Մեր հասարակության մի շատ զգալի շերտ աղքատության, ֆինանսական խնդիրների, ահռելի պարտքերի պատճառով գտնվում է մի հոգեվիճակում, որը հոգեբաններն անվանում են սահմանային:Հոգեբանները լավ գիտեն այս տերմինի վտանգավորության աստիճանը անհատի առումով, բայց երբ մի ողջ հանրություն է գտնվում այս վիճակում` դժվարանում է դեղատոմսի դուրսգրումը:
Հայաստանում այս տարի (ընդհանրապես վերջին մի քանի տարին) ինքասպանություննների կտրուկ աճ է արձանագրվել: Ամեն օր համարյա լսում ենք, որ մեկը նետվել է կամրջից, մեկը կախվել է իր տանը կամ մոտակա անասնագոմում: Ինֆորմացիայի ամենօրյա կրկնությունը բթացնում է մեր զգոնությունը, սովորեցնում սարսափելի բառի` իքնասպանության առօրեականությանը, մեր մեջ թմրեցնում ցավակից եւ ձեռք մեկնող լինելու բնական զգացումը: Այս տարվա սահմանային լարումներից երկիրը պաշտպանող մեր տղաների տասնյակ կորուստներին զուգահեռ` հոգեբանորեն սահմանային կամ կրիտիկական իրավիճակներում հայտնվելու պատճառով իրենց կյանքով են վճարել թվով շատ ավելի ինքնասպաններ: Ինքնասպանությունների թվի աճը միշտ խոսում է տվյալ միջավայրի այնպիսի սոցիալ- հոգեբանական փոփոխությունների մասին, որոնք ինքնասպանության համար պարարտ հող են ստեղծում:
Սովորաբար օգտագործվում է վիճակագրությունը, այդպես նաեւ վարվել ենք մենք` մեր անցյալ հրապարակումներում, սակայն հիմա անզեն աչքով էլ տեսանելի է ինքնասպանությունների աճող դինամիկան, բացի այդ` ինքնասպանությունների մասին ամեն օր, կարելի է ասել, հաճույքով հայտնող մեր լրատվամիջոցներն ամենեւին պատճառ չեն թողնում ինքնասպանությունների վիճակագրությանը դիմելու: Շատ ԶԼՄ-ներ անգամ այդպիսի խորագիր ունեն` «Ինքնասպանություններ», որոնք չեն թողնում մոռանալ վերջին դեպքերը գոնե` ՌԴ ԱԴԾ զինծառայող Արթուր Աֆյանին, Դավիթաշենի կամրջից նետված Սուրեն Հ.-ին, Կիեւյան կամրջից իրեն նետած քսանհինգամյա երիտասարդին, պարտքեր ունեցող առաքիչին, վերջին շրջանում ամեն օր կամուրջներից նետվողներին, բաղնիքում եւ անասնագոմերում կախվողներին…
Ի՞նչ են գուժում ամեն օր կատարվող ինքանսպանությունների բոթերը:
Պատմությունների մեծ մասում գերակա են սոցիալական-ֆինանսական խնդիրները: Սոցիալական տարրական խնդիրները լուծել չկարողացող մարդիկ հայտնվում են պարտքերի տակ, ոչ մեկից օգնություն չկա, աշխատանք չկա կամ եղած աշխատանքի վարձատրությունն անհամատեղելի է կյանքի պահանջների հետ, եւ աստիճանաբար հասարակությունից ու շրջապատից հույսը կտրող մարդը անելանելի վիճակից ելքը սեփական կյանքը վերջ տալու մեջ է գտնում: Ու էդ ինքնասպաններին ոչ ոք չի կարող կանգնեցնել կամ օգնել, քանի որ մեր պետությունում անհատին ճզմող համակարգին ու բարքերին շատերը չեն կարող ոգու ու կամքի ամրություն հակադրել: Մեր երկրում կյանքի հետ անհամատեղելի են մի խումբ մարդկանց խելքից-մտքից դուրս հարստությունն ու հարյուրհազարավոր մարդկանց` օրվա հացի կարոտ լինելը:
Մի փոքրիկ շերտի գերհարստացումը (ոչ հավասար կամ ոչ արդար մրցակցությամբ) բերեց-հասցրեց մեր կյանքի կազուսներից նաեւ այս մեկին: Հայաստանում գոյացավ էլիտար խանութներից, զվարճանքի վայրերից օգտվող, անսահմանափակ ունեցվածքի տեր, բրենդային հագուկապով եւ ապրելակերպով մարդկանց շերտ: Նրանք տնօրինում են այդ խանութներն ու զվարճանքի վայրերը` միաժամանակ հենց իրենք ու իրենց հարազատներով այցելելով այդ հաստատություններն ու ապրելով մի կյանքով, որով չի ապրում հայ ժողովրդի գերակշիռ տոկոսը:
Այդ նեղ շերտերում ամոթ է բրենդային թանկարժեք հագուստ չկրելը, վեցանիշ թվից պակաս գումարով գնված նվեր միմյանց նվիրելը, որեւէ թանկարժեք ժամանցավայր չայցելելը, կես միլիոն դոլարանոց մեքենայով չֆռֆռալը: Կարելի էր ձեռքը թափ տալ, թե` ձեր հերն էլ անիծած, հագեք ձեր թանկարժեք փալասները, քշեք ձեր Աուդիներն ու Մերսեդես- Բենցերը, ու հանգիստ թողեք մեզ, հասարակ քաղաքացիներիս: Բայց դա միայն առաջին հայացքից է հնարավոր: «Էլիտար» կյանքի շորշոփները խրվում-հաստատվում են ամենուր` մեր անորակ սերիալների մեջ, գովազդվում լայնորեն, կենցաղի տարբեր դրսեւորումներում դառնում են օրինակելի, մեր երիտասարդության համար` բաղձալի դառնում այդպիսի կյանքի գոնե նմանակումը: Միջինում հարյուր հազար դրամ վաստակող երիտասարդն, այսպիսով, հասարակության բաղձանք-թիրախի պարագայում դառնում է ոչ ոք: Նա ոչ կարող է իրեն որեւէ բրենդային հագուստ թույլ տալ գնել, ոչ էլ օգտվել թեկուզ հասարակ սրճարաններից: Ահա եւ սկսվում է դիմակայությունը, ցանկությունների եւ կյանքի հակադրությունը:
Եթե պատանին կամ աղջիկը սովորում է բուհում, այստեղ անպայման նրա կողքին այսպես կոչված «էլիտար» կյանքով ապրող երիտասարդներ կան, որոնք արհամարհում են իրեն ու իր նմաններին, իրենց պահում անթույլատրելի ու անպատժելի ցինիզմի մշտական դոզայի մեջ, թելադրողի եւ եղանակ ստեղծողի դեր վերագրում իրենց` «էլիտայի» իրենց բարձունքից նայելով բոլորին: Ընդհանրապես` լայն առումով Հայաստանում այսօր հին արժեքները մոռացվել են` փոխարինվելով անհասկանալի արժեքներով ու սովորույթներով, որոնք, եթե խորանում ես, իրենց հիմքում մի բան ունեն միայն` փողը: Դեռ լավ է, որ ինչ-որ մտավորական շերտ, այնուամենայնիվ, երիտասարդության մեջ կա, ու մեր հասարակության հույսը հենց նրան ուղղված պիտի լիներ: Վերջերս մեր պոպուլյար կայքերից մեկում առաջարկվում էր հարսանիքի ընթացքում անսպասելիորեն հայկական քոչարի պարող մի խումբ երիտասարդ տղամարդկանց պարը, որի տեսագրությունը հավանաբար դրվել էր որպես զարմանալի կամ գովելի մի բան` համատարած ռաբիզացման մեջ: Սակայն ավելի լավ կլիներ` չնայեի այդ վիդեոն. ինչ որ պահից տարբեր առանձնյակներ խրձով փող էին ցրիվ տալիս պարողնեի գլխին եւ հորթային հրճվանքով վերադառնում իրենց տեղը: Հիացմունքով ծափ էր տալւս նաեւ հարսը: Մի խոսքով, ավելի լավ էր չնայեյի, գետինը մտա, տեսնելով այն կռապաշտությունը, որ կա մեր ազգի մեջ փողի հանդեպ:
Հիմա մեր աղջիկներն էլ փողասեր են դարձել, անկախ նրանից` ինչ ընտանիքում են մեծացել. ինչ տեսնում են հեռուստատեսությամբ, շուրջը, ինչ գովազդվում է անմակարդակ գովազդներով, ինչ արժեք մատուցվում է` այն արդյունքն էլ ունենք: Մեր աղջիկներն իրենց երկրպագուներից կամ փեսացուներից պահանջում են այն բոլորը, ինչը մատուցում են իրենց ընտրյալներին «էլիտար» շերտերում` բրենդային հագուստ, բրենդային ոսկեղեն, ավտոմեքենա, տուն, թանկարժեք ճամփորդություններ: Չեք նկատո՞ւմ` մեր երիտասարդ տղաները սկսել են շատ ուշ ամուսնանալ, անգամ չամուսնանալ: Նրանցից շատերն ընկերուհիների քմահաճույքները կատարելու համար ընկնում են պարտքերի, վարկերի տակ, ձնագունդն այնպես է մեծանում, որ նաեւ այս հողի վրա ինքնասպանությունները շատացել են: Համենայնդեպս` այս տարվա շատ ինքնասպանությունների դեպքում, որոնց մեծ մասը երիտասարդ տղաներ են, պատճառ է դարձել պարտքն ու ունեզրկումը:
Արդյոք հետեւություններ անո՞ւմ են մեր իշխանավորները, արդյոք մի քաղաքական ուժ երբեւէ կարո՞ղ է նստել ու մի ազգային ծրագիր գրել, որտեղ հայ օլիգարխ հասկացությունը բացառվի (իշխանության կտուրը չլինի` տեսնեմ ոնց են նրանք օլիգարխ), որտեղ ազգի գոյատեւման եւ պետության կառուցման պայմանները սահմանվեն մարդասիրական ու հայասիրական նպատակներից ելնելով: Ոչ թե օլիգարխների թեւերի տակ իշխանության գալու ձգտումները փայփայվեն, այլ այս պահին լրիվ ավերակ մեր քաղաքական դաշտում նստեն ու ստեղծեն յուրաքանչյուր հայի պաշտպանվածությունից բխող գաղափարախոսույուն, որի հետեւից կգնան հայ մարդիկ ու միգուցե այդպիսի գաղափարախոսությունը զանգվածաբար ֆինանսավորեն սովորական հայերը: Կամ կգտնվի՞ տեսնես պետության այնպիսի ղեկավար, որն իր համար խնդիր կդնի ոչ թե հարուստների հարստացումը, այլ ազգի այնպիսի տանելի բարեկեցությունը օլիգարխներին բացառելու ճանապարհով, որը նաեւ կնվազեցնի սոցիալ-ֆինանսական պատճառներով ինքնասպանությունները: Դրա առաջին քայլը կլիներ, օրինակ, ինքնասպանությունների հարցով ազգային անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքը, որի մասին հասարակությունը կիմանար: Իսկ այդ մակարդակով անհանգստանալու կարիքը կա, որովհետեւ եթե հարյուր հազար բնակչին միջինը քսան ինքնասպան եւ ինքնասպանության փորձ է բաժին ընկնում, իսկ ինքնասպանությունների թվի` վերջին տարիներին աճող դինամիկան հենց այդպիսի ցուցանիշի է միտում, ուրեմն մեր հասարակությունում ճգնաժամային վիճակ է: Ու դրանով պետք է զբաղվել` մասնագետներին հրավիրելով, նրանց տեղեկատվությունը մեկտեղելով:
Հիշեցման կարգով նշենք, որ 2011 թվականից` ինքնասպանություների եւ ինքնասպանության փորձերի թիվը շեշտակի աճել էր նախորդ տարիների համեմատ ու կազմել 647, մինչդեռ մինչեւ անցյալ դարի իննսունականներն այդ թիվը Հայաստանում երկանիշ էր: Մինչեւ անցած տարին ներառյալ այս կարգի անհանգստացնող ցուցանիշներ են հրապարակվել, վերջին երկու տարին երեք օրում միջինացված փաստորեն երկու ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի դեպք է արձանագրվում: