Երբ «Քրիսչն Սայընս Մոնիտորի» («Christian Science Monitor») կամ «Նյուզուիքի» («Newsweek») նման ազդեցիկ պարբերականներ որոշեցին հրաժարվել տպագիր հրատարակությունից եւ շարունակել գոյատեւել միայն առ-ցանց (օնլայն) տարբերակով, շատերն սկսեցին տպագիր մամուլի մահախոսականը գրել: Բայց երբ «Նյու Յորք Թայմսը» թողարկեց իր ավելի քան 200 էջ պարունակող շաբաթաթերթի ընդգրկուն (գլոբալ) համարը, մարդիկ հիշեցին Մարկ Տվենի հայտնի խոսքն այն մասին, որ «իմ մահվան մասին եղած հայտարարությունները մեծապես չափազանցված են»:
Նոր մտահղացումներով հագեցած այդ պարբերականի փետրվարի 22-ի համարում կարդում ենք. «Այս շաբաթաթերթը 119 տարեկան է: Մոտ չորս միլիոն մարդ տպագիր տարբերակով այն կարդում է ամեն շաբաթավերջին: Կասեցվելու կարիք չուներ: Ոչ էլ տարրալուծվելու: Ընդհակառակը, մենք վճռել ենք պահպանել իր նախկին ձեւը, տեսքըՙ ստեղծելով միաժամանակ մի բան, որ հուսով ենք, աննախադեպ է: … Նոր գաղափարներ առաջացնել տպագրի եւ թվայինի հարաբերություններում, եւ այդ բոլորը աշխուժացնել հետազոտությունների նոր ոգով, որը խորաթափանց է եւ անկողմնակալ»:
Հայկական հրատարակչությունների հետ առնչվողներս կանգնել ենք թվայինի անցնելո՞ւ, թե՞ տպագիր տարբերակով շարունակելու երկընտրանքի առջեւ: Երբ մենք հնարավոր նվիրատուների ենք դիմում ֆինանսական օժանդակության խնդրանքով, մեզ հաճախ ասում են, որ հայկական հրատարակությունները գտնվում են դեռեւս խավարի տարիներում եւ անհրաժեշտ է դրանց տեղափոխել թվային դարաշրջան: Բայց եթե «Թայմսի» նման հրատարակություններն են փնտրում «նոր գաղափարներ տպագրի եւ թվայինի» հարաբերություններում, ապա նշանակում է, որ հայկական պարբերականներն այնքան էլ հետ չեն մնում ժամանակակից տեխնիկական զարգացումներից:
Շատ շաբաթաթերթեր եւ օրաթերթեր արդեն թեւակոխել են ընթերցողներին երկու տարբերակով (տպագիր եւ առ-ցանց) ներկայանալու փուլը: Տեխնոլոգիական զարգացումները նպաստել են տպագիր մամուլի առաջընթացին եւ դեռ շարունակելու են նպաստել:
Մի այլ ճշմրատություն էլ կա հայկական հրատարակությունների պարագայում: Ինչքան էլ վերջիններս փորձեն գրավիչ դառնալ երիտասարդ սերնդին, միեւնույն է, ընթերցողների հիմնական մասը մեծահասակներն են, եւ նրանքՙ ովքեր չեն տառապում «թվայինի ջերմությամբ»: Ի թիվս այլ սփյուռքյան հրատարակությունների «Միրոր-Սփեքթեյթրը» ունի իր կայքը (www.mirrorspectator.com): Բայց երկու պարբերականներՙ «Էյմը» (AIM) եւ «Երեւանը» (Yerevan) չդիմացան եւ փակվեցին: Պատճառները դեռ լրիվ բացահայտված չեն:
Հայկական թերթերը հրատարակվում են հասարակության բարօրության, հասարակությանը ծառայելու համար: Դրանք շահույթի ակնկալիքով չեն հիմնադրվել: Այդ պատճառով էլ խոցելի են եւ երբեմն կորցնում են իրենց անկախությունը հնարավոր բարեհաճ ֆինանսավորողներին ձեռքից բաց չթողնելու նպատակով:
Մ. Նահանգներում եւ Եվրոպայում հրատարակությունները հիմնականում գործարար բնույթի ձեռնարկություններ են եւ հենց սկսում են կորուստ կրել, դադարում են գոյություն ունենալուց: Բայց հազվադեպ օրինակներ կան, որոնք որոշակի նպատակներ են հետապնդում եւ հարատեւում են լույս տեսնել, հայկական հրատարակությունների պես, անբարենպաստ պայմաններում: Վերջերս Ջո Նոսերան «Նյու Յորք Թայմսում» գրում էր. «Ես հարցրեցի Մարտի Պերեցին, որ մոտ չորս տասնամյակ սեփականատերն է «New Republic» պարբերականի, թե արդյոք իր նպատակն էր շահույթ ձեռք բերել հրատարակությունից, եւ նա պատասխանեց. «Բոլորովին ոչ»: Մի փոքր ներքեւ Նոսերան բացատրում է, որ ինչքան էլ տարօրինակ թվա, սա քաղաքական պարբերականի տիպիկ «գործարար» օրինակ է: Այլ օրինակների թվում են, շարունակում է նա, Ռիկ ՄկԱրթուրի կողմից հրատարակվող «Harper՛s» եւ «Atlantic» պարբերականները, որոնց վնասները փոխհատուցվում են համապատասխանաբար Ջ. Ռոդերիկ ՄկԱրթուր հիմնադրամի եւ Մորտ Զուքերման անշարժ գույքի մագնատի կողմից:
Հայկական հրատարակությունների պարագայում շատ հաճախ անհայտ մնացած բարերարներ են հերոսաբար հոգացել վնասները: Նրանց դերը եղել է հասարակությանը տեղյակ պահել Հայաստանի եւ հայկական կյանքի առօրյային, կամուրջ հանդիսանալ անհատների եւ համայնքների միջեւ եւ անշուշտ ձեւավորել հասարակական միտքը Հայաստանի ապագային վերաբերող խնդիրների շուրջ:
Հայաստանում թվային դարաշրջանը սկսվեց «Ազգ» օրաթերթի հրատարակումով, որ նոր սարքավորումներին առընթեր կարողացավ իր շուրջը համախմբել լրագրողների լավագույն սերուցքը: Օրաթերթը նաեւ իր հետ բերեց լրատվության եւ տեղեկատվության արեւմտյան մակարդակներ: Շատ լրագրողներ իրենց առաջին մկրտությունը ստացան «Ազգ»-ում եւ հետագայում պատասխանատու պաշտոններ գրավեցին այլ թերթերում ու հեռուստակայաններում, նաեւ դիվանագիտական ասպարեզում:
Այսօր շատ թերթեր, կայքեր, հեռուստակայաններ են ողողում մեդիա ոլորտը: Մեծ կապիտալ ունեցողները հիմնականում հովանավորվում են օտար գործակալությունների կողմից, որոնց նպատակը գլխավորապես ուղեղների լվացումն է, եւ ոչՙ լրատվությունը: Եվ իրականում, ինչո՞ւ որեւէ օտար ընկերություն պետք է հովանավորի թերթեր, կայքեր եւ հեռուստակայաններ, եթե վերջիններս առաջ չեն տանելու նրանց գաղափարախոսությունը: Մի քանի թերթեր ու կայքեր էլ պարզապես մեծ տեղ են տալիս սկանդալներին, վատ ծառայություն մատուցելով ճշմարիտ լրատվությանը:
Ամսաթերթերի հրատարակիչները հասցրել են յուրացնել նոր տեխնոլոգիաները: Ամսաթերթերն ու գրքերը հրատարակվում են միջազգային մակարդակներին համապատասխան: Երեսունամյակը թեւակոխած մի երիտասարդ, Պավել Սարգսյան անունով, սկսել է հրատարակել «Մենք մեր մասին» խորագրով երիտասարդական մի ամսագիր, որն իր շրջանակներն ընդլայլնելով այժմ նաեւ պատմության եւ մշակույթին նվիրված հոդվածներ է տպագրում: Նա նաեւ ձեռնամուխ է եղել հրատարակելու «Ֆարմա-Արմենիա» խորագրի ներքո մի բժշկական ամսաթերթ: Աչքի ընկնող եւ խոստումնալի շատ ամսաթերթեր են իրար հետ մրցում իրենց ձեւավորման, բովանդակության եւ ոճական առնաձնահատկություններով: Դրանց մեջ ամենամեծ ժողովրդականություն վայելողներն են այլոց շարքում «Էլը», «Սթայլը», «Դը Ֆակտոն», «Արդինը», «Լաքժըրին» եւ «Նյու Մագը»: Հայաստանը իրոք մտել է 21րդ դարի հրատարակչական արվեստի եւ գործարարության գունեղ աշխարհը, որն անհամեմատելի է խորհրդային շրջանի հրատարակումների հետ:
Նորագույն տեխնոլոգիաներով հրատարակվող տպագիր մամուլը նոր շունչ ու եռանդ է հաղորդել մարդկանց, հատկապես երիտասարդներին: Հետաքրքրական էր կարդալ վերջերս լոնդոնյան «Թայմսի» գրական հավելվածում («Times Literary Supplement») հետեւյալ տողերը. «Անկախ լրագրողների սյունակի խմբագիրը հայտնում է, որ նոր ուղենիշեր են հրապարակվել ապագա հոդվածագիրների համար: Դրանցից մեկն այն է, որ նրանք չողբան «ընթերցանության մահվան» առնչությամբ կամ չգանգատվեն ընթերցասիրության պակասից»: Իսկ «Ամսաթերթերի խմբագիրների ամերիկյան ընկերության» գործադիր տնօրեն Սիդ Հոլտը գրում է «Best American Magazine Writing 2014-ի» առաջաբանում. «Շատերը հավատացած են, որ պարբերականները մահանում են: Ոչ, դրանք չեն մահանում: Այո, հրատարակությունների գործարարական բնույթը փոխվում է ինչպես առաջներում… Բայց հակառակ անորոշ ժամանակների, պարբերական մամուլը բարգավաճում է»:
Տեխնոլոգիան ուժ է եւ ամեն մի ուժ չեզոք է որպես այդպիսին: Միայն մարդն է, որ կարող է այդ ուժը վերածել օրհնանքի կամ անեծքի, բարիքի կամ չարիքի: Տեխնոլոգիան կարող է զննաձողիկ ուղարկել դեպի Մարս կամ հակերային հարձակում կատարել Սոնիի կամ այլ մեծ ընկերությունների էլեկտրոնային նամակների վրա: Ատոմակայանները կարող են մի ամբողջ զարգացած մայրաքաղաք լուսավորել, բայց ատոմային ռումբը կարող է նաեւ կործանել մի ամբողջ քաղաք, ինչպես Հիրոսիման:
Դժվար է կանխատեսել, թե ով այն ճիշտ կօգտագործի, կամ թե ինչ ուղղությամբ կարող է զարգանալ վերահսկողությունից դուրս մնացած տեխնոլոգիան: Կանխատեսումները կարող են նաեւ սխալ լինել, ինչպես «Անկախ լրագրողների» սյունակի խմբագիրն է նշում. «Հեռուսատատեսության մուտքը մարդկանց տները 1950-ականներին կանխատեսում էր ռադիոյի մահը: Արդյունքը եղավ ավելի շատ ռադիոների արտադրությունը: 70-ականներին հեռուստատեսությունը քիչ էր մնում ոչնչացներ թերթերին: Արդյունքում ավելացան թերթերի էջերի քանակը: 80-ականներին տեսաժապավենների հայտնումով կինոյի վերջն էին ավետում: Արդյունքումՙ տեսաժապավենը անհայտացավՙ իր տեղը զիջելով խտասալիկներին:
Ի վերջո, տեխնոլոգիայի զարգացման վերիվայրումների եւ տպագիր մամուլի վախճանի մասին խոսելիս մենք միշտ կարող ենք վերհիշել Մարկ Տվենի հայտնի խոսքերն այն մասին, որ «իմ մահվան մասին եղած հայտարարությունները մեծապես չափազանցված են»:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ