հիշում եմ, երբ տարիներ առաջ լրատվական ծրագրով խոսում էր մի մարդ: Տեսախցիկը ֆիքսել էր նրա սեղանին դրված թերթերըՙ «Ազգ» վերտառությամբ: «Դե,- մտածեցի ես,- եթե այդ թերթը հեռուստատեսությամբ ցույց են տալիս, ուրեմն լավն է»: Սա դպրոցականի տրամաբանություն էր, բայց այսօր պիտի փաստեմՙ անշեղ տրամաբանություն: «Ազգ»-ը եղավ իմ կարդացած առաջին քաղաքական թերթը:
Տարիներ հետո ես պիտի թակեի տարիներ առաջ հեռուստատեսությամբ տեսած ա՛յն մարդու աշխատասենյակի դուռը, թույլտվություն խնդրեի ինձ ընդունելու եւ նրա սեղանինՙ բազում թղթերի, գրքերի կողքին, դարձյալ տեսնեի «Ազգ»-ը: Նրա խոսքն ու կարծիքները լսողը հաստատ ամենամեծ պատասխանատվությամբ է գրում այն, ինչ ամենամեծ հպարտությամբ պիտի տեսնի «Ազգ»-ի էջերում:
Գրեթե նորանկախ Հայաստանի հետ ծնունդ առած այս հրատարակությունը փետրվարի 16-ին կդառնա 24 տարեկան: Շնորհավորում եմ նրա ընթերցողներին, որոնց համար ուրբաթը քաղաքական լուրջ վերլուծությունների, ծանրակշիռ կարծիքների ծանոթանալու, հավաստի տեղեկատվություն ստանալու օր է: Այսօր իմ եւ բոլորիս թերթի գործը շատ դժվար է. պահպանել այն բարի համբավը, ժուռնալիստիկայի սկզբունքները, որոնց շնորհիվ ինքը վստահաբար կրում է «Ազգ»-ային անուն: Ցավոք, մեր հասրակության մեջ նկատվում են դեպի բացասկանը ձգտող արժեհամակարգային փոփոխություններ: Համացանցի արհեստական իրականությանը տուրք տվող երիտասարդներն ավելի շատ փնտրում են սենսացիաներՙ թեկուզ սուտ ու կեղծ: Իսկ առավել ցավալին այն է, որ մամուլի որոշ պատասխանատուներ որդեգրել են այդպիսի խեղաթյուրված պահանջարկը լրացնելու գործելակերպ: Արդյունքը թերթերի կիսահայերեն լեզուն է, անորակ արտադրանքըՙ հայհոյախառն շարադրանքով: Եվ դա վաճառվում է, որովհետեւ կա «պահանջ» կամ «պահանջարկ»: «Ազգ»-այինը սա չի հանդուրժել երբեւէ ու չի էլ հանդուրժի: Կույր լավատեսություն չէ պնդումը, թե այսօրվա «պահանջարկը» ժամանակավրեպ էՙ մոտավորապես այնպես, ինչպես այդ պահանջարկին հագուրդ տվողները: Մնայունը «Ազգ»-ային արժեքներն են, որակյալ ու բարեխիղճ աշխատանքը:
Ահա այն ուղին, որով հրատարակման Ա տարուց մինչեւ այսօրվա ԻԴ տարինՙ անցնում է հոբելյար օրաթերթՙ այժմ շաբաթաթերթը: Թույլ տվեք վերջում մի անձնական ուրախությամբ կիսվել. ինձ համար օրը կրկնակի տոնական է, որովհետեւ «Ազգ»-ում իր հոդվածներն ու հարցազրույցները տեսնողի հոգեբանությամբ եմ շնորհավորում ՙ վստահություն հայտնելով, որ կգա այն օրը, երբ հայաստանյան կրպակներին էլ փակցված կլինիՙ ««Ազգ» չունենք»: