Հայաստանի տնտեսության այս տարվա հնարավոր զարգացումների մասին խոսելով, մեր նախորդ հրապարկման («2015-ը Հայաստանի տնտեսության համար բարդ է լինելու», «Ազգ» 12.03.2015թ.) մեջ գրել էինք, որ հունվար ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշները մտահոգությունների տեղիք են տալիս: Նկատի էինք ունեցել տարվա առաջին ամսում արձանագրված ցածր տնտեսական աճը, արդյունաբերական արտադրանքի նվազումը, արտաքին առեւտրի ծավալների եւ արտերկրից Հայաստան մտնող դրամական փոխանցումների ծավալների նվազումը: Տեսակետ հայտնելով, որ տարին ընդհանուր առմամբ դժվար է լինելու, միաժամանակ նշել էինք, որ միայն մեկ ամսվա, այն էլ հունվարի ցուցանիշները հիմք չեն ողբերգություն սարքելու համար: Արդեն տարվա առաջին եռամսյակը ավարտվել է, եւ հայտնի են հունվար-փետրվար ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Ինչպե՞ս է փոխվել Հայաստանի տնտեսական կացությունը տարվա առաջին երկու ամիսներում:
Տնտեսական ակտիվության աճի տեմպն ավելացել է
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-փետրվար ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ աճել է 2,5 տոկոսով։ Հունվար ամսին տնտեսական ակտիվության աճը նախորդ տարվա հունվարի համեմատ կազմել էր 1,8 տոկոս: Միայն փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ աճը կազմել է 3,6 տոկոս, իսկ այս տարվա նախորդ ամսվա` հունվարի նկատմամբ` 8,3 տոկոս: Հունվարի նկատմամբ փետրվարի աճը, թերեւս, բնական պետք է համարել, քանի որ փետրվարը տնտեսապես ավելի ակտիվ ամիս է, հետեւաբար այստեղ ուրախանալու առիթ առանձնապես չկա: Սակայն նախորդ տարվա փետրվարի համեմատ այս տարվա փետրվարին արձանագրված աճը արդեն դրական ցուցանիշ է:
Այժմ` ըստ տնտեսության ճյուղերի ցուցանիշները:
Արդյունաբերության արտադրանքի ծավալները տարվա երկու ամիսներին նվազել են 1,8 տոկոսով: Սակայն հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ անկումն այստեղ ավելի մեծ էր` 6,3 տոկոս: Մինչդեռ միայն փետրվարին, անցյալ տարվա փետրվարի նկատմամբ արդյունաբերությունն աճել է 2,6 տոկոսով, իսկ այս տարվա հունվարի նկատմամբ` 8,3 տոկոսով: Փաստորեն, փետրվարին արդյունաբերությունն աճ է արձանագրել, ինչի շնորհիվ էլ հունվար-փետրվարին նվազումն ավելի քիչ է եղել:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը հունվար-փետրվարին աճել է 3,6 տոկոսով: Այստեղ նույնպես փետրվարին աճ է արձանագրվել հունվարի եւ նախորդ տարվա փետրվարի նկատմամբ: Ընդհանրապես, գյուղատնտեսությունը կարող է լրջորեն նպաստել տնտեսական աճի ընդհանուր ցուցանիշին, եթե եղանակային պայմանները շարունակվեն բարենպաստ մնալ: Համենայն դեպս, այս առումով լուրջ ակնկալիքներ կան:
Այս տարի տնտեսական աճին նպաստող ճյուղ կարող է լինել շինարարությունը, որի ծավալները սկսած 2009-ից միայն նվազում են: Այս ոլորտի աշխուժացման ուղղությամբ կառավարության կողմից մի քանի օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվել, որոնք կարող են խթանել ներդրումներն այս ոլորտում: Ինչ մնում է այս պահի ցուցանիշներին, ապա հունվար-փետրվարին շինարարությունն ունեցել է ընդամենը 0,8 տոկոս աճ: Այստեղ փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ վիճակն անփոփոխ է մնացել, իսկ հունվարի համեմատ նկատելի աճ է արձանագրվել:
Հետաքրքրական են առեւտրի եւ ծառայությունների ծավալների ցուցանիշնեը: Թեեւ երկու ամիսների արդյունքով երկու ճյուղերում էլ աճի ցուցանիշներ են արձանագրվել, բայց առեւտրում փետրվարին անցյալ տարվա փետրվարի համեմատ նվազում կա, ծառայություններում էլ` այս տարվա հունվարի նկատմամբ: Այս երկու ոլորտների տվյալներից կարելի է ենթադրել, որ բնակչության կողմից սպառման ծավալների որոշակի նվազում կա:
Այժմ այն գործոնների մասին, որոնք կարող են ազդել ինչպես առեւտի ու ծառայությունների, այնպես էլ արդյունաբերության հետագա զարգացումների վրա: Դրանցից մեկը դրամական փոխանցումներն են:
Դրամական փոխանցումները նվազել են` եւ ոչ միայն Ռուսաստանից
Արտերկրից Հայաստան մասնավոր անձանց կողմից իրենց հարազատներին կատարվող դրամական փոխանցումները նկատելի ազդեցություն ունեն մեր տնտեսության մեջ: Այս ճանապարհով Հայաստան մուտք գործող գումարային զուտ ներհոսքը (ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը) սովորաբար կազմում է երկրի տնտեսության (ՀՆԱ) ծավալների մոտ 15 տոկոսը կամ 1,4-1,5 մլրդ դոլար: Անցյալ տարի այդ ցուցանիշը նվազել էր, կազմելով 1,2 մլրդ դոլար:
Այս տարվա հունվարին եւ փետրվարին դրամական փոխանցումների նվազման միտումը պահպանվել եւ անգամ խորացել է: ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն, 2015-ի փետրվարին, բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առեւտրային դրամական փոխանցումները Հայաստան կազմել են 87 մլն դոլար: Նախորդ տարվա` 2014-ի փետրվարի 138 մլն դոլարի համեմատ այս ցուցանիշը նվազել է մոտ 51 մլն դոլարով: Զուտ ներհոսքը փետրվարին կազմել է 27 մլն դոլար` 2014-ի փետրվարի 68 մլն դոլարի դիմաց, նվազելով գրեթե 41 մլն դոլարով:
Այստեղ հետաքրքրական է, որ հունվարի համեմատ, դրամական փոխանցումները փետրվարին դեպի Հայաստան աճել են, բայց զուտ ներհոսքը` նվազել: Սրա պատճառը եղել է հունվարի համեմատ փետրվարին Հայաստանից դեպի արտերկիր դրամական փոխանցումների ավելացումը: Այսինքն, արձանագրվել է Հայաստանից` դրսում գտնվող իրենց հարազատներին օգնության ավելացման երեւույթ , ինչի շուրջ վաղ է եզրակացություններ կազմել, քանի դեռ դա կարճ ժամանակահատվածում` մեկ ամսում արձանագրված երեւույթ է:
Դրամական փոխանցումներ ստացող հիմնական երկրից` Ռուսաստանից դրամական փոխանցումները Հայաստան 2015-ի փետրվարին կազմել են 49 մլն դոլար` նախորդ 2014-ի փետրվարի 99 դոլարի դիմաց: Նվազումը կազմել է մոտ 50 մլն դոլար: Դրամական զուտ ներհոսքը Ռուսաստանից դեպի Հայաստան կազմել է 27 մլն դոլար անցյալ տարվա փետրվարի 80 մլն դոլարի փոխարեն: Նվազումը կազմել է 52,7 մլն դոլար, ինչը պայմանավորված է արդեն նշված` Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումների որոշակի ավելացմամբ:
Այդուհանդերձ, կա եւս մեկ միտում` փետրվարին հունվարի նկատմամբ Ռուսաստանից դրամական փոխանցումները, այդ թվում զուտ ներհոսքը, ավելացել են:
Արտահանման եւ ներմուծման ծավալները նվազել են, բայց ենթակա են ճշգրտման
Արտաքին առեւտրաշրջանառությունը 2015-ի հունվար-փետրվարին 2014-ի հունվար-փետրվարի նկատմամբ նվազել է 27,7 տոկոսով եւ կազմել 592 մլն դոլար։ Արտահանումը կազմել է 163 մլն դոլար, նվազելով 25,2 տոկոսով, ներմուծումը կազմել է 429 մլն դոլար, նվազելով 28,6 տոկոսով։ Արտաքին առեւտրի այս տվյալները հրապարակելով, Ազգային վիճակագրական ծառայությունը կրկին անգամ տեղեկացրել է, որ ցուցանիշները ամբողջական չենՙ «պայմանավորված ԵՏՄ երկրների միջեւ փոխադարձ առեւտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ», նշելով, որ հետագայում դրանք ենթակա են ճշգրտման: Թե ե՞րբ կլինեն ճշտված տվյալները, ծառայությունը չի մատնանշում: Չճշտված տվյալներով հնարավոր չէ զարգացումների մասին դատողություններ անել: Ակնհայտ է մի բան, որ նոր տնտեսական միություն` ԵՏՄ մտնելը սկզբնական շրջանում որոշակի տեխնիկական խնդիրներ կարող է առաջացնել, բայց դրա տնտեսական շահավետությունը անվիճարկելի է: Այլ հարց է, որ մեր արտահանողները կարողանան օգտվել ստեղծվող նոր հնարավորություններից: Առայժմ, նրանց մի մասը սպասողական վիճակում է, կապված Ռուսատսանում ֆինանսական եւ տնտեսական խնդիրների հետ, մի մասն էլ, արտահանման գործընթացի հեշտացմանն ադրադառնալիս, որքան էլ որ տարօրինակ է, խոսում է այդ շուկայում գործելու դժվարություններից, տպավորություն ստեղծելով, որ զուտ բիզնեսի վարմանն առնչվող դժվարությունները ոչ թե իրենց, այլ ուրիշների խնդիրն է:
ՀԲ-ն Հայաստանի համար ավելի ցածր տնտեսական աճ է կանխատեսում
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին անցյալ շաբաթ հայտնեց, որ Համաշխարհային բանկը վերանայել է Հայաստանի 2015-ի տնտեսական աճի կանխատեսումը եւ նոր կանխատեսմամբ այն 0,8 տոկոս է: ՀԲ գրասենյակի տնօրենը դա բացատրում է հումքային ռեսուրսների անկայուն գներով եւ տարածաշրջանի, մասնավորապես Ռուսաստանի տնտեսական անկմամբ: Միաժամանակ, Լորա Բեյլին հնարավոր է համարել տնտեսական անկումը, եթե լինեն ցնցումներ հիմնական գործընկեր երկրներում` Ռուսաստանում եւ Եվրոմիությունում, ինչպես նաեւ փոխարժեքի կտրուկ տատանումների դեպքում:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հիմքում դրված է 4,1 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը, ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է մինչեւ 2 տոկոս տնտեսական աճ: Արժե նաեւ հիշեցնել, որ երբ հունվարին Հայաստանի տնտեսական ակտիվության աճը 1,8 տոկոս էր, ՀԲ կանխատեսումը տարեկան տնտեսական աճի ցուցանիշի վերաբերյալ 3,3 տոկոս էր, իսկ երբ հունվար-փետրվարին գրանցվեց 2,5 տոկոս տնտեսական ակտիվության աճ, ՀԲ վերանայեց իր կանխատեսումը աճի նվազման ուղղությամբ:
Շարունակում ենք զերծ մնալ տնտեսական աճի տարեկան ցուցանիշի կանխատեսումից, փաստարկված համարելով, որ այն բոլոր պարագաներում ավելի ցածր կլինի նախորդ տարվա ցուցանիշից: Միեւնույն ժամանակ, արձանագրում ենք փետրվարին գրանցված դրական տեղաշարժը: