Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել էի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմի վերաբերյալ Հայաստանից թե Սփյուռքից հնչած քննադատություններին եւ որոշ վերապահություններով հանդերձ եւս մեկ անգամ հաստատել, որ այդ ձեւաչափը ընդունելի է եւ արժանի համահայկական կոչվելու, եւ բերել էի որոշ ապացույցներ (տե՛ս «Ազգ», 03.04.15 թ.): Արդարեւ, ես չեմ կարող մեր ժողովրդի պատմությունից որեւէ այլ օրինակ հիշել ավելի ներկայացուցչական ժողովի, քան հունվարի 29-ին Երեւանում տեղի ունեցածը:
Նույն հոդվածում խոստացել էի անդրադառնալ նաեւ հանձնաժողովի հիշյալՙ 5-րդ նիստում ընդունված Համահայկական հռչակագրի բովանդակության վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի արձագանքներին, ինչը կփորձեմ անել այս եւ հաջորդ հոդվածում:
Լ. Տեր-Պետրոսյանը Հռչակագրին իր առաջին արձագանքում «խայտառակ փաստաթուղթ» որակելով այն, այնուհանդերձ կատարում է որոշ թելադրություններ, որոնք կարող էին նկատառելի լինել, եթե խնդիրը վերաբերեր զուտ պետական մի մարմնի ընդունած բանաձեւին: Այնինչ, պետական կոչվելով հանդերձ, հիշյալ հանձնաժողովն ըստ էության համահայկական է եւ, նույնհետայն, նրա ընդունած Հռչակագիրը, ինչպես արձանագրված է փաստաթղթի նախաբանում, ոչ թե պետական, այլ համահայկական բնույթ ունի: Հավելյալ ապացույցՙ Հռչակագրի ներքո զետեղված ստորագրությունները 5-րդ նիստի մասնակիցների:
Նույն առիթով Լ. Տեր-Պետրոսյանն առաջարկում է «մտածել մի խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու մասին», որի խնդիրը պետք է լինի «ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցումը»: Ըստ Լ. Տեր-Պետրոսյանի, դրանից պետք է «ծնվի Ցեղասպանության 100-այա տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված (ընդգծումն իմն է- Հ.Ա.) մի նոր շրջաբերական ուղերձ, որը Հայաստանի Հանրապետության նախագահի անունից պետք է հղվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին…» եւ միջազգային մյուս կազմակերպությունների ու երկրների ղեկավարներին: Թե ինչպես եւ ինչ տրամաբանությամբ է Առաջին նախագահը հանձնարարում «նոր շրջաբերական ուղերձ»ը կազմել իր իսկ կողմից «խայտառակ փաստաթուղթ» հորջորջված Հռչակագրի հիմքով, անհասկանալի է մնում:
Լ. Տեր-Պետրոսյանի առաջին արձագանքին հետեւեց երկրորդըՙ շուրջ 3 շաբաթ հետո, այս անգամ որպես ուղերձի նախագիծ, որտեղ նա հասարակության էր ներկայացրել իր պատկերացումները: Հավատարիմ իր նախորդ նամակի եւ ընդհանրապես ազգային հարցերի վերաբերյալ իր ոգուն, փորձելով զերծ մնալ «երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական մոտեցումներ»ից, ՀՀ առաջին նախագահը 13 կետերի մեջ ամփոփել է իր մոտեցումները: Առաջին 7 կետերում նա վկայակոչել էր Հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության վերաբերող միջազգային կարեւորագույն որոշումները, վճիռներն ու դաշնագրերը, բացի Սեւրի դաշնագրից եւ նախագահ Ուիլսոնի իրավարար վճռից, ինչը նույնպես, մյուս կետերի հետ, վկայակոչված էր արդեն Հռչակագրում, թեեւ ոչ նույնքան մանրամասն: Իսկ 8-րդ կետից սկսած Լ. Տեր-Պետրոսյանը մտել է իր իսկական տարերքի մեջ: Այդ 8-րդում նա թեեւ հիշեցնում է Հայոց ցեղասպնության միջազգային ճանաչմանը աջակցելու մասին ՀՀ անկախության Հռչակագրի հանձնառությունը, սակայն, գրում է նա, ՀՀ-ն «Ցեղասպանության ճանաչման խնդիրը չի դարձնում իր արտաքին քաղաքականության հիմնաքարը»: Իսկ ո՞վ է ասում, որ Հայաստան պետությունը այն հիմնաքար է դարձրել արտաքին քաղաքականության: Այդ մասին ոչ մի կետ չկա նույնիսկ «խայտառակ փաստաթղթում»: Հայկական պետության ջանքերը մնում են Անկախության հռչակագրում ամրագրված պարունակի մեջ, ընդամենը:
Հաջորդՙ 10-րդ կետում Լ. Տեր-Պետրոսյանի ուղերձի նախագիծը ՀՀ-ին թելադրում է Թուրքիայի առջեւ պահանջ չդնել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, «դա նույնպես դիտելով վերջինիս ներքին գործը»: Ոչ ավել, ոչ էլ պակաս: Ընդունենք, որ սա, ժողովրդական լեզվով ասած, «ղազագիր» է, կապիտուլյացիա, որը կզարմացներ ոչ միայն մեզ ու մեր բարեկամներին, այլեւ անգամ թուրքերին:
Խիստ զարմացնող է նաեւ հաջորդՙ 11-րդ կետը, որն առաջարկում է դիմել եվրոպական երկրներին Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չդիտել Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության հարցում: Հարցնող լինիՙ իսկ ո՞վ է մեր կարծիքը հարցրել, միջազգային հանրությանը հասցեագրված պաշտոնական ուղերձում ի՞նչ իմաստ ունի նման առաջարկը:
Ինչ վերաբերում է նախագծի հաջորդՙ 13-րդ կետին, որտեղ ՀՀ առաջին նախագահը փաստորեն փորձում է միմյանց շաղկապել հայ-թուրքական հարաբերություններն ու Ղարաբաղյան հարցը, կփորձեմ անդրադառնալ հաջորդիվ, հարակից հարցերի հետ: