Իրանի միջուկային ծրագիրը, որն ընթացքի մեջ էր կառուցելու երկրի առաջին ռումբը, պայթյունավտանգ իրադրություն էր ստեղծել Մերձավոր Արեւելքում եւ ամենատարբեր ձեւերով ազդում էր տարածաշրջանի երկրների հարաբերությունների վրա: Իրանի եւ Իսրայելի միջեւ տարաձայնություններով բնորոշվում են ոչ միայն տարածաշրջանային քաղաքականությունները, այլեւ միջազգային հարաբերությունները: Իրանի ճոռոմախոս ղեկավարները անցյալում միայն առիթ են տվել Իսրայելի ծայրահեղականներին արդարացնելու իրենց կանխարգելիչ հարվածները եւ վաշինգտոնյան դժկամ ղեկավարներին ներգրավելու հասունացող հակամարտության մեջ:
Մեծ վեցյակի (Մ. Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա Ֆրանսիա եւ Բրիտանիա) եւ Իրանի միջեւ ընթացող վերջին երկու տարիների լարված բանակցությունները ի վերջո տվեցին որոշ դրական արդյունքներ Լոզանում (Շվեյցարիա): Իրանը համաձայնվեց հինգից տասը տարով հետաձգել իր միջուկային ծրագիրը եւ թույլատրել միջազգային վերահսկողություն հաստատել: Փոխարենը Մ. Նահանգներն ու միջազգային հասարակայնությունը խոստացան վերացնել պատժամիջոցները, որոնք մեծապես խեղել էին Իրանի տնտեսությունը:
Ավելի լավ կյանքի հեռանկարներով ոգեւորված, տրամադրությունները բարձր են Թեհրանի փողոցներում, բայց իրանցի կարծրթեւայինները, ինչպես նաեւ նախագահ Օբամայի ներքին հակառակորդներն ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն դեմ են այդ գործարքին:
Ըստ համաձայնության, որը պետք է վերջնական տեսքի բերվի նախքան հունիսի 30-ը, Իրանը համաձայնել է երկու երրորդով կրճատել իր գործող ցենտրիֆուգաները, եւ առաջիկա 15 տարում 10 հազար կգ-ից 300-ի նվազեցնել իր քիչ հարստացված ուրանի ներկա պաշարները:
Մինչ նախագահ Օբաման ողջունեց ձեռք բերված համաձայնությունը որպես «եզակի հնարավորություն» կրճատելու միջուկային զենքի տարածումը վտանգավոր մի տարածաշրջանում, Իսրայելի վարչապետը արձագանքեց դրան ասելով, որ «ոչ մի ցենտրիֆուգա էլ չի ոչնչացվել, ոչ մի միջուկային արտադրամաս չի փակվել ներառյալ դրանք, որ նրանք ապօրինաբար կառուցել են ընդհատակյա: Հազարավոր ցենտրիֆուգաներ շարունակելու են աշխատել: Դա շատ վատ գործարք է»: Նրան եկավ լրացնելու Ջորջ Բուշի ժամանակաշրջանի ՄԱԿ-ում նախկին դեսպան Ջոն Բոլթոնը, ով իր պաշտոնավարության ընթացքում գրեթե բոլոր դիվանագետներին անպատվել էր ու վիճել նրանց հետ: «Նյու Յորք Թայմսի» էջերում իր կարծիքն արտահայտելով նա պարզ ու հստակ առաջարկել էր ռմբակոծել Իրանը, անկախ հանգամանքներից եւ ամբողջովին մոռանալով, որ նման ծայրահեղական քաղաքականության դրսեւորումը արյունահեղության ավազանի է վերածել Մերձավոր Արեւելքը եւ այն դեռ շարունակվում է:
Նաթանյահուի ելույթը Մ. Նահանգների կոնգրեսի առաջ հրապարակային վիրավորանք էր ուղղված նախագահ Օբամային, այն ենթատեքստով, որ նա իր բռի մեջ էր պահում Ամերիկայի օրենսդիր մարմինը եւ նրա հետ կարող էր վարվել ինչպես ցանկանար: Նրա միջամտությունը Մ. Նահանգների ներքին գործերին, կուսակցական կռվի առիթ տվեց, հանրապետականներին հանելով դեմոկրատների դեմ: Քառասունյոթ հանրապետական սենատորներ, արհամարհելով նախագահ Օբամայի հեղինակությունը, սպառնալիքներով հագեցած մի… նամակ ուղարկեցին Իրանի ղեկավարներին: Մինչ ընտրություններից առաջ կատարած Նաթանյահուի արտասահմանյան ուղեւորությունը եւ ելույթը կարող էին երկարաձգել նրա պաշտոնավարությունը հատկապես ծայրահեղ աջակողմյանների պաշտպանությամբ, սակայն պետք է նշել, որ նրա վարկն ու հեղինակությունը աշխարհով մեկ եւ չափավոր ու ազատական իսրայելցիների շրջանում զգալիորեն նվազեց:
Օբաման չէր կարող, անշուշտ, Իսրայելի ծայրահեղական ղեկավարի հանդեպ առանձին մոտեցում ցուցաբերել: Բարեբախտաբար նրան օգնության հասան ամերիկահրեական համայնքի ներսում ստեղծված տարբեր դիրքորոշումները: Այսպես «Ջեյ սթրիթ գրուպ» (J Street Group) անունով մի հզոր հրեական քարոզչական խմբավորում փորձել էր ինչպես առանձին, այնպես էլ հրապարակայնորեն խափանել կոնգրեսի առաջ Նաթանյահուի ելույթը, ասելով, որ այն կարող էր առաջացնել ամերիկացիների բացասական վերաբերմունքը Իսրայելի նկատմամբ: Ճիշտ է, խմբավորմանը չհաջողվեց հետ կանգնեցնել վարչապետին, բայց առնվազն կարողացավ իր զորակցությունը հայտնել նախագահ Օբամային: Հակառակ վերջինիս հորդորներին, Իսրայելի վարչապետը շարունակում է իր կծու ու անզուսպ հարձակումները ընդդեմ իրանյան համաձայնագրի: Սրտի խորքում նա հավանաբար զգում է, որ այդ համաձայնագիրը վայելում է միջազգային հասարակայնության հավանությունը, բայց նա չի կարողանում չմտածել, թե ինչ կպատահի դրանից հետո:
Հաջորդ քաղաքական քայլը պաղեստինյան հարցն է: Երկու պետություն ստեղծելով հարցի լուծման հանդեպ իր վարանողական դիրքորոշումից հետո, Նաթանյահուն դարձյալ կանգնելու է միջազգային հանրության պահանջների դեմ հանդիման: Այս անգամ Ֆրանսիան է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օրակարգ մտցնելու պաղեստինյան պետություն ստեղծելու հարցը, եւ անշուշտ Նաթանյահուն ակնկալելու է Օբամայի վարչակարգի օժանդակությունը վետո դնելու այդ առաջարկին:
Իր հերթին Օբաման Սպիտակ տուն է հրավիրել նշանավոր լրագրող Թոմաս Ֆրիդմանին բացատրելու համար Նաթանյահուին իր դոկտրինայի էությունը: Ֆրիդմանը իսրայելական քաղաքականության ճարտար եւ հմուտ մեկնաբան է: Նա հեղինակավոր եւ համոզիչ սյունակագիր է եւ մեծ վարպետությամբ կարող է քննադատելով հանդերձ Իսրայելի քաղաքական ղեկավարությանը, ճարպկորեն նաեւ պաշտպանել եւ արադարացնել նրա քաղաքականությունը:
Ըստ «Նյու Յորք Թայմսում» տպագրված Ֆրիդմանի հոդվածի, Օբաման իրանյան այդ համաձայնագիրը դիտարկում է իր աշխարհընկալման կոնտեքստում: Մ. Նահանգները կարիք չունի ոչ մեկին ապացուցելու, որ ինքն ամենահզորն է աշխարհում: Այդ նախադրյալը հաշվի առնելով, Օբաման մեղմացրել է իր երկրի հարաբերությունները Բիրմայի, Կուբայի եւ այժմ նաեւ Իրանի հետ: Դրան մենք կարող ենք ավելացնել նրա դժկամությունը վերջին շրջանում խառնվելու Սիրիայում տեղի ունեցող կռիվներին եւ անմիջական մասնակցություն ունենալու Լիբիայի դեմ ագրեսիային: Նման քաղաքականությունը պատժամիջոցների տակ գտնվող երկրներին թույլ է տալիս համաձայնության եզրեր գտնել Մ. Նահանգների հետ եւ հավատարիմ մնալ կնքված պայմանագրերի կետերին, քաջ գիտակցելով այլընտրանքի հետեւանքները:
Օբամայի դոկտրինան շատ այլ վայրերում է նպաստել լարվածության թուլացմանը: Միակ ցավոտ խնդիրը, գուցե, մնում է Ռուսաստանը, որտեղ թվում է, թե նեոկոնները, եւ սառը պատերազմի բազեները դեռեւս կարողանում են իրենց բռի մեջ պահել ԱՄՆ-ի իշխանություններին:
Ամերիկան եւ Իրանը հետապնդում են չափազանց բարդ մի քաղաքականություն միմյանց հանդեպ: Մինչ բանակցում էին միջուկային հարցը տարածաշրջանում խաղաղությունն ապահովելու նպատակով, Ամերիկան եւ Իրանը իրար դեմ էին կռվում Սիրիայում եւ Եմենում (Թեհրանը հութիներին է պաշպանում, Ամերիկանՙ սաուդցիներին): Իսկ Իրաքում նրանք միասին համագործակցում են պարտության մատնելու Տիգրիտում «իսլամական պետությանը»:
Հենց միջուկային պայմանագիրը ստորագրվի հունիսին, Իրանը դառնալու է Մերձավոր Արեւելքում գլխավոր ուժը, ստվերելով Սաուդյան Արաբիային եւ նրա հակառակորդ Թուրքիային: Այդ պատճառով է, որ Անկարան քննադատում է Թեհրանին եւ զորակցում Եմենի գահընկեց արված նախագահ Աբդ Ռաբբուհ Մանսուր Հադիին:
Հայաստանն ու Իրանը միշտ բարեկամաբար են վերաբերվել իրար, բայց նրանք իրենց համագործակցության ամբողջ հնարավորությունները մինչեւ վերջ չեն օգտագործել, որովհետեւ Իրանը պատժամիջոցների ենթարկված ու մերժված երկիր էր համարվում: Եվ չնայած Վաշինգտոնը հասկանում էր Հայաստանի սահմանափակ հնարավորությունները, այդուհանդերձ նրա համագործակցությունը Իրանի հետ այնքան էլ ցանկալի չէր:
Եթե ներկա համաձայնագիրը գործնական լուծում կարողանա ապահովել, ապա Իրանը ավելի սերտ հարաբերություններ մշակելով տարածաշրջանի գլխավոր ուժերի հետ կկարողանա շատ ուրիշ դժվար ու բարդ խնդիրներ լուծել: Դրանցից մեկը կարող է լինել Ադրբեջանի հավակնությունները Հյուսիսային Իրանի տարածքների նկատմամբ:
Հայաստանը ողջունեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը: Այդ համաձայնությունը «հնարավորություն է ընձեռում հասնելու համապարփակ կարգավորման»,- նշեց Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը: «Պատժամիջոցները արգելակել էին մեր հարաբերությունները Իրանի հետ», ավելացրեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Համաձայն կառավարական տվյալների, երկու երկրների միջեւ առեւտրի ծավալն անցյալ տարի 291 միլիոն դոլար էր կազում, ինչը ընդամենը 5 տոկոսն է Հայաստանի ընդհանուր արտաքին առեւտրի ծավալի: Պատժամիջոցները կասեցրել էին գործարկումը Հայաստան-Իրան էներգետիկ ծրագրերի, որոնցից էր, օրինակ, 350 միլիոն դոլարի արժողությամբ ՀԷԿ-ի կառուցումը Արաքս գետի վրա: Երկու երկրները ծրագրում են նաեւ կառուցել բարձր լարվածությամբ մի հոսքագիծ, որը հնարավորություն կտա Հայաստանին ավելի շատ էլեկտրականություն արտահանել Իրան եւ դրա փոխարեն նրանից ստանալ ավելի մեծ քանակությամբ բնական գազ: Զբոսաշրջությունը նույնպես զարգանալու մեծ ներուժ ունի, քանի որ լինելով բաց հասարակություն, Հայաստանը շատ գրավիչ այլընտրանքային նոր փաթեթներ կարող է առաջարկել իրանցի զբոսաշրջիկներին:
Բայց ամենից առաջ Իրանի քաղաքական վերընձյուղումը սանձելու է Թուրքիայի պանթուրքական հավակնությունները եւ հավասարակշռող պատվար է հանդիսանալու կովկասյան քաղաքականության մեջ:
Իսրայելն ու Մ. Նահանգները ավելի շատ մտահոգված են իրանյան միջուկային ռումբի սպառնալիքով: Բայց պատկերացրեք, թե ինչ կպատահեր Հայաստանին եւ ամբողջ տարածաշրջանին, եթե Նաթանյահուն հնարավորություն ստանար իր «նախազգուշական հարվածը» հասցնելու եւ կամ Ջոն Բոլթոնն ու նրա նմանները իշխանության ղեկին լինեին Վաշինգտոնում: Բարեբախտաբար իրանյան ռումբը չպատրաստվեց, եւ Բոլթոնի ռումբն էլ չպայթեց: Տարածաշրջանը կարող է օգտվել խաղաղ հեռանկարի օգուտներից:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.