Ըստ իրանական մամուլի
1994 թվականի մարտի 17-ին Ստեփանակերտից տասը կիլոմետր հեռավորության վրա գտնվող Այգեստան բնակավայրում իրանական C-130 ռազմական ինքնաթիռի առեղծվածային կործանումը կարող էր լուրջ վնաս հասցնել հայ-իրանական նորաստեղծ հարաբերությունների զարգացման հետագա ընթացքին:
29 տարի առաջ՝ իրանական ամանորի նախատոնական եռուզեռին, ուղեւորափոխադրման համար չնախատեսված C-130 ռազմական ինքնաթիռը, Մոսկվայից Թեհրան էր տեղափոխում ՌԴ-ում Իրանի դեսպանատան աշխատակիցների ընտանիքների անդամներին՝ հայրենիքում տոնելու իրանական Նովրուզը: Սակայն, ինքնաթիռի ուղերթն ընդհատվել էր Թեհրան չհասած՝ Արցախի տարածքում: Մոսկվայում Իրանի դեսպանատունը հայտարարեց, որ օդային աղետից զոհվել են բոլոր 19 ուղեւորները:
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ժիրայր Լիպարիտյանն այդ առիթով հանդես եկավ հայտարարությամբ եւ պարզաբանեց, որ ինքնաթիռն, անցնելով Ռուսաստանի, Վրաստանի ու Հայաստանի օդային տարածքներով, նախատեսում էր վայրէջք կատարել Թեհրանում: Սակայն ինքնաթիռը, ուղղություն վերցնելով դեպի արեւելք, իր երթուղուց շեղվել էր շուրջ 100 կիլոմետր, եւ, լքելով Վրաստանի օդային տարածքը, Հայաստանի փոխարեն, հայտնվել էր Ադրբեջանի օդային տարածքում, իսկ որոշ ժամանակ անց՝ նաեւ Լեռնային Ղարաբաղում, որտեղ ընթանում էին ռազմական բախումներ:
Հայ-իրանական հարաբերությունների միջպետական կապերը համակարգող հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխնախագահ Գագիկ Հարությունյանը, վթարի հանգամանքներն իրանական կողմին ներկայացնելու նպատակով Թեհրան մեկնեց, եւ հանդիպում ունեցավ ԻԻՀ նախագահ Ռաֆսանջանիի հետ:
Հայկական կողմի ժամանակին ձեռնարկած դիվանագիտական քայլերի, ինչպես նաեւ Իրանի իշխանությունների շրջահայաց քաղաքականության ու իրավիճակի սթափ գնահատման շնորհիվ, կանխվեց երկկողմ հարաբերություններին սպառնացող վտանգն, ու երկու երկրները կարողացան շարունակել հարաբերությունների զարգացման բնականոն ընթացքը:
Դեպքից 29 տարի անց, իրանական «Ազարիհա» կայքն իր մարտի 17-ի համարում «Լեռնային Ղարաբաղում իրանական C-130 ռազմական ինքնաթիռի կործանման մասին շրջանառվող վարկածները» վերտառությամբ քննական տեսության մեջ ուշագրավ անդրադարձ է կատարել մարդկային զոհերի հանգեցրած այդ առեղծվածային ավիավթարի 4 վարկածներին: Այն թարգմանաբար ներկայացվում է ամբողջությամբ.
ՉՈՐՍ ՎԱՐԿԱԾ
«Այսօր, 1994 թվականին հայկական տարածքում տեղի ունեցած C-130 ռազմական ինքնաթիռի զգետնման տարելիցն է: Ինքնաթիռը Թեհրան էր վերադառնում Մոսկվայից, իսկ դրա ուղեւորները՝ Նովրուզի առիթով Իրան վերադարձող դեսպանատան դիվանագիտական անձնակազմի ընտանիքի անդամներն էին: Ինքնաթիռը Խոջալուի մոտակայքում վայր ընկավ: Ուղեւորների շարքում դիվանագետներ չկային:
Ավիավթարի կապակցությամբ շրջանառվող վարկածները.
1. Առաջին վարկածի համաձայն, ռուսները մտադիր էին, ինքնաթիռը խոցելով, Իրանին ուղերձ հղել: Այդ ժամանակահատվածում արցախյան առճակատման խնդրում ռուսները բավականին ակտիվ դերակատարություն ունեին: Իսկ այդ տարածքը ռուսական ազդեցության գոտի է համարվում: Նույնիսկ, ռուսական կողմը մի անգամ արգելել էր Իրանի դիվանագիտական բարձրաստիճան պատվիրակությանը մուտք գործել Արցախ:
2. Համաձայն երկրորդ վարկածի, ինքնաթիռն օդային միջանցքից դուրս կառավարելու եւ ցածր բարձրության վրա ռազմական գոտուց անցումը հնարավորինս արագ հաղթահարելու պայմաններում, օդաչուի թույլ տված սխալն էր, որի հետեւանքով հայ զինվորականները (ռադարային համակարգի բացակայության պատճառով) խոցել են այն, ենթադրելով, որ թռչող օբյեկտը պատկանում է Բաքվի վարչախմբին:
3. Երրորդ վարկածի համաձայն, ինքնաթիռը խոցել է Բաքվի վարչախումբը: Ինքնաթիռը վայր է ընկել Ստեփանակերտի մոտակայքում, որտեղ գտնվում է Լեռնային Ղարաբաղի միակ օդանավակայանը: Մինչ այդ, Բաքվի վարչախումբը զգուշացրել էր, որ թույլ չի տալու որեւէ թռչող օբյեկտի այդ կետից օդ բարձրանա: Հնարավոր է, ազերիներին թվացել էր, որ ինքնաթիռը պատկանում է Հայաստանին:
4. Շրջանառվում է նաեւ ինքնաթիռի անսարքության վարկածը, որի մասին առկա են համապատասխան զեկույցներ: Ըստ երեւույթին, Վրաստանի օդային տարածքից անցում կատարելիս, ինքնաթիռի անձնակազմն այդ մասին տեղեկացրել է դիսպետչերական ծառայություններին: Անսարքության մասին տեղեկատվությունը, ըստ մեր տվյալների, պահպանվում է «Associated Press» գործակալության 1994 թվականի արխիվում:
Հայաստանում Իրանի դեսպանության գործերի հավատարմատար Ահմադ Սոբհանին քանիցս այցելել է ինքնաթիռի կործանման վայրը՝ Խոջալու: Սակայն, նրա ուսումնասիրությունները որեւէ արդյունք չեն տվել»:
***
Օդային աղետը տեղի է ունեցել 29 տարի առաջ, երբ Թեհրանը փորձում էր դրացիական ու բարեկամական կապեր հաստատել նորանկախ Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Միմյանց նկատմամբ հակամարտ կեցվածք ունեցող Երեւանի ու Բաքվի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ կողմերի միջեւ ընթացող ռազմական գործողությունների պայմաններում երկու մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնադրելու համար լավագույն միջոցը, Իրանի տեսակետով, Արցախի հարցում միջնորդական առաքելության ստանձնումն էր: Այդ մոտեցումը, Արցախի նկատմամբ ունեցած հատուկ վերաբերմունքի պատճառով, ընդունելի չէր Մոսկվայի համար, որն ամեն կերպ փորձում էր դժվարություններ հարուցել Թեհրանի միջնորդական առաքելության գործընթացում:
Այդ պատճառով էլ, 31 տարի առաջ՝ 1992 թվականի մայիսին, Իրանի նախագահ Ռաֆսանջանիի միջնորդությամբ Թեհրանում ընթացող եռակողմ բանակցությունների պահին Շուշիի ազատագրումը, իրանական որոշ շրջանակների կողմից, գնահատվեց որպես Թեհրանի միջնորդական առաքելությունը խափանելու Ռուսաստանի քայլ:
29 տարի առաջ իրանական C-130 ռազմական ինքնաթիռի կործանման մասին վերոգրյալ քննական տեսությունում տեղ գտած վարկածը նույնպես տեղավորվում է այդ տրամաբանության մեջ:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանում ՀՀ նախկին դեսպան