ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու
Ապրիլի վերջին Ղազախստանում տեղի կունենան նախագահի արտահերթ ընտրություններ: Արտահերթ ընտրությունների անցկացման նախաձեռնությամբ հանդես են եկել հասարակության ներկայացուցիչները: Այն ստացել է երկրի բնակչության մեծ մասի աջակցությունը:
Ղազախստանը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի խոշորագույն երկիրն է: Bloomberg-ի տնտեսագետների գնահատումներով, այդ երկիրը մտնում է 2015թ. զարգացող շուկաների ամենազարգացող քսան տնտեսությունների շարքըՙ զբաղեցնելով 11-րդ տեղը: Բայց այսօր Ղազախստանը, ինչպես եւ պետությունների մեծամասնությունը, ուժեղ ճնշում է զգում տնտեսության վրա:
Մի կողմից, դա պայմանավորված է շարունակվող համաշխարհային ճգնաժամով: Հանդիսանալով նավթ եւ մետաղներ արտահանող երկիրՙ Ղազախստանը լուրջ վնասներ է կրում շուկայում դրանց գնի անկման հետեւանքով: Մյուս կողմից երկրում տնտեսական վիճակի վատացումը պայմանավորված է «ռուսաստանյան գործոնով», որովհետեւ երկու երկրների տնտեսությունները մեծապես ինտեգրված են: Մոսկվայի դեմ արգելամիջոցները եւ ռուսաստանյան տնտեսության տեմպերի անկումը արգելակում են, եւ այն էլ էականորեն, Ղազախստանի զարգացումը: Սակայն ի տարբերություն Մինսկի, Աստանան նույնիսկ մտքով չի անցկացնում ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորությունը: «Ռուսաստանն այսօր հայտնվել է ծանր դրության մեջ, եւ մենք էլ Ռուսաստանի հետ»,-վերջերս հայտարարեց Ղազախստանի նախագահը. «Եվ ես համոզված եմ, եւ մենքՙ ղազախստանցիներս համոզված ենք, որ Ռուսաստանն այս իրավիճակից պատվով դուրս կգա, կզարգանա ու կբարգավաճի եւ մենք էլ նրա հետ»:
Այսօր երկրի ազգային տարադրամը միակն է, որ չի կորցրել իր արժեքը Եվրասիական Տնտեսական Միության երկրների եւ ԵԱՏՄ չմտնող ետխորհրդային երկրների տարադրամների շարքում: Ընդհանուր առմամբ Ղազախստանն այս դժվարին ժամանակներում արդարացնում է «տարածաշրջանային առաջատարի» իր կարգավիճակը: Սակայն բացասական գործոնները ստիպում են իշխանություններին վերանայել կարճաժամկետ տնտեսական ռազմավարությունները եւ միացնել «խնայողության ռեժիմը»: Դա չի կարող չանդրադառնալ ինչպես ՀՆԱ-ի աճի տեմպերի, այնպես էլ քաղաքացիների բարեկեցության վրա: Երկրում մշակված է հատուկ հակաճգնաժամային «Նուռլի ժոլ» ծրագիրը, որը պետք է կարգավորի տնտեսական ռիսկերը եւ թույլ չտա գործազրկության աճ:
Երկրում իրավիճակի վրա ճնշում է նաեւ աշխարհաքաղաքական ոչ տնտեսական գործոնների մի ամբողջ շարք: Աֆղանստանից հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի դուրսբերումից հետո էապես մեծանում է Ասիայում հակամարտության գոտուց ծայրահեղականորեն տրամադրված տարրերի ներթափանցման վտանգը, ներառյալ Աֆղանստանից, Սիրիայից, ԻԼԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքից: Ի՞նչը կարող է ծնել ներքին ճգնաժամ: Արմատականորեն տրամադրված ներքին տարրերի ի հայտ գալը: Սա կարող է խորանալ նաեւ Աֆղանստանից նարկոթրաֆիկի աճով:
Ըստ էության Ղազախստանն այսօր դիտարկում են որպես բուֆերային գոտի, որը կարող է պատնեշ դառնալ Աֆղանստանից ինչպես թմրանյութերի, այնպես էլ ծայրահեղականների թրաֆիկի դեմ: Եվ կայունությունը, որն այսօր ապահովվում է երկրում, ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալական, դրանում խաղում է կարեւորագույն դեր: Ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս այդ կայունության ապահովման գործում մեծագույն դեր են հատկացնում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի անձին: Նա իշխանության ղեկին է ավելի քան քսան տարի: Ընդ որում միանգամայն օրինական հիմունքներով: Նա հաղթում է ընտրություններումՙ հավաքելով ընտրողների ձայների ճնշող մեծամասնությունը: Տարբեր միջազգային կազմակերպությունների, նախ եւ առաջ ԵԱՀԿ-ի դիտորդները, չնայած բազմիցս հայտարարել են ընտրություններում մի շարք խախտումների մասին, սակայն երբեք չեն վիճարկել քվեների վերջնահաշվարկի ճշմարտացիությունը:
Բնակչության նման վստահությունը գործող նախագահի հանդեպ պայմանավորված է մի շարք գործոններով: Առաջին հերթին նրանով, որ հատկապես Նազարբաեւի եւ նրա իրականացրած քաղաքականության հետ են կապում երկրում միասնության եւ համերաշխության ապահովումը: Ղազախստանը հետխորհրդային միակ պետությունն է, որը ԽՍՀՄ փլուզումից հետո խուսափել է ազգամիջյան հակամարտություններից: Եվ դա այն դեպքում, երբ երկրում ապրում են ավեի քան 140 տարբեր ազգություններ եւ մեկ տասնյակից ավել կրոնական հարանվանություններ:
Աստանայում ստեղծվել է եզակի երկխոսության հարթակՙ Ղազախստանի ժողովրդի ասամբլեան: Նրա ներկայացուցիչներն են երկրում բնակվող բոլոր ազգությունների ազգային-մշակութային կենտրոնների ղեկավարները: Բացի դրանից, գործող իշխանության տնտեսական քաղաքականությունն ունի բնակչության աջակցությունը: Բնակչության կյանքի մակարդակի ցուցանիշով Ղազախստանը մտել է միջին եկամուտ ունեցող երկրների շարքը: Ընդ որում, ՄԱԿ-ի տվյալներով, Ղազախստանը մտնում է մարդկային զարգացման ինդեքսի բարձր ցուցանիշ ունեցող երկրների խմբի մեջ: Երկրի տնտեսությունը մշտական աճ է գրանցում, նույնիսկ չնայած ժամանակավոր դժվարություններին, որոնք պայմանավորված են համաշխարհային ցնցումներով:
Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը հավանություն է տալիս իշխանության գծին: Ընդ որում, բոլոր դիտորդները նշում են, որ այն փաստը, որ ներքաղաքական եւ տնտեսական կայունությունը ասոցիացվում է բացառապես մեկ քաղաքական գործչի հետ, առաջացնում է որոշակի ռիսկեր: Այդ թվումՙ երկրի հնարավոր ապագայի հարցում, Նազարբաեւի հեռանալուց հետո: Բանն այն է, որ ամենավառ քաղաքական դեմքերն այսօր իրենց դիրքավորում են իբրեւ «Նազարբաեւի ճտեր»ՙ նրա թիմի անդամներ եւ այդ պատճառով էլ գերադասում են չարտահայտել իրենց տեսակետներըՙ գործելով բացառապես պետական քաղաքականության շրջանակներում:
Այսպես կոչված ընդդիմությունը Ղազախստանում թույլ է զարգացած: Նրա մեծ մասը չնայած ընդդիմախոսում է գործող իշխանությանը, բայց գերադասում է պաշտպանել իրականացվող գիծը: Ավելին, նրա առաջնորդները, որոնք այսօր կարող էին հավակնել նախագահական լիազորություններին, բացահայտ հայտարարում են, որ ընթացիկ պահին Նազարբաեւին այլընտրանք չեն տեսնում: Բացի դրանից, նրանք չեն օգտվում քաղաքացիների մեծ վստահությունից: Նրանց կարգախոսները պոպուլիստական են եւ չեն առաջարկում երկրի զարգացման ռազմավարական տեսլական: Ընդ որում ընդդիմությունը փորձում է ընդդիմախոսել իշխանությանը կա՛մ շահարկելով ազգային հարցը, կա՛մ հակառուսական տրամադրությունները: Հենց այդ պատճառով էլ այն բնակչության շրջանում ասոցիացվում է ոչ այնքան մեծ քաղաքականության հետ, որքան երկրում խաղաղությունը քանդելու փորձերի: Ղազախստանում լրջորեն անհանգստանում են Ուկրաինայի, Ղրղզստանի, Վրաստանի նմանությամբ գունավոր հեղափոխությունների սցենարի կրկնության հարցում: Հիմա դա առանձնապես արդիական է տնտեսական դժվարությունների համապատկերում: Այդ դժվարությունները, ի թիվս այլ հանգամանքների, ուղեկցվում են աշխատակիցների զանգվածային գործազրկության սպառնալիքով: Ինչը հեռանկարում նշանակում է բողոքող ընտրազանգվածի մեծացում:
Ըստ էության հենց ընտրազանգվածն է հանդես եկել այս տարի նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարախոսի դերում: Մի քանի հազար Ղազախստանի քաղաքացիներ դիմեցին Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի իրենց ներկայացուցիչներինՙ առաջարկելով ընտրություններն անցկացնել ամենանոտ ապագայում: Դրա համար երկու պատճառ կա: Առաջինն, ինչպես նշեցինք վերեւում, տնտեսական դժվարին ժամանակահատվածը եւ աշխարհաքաղաքական ռիսկերն են: Երկրորդՙ իրավականը, հաջորդ տարի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների համընկնման հավանականությունը (ինչն արգելված է երկրի Սահմանադրությամբ): Փետրվարի կեսերին Ղազախստանի ժողովրդի ասամբլեան բարձրաձայնեց քաղաքացիների ցանկությունները: Հարկ է նշել, որ բնակչությունը դիմելով Ասամբլեային այս խնդրանքով, չի ունեցել տարակարծություն միակ արժանավոր թեկնածության կապակցությամբ: «Աշխարն անկայուն է, շարունակվում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, մեր տնտեսության մեջ այն թույլ չտալու համար մեր երկրում նախագահը (Ն. Նազարբաեւը- Ա.Ս.) առաջարկել է «Նուրլի ժոլ» ծրագիրը եւ այդ ծրագրում առաջատար դերը պատկանում է պետության ղեկավարին: Երկրորդը, 2016 թ. մեզ մոտ նախատեսվում են անցկացնել երկու ընտրություններՙ նախագահական եւ խորհրդարանական: Կարծում եմ, որպեսզի դրանք տարբերակվեն 2016թ., երբ սպասվում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ամենաբարձր կետը, երբ բոլոր ռեսուրսներն ու ամբողջ ներուժը անհրաժեշտ է ուղղել դրա լուծմանը, երկու քաղաքական ընտրարշավ ուղղակի կշեղեն: Եվ վերջապես երրորդՙ ես կարծում եմ, որ կվերջանան բոլոր խոսակցությունները իրավահաջորդի վերաբերյալ: Թող ամեն մարդ զբաղվի իր գործով»,- հայտարարեցին Ասամբելայում:
Ընտրությունների գաղափարը պաշտպանեց նաեւ երկրի խորհրդարանը: Պատգամավորները դիմեցին Նազարբաեւինՙ խնդրելով նշանակել ընտրությունների օրը: Նա դա արեց երկու շաբաթ անցՙ նշանակելով արտահերթ նախագահական ընտրությունները ապրիլի 26-ին:
Այս պահին իր թեկնածուին առաջադրելու մտադրության մասին հայտարարել է իշխող կուսակցությունը: Կասկած չկա, որ կուսակցությունը կառաջադրի Նուրսուլթան Նազարբաեւի թեկնածությունը:
Ղազախստանի Կոմունիստական ժողովրդական կուսակցությունը նույնպես հայտնել է նախընտրական մրցավազքին մասնակցելու իր ծրագրերի մասին: Սակայն նրա առաջնորդը ազնվորեն խոստովանել է, որ հաղթանակի հավակնություն իրենք չունեն, որովհետեւ «այսօր Նազարբաեւին այլընտրանք չկա»:
Այսպիսով, արդեն այսօր կասկած չկա այն հարցում, որ Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրություններում կրկին կհաղթի 75-ամյա Նուրսուլթան Նազարբաեւը: