Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԹԱՆՅԱՀՈՒՆ, ՕԲԱՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

13/03/2015
- 13 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՋՈՐՋ ՖՐԻԴՄԱՆ

Հաշվի առնելով, որ Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման շուրջ ընթացող ժնեւյան բանակցությունների ելքը խիստ կարեւոր է նաեւ մեզ համար, թարգմանաբար մեր ընթերցողներին ենք ներկայացնում «Ստրատֆոր» աշխարհաքաղաքական եւ գլոբալ հետախուզական շաբաթաթերթի հիմնադիր վերլուծաբան Ջորջ Ֆրիդմանի ուշագրավ հոդվածը, որը, միաժամանակ, բացահայտում է ոչ միայն Իսրայելին, այլեւ Իրանին, Թուրքիային ու Սաուդյան Արաբիային վերապահված տարածաշրջանային դերն ու դիրքը ամերիկյան կառավարության գլոբալ ծրագրերում:


Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Մ. Նահանգներ այցելեց մարտի սկզբին ելույթ ունենալու կոնգրեսի առաջ: Օբամայի վարչակազմը վրդովված էր, որ ներկայացուցիչների պալատի խոսնակ Բոեները ինքնագլուխ, առանց Սպիտակ տան հետ խորհրդակցելու էր հրավիրել Նաթանյահուին, եւ որ նրա ելույթը կարող էր սպառնալ ամերիկա-իսրայելական հարաբերությունների ամբողջ կառուցվածքին: Նաթանյահուն զգուշացնում էր Մ. Նահանգներին Իրանից եկող «միջուկային սպառնալիքի» վերաբերյալ:


Նախ ասեմ, որ դա ընդամենը ելույթ էր, եւ Նաթանյահուն չէր կարող ինչ-որ նոր բան ասել այդ կապակցությամբ, քանի որ նա անընդհատ խոսում է այդ մասին: Երկրորդ, այդ հարցում ներառվածները բոլորն էլ ցանկանում են իրենց ցույց տալ: Բնական է, քանի որ քաղաքագետներ են եւ դա նրանց գործն է: Եվ երրորդՙ հազիվ թե ամերիկա-իսրայելական հարաբերությունները քայքայվեն մի ելույթի հետեւանքով: Դրանք արդեն առաջվանը չեն: Դրանք կտրուկ փոխվել սկսեցին սառը պատերազմի ավարտից անմիջապես հետո, ստեղծելով որոշակի սառնություն եւ լարվածություն երկու երկրների միջեւ: Նաթանյահուի ելույթը ընդամենը իրականության արտացոլում է: Անհատներ կարող են ցանկանալ իրենց ցույց տալՙ առանձին գործելով, կամ իրար հանդեպ թշնամանք տածել, բայց ի վերջո նախագահներն ու վարչապետները գալիս են ու գնում: Դրանք մշտական չեն մնում իրենց պաշտոններում: Կարեւորը շահերն են, որոնք կարող են երկրներին միացնել կամ իրարից բաժանել: Եվ Իսրայելի ու Մ. Նահանգների շահերը վերջին շրջանում բավականաչափ խոտորվել են, եւ մենք դրա վրա պետք է բեւեռենք մեր ուշադրությունը, հատկապես որովհետեւ չափազանց շատ են առասպելներն ու ասեկոսեները ամերիկա-իսրայելական հարաբերությունների վերաբերյալՙ լինեն դրանք թշնամիների թե բարեկամների կողմից արտահայտված:

Ամերիկա-իսրայելական հարաբերությունների կառուցումը

Կարեւոր է հենց սկզբից ընդգծել, որ Մ. Նահանգների եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները միշտ չէ, որ սերտ են եղել: Չնայած Ամերիկան հենց սկզբից ճանաչել է Իսրայելի պետության գոյությունը, բայց հարաբերությունները բավական սառն են եղել մինչեւ նույնիսկ 1967-ի 6-օրյա պատերազմից հետո: Երբ Իսրայելը, Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հետ հարձակվեց Եգիպտոսի վրա 1956-ին, Մ. Նահանգները Իսրայելից պահանջեց հետ քաշվել Սինայից եւ Գազայից: Իսրայելը ենթարկվեց: Մ. Նահանգները օգնություն չցուցաբերեց Իսրայելին, բացի սնունդից, որը հատկացվեց ՄԱԿ-ի ծրագրերից մեկի շրջանակներում: Թշնամանք չկար Իսրայելի հանդեպ, բայց հարաբերություններն այդ երկրի հետ այնքան էլ էական նշանակություն չունեին:

Իրադրությունը փոխվեց 1967-ի հակամարտությունից առաջ, երբ Բաաս կուսակցության խմբավորումները ռուսամետ հեղաշրջում կատարեցին Սիրիայում եւ Իրաքում: Այդ սպառնալիքին ընդառաջ Մ. Նահանգները երկիր-երկինք հրթիռների արձակման մի երկար գոտի ստեղծեց 1965-ին Սաուդյան Արաբիա-Հորդանան-Իսրայել երկրների ամբողջ երկայնքով: Սա Իսրայելին տրված առաջին ռազմական օգնությունն էր, որի նպատակն էր խոչընդոտել խորհրդային իշխանության հետագա առաջխաղացումը տարածաշրջանում: Մինչեւ 1967 թվականը, Իսրայելը զենք էր ստանում հիմնականում Ֆրանսիայից, եւ Մ. Նահանգները դեմ չէր այդ հարաբերություններին: Վաշինգտոնի համար կրիտիկական նշանակություն չուներ դա: Բայց վեցօրյա պատերազմը փոխեց իրավիճակը: Ֆրանսիան, ցանկանալով բարելավել հարաբերությունները արաբների հետ, դադարեցրեց զենքի վաճառքը Իսրայելին: Եգիպտոսը, Սիրիային առընթեր, դարձել էր խորհրդային ռազմածովային եւ օդային բազա, սպառնալով ամերիկյան 6-րդ նավատորմին եւ արեւելյան Միջերկրականի այլ շահերին: Մ. Նահանգները մասնավորապես մտահոգված էր Թուրքիայով, որովհետեւ եթե Բոսֆորը անցներ ռուսների ձեռքը, ապա նշանակալի մարտահրավեր կլիներ ինչպես Միջերկրականի, այնպես էլ Հարավային Եվրոպայի ամբողջ տարածքում: Թուրքիան վտանգված էր ոչ միայն հյուսիսից, այլեւ հարավիցՙ Սիրիայից եւ Իրաքից: Իրանը, որն այդ ժամանակ Մ. Նահանգների դաշնակից էր, ստիպեց Իրաքին հյուսիսի փոխարեն թեքվել դեպի արեւելք: Իր հերթին Իսրայելը ստիպեց Սիրիային հայացքն ուղղել դեպի հարավ: Իսրայելին զենք մատակարարելուց Ֆրանսիայի հրաժարումն ու ռուսների դիրքերի ամրապնդումը Եգիպտոսում եւ Սիրիայում 6-օրյա պատերազմից հետո, ստիպեցին Մ. Նահանգներին փոխել իր հարաբերությունները Իսրայելի հետ:

Ասում են, որ 1967-ի այդ պատերազմը եւ Իսրայելին հետագայում ցուցաբերված ամերիկյան պաշտպանությունը պատճառ դարձան արաբների շրջանում հակա-ամերիկյան տրամադրությունների առաջացմանը: Պետք է ասել, որ այդ գործոնները անկասկած խորացրին արաբների հակա-ամերիկյան տրամադրությունները, բայց դրանք պատճառը, կամ մղիչ ուժը չէին: Եգիպտոսը խորհրդամետ էր դարձել դեռեւս 1956-ին, երբ Ամերիկան դեմ էր դուրս եկել Իսրայելին: Սիրիան եւ Իրաքը խորհրդամետ էին դարձել նախքան ամերիկյան ռազմական օժանդակությունը Իսրայելին: Բայց 1967-ից հետո Մ. Նահանգները ռազմավարական հարաբերություններ մշակեց Իսրայելի հետ եւ դարձավ նրան զենք մատակարարող գլխավոր երկիրը: Ռազմական այդ օժանդակությունը մեծապես աճեց 1973-ի արաբա-իսրայելական պատերազմի օրերինՙ Իսրայելի համախառն արտադրանքի մոտ հինգ տոկոսից հասնելով տարեկան ավելի քան քսան տոկոսի:

Մ. Նահանգները մարտավարական տեսակետից լիովին կախված էր Իսրայելիցՙ պահպանելու համար ուժերի հավասարակշռությունը արեւելյան Միջերկրականում: Բայց նույնիսկ այդ տարիներին Մ. Նահանգները հետապնդում էր մրցակցային ռազմավարական շահեր: 1973-ի պատերազմից հետո, օրինակ, արաբներին սիրաշահելու համար, Մ. Նահանգները ճնշում գործադրեց Իսրայելի վրաՙ հետ քաշվելու Սինայից, մի բան, որ Իսրայելը չէր ցանկանում անել: Նմանապես, նախագահ Ռոնալդ Ռեյգանը չթույլատրեց, որ Իսրայելը ներխուժի Լիբանան, եւ Մ. Նահանգների միջամտությունը այնտեղ ուղղված չէր արաբների դեմ, այլ պարզապես նպատակ ուներ խոչընդոտելու Իսրայելին: Կար մարտավարական կախվածություն Իսրայելից, բայց հարաբերությունները այնքան էլ պարզ չէին դեռ:

Իսրայելի ազգային անվտանգության պահանջները միշտ էլ գերազանցել են իր հնարավորությունները: Երկիրը պարտադիր կարիք է ունեցել օտար հովանավորի: Սկզբում Խորհրդային Միությունն էրՙ Չեխոսլովակիայի միջոցով, հետո Ֆրանսիան, եւ այնուհետեւ Մ. Նահանգները: Իսրայելը չէր կարող հրաժարվել Մ. Նահանգներիցՙ ազգային անվտանգությունը ապահովող իր հենքից, բայց նա չէր կարող միշտ կատարել Մ. Նահանգների ցանկությունները: Մ. Նահանգների համար Իսրայելը կարեւոր գործոն էր: Բայց ոչ միակ կարեւոր գործոնը: Իսրայելին ցուցադրվող պաշտպանությունը Մ. Նահանգները պետք էր համատեղել, օրինակ, Սաուդյան Արաբիային ցուցադրվող աջակցության հետ: Իսրայելն ու Սաուդյան Արաբիան հակա-խորհրդային կոալիցիայի մի մասն էին կազմում: Բայց նրանք ունեին տարբեր, հաճախ մրցակցային շահեր: Երբ Մ. Նահանգները ավիադեսանտային նախազգուշացման եւ վերահսկման համակարգեր վաճառեց սաուդցիներին, իսրայելցիները նեղացան: Նրանք կարիք ունեին Մ. Նահանգներին, բայց զայրանում էին այն սահմանափակումների կապակցությամբ, որ Ամերիկան էր պարտադրում նրանց:

Հետխորհրդային հարաբերություններ

Խորհրդային Միության փլուզումը խորտակեց ամերիկա-իսրայելական հարաբերությունների ռազմավարական հիմքերը: Հրատապ պատճառներ չկային վերջ դնելու դրանց, ուստի դրանք զարգացան, բայց այլ բնույթ ստացան: Խորհրդային Միության փլուզումը նաեւ առանց հովանավորի թողեց Սիրիային եւ Իրաքին: Եգիպտոսի բանակը, իր ամերիկյան սպառազինությամբ, բաժանված Իսրայելից ապառազմականացված եւ խաղաղապահների հսկողության տակ գտնվող Սինայի թերակղզով, առանձնապես վտանգ չէր սպառնում: Հորդանանը Իսրայելի գլխավոր դաշնակիցներից մեկն էր: Այնպես որ, Մ. Նահանգները սկսեց բոլորովին այլ ձեւով տեսնել Միջերկրականն ու Մերձավոր Արեւելքը: Իսրայելին, առաջին անգամ իր ստեղծումից հետո, անմիջական վտանգ չէր սպառնում: Ավելին, Իսրայելի տնտեսությունը աճ էր արձանագրում եւ Մ. Նահանգների օգնությունը, չնայած նույնն էր մնում, այլեւս կորցրել էր իր երբեմնի կարեւորությունը: 2012-ին 2,9 միլիարդ դոլարի ամերիկյան օգնությունը կազմում էր Իսրայելի համախառն արտադրանքի ընդամենը մեկ տոկոսից մի փոքր ավելին:

Երկու երկրները խուսանավելու առավել մեծ հնարավորություններ ունեին, քան նախկինում: Հարաբերությունները շարունակվեցին սովորույթի ուժով եւ հանուն շահերի: Մ. Նահանգներին այնքան էլ չէր հետաքրքրում Արեւմտյան ափին Իսրայելի կատարած շինությունները եւ դրանք հարաբերությունների խզման պատճառ չէին կարող դառնալ: Իսրայելն էլ իր հերթին այնքան կախյալ չէր Մ. Նահանգներից, որ ռիսկի դիմեր եւ արժանանար նրա անհամաձայնությանը, եթե այն տեղի ունենար:

Մ. Նահանգներն ու Իսրայելը առավել մոտեցան միմյանց սեպտեմբերի 11-ի հայտնի իրադարձություններից հետո: Իսրայելի տեսակետից, հարձակումներն ապացուցեցին, որ Մ. Նահանգներն ու Իսրայելը ընդհանուր շահեր ունեն պայքարելու ընդդեմ իսլամական աշխարհի: Ամերիկայի արձագանքը առավել բարդացրեց խնդիրը, հատկապես երբ հայտնի դարձավ, որ Մ. Նահանգների զինված ուժերի ներկայությունը Աֆղանստանում եւ Իրաքում ոչ մի ձեւով չէր խաղաղեցնելու իրադրությունը այդ երկրներում: Մ. Նահանգներին անհրաժեշտ էր մի մարտավարություն, որը կարգելեր ջիհադիստների հարձակումներն իր երկրում, իսկ դա նշանակում էր հետախուզական համագործակցություն ոչ միայն Իսրայելի, այլ նաեւ Իսրայելին թշնամի իսլամական այլ պետությունների հետ: Սա հին խնդիր էր: Իսրայելը ցանկանում էր, որ ԱՄՆ-ը կենտրոնանար միայն իր վրա, որպես գլխավոր գործընկեր, իսկ Մ. Նահանգները ավելի լայն ու բարդ հարաբերությունների հետ գործ ուներ տարածաշրջանում, իսկ դա պահանջում էր առավել երանգավորված մոտեցում: Սա էր դեպի Իրան թեքվելու հիմնական պատճառը: Իսրայելի տեսակետից, Իրանն իր միջուկային ծրագրով, որքան էլ առաջ գնացած լինի, թե ոչ, սպառնալիք է ներկայացնում իրենից, եւ Մ. Նահանգները պետք է նրա դեմ դիրքորոշվի: Չնայած կարեւոր խնդիր է իմանալ, թե Թեհրանն ինչքան մոտ է միջուկային զենք ձեռք բերելուն, բայց Իսրայելի համար այդ հարցի վերաբերյալ Թեհրանի մտադրություններն անգամ վտանգավոր են եւ անհանդուրժելի:

Իրանի խնդիրը

Ամերիկայի տեսակետից գլխավոր հարցն այն է, որ եթե նույնիսկ սպառնալիք է Իրանի պահվածքը, ապա կարելի՞ է արդյոք խորտակել նրան ռազմական միջամտությամբ: Իրանցիները հիմար չեն: Նրանք հետեւեցին, թե ինչ հեշտությամբ 1981-ին իսրայելցիները խորտակեցին Իրաքի միջուկային ռեակտորները, եւ իրենց ռեակտորները ավելի խորը վայրերում թաքցրեցին: Այնպես որ, պարզ չէ, թե Մ. Նահանգները կկարողանա՞ օդային հարձակումների միջոցով ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը, թե՞ ոչ: Դա հավանաբար կպահանջի առնվազն հատուկ ցամաքային գործողությունների մշակում, իսկ ձախողման դեպքում ռազմական ավելի լուրջ գործողություններ, որոնք վեր են Մ. Նահանգների հնարավորություններից: Պարզ չէ նաեւ, որ որեւէ հարձակում այդ բազմակի կարծրացված վայրերի վրա իր նպատակին կհասնի՞, թե՞ ոչ:

Իսրայելցիները գիտակցում են այս դժվարությունները: Եթե հնարավոր լիներ հարձակվել, եւ եթե հավատային իրենց ասածին, իսրայելցիները վաղուց հարձակված կլինեին: Ճիշտ է, Իրանը հեռու է, բայց Իրանին ավելի մոտիկ գտնվող երկրներ, որոնք նույնպես շահագրգռված են, որ միջուկային զենքին նա չտիրանա, կթույլատրեին, որ իրենց տարածքներն օգտագործվեին այդ նպատակի համար: Բայց իսրայելցիները չհարձակվեցին:

Այժմ Ամերիկայի դիրքորոշումն այն է, որ միակ տարբերակը Իրանին ստիպելն է կրճատել այդ ծրագիրը: Մշտական պատժամիջոցները նպատակին չեն ծառայի: Միայն պատժամիջոցների վերացման դիմաց ծրագրի կրճատման վերաբերյալ համաձայնության գալը կարող է հաջող ելք ապահովել: Ռազմական միջամտությանը կարող են փոխարինել բանակցությունները: Սա է ամերիկյան տեսակետը: Իսկ Իսրայելը գտնում է, որ դա հուսալի տարբերակ չէ: Ամերիկան, սակայն, այլ տարբերակ չի տեսնում:

Կա նաեւ ավելի խորը մի հարց: Իսրայելը հասկանում է, իհարկե, Ամերիկայի պատճառաբանությունները, բայց նրան վախեցնում է Ամերիկայի նոր վեր հառնող մարտավարությունը: Հասկանալով, որ Աֆղանստանում եւ Իրաքում ձախողվեց, Մ. Նահանգները եզրակացրել է, որ նվաճողական պատերազմներն իր ուժերից վեր են: Ամերիկան պատրաստ է օգտագործել իր ռազմաօդային ուժերը եւ սահմանափակ քանակի ցամաքային ուժերը Իրաքում, բայց չի պատրաստվոււմ ավելի մեծ, ավելի վճռական պատասխանատվություն վերցնել իր վրա:

Խճճված ամերիկյան մարտավարություն

Այսպիսով, Մ. Նահանգների մարտավարությունը երկակի բնույթ ունի: Առաջինը հեռու մնալն է տարածաշրջանի գլխավոր թեժ կետերից: Օգնություն, պաշտպանություն ցուցաբերելով հանդերձ զերծ մնալ առաջնային պատասխանատու քայլերից: Եթե իրավիճակը այդ վայրերում վատթարանա, Մ. Նահանգները հույս ունի, որ հակամարտություններն ի վերջո կստիպեն տարածաշրջանային ուժերին իրենց վրա վերցնել լուծումներ գտնելու պատասխանատվությունը: Սիրիայի եւ Իրաքի պարագայում, օրինակ, քաոսային վիճակը Թուրքիայի սահմանին է, ուրեմն Թուրքիան էլ թող կա՛մ հանդուրժի այն, կա՛մ էլ իր զորքերով միջամտի հակամարտությանը: Նման դեպքերում Մ. Նահանգները պարտավորվում է աջակցել սամհանափակ ուժերով միայն: Հորդանանի եւ «Ծոցի համագործակցության խորհրդի» երկրների պարագայում Սաուդյան Արաբիան է պատասխանատու պաշտպանելու սուննի արաբների շահերըՙ ԱՄՆ-Իրան լարվածության թուլացման պայմաններում: Կարեւոր է ընդգծել, որ լարվածության այս թուլացումը տեղի է ունենում ԱՄՆ-ին եւ Իրանին թշնամի համարվող «Իսլամական պետության» հռչակման մեր օրերում: Վստահ չեմ, որ կատարվածը կարելի է անվանել համագործակցություն, բայց հաստատ զուգահեռ քայլեր են ձեռնարկվում Իրանի եւ Մ. Նահանգների միջեւ:

Մարտավարության երկրորդ բնույթը ուժերի հավասարություն ստեղծելն է: Մ. Նահանգները ցանկանում է, որ տարածաշրջանային ուժերը կարողանան լուծել իրենց իսկ շահերին սպառնացող հարցերը: Միաժամանակ ցանկանում է, որ տարածաշրջանում ոչ մի երկիր տիրապետող դիրք չգրավի: Ամերիկայի շահերը պահանջում են ունենալ հավասարազոր ուժեր, որոնք կկարողանան զսպել միմյանց: Ներկայիս կան չորս այդպիսի ուժեր. Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը: Նրանցից ոմանք համագործակցում են, ոմանք թշնամիներ են, ուրիշներ էլ ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքորոշումը: Մ. Նահանգները ցանկանում է ազատվել Իրանի միջուկային զենքերից, բայց առանց ցնցումներ պատճառելու այդ երկրին: Դա մաս է կազմում տարածաշրջանային պատասխանատվության եւ հավասարակշռության իր քաղաքականությանը:

Եվ սա է Իսրայելին մտահոգող էական խնդիրը: Նա միշտ եղել է շախմատային զինվոր Մ. Նահանգների մարտավարության մեջ, բայց կարեւոր մի զինվոր: Այս նոր հառնող մարտավարության մեջ, երբ բազմաթիվ «դերակատարներ» են միմյանց հավասարակշռում, իսկ Մ. Նահանգները նվազագույնն է անում պահպանելու այդ հավասարակշռությունը, Իսրայելը իրեն շփոթված է զգում. ինչպե՞ս վարվել մյուս երեք պետությունների հետ: Իրանի ընդգրկումը այդ պետությունների թվում անկանխատեսելի էր Իսրայելի համար, ոչ միայն միջուկային զենքի խնդրի առկայության, այլ նաեւ այն հանգամանքով, որ Իրանի ազդեցությունների ոլորտը հասնում է մինչեւ Սիրիա եւ Լիբանան: Իսրայելը ցանկանում է խուսափել վերջինների հնարավոր սպառնալիքներից:

Իհարկե խնդիրը ոչ մի առնչություն չունի Բարաք Օբամայի եւ Բենիամին Նաթանյահուի անձնավորությունների հետ: Մ. Նահանգները ցույց է տվել, որ չի կարող առկա զորքերով հանդարտեցնել հակամարտող կողմերին: Հիմարություն կլիներ նույն բանը անընդհատ կրկնել ակնկալելով տարբեր ելք: Եթե Մ. Նահանգները չխառնվի մարտերում, ապա տարածաշրջանային ուժերի վրա կմնա խնդիրը լուծելու պարտականությունը: Իսկ եթե վերջիններս իրենց վստահված դերը ճիշտ կատարեն եւ վերահսկեն միմյանց, ապա հավասարակշռությունը կպահպանվի եւ ոչ մի երկիր էլ հեգեմոն չի դառնա:

Նման մարտավարությունը անհրաժեշտություն է Մ. Նահանգների համար անկախ նրանից, թե ով է երկրի նախագահը: Բազմաթիվ ուժային կենտրոնների մեջ ընդգրկված լինելը դուր չի գալիս Իսրայելին, դարձյալ անկախ այն բանից, թե ով է այդ երկրի վարչապետը: Մյուս երկրներն էլ չեն ցանկանում նման մարտավարության դերակատարները լինել: Այդ մարտավարությունը գուցե կատարյալ չէ, բայց առայժմ միակն է, որ Մ. Նահանգները կարող է որդեգրել մի տարածաշրջանի համար, որ ոչ կարող է հնազանդեցնել, իրեն ենթարկել, ոչ էլ կարող է ամբողջովին թողնել, հեռանալ:

Աշխարհաքաղաքականությունը անտարբեր է անհատների կամ երկրների ղեկավարների անհատական ցանկությունների հանդեպ: Այն գործում է միայն ըստ անհրաժեշտությունների եւ հարկադրանքների:

Geopolitical Weekly, Stratfor G.I., Թարգմ. Հ.Ծ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՂԱԶԱԽՍՏԱՆՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ՄՏԱԾՈՒՄ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ՄՏԱԾՈՒՄ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական