Այդ օրը գումարված նիստը հայաստանյան լրատվամիջոցներում խառնաշփոթ ստեղծեց։ Մինչ նիստն իհարկե ոմանք Անգելա Մերկելին արդեն երախտիքի խոսքեր էին հղում, իսկ դրանից հետո վերլուծում Գերմանիայիՙ Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Նիստի օրը մեկ ուրիշ վրիպակ էլ նկատվեցՙ ապրիլի 30-ի ընդգծումը, որ ներկայացրել էր առաջին հերթին «Արմենպրեսսը», թե իբր ապրիլի 24-ի նիստը շարունակվելու կամ բանաձեւը քվեարկության է դրվելու հենց այդ օրը։ Նման բան չկա, եւ այսօր դեռ անհայտ է, թե քննարկման ներկայացրած հայցադիմում տարբերակներնՙ արդեն լրամշակված երբ կհայտնվեն Բունդեսթագում։ Քանի որ նիստը պատմական է, եւ որեւէ տեղ չտեսանք դրա առարկայական շարադրանքը, որոշեցինք ստորեւ ներկայացնելՙ մեր հպանցիկ հայացքով։
«Ազգի» ընթերցողներն արդեն իրազեկ են, թե քննարկման էր դրվել 3 առաջարկ. կոալիցիայիՙ միասնական ՔՍՄ-ՔԴՄ եւ ՍԴԿ խմբակցության ներկայացրած «100 տարի առաջ հայերի տեղահանման ու կոտորածների հիշողության եւ հիշատակման» վերաբերյալ հայցադիմումը, Ձախերի «1915-16- ին Հայոց ցեղասպանության 100-ամյա հիշատակին. Գերմանիան պիտի նպաստի պատմության վերանայմանն ու հաշտեցմանը» տարբերակը եւ Կանաչների ներկայացրած «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի. աջակցել հաշտեցմանըՙ վերանայման եւ փոխանակման միջոցով» վերնագրյալը։
Ժամը 9-ին 101-րդ նիստը բացելով Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը նախ նկատել տվեց, թե օրակարգային հարց դարձած պատմական իրադարձությունը մինչ կդառնար Բունդեսթագի քննարկման առարկան, արդեն լայն հրապարակայնություն էր ձեռք բերել։Բունդեսթագի նախագահը նախ ընթերցեց ՄԱԿ-ի կոնվենցիայի սահմանումը «ցեղասպանությունը ոճիր էՙ որեւէ ազգային, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական մտադրված, համակարգված ոչնչացում»։ Այն, ինչ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ, աշխարհի հանրության աչքի առջեւ, ցեղասպանություն էր, եւ վերջինը չեղավ 20-րդ դարի պատմության մեջ։ Գերմանացիներս չենք կարող անցյալի հարցում ուսուցանողի դեր ստանձնել, բայց մեր փորձառությունից ելնելով, այլոց կարող ենք քաջալերելՙ սեփական պատմությանն առերեսվել նույնիսկ այնժամ, երբ ցավոտ է։ Ճշմարտության ինքնաքննադատական գիտակցումը հաշտության նախապայմանն է։ Այդ շարքին է պատկանում 100 տարի առաջ իրագործված ոճրին գերմանական ռայխի ունեցած պատասխանատվությունը, որ իրազեկ էր, բայց ազդեցության լծակները չգործադրեց, օսմանյան կայսրության հետ ռազմական դաշինքը մարդու կյանքից առավել կարեւորելով։ Այս մեղսակցության ընդունումըինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի հանդեպ մեր վստահելիության նախապայմանն է, ընդգծեց Նորբերտ Լամմերտը։
Բունդեսթագի նախագահը այնուհետ հիշեցրեց, թե իրական խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ զոհերը, նրանց հարազատներն ու ժառանգները կրկին արդարություն չգտնեն։ Այսօր էլ մարդիկ, դրանց թվումՙ հազարավոր քրիստոնյաներ զոհ են դառնում քաղաքական, էթնիկ, կրոնական հալածանքի, ասաց Բունդեսթագի նախագահըՙ նշելով, թե Թուրքիան 1 միլիոնից ավելի փախստականների ընդունելով, վիթխարի, բայց նվազ արժեւորված, Եվրոպայումշատերի համարՙ ամոթալի հումանիտար օգնություն է ցույց տալիս։ Այս պատրաստակամությունը, ներկայում ստանձնած պատասխանատվությունը չենք մոռանում, երբ սեփական անցյալի հանդեպ պատասխանատվությանգիտակցությանն եք կոչում, ասաց Նորբերտ Լամմերտը։Թուրքիայի այժմյան կառավարությունը պատասխանատու չէ 100 տարի առաջ պատահածին, բայց համապատասխանատու էՙ ինչ այն կդառնա։ Բունդեսթագի նախագահը արժեւորեց այն համարձակ թուրքերին եւ քրդերին, որ արդեն տարիներ հայերի հետ անկեղծ վերանայում են համատեղ պատմության մռայլ էջերըՙ գրողներին, լրագրողներին, քաղաքապետին, կրոնական առաջնորդին, Օրհան Փամուկին ու Հրանտ Դինքին, որ պատմական ճշմարտության ի գին, կյանք զոհեց։Նրանք մեր աջակցությանն արժանի են ու դրա կարիքն ունեն։ Այսօրվա քննարկումը դրան է միտված, ասաց նախագահ Լամմերտըՙ 18- րդ գումարման 101-րդ նիստի քննարկում- խորհրդակցությանը առաջինը ելույթ ունենալու պատիվըտալով սոցիալ դեմոկրատական կուսակցության խմբակցությունից դոկ. Գերնոթ Էրլերին , որն իր ելույթում մասնավորապես ասաց, թե «100 տարի առաջ ապրիլին սկսված օսմանյան կայսրության հայերի տեղահանության եւ կոտորածների առիթով խոնարհվում ենք զոհերի առջեւ, վշտակցում ժառանգներին, գիտակցում ենք գերմանական համապատասխանատվությունը, որ պատմության մեջ մեղսակցություն է նաեւ նշանակում, ասաց սոցիալ դեմոկրատ պատգամավորըՙ իր ելույթում միայն մեկ անգամ գործածելով«տեղահանության ցեղասպան քաղաքականություն» բնորոշումը։ Էրլերը ներկաների ուշադրությանը հանձնեց Արմին Թ. Վեգներիՙ հայերի տեղահանության նկարագրությունը։ Այնուհետ անդրադառնալով հիշատակի օրվան նկատել տվեց, թե աշխարհասփյուռ հայության ինքնությունն է շաղկապվում այդ օրը, որ նաեւ զգուշացնում էՙ ջանք թափելլավ ապագայի համար։ Բանախոսն առավել ծանրացավ երկու կողմերի հաշտության անկեղծ գործընթացին, օրինակ բերեց 2010-ի հոկտեմբերին երկու երկրներիՙ հարաբերությունների նորմալացմանը միտված ցյուրիխյան արձանագրությունները, որ չվավերացվեցին, ըստ Գերնոթ Էրլերիՙ երկու երկրների ազգայնական ուժերի ընդդիմության պատճառովուկատարվածը «ողբերգություն» բառով բնորոշեց։Այնուհետ առաջարկեցՙ ի՞նչն է առավել պատշաճ հիշատակի այս մեծ օրվան, եթե ոչ հաշտեցման ու նորմալացման նոր գործընթացի սկիզբ հռչակելը, որին սատարում է կոալիցիայի ներկայացրած բանաձեւի հայցադիմում առաջարկը։Նույն նպատակն ունի նաեւ ապրիլի 15-ին Եվրոխորհրդարանի հայտարարությունը։ Թուրքական կողմից էլ դրական ազդանշան կա, ասաց Էրլերըՙ հիշեցնելով նախագահ Էրդողանի անցյալ տարի հայերին ցավակցելու խոսքը, շարունակաբարՙ նաեւ վարչապետ Դավութօղլուի նույնաբովանդակ գրությունը։ Իհարկե համապատասխանատվության, մեղսակցության գիտակցումը բավարար չէ, Գերմանիայի պարտքն է երկու երկրների հետ մեր կապերը գործի դնելով, ելք որոնել։ Գիտենք փոքր ՀՀ ծանր դրությունըՙ Թուրքիայի, Ադրբեջանի հետ փակ սահմանները, ԼՂ չլուծված հակամարտությունը, որի սահմանին 2014-ին ավելի մեծ թիվ են եղել զոհերը, քան բոլոր նախորդ տարիներին, հստակ գծագրվում է առանձնահատուկ կախվածությունը, որ Հայաստանն ունեցավ ԵՄ ասոցացման արձանագրություններից հրաժարվելով, իսկ 2013-ին Ռուսաստանի առաջնորդությամբ ՄՄ անդամակցելով, այսօր ԵՏՄ- ին անդամակցելովՙ սեփական երկրում աղքատությունն ընդլայնելով։ Ղարաբաղյան հակամարտության լուծումն ու Երեւան-Անկարա հարաբերությունների նորմալացումը Հայաստանի 3 միլիոնանոց բնակչության համարերկու հիմնական հարցերն են։ Երկիրն հենց այսպիսի մի օր կարիք ունի հույսի, եւ մեր բանավեճը պիտի հույս եւ օգնելու պատրաստակամության հստակ ազդանշան փոխանցի նրանց, ելույթը եզրափակեց սոցիալ դեմոկրատ պատգամավորը։ Այնուհետ ամբիոնին մոտեցավ Ձախ կուսակցության ներկայացուցիչ Ուլլա Յելփկեն ։Նրա շեշտադրմամբՙ Հայոց դեմ իրագործված ոճիրը նախապես ծրագրված ցեղասպանություն էր, ինչպես կուսակցությունն արդեն իր հայցադիմումի տարբերակում էր ձեւակերպել, իսկ «ցեղասպանություն» բառեզրի վերաբերյալ քննարկումը որակեց ոչ այլ ինչ, քան ամաչելու առիթ տվող «բառերի խորամանկ պահմտոցի»։ Նաեւ ընդգծեց, թե «նա, ով խոսում է 1915-16-ի Հայոց ոճիրի մասին, սեփական պատմության մասին էլ պիտի խոսի»։ Գերմանական կողմը հանցավոր համագործակցությամբ նպաստեց ցեղասպանությանը, եւ Բունդեսթագը դրա համար ներում պիտի հայցի։ Հաջորդ ելույթ ունեցողը ՔԴՄ – ՔՍՄ-ից դոկ. Քրիստոֆ Բերգները նախ կոչ արեց հիշատակի տուրք մատուցել 100 տարի առաջ նույն օրը Ստամբուլում ձերբակալված, այնուհետ սպանված հայ քաղաքական, մտավորական վերնախավին, հիշատակեց արամեացիների, քլդերի եւ ասորիների բռնի տեղահանումն ու ոչնչացումը, խոսեցԱնատոլիայի դարավոր հայոց մշակույթի մասին, որ նույնպես բնաջնջվել է։ Բերգները հիշեցրեց, թե Բունդեսթագի պատգամավորներն առանձնահատուկ պատմական- բարոյական պատասխանատվություն ունեն ոչ միայն մասնակցելու հիշատակի արարողություններին, այլեւՙ գիտակցելուԳերմանիայի սխալներն ու մեղսակցությունը։Նա հիշեցրեց, թե 10 տարի առաջ Բունդեսթագը, գերմանական քաղաքական 90- ամյալռությունը խախտելով, բանաձեւ հռչակեց, որ թուրքական կողմի բազմաշերտ ընդդիմության ճնշման առարկան դարձավ։ Հիշում եմՙ նրանցից մեկն ասացՙ որդուս չեմ պատմի, թե Թուրքիայի կառավարությունը հայերին տեղահանել ու սպանել է, սա պատվի հարց է ինձ համար։ Այս պատիվ եզրաբառն է, որի վրա հիմնվել է թուրքական պետության առասպելաբանությունը եւ որը կողմնորոշիչ է նաեւ այսօր, ասաց Բերգները։ Գերմանիան պիտի նպաստի հայ թուրքական հաշտեցմանը, ասաց նաՙ նկատել տալով հարցի արդիականությունը եւ հրատապությունըՙ ոչ միայն երկու երկրներիՙ Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ սփյուռքի երկու հանրությունների միջեւ, գերմանաբնակ թուրք եւ հայ աշակերտները դպրոցներում պատմական իրադարձությունների մասին պիտի սովորեն օբյեկտիվ պատմագրությամբ աչքի ընկնող դասագրքերով։ Բերգներն իրազեկեց, թե ապրիլի 25-ին թուրքական զանազան միություններ Բրանդենբուրգյան դարպասների առջեւ ցույց են հրավիրումՙ կոչովՙ «Վերջ ցեղասպանության ստին. Դրոշդ ա՛ռ, արի՛»։ Սա նրանց իրավունքն է, բայց մերՙ գերմանացի ազատ ընտրյալներիս պարտականությունը չէ՞ հստակ անվանել 100 տարի առաջ իրադարձությունների նշանակությանն ինչն է պատշաճում։ Տարակույս ունեմ, թե անկեղծ լինելու պարագայում, հնարավոր կլինի քննարկմանը «ցեղասպանություն» բառեզրից հրաժարվել, ասաց Քրիստոֆ Բերգները, ու դահլիճով մեկ ծափահարություններ լսվեցին։Հասկանում եմ նրանց, որ հաշտության նպատակով բեվեռացնող բառերից խուսափում են, բայց արդարացնող ամեն հանգամանք վերջանում է այնտեղ, որտեղ սեմանտիկՙ իմաստաբանական չեզոքությունը փաստական ողբերգության նվազեցման եւ հարաբերականացմանն է միտվում, որ մեր հիշատակման առարկան է, ամփոփեց կոալիցիան ներկայացնող պատգամավորըՙ նորից բուռն ծափերի ներքո։ Այնուհետ ՔԴՄ- ՔՍՄ պատգամավորը անդրադարձավ այն տեսակետը շրջանառողներին, որ պնդում են, թե ցեղասպանություն եզրաբառը 100 տարվա պատմություն չունի, 1948-ին է ստեղծվել, ուստի դրանով 33 տարի առաջվա Հայոց ոճիրը չի կարող բնորոշվել։ Բերգները հղում արեց բառեզրի ստեղծող Լեմկինին, թե ըստ նրա հենց հայոց ողբերգությունն է ցեղասպանության կոնվենցիայի ուղին հարթել։ Դաշինք 90 – Կանաչներ խմբակցության անունից ելույթ ունեցավ կուսակցության առաջնորդ Չեմ Էոզդեմիրը , որ իր ելույթի հենց սկզբում գովեց Դաշնային նախագահ Գաուքի եւ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտի ելույթները, սուր քննադատության ենթարկեց կառավարության դիպքորոշումը եւ ձեռքն ուղղելով իրենից աջ նստած կանցլեր Անգելա Մերկելին, արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին, ասացՙ «եթե Ձեզ մնար, ցայսօր էլ թուրքական հանգերգն էինք կրկնելու, թե ցեղասպանություն չի եղել», ասաց Էոզդեմիրըՙ նկատել տալով, թե կառավարության կեցվածքը չի նպաստում հաշտության, այլՙ սատարում է ցեղասպանությունն ուրացողներին։ Թուրքիայի համար էլ կարեւոր է, որ 1915- 16 իրադարձությունները վերանայվեն, բայց ցուցամատ պարզած չէ, որ պիտի խոսենք, այլՙ ինչպես բարեկամը բարեկամի հետ, շեշտեց Կանաչների առաջնորդը։ Նա պատմեց, թե մարտին Երեւանում հանդիպել է կառավարության, ընդդիմության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Եվ գերմանացի դիվանագետները փոխանցել են, թե իրենց արտոնված չէ մասնակցել այն միջոցառումներին, որտեղ ցեղասպանություն բառեզրն է հստակ շրջանառվում։ Սա ընկալելի չէ որեւէ մեկի համար, ասաց Էոզդեմիրըՙ հույս հայտնելով, որ Բունդեսթագի նիստից հետո եղելությունը կփոխվի։ Հիշատակելով Թուրքիայի հետ իր կապը, պատգամավորն ասացՙ իմ նախնիների մի մասը Կովկասից են, չերքեզ են, նրանք էլ Բալկանյան մահմեդականների նման տեղահանվել են, բնաջնջվել, ու Թուրքիայում նրանց մի մասը մասնակից է եղել հայերի բնաջնջմանը։Պատմում եմ, քանի որ վերջապես ժամն է բոլոր ցեղասպանությունների զոհերին հիշատակելու։Մենք պարտք ունենք զոհերի ու նրանց ժառանգների առջեւՙ այսօրվանից ամեն ինչ իրենց անունով կոչելու, ասաց Էոզդեմիրը ու ծափերը առավել հնչեղ դարձրին նրա բառերը։ Պատգամավորը տեղեկացրեց, թե Ստամբուլից նոր է վերադարձել, մասնակցել է թուրք- հայկական ապրիլ 24-յան հիշատակի միջոցառման։Նրանց էլ հետաքրքրել է, թե Բունդեսթագն ինչ որոշում է կայացնելու, Կանաչների կուսակցության առաջնորդը վստահեցրել է, թե բոլոր ելույթ ունեցողները կհաստատեն, թե ցեղասպանությունը կճանաչենՙ նոր էջ բացելովՙ առիթ տալով արտգործնախարարությանը փոխել իր պատասխանատվությունից խուսափող դիրքորոշումը։ Թուրքիայի համար էլ կարեւոր է ցեղասպանության վերանայումը, եթե վերանայած լիներ,1938-ին Դերսիմի ալեւիների կոտորած,1955- ի սեպտեմբեր 6-7- ին հույների հետապնդումչէր լինի, միգուցե քրդերի հետ կեղտոտ կռիվըՙ նույնպես,նկատել տվեց Էոզդեմիրը։ Նա խոսեց նաեւ թուրքական դպրոցներում ուսուցանման մասինՙ մաղթելով, որ ապագայում աշակերտները սովորեն, որ ոչ թե Թալեաթ ու Էնվեր փաշաներն են Թուրքիայի այսօրվա հերոսները, այլՙ Քյոթահիայի կառավարիչը, որ հրաժարվել էր իրականացնել Ստամբուլից եկած հայերին ոչնչացնելու հրամանը։ Նա է օրինակելի կերպար, ասաց Էոզդեմիրը։ Այնուհետ անդրադառնալով Հայաստան Թուրքիա սահմանին, ձեւակերպեց, թե Թուրքիայի հետաքրքրությունից էլ է բխում սահմանի բացումը, հույս հայտնեց, թե մի օր այդ սահմանը նման է լինելու Գերմանիա- Լեհաստան, Գերմանիա- Ֆրանսիա սահմանին։ Եվ նկատել տվեց, թե դարասկզբի առաջին ցեղասպանությանՙ հարավային Աֆրիկայում Հերերո եւ Նամա ցեղախմբի ոչնչացման հեղինակ գաղութարար Գերմանիան ուսուցանելու բարոյական իրավունքից զրկվածՙ կարող է առավելագույնը խորհուրդ տալ եւ ցավակցել զոհերի ժառանգներին, ներում հայցել հայերից, արամեացիներից, օսմանյան կայսրության պատճառով ցավ ապրածներից։Այնուհետ ամբիոնին մոտեցավ ՍԴԿ խմբակցության պատգամավոր Ֆրանկ Շվաբեն, որտպավորված «Զյուդդոյչե ցայթունգ»-ում առկաՙ 20-րդ դարասկզբին Թուրքիայում ապրող հայերի կենցաղավարման, մշակութային կրոնական պատմության մասին հիշատակողինտերնետ նախագծից, ասացՙ մոտավոր գաղափար ես կազմումՙ ի՞նչ կլիներ, թրքահայոց կյանքն ի՞նչ տեսք կունենար, եթե ցեղասպանությունը չլիներ։ Այսօր խոնարհվում ենք ցեղասպանության զոհերի առջեւ, ինչու՞, հարցրեց նա ու ինքն էլ պատասխանեց. Որեւէ մեկի կյանքը չենք կարող վերադարձնել, բայց կարող ենք փորձ կատարել մի կտոր արժանապատվություն վերադարձնել, միգուցե սա էլ հնարավորություն կտա հայ ընտանիքներին, հայ ժողովրդին կրած տառապանքը վերանայել։Դրա համար էլ պարտավոր ենք իրագործվածն հստակ անվանմամբ կոչելու, ասաց կոալիցիան ներկայացնող պատգամավորըՙ հավելելով, թե ինքը գերմանա- հունա- թուրքական համագործակցող քաղաքների միավորման նախագահ լինելով, թուրքերին թեպետ սրտամոտ բարեկամներ է համարում, բայց փորձում է հայերի խոր զգացումներն ու վիրավորանքն էլ ընկալել։ Նաեւՙ հասկանալ, թե Թուրքիայում ինչու է այսքան դժվար եղածը ցեղասպանություն անվանելը։ Մի թուրքից գրություն է ստացել, թե իր նախնիները, համոզված է, նման բան չեն արել։ Իսկ երեկ մի վարորդ էլ ասել էՙ երբ Բունդեսթագում վաղը խոսեք, մտածեք նաեւ Գերմանիայի այն թուրքերի մասին, որ հնարավոր է չհասկանան, թե ինչ ու ինչպես եք քննարկում, ինչ անունով կոչում։Անձի պատասխանատվության հարց չէ, այլՙ հայերի հանդեպ Թուրքիայի ամբողջական պատասխանատվության, ասաց պատգամավորը։ Եվ ճիշտն այն է, որ անսալով Եվրոխորհրդարանի հորդորին, ցեղասպանությունը ցեղասպանություն էլ անվանենք, եզրակացրեց պատգամավոր Շվաբըՙ այնուհետ հստակ ձեւակերպելով նաեւ Գերմանիայի համապատասխանատվությունը։ Հայոց ցեղասպանության մեջ մասնակցություն ունեցած քրդերի դերի մասին խոսելով էլ բերեց Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու նորոգման օրինակըՙ որպես ժողովուրդների փոխըմբռնմանը միտված դրական ազդանշան։ Ստրասբուրգի խորհրդարանական վեհաժողովից ժամանած պատգամավոր Շվաբեն տեղեկացրեց, թե այնտեղ 2 ցուցահանդես կաՙ «Ցեղասպանության 100 տարին» վերնագրել են հայերը, թուրքերըՙ «Թուրքիա. ապահով կայան», ու պատմում են Հոլոքոստի տարիներին, ինչպես նաեւ այսօրՙ Սիրիայի ճգնաժամին մարդկանց ցույց տված օգնության մասին։ Ուշադրության արժանի քայլ է, բայց հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք էլ համատեղ մի ցուցահանդես կբացենքՙ երկու երկրների ստանձնած պատասխանատվության հիման վրա։
Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՔԴՄ- ՔՍՄ ներկայացնող պատգամավոր դոկ. Նորբերտ Ռյոթթգենը լուսաբանեց, թե ինչու կոալիցիայի միասնական տարբերակում ճիշտ է «ցեղասպանություն» բառեզրի ներառումը։ «Ցեղասպանության կազմակերպիչները նպատակ էին հետապնդում ազգի ֆիզիկական ոչնչացմամբ մեկընդմիշտ լռեցնել նրան, պատմությունից ջնջել», ասաց իրավաբան Ռյոթթգենը մեկնաբանելովՙ «սա զոհերի եւ նրանց ժառանգների հետ համերաշխության պարտադիր պատվիրան էՙ ոճիրը ցեղասպանություն բառով որակելու»։«Ցեղասպանություն» բառեզրը քննարկման առարկա չէ, հստակ ընդգծեց կոալիցիան ներկայացնող պատգամավորըՙ նկատել տալովՙ ցեղասպանության ճանաչումը մարդկային արժանապատվության հարց է։Ռյոթթգենը խոսեց նաեւ Գերմանիայի դերի մասինՙ շեշտելով, թե կարող էր ազդեցության լծակները գործի դնել ոճիրը կանգնեցնելու, բայց չարեցՙ դրանից բխում է Գերմանիայի առանձնահատուկ պատասխանատվությունը, ասաց նա։ Նրանց հետո ձայն տրվեց ՍԴԿ պատգամավոր Դիիթմար Նիիթանին , որ հիշեցրեց 2000 թվականին նույն ամբիոնից Էլիե Վիիզելի խոսքըՙ « ով զոհերի հիշատակումը մթագնել փորձի, նրանց երկրորդ անգամ կսպանի»։ Այստեղ ենք , որ ցեղասպանության զոհերի հիշատակի հանդեպ մեր հարգանքը վկայենք, ելույթի մեկնակետ ընտրեց Նիիթանը։ Այնուհետ ասացՙ անմեղ զոհերի հիշատակի առջեւ արդար է, որ Անատոլիայի հայերի, ինչպես նաեւ արամեացիների, ասորիների, քլդի քրիստոնյաների եւ Պոնտոսի հույների հանդեպ երիտթուրքերի ռեժիմի իրականացրած սիստեմատիկ տեղահանումն ու ոչնչացումն աներկբա իր անունով կոչվի, այն էՙ ցեղասպանություն։ Պատգամավորը հիշատակեց Դաշնային նախագահի ելույթի այն հատվածը, որ ուղղված է Գերմանիայի պատասխանատվությանն ու անգամՙ մեղսակցությանըՙ կոչ անելով հայ ժողովրդից ներում հայցել։ Անդրադարձ կատարելով Թուրքիայում վերջին 10 տարում քաղաքացիական հասարակության քաջ նախաձեռնություններին, Բունդեսթագին հորդորեց ոչ թե նահանջել, այլ նեցուկ լինել։ Ուրախ եմ, որ այսօր մեր հայցադիմում- առաջարկները պիտի ուղարկվեն լրամշակման, բայց բնական կլիներ,կցանկանայի, որ այսօր միասնական մի նախագիծ լիներ, ասաց ՍԴԿ պատգամավորըՙ հույս հայտնելով, թե հանձնաժողովներում հստակ կդառնա եւ ճիշտ հավասարակշռություն կգտնվի նախանձախնդրության ու անտարբերության միջեւ, ասաց Նիիթանըՙ նաեւ ընդգծելով, թե խոսքն այն մասին չէ, թե լավն է այն նախագիծը, որում ցեղասպանություն բառեզրն ամենահաճախն է գործածվում։ Ամենից առաջ պատասխանատու աշխատանքի մասին է խոսքը, որ մի նպատակ է հետապնդումՙ հաշտեցում, նկատեց Նիիթանը դրական համարելով թուրքական կառավարության ներկայացուցիչների ցավակցական արտահայտություններըՙ միաժամանակ գնահատելով դրանք որպես ոճիրը հարաբերականացնող։Ինչպես մենք, այնպես էլ Թուրքիայի կառավարությունը տեղյակ է, որ հայերը ոչ թե պատերազմի հետեւանքով, այլ Թուրքիայի այն ժամանակվա պետության սառը հաշվարկված ոճրագործության զոհն է։ Գալով ներկային, բանախոսը հիշատակեց, թե Թուրքիայում ավելի ու ավելի են ճանաչում իրենց ծպտյալ հայկական արմատները։ Եվ կարելի է արձանագրել, թե 1915-ի արեւմտահայ ժողովրդին ու նրա մշակույթը վերացնելու փորձը, ձախողվել է, քանի որ անկողոպտելի մի վայր կա, որ կոչվում է Հիշողություն, եւ այն ոչ միայն զոհերի ժառանգների սրտերում է, այլեւ այն մարդկանց հոգիներում, որ մոռանալ չեն կամենում։ Եվ նրանց թիվն աճում է հրաշալի այնպիսի մի երկրում, որին Թուրքիա ենք անվանում, ելույթը եզրափակեց Նիիթանը։ Նրան հետեւեց կոալիցիան ներկայացնող ՔԴՄ-ՔՍՄ պատգամավոր Էրիկա Շթայնբախի ելույթը, որն հենց սկզբից ներկայացրեց նիստի առիթըՙ օսմանյան կայսրության իրականացրած գենոցիդի զոհերի հիշատակը հարգելու, եւ ինչպես Գերմանիայում հրեաների կենտրոնական խորհրդի նախագահ Յոզեֆ Շուստերն է նշելՙ «այդ սարսափելի իրադարձությունն իր անունով, այն է ցեղասպանությունՙ գենոցիդ կոչելու» անհրաժեշտությունը։ Էրիկա Շթայնբախը հիշեցնելով, թե Հիտլերը հրեաների ոչնչացման օրինակը քաղել էր Հայոց ցեղասպանության ոճրագործությունից, հղում արեց նաեւ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրերը» վեպին, այնուհետ իրենց 15 տարի առաջ «Ընդդեմ տեղահանման կենտրոն» հիմնադրամիՙ մարդու իրավունքների պաշտպանությանը միտված 2003-ի առաջին մրցանակակրինՙ ցեղասպանության հետազոտական աշխատանքին կյանքը նվիրած Միհրան Դաբաղին։ Այնուհետ տիկին Շթայնբախն ընդգծեց, թե կարեւոր է Թուրքիայում նեցուկ լինել հասարակության համարձակ շերտերին, միաժամանակ նկատել տալով, թե այն, ինչ կատարվել է ցեղասպանության ժամանակ, վեր է մարդու պատկերացումից։ Մարտին Նիիպագեն, որ 1913- 16-ին Հալեպի գերմանական դպրոցի ուսուցիչ էր, հաղորդել էր այդ սարսափների մասին, վկայությունները շարադրելով, ասաց ՔԴՄ- ՔՍՄ պատգամավորըՙ հստակեցնելովՙ վշտակից լինել նշանակում է ճանաչել, պատահած ոճիրն իր անունով կոչել, որ կօգնի զոհերի ժառանգներին սեփական ուժերն հզորացնել ու լավ ապագա կերտել, ասաց Շթայնբախը։ Նա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի բառերը հիշեցնելով կոչ արեց զոհերի ժառանգների կողքին կանգնելովՙ միասին հարգել նրանց հիշատակը։
Բունդեսթագի նախագահը ամբիոնի մոտ հրավիրեց վերջին բանախոսինՙ ՔԴՍ- ՔՍՄ խմբակցությունից դոկ. Բերնդ Ֆաբրիթիուսին , որն հենց սկզբից հստակ արտահայտվեցՙ այսօր հիշատակում ենք Հայոց ցեղասպանության զոհերին, քննարկում ներկայացված դիմումները, իրազեկեց պատգամավորըՙ հավելելովՙ Բունդեսթագում չպիտի անտես առնենք գերմանական ռայխի անփառունակ դերը, որից բխում է մեր այսօրվա առանձնահատուկ պատասխանատվությունը, որ առաջին հերթին մեզ հորդորում է չմոռանալ կատարվածը, երկրորդՙ պատմական աներկբա ճշմարտության հաստատմանը նպաստել եւ երրորդ, որ իմ կարծիքով, ամենակարեւոր կետն էՙ Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցումն առաջ տանել, հստակեցրեց պատգամավորը։ Նա նկատել տվեց, թե «ցեղասպանություն»-ը ծանր բառեզր է, ու հիշեցրեց, թե դրա միջազգային իրավական սահմանումն արդեն օրվա մեջ մի քանի անգամ ներկայացվել է եւ ընդգծեց, թե այն ժամանակային սահմանափակում չունի։ Կոալիցիան ներկայացնող պատգամավորըհստակ արտաբերեցՙ 100 տարի առաջ հայերի տեղահանումն ու սպանդը ցեղասպանություն էր։ Նա շեշտեց, թե ոճիրը ցեղասպանություն բառով կոչելը ուղղված չէ այսօրվա Թուրքիայի կամ նրա ժողովրդի դեմ։ Հակառակըՙ մի պետություն, որ տեր է կանգնում իր պատմության մռայլ էջերին, ցույց է տալիս իր ուժն ու իսկական անկախությունը։ Հենց գերմանացիներս սեփական պատմության վերանայման փորձառությունն ունենալով, Շոայից հետո, նացիների ոճիրից հետո 2015-ին ոչ միայն հարեւան երկրների, այլեւ հենց Իսրայելի հետ սերտ բարեկամության օրինակն ունենք։ Ելույթի վերջում պատգամավորը ցավ հայտնեց, թե Թուրքիան, իր տեսակետից տարբեր հայացք ունեցող Հռոմի պապին, Եվրոխորհրդարանին կամ Եվրոխորհրդին պատասխանում է վերբալ բռնությամբ, սպառնալիքներով։ Պատգամավորը Թուրքիայից պահանջեց անկեղծ առերեսվել սեփական անցյալին, սա Թուրքիայի շահերից էլ է բխում, եզրափակեց Բերնդ Ֆաբրիթիուսը։
Ապրիլի 24-ին Բունդեսթագում անցկացված քննարկումը սրանով ավարտվեց։ Վերոնշյալ 3 նախագծերն ուղարկվեցինարտաքին, ներքին հարաբերությունների, մարդու իրավունքների եւ հումանիտար օգնության, կրթության եւ գիտության, եվրամիության հարցերի, մշակույթի եւ մեդիայի հանձնաժողովներին։ Դրանց լրամշակումից հետո նորից ներկայացվելու են Բունդեսթագում։ Հստակ ժամկետ չի նշվում, թեպետ առավել շատ շրջանառվում է «մինչեւ ամառային ընդմիջում» տարբերակը։ Բունդեսթագի պատգամավորներից մեկին, երբ հարցրեցինք, թե հնարավո՞ր է այս դանդաղումը պայմանավորված լինի հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք ընտրություններով, ոչ համաձայնեց, ոչ հերքեց։ Բայց սրա եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում գերմանական քաղաքական կողմնացույցի մասինՙ առաջիկայում։