Սկիզբը՝ նախորդ համարներում
Մաս VI
Նոր հետախուզություն – նոր ռազմավարությո՞ւն
Եվ այսպես, որոշված է՝ Հայաստանում ստեղծվում է Արտաքին հետախուզության ծառայություն:
Պաշտոնապես այս մասին հայտարարվեց 2021թ.ին, եւ պետք է ենթադրել, որ այս որոշման հիմքում 44-օրյա պատերազմում մեր պարտությունն է եւ, իհարկե, տարբեր երկրների փորձը, ինչպես նաեւ «խորհրդատուների» ազդեցությունը:
Այնպես չէ, որ նախկինում այս միտքը Հայաստանի հատուկ ծառայությունների շրջանակներում չի քննարկվել: Քննարկվել է, բայց չգիտես ինչու երկրի ղեկավարները անհասկանալի դանդաղում էին այս հարցում, գտնում էին, որ համապատասխան ֆինանսական միջոցներ չկան, կադրերի պակաս կա, առանձին հետախուզության անհրաժեշտությունը չկա (Հայաստանը ոչ Ամերիկա է, ոչ Ռուսաստան նման շռայլության համար) եւ, ամենակարեւորը, ցանկություն չկար փոքր Հայաստանում երկու կառույց պահել, որոնք անպայաման կմտնեին անառողջ մրցակցության մեջ (քանզի նույնիսկ մեկ կառույցում հաճախ էին իրար…): Ի՞նչ խոսք, հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, հարեւան պետությունները եւ նրանց քաղաքական, կրոնական կողմնորոշումները, «Մեծ Թուրանի» ծրագրերը, Ադրբեջանի եւ հատկապես Իլհամ Ալիեւի ագրեսիվ ծրագրերը, Հայաստան պետության համար առաջին հերթին պետք է ուժեղ եւ անկախ հետախուզություն (Սփյուռքի լիիրավ աջակցությամբ), ուժեղ հակահետախուզություն (բոլոր խոցելի կետերի լրջագույն հաշվարկներով), անկախ վերլուծաբանական կենտրոն (think tank), որտեղ պետք են լուրջ վերլուծաբաններ եւ տեխնոլոգիաներ, որտեղ պետք է կուտակվի հետախուզության եւ հակահետախուզության տեղեկատվական զանգվածը, ուսումնասիրվեն բոլոր արտաքին քաղաքական վեկտորները (մինչեւ բարեկամ կամ թշնամի պետության կարգավիճակ «կնքելը»), մշակվեն արտաքին քաղաքական կոնցեպցիաները եւ տրվեն առաջարկներ համապատասխան մեկնաբանություններով: Իհարկե անհրաժեշտություն չի լինի, որ այդ կենտրոնների ղեկավարը ԿՀՎ-ի տնօրենի պես 5 ժամ տրամադրի երկրի ղեկավարի համար ամենօրյա զեկույց պատրաստելու նպատակով, բայց պետք է կանոնավոր կերպով վերլուծություն ներկայացնի, այդ թվում եւ՝ ըստ պահանջի:
Հաջորդ կարեւոր քայլը՝ ունենալ սեփական հետախուզության եւ հակահետախուզության դպրոցներ-դարբնոցները, որտեղ պետք է պատրաստվեն կադրեր:
Ընդ որում, եթե կարելի է ինչ-որ տեղ հաշտվել, որ վերլուծաբանները (կրկնում եմ՝ ինչ-որ տեղ) դրսում պատրաստվեն, ապա հետախույզների եւ հակահետախույզների գործում դա պետք է 100 տոկոսով բացառվի: Մի պարզ պատճառով. ինչքան էլ դա բարեկամ պետություն լինի, բաց չի թողնի առիթն այդ կադրերի մեջ գոնե 10-ից 3-ին կամ 4-ին հավաքագրելու: Տեղին է նորից հիշել Ամերիկյան հետախուզության պատվարժան ղեկավարներից մեկի՝ Ալլեն Դալլեսի (Allen W. Dulles, 1953-1961) հանրահայտ խոսքերը. «Չկան բարեկամ հատուկ ծառայություններ, կան բարեկամ պետությունների հատուկ ծառայություններ»: Ամենաբարեկամ պետությունների հատուկ ծառայությունները առիթը բաց չեն թողնի «մտնել բարեկամ պետության գրպանը» եւ այնտեղից մի երկու ռազմական կամ այլ գաղտնիքներ գողանալ:
Ուրեմն նշեցինք նաեւ սեփական «դարբնոցներ» ունենալու անհրաժեշտությունը: Ընդ որում, յուրաքանչյուր պետության Զինված ուժերի կառույցներում, այդպես էլ Հայաստանում, պետք է գործի ռազմական հետախուզությունը, որն ունի իր խնդիրների ավելի նեղ շրջանակը, որը պետք է ակտիվորեն համագործակցի արտաքին հետախուզության ինստիտուտի հետ: Կառավարական թիմում եւ անկախ փորձագետներից շատերը գտնում են, որ Հայաստանում հետախուզությունը պետք է ստեղծվի զրոյից, այսինքն՝ պետք չեն ո՛չ նախկին կադրերը, ո՛չ նախկին պրակտիկան, միգուցե՞ նաեւ գործակալական ցանցը:
Նման սխալ մի անգամ գործեցին պետության առաջին ղեկավարները 1990-ականներին, երբ 6 ամսով փակեցին երկրի հատուկ ծառայությունը՝ ատեստացիա անցկացնելու նպատակով: Նոր նշանակված ղեկավարները 6 ամիս հետո գրեթե ամբողջ կազմը վերականգնեցին, ավելին՝ համոզվեցին, որ անձնակազմի ճնշող մեծամասնությունը հայրենասեր է, պատրաստ է շարունակել ծառայել պետության անվտանգության ապահովման գործին անկախ գաղափարախոսությունից, քաղաքական կողմնորոշումներից եւ նոր պետական կառույցներից:
Իհարկե, ոչ ոք չի վիճում այն հարցի շուրջ, որ ինչպես ամենուրեք, այնպես էլ հատուկ ծառայությունում շատ կային անձինք, որոնց ոչինչ չէր հետաքրքրում, բացի «աթոռները» եւ իրենց դիրքերը պահելուց, անկախ այն բանից, թե ինչպես էին նրանց հետ վարվում նոր ղեկավարները: Կրկնում եմ, նման անձինք, որ պատրաստ էին ընդունել բոլոր նվաստացնող պայմանները, կան ամենուրեք: Նման մարդկանցից պետք է խուսափել, քանի որ վերեւների որեւէ սխալ որոշում փորձում են իրագործել ձախողումների եւ հետընթացի գնով:
Վերադառնանք բուն թեմային: Նոր հետախուզության նոր սխեմաներ ստեղծելը նույնն է, թե նոր հեծանիվ ստեղծելը: Այսինքն, հետախուզության հիմքը դնելը պետք է արվի մեկ սխեմայով՝ լեգալ եւ ոչ լեգալ հետախուզություն ստեղծելով:
Օրինակներ կարելի է վերցնել «Մոսսադից» (որի մասին գրել եմ այս հոդվածաշարի սկզբում), ԿՀՎ-ից, Մի-6-ից, ռուսական ԱՀԾ-ից, Իրանի հետախուզությունից, Եգիպտոսի, եւ այլն, եւ այլն: Գլխավորը՝ պահպանել բալանս ունեցածի, նոր ստեղծվողի, գործող հարաբերությունների (նկատի ունեմ գործակալների եւ դաշնակիցների), պահպանել քայլերի հաջորդականությունը (թռիչքներ չկատարել այս կողմ-այն կողմ), եւ, իհարկե, ապահովել հնարավորինս բարձր պրոֆեսիոնալիզմ՝ ճիշտ կադրեր եւ ղեկավար ընտրելով:
Եվ այսպես, որո՞նք են որեւէ պետության հետախուզության առաջնահերթ խնդիրները, եթե այդ պետության ղեկավարությանը հայտնի է, որ հարեւան երկիրը կամ երկրները պլանավորում են մեծածավալ ագրեսիա իրենց դեմ, տարածքների յուրացում, ստրատեգիական դիրքերի գրավում, էթնիկական զտումներ, ռազմագերիների թվի ավելացում, խաղաղ բնակիչների գնդակահարում, հաղորդակցությունների բլոկադա, եւ այլն, եւ այլն:
Պարզել՝ թշնամի պետության էկոնոմիկայի միլիտարիզացիայի աստիճանը, ո՞ր երկրներն են նրան օգնում այդ հարցում, բանակաշինության մակարդակը, զենքի, զինամթերքի արտադրությունը եւ ձեռքբերումները այլ պետություններից, վարչա-տնտեսական ռեսուրսների կենտրոնացումը եւ տեղափոխումը ռազմական գծերի վրա, մարդկային ռեսուրսների մոբիլիզացիաները, թվաքանակը, հնարավոր հարձակումների ուղղությունը, զորամիավորումների կուտակումները այդ երկրներում, 5-րդ շարասյուն ստեղծելու հնարավորությունը, թշնամի երկրի հասարակական հայատյացության աստիճանը, կա՞ն արդյոք այդ պետություններում առողջ ուժեր, որոնք չեն ուզում պատերազմներ, պետության առաջին դեմքի մերձավոր շրջապատում կա՞ն անձինք, որոնք խաղաղ ճանապարհով հարցերը լուծելու կողմնակից են:
Այստեղ ես իհարկե շոշափում եմ հարցեր, որոնք նաեւ ռազմական հետախուզության օրակարգում են: Իսկ ամենակարեւորն այն է, որ գրեթե բոլոր հարցերի պատասխանները մեզ հայտնի են՝ եւ ոչ հետախուզության տեղեկատվություններից: Ամբողջ ռազմաքաղաքական գործընթացը Հայաստանի եւ Արցախի դեմ մեր թշնամիների կողմից արվում է ակնհայտ, բացեիբաց, անպատկառ եւ անպատժելի ձեւով: Հույս դնել որեւէ պետության կամ միջազգային կազմակերպության, ատյանի վրա՝ իմաստ չունի:
Վերադառնանք հետախույզի մասնագիտությանը: Եթե նախկինում հետախուզությունը հանդիսանում էր պատերազմում հաղթելու հիմնական գործոնը, ապա այսօրվա պայմաններում գործող ռազմավարական հետախուզությունը կարող է կարեւոր գործոն հանդիսանալ պատերազմը կանխարգելելու գործում: Ռազմավարական հետախուզությունը մատուցում է գիտելիքներ եւ թեորիա, որոնց վրա հիմնվում է պետության արտաքին քաղաքականությունը պատերազմի ժամանակ եւ ամենակարեւորը՝ խաղաղության պայմաններում: Արհեստավարժ հետախույզը բավարարվածության զգացում է ունենում գիտակցելով, որ նա ինքը մասնակցում է ժամանակակից աշխարհի կարեւորագույն գործընթացներից մեկին, որին ամեն մարդ չի կարող մասնակցել, եւ որ իր Հայրենիքը ունի իր ծառայության կարիքը:
Հետախույզը պարտավոր է զեկուցել միայն հավաստի տեղեկատվություն, ճիշտ ժամանակին եւ հնարավորինս իր մեկնաբանությամբ ու եզրակացություններով: Ինչո՞ւ է կարեւոր ճիշտ ժամանակին մատուցել, այսինքն՝ արդիականությունը: Որովհետեւ ամեն մի ինֆորմացիա, առավել եւս՝ հետախուզականը, ժամանակի ընթացքում կորցնում է արդիականությունը, արժեքը:
Հետախուզական տեղեկատվության փաստաթուղթ կարող է հանդիսանալ ղեկուցագիրը, որը կարելի է անվանել «հետախուզական ամփոփագիր» կամ «հետախուզական տեղեկանք»: Եթե գիտահետազոտական տեղեկանքն ընդլայնում է մարդկային գիտելիքների սահմանները, ապա հետախուզական տեղեկանքը ընդլայնում է այդ տեղեկատվությունը սպառողի արտաքին քաղաքական մտահորիզոնը:
Իհարկե «հետախուզական դաշտից» ստացված ամփոփագիրը սկզբից մշակվում է վերլուծաբանական կենտրոնում, որտեղ ծածկագրվում են անունները, հանդիպման վայրերը, ծախսված գումարները եւ այլն: Բայց եթե պետության առաջին դեմքը, ում զեկուցվում է տեղեկատվությունը, որոշակի գաղափար եւ փորձ ունի այդ ամենի վերաբերյալ, կարող է պահանջել չմշակված ամփոփագիրը:
Մի կարեւոր փաստարկ նույնպես նշեմ: Որեւէ տեղեկատվություն, որ զեկուցվում է «թիրախ» երկրից, պետք է մշակվի, հաշվի առնելով այդ երկրում բնակվող ժողովրդի ազգային բնութագիրը:
Այդ բնութագիրն իր հերթին կազմավորվում է այդ ժողովրդի մշակույթից, դավանանքից, բանահյուսությունից (ֆոլկլոր), հոգնածության աստիճանից, նախաձեռնողական հատկանիշներից: Հատկապես կարեւոր է ուսումնասիրել «թիրախ երկրի» ժողովրդի հաղթելու կամքը, որն իր հերթին ձեւավորում է ֆանատիզմի, հայրենասիրության, կամ, հակառակը, պացիֆիզմի (պացիֆիստները դատապարտում են ամեն մի պատերազմ, անկախ դրա բնույթից ու նպատակներից, սահմանափակվում են խաղաղության պասիվ քարոզով) եւ պարտվողականության հակվածությունը: Կարճ ասած, այդ ժողովրդի «ոգին» է պետք ուսումնասիրել:
Այս առումով շատ կուզեի, որ մեր ապագա հետախուզության աշխատակիցներին հնարավորինս քիչ քարոզեն թերահավատություն (սկեպտիցիզմ), խաղաղության պայմանագրերի անհրաժեշտություն, պարտվողականություն, չեզոքություն, թշանմու մեջ կառուցողականություն փնտրելը, էսկալացիայից խուսափում, այլ՝ ներարկեին ագրեսիվություն, հարձակողականություն, ֆանատիզմ, եւ, ամենակարեւորը, պատրիոտիզմ եւ անզիջողականություն:
Ոչ ոք դեռ չի կարող ասել, թե նոր ստեղծվող հետախուզությունը ե՞րբ ոտքի կկանգնի, ի՞նչ ստորաբաժանումներ կգործեն դրա կազմում, ինչպիսի՞ն կլինի դրա տեխնիկական հագեցվածությունը, ի՞նչ «ծածկերի» տակ կգործի նորաստեղծ կազմակերպությունը (իսկ սա ամենակարեւոր եւ ամենագաղտնի մեխանիզմներից մեկն է), եւ կարեւոր ընդգծված հանգամանքներից մեկը՝ գաղափարախոսությունը, որը կդրվի կազմակերպության հիմքում, եւ բյուջեն: Ֆինանսներն են, որ կծածկեն ե՛ւ անհատների, ե՛ւ կազմակերպության խոցելիությունը:
Մեկ այլ կարեւոր հանգամանք. ո՞վ կղեկավարի կազմակերպությունը: Գաղտնիք չէ, յուրաքանչյուր գրագետ հետախույզ իր կարիերայի ընթացքում որոշակի ժամանակահատված պարտադիր պետք է հակահետախուզությունում աշխատած լինի, «օտար» դաշտում աշխատող հետախույզի համար դա շատ կարեւոր է: Դա անհրաժեշտ է նաեւ հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների համար:
Ո՞վ կարող է ղեկավարել հետախուզությունը կամ ընդհանրապես հատուկ ծառայությունը: Գրագետ պրոֆեսիոնալը (դա շատ ցանկալի է), լավ վերլուծաբանը (տեղեկատվությունների հետ գործ ունեցող), կամ փորձառու քաղաքագետը (գոնե որոշակի արտաքին քաղաքական գործունեության փորձ ունեցող, տեղեկատվությունը ճիշտ գնահատելու ունակ): Անհրաժեշտ է նաեւ, որ հատուկ ծառայության ղեկավարը շնորհալի անձնավորություն լինի, նա պետք է քաջ ծանոթ լինի իր սեփական երկրի ներքին քաղաքականությանը, տնտեսական խնդիրներին, միջազգային իրավիճակին, ուժեղ կամքի տեր լինի, կազմակերպչական ջիղով եւ, իհարկե, նրան հարկավոր է անսահման համբերություն, արդարության անբասիր զգացում, նամանավանդ ենթակաների նկատմամբ:
Վերջացնելով հոդվածաշարս, ընդգծում եմ եւս մի կարեւոր միտք: Ե՛վ պետության ղեկավարը, ե՛ւ հետախուզության ղեկավարը պետք է շատ զգույշ լինեն եւ խուսափեն վերոհիշյալ հատուկ ծառայությունը բյուրոկրատական եւ իներցիոն կառույցի վերածելու վտանգից: Դա լինում է այն ժամանակ, երբ հատուկ ծառայությունը փորձում է գուշակել, թե ի՞նչ պետք է զեկուցել ղեկավարությանը եւ, ավելի վատ, թե ինչպե՞ս գոհացնել եւ հաճոյանալ երկրի ղեկավարությանը, թաքցնելով իրական օպերատիվ-քաղաքական իրավիճակը:
(Վերջ)
ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Անվտանգության հարցերով փորձագետ