ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Լրացավ Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Ղարիբջանյանի ծննդյան 95-ամյակը: Գուցե 95 տարին այն հոբելյանների շարքին չի դասվում, որոնք նշվում են հանրային մեծ ուշադրությամբ ու տոնականությամբ, սակայն առիթ ու միջոց էՙ մեկ անգամ եւս ուշադրություն սեւեռել մի գիտնականի, որն ապրեց խորհրդային իշխանության տարիներին, իր գիտական հետաքրքրությունների դաշտ բերեց գիտական թեմաներ ու խնդիրներ, որոնցից մի մասն այսօր վերանայվում եւ վերարժեւորվում է, ենթարկվում պատմական ճշմարտության ու գաղափարախոսական սուբյեկտիվիզմից ազատագրվելու պահանջին, սակայն չի կորցնում գիտական լրջությունն ու համակողմանիությունը, արժեքավորությունը, քանզի գրելով աշխատություններ Այսրկովկասում հեղափոխական շարժումների մասին, Գեւորգ Ղարիբջանյանը երբեք կուլ չգնաց գաղափարախոսական կաշկանդումներին, անընդհատ հայացք հառեց ազգային-ազատագրական պայքարինՙ այն հաճախ զուգադրելով հեղափոխական շարժումներին: Այսպիսով, Գեւորգ Ղարիբջանյանը խորհրդային պատմագիտության մեջ ձեւավորեց մի նոր հայեցադրույթ, գիտական մի նոր հայացք, ըստ որիՙ հեղափոխական շարժումներն ու ազգային-ազատագրական պայքարը շատ հաճախ ունեին նույն խնդիրները, նույն ենթատեքստերը:
Գեւորգ Ղարիբջանյանի հիմնական աշխատությունները վերաբերում են Այսրկովկասի կոմունիստական կազմակերպությունների ու հեղափոխական շարժումների, հայ ազգային-ազատագրական պայքարի, հայ-ռուսական հարաբերությունների պատմության հարցերին, Հայկական հարցին ու Հայոց ցեղասպանությանը, հայ ականավոր գործիչների կյանքին ու գործունեությանը: Նշանակում է, գիտական հետաքրքրությունների մի լայն շրջածիր էր առաջադրում գիտնականը, տակավին խորհրդային իշխանության տարիներին, լինելով Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, բարձրաձայնում ազգային ազատագրության մասին, իր աշխատություններում ներկայացնում ազգային գործիչների, որոնց անունները տեւական ժամանակ փակի տակ էին, վարագույրների հետեւում: Միայն խիզախ մտավորականն ու համարձակ գիտնականը կարող էր մարտնչող բոլշեւիզմի տարիներին գրել ու խոսել ազգային-ազատագրական շարժումների մասինՙ այսպես պատմությանը վերադարձնելով շատ հերոսների: Գրելով բուլղար ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի մասին, Գեւորգ Ղարիբջանյանը այդ շարժումը միջոց էր դարձրելՙ անդրադարձ կատարելու Անդրանիկ Օզանյանին, ներկայացնելու մեր ժողովրդի պատմության մեջ հիրավի եզակի ռազմավարին ու ժողովրդական առաջնորդին: Գիտական բարեխղճության, նյութի քաջ իմացության կողքին Գեւորգ Ղարիբջանյանն իրմով խորհրդանշում էր նաեւ գիտական խիզախությունը, ինչը ոչ բոլորին էր տրված:
Գեւորգ Ղարիբջանյանի մարդկային հատկանիշները ձեւավորվել էին իր արմատների կանչով, իր արմատների կենսագրությամբ: Սերում էր սարիղիմիշցիների տոհմից, Արեւմտյան Հայաստանի այն քաջ ու հերոսական գյուղաքաղաքի բնակիչներից, որոնք 20-րդ դարասկզբին արդեն անհնազանդության ու բողոքի ցույցեր կազմակերպեցին, ելան պաշտպանելու իրենց սոցիալական իրավունքները: Գեւորգ Ղարիբջանյանի հայրը պրոֆեսիոնալ հեղափոխական, Հայաստանում մայիսյան ապստամբության կազմակերպիչներից մեկը հանդիսացող Բագրատ Ղարիբջանյանն էր, որը գնդակահարվեց ընդամենը 30 տարեկան հասակումՙ իր որդու ու դստեր խնամքը թողնելով կնոջ փխրուն ուսերին: Հենց 1920 թվականին, մայիսյան ապստամբության սկսվելուց հինգ օր առաջ է Ալեքսանդրապոլում ծնվել Գեւորգ Ղարիբջանյանը, իսկ տասն օրականում արդեն կորցրել հորը: 1937 թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ: 1941-ին ավարտելով համալսարանըՙ նա մեկնել է ռազմաճակատ եւ մասնակցել Երկրորդ աշխարհամարտին: 1945 թ.ին ռազմաճակատից վերադառնալով Հայաստան, նա ընդունվում է ԵՊՀ ասպիրանտուրա եւ 1948 թվականին պաշտպանում թեկնածուական ատենախոսություն եւ ստանում պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1955 թ. պաշտպանում է դոկտորական ատենախոսությունը: Գեւորգ Ղարիբջանյանը պատմական գիտությունների ամենաերիտասարդ դոկտորներից մեկն էր, որը նաեւ դարձավ ամենաերիտասարդ պրոֆեսորներից, երբ 1957 թ. նրան շնորհվեց պրոֆեսորի կոչում: 1965 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1971 թ.ՙ ակադեմիկոս: 1977-1982 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմության եւ տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար: 1985 թ. ղեկավարել է ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի կենտրոնը: 1947-1999 թթ. դասախոսել է ԵՊՀ-ում եւ այլ բուհերում: Գիտական անխոնջ գործունեությանը զուգընթաց, նա նաեւ վարել է մի շարք գիտական, կուսակցական եւ պետական պաշտոններ: 1948-1950 թթ. եղել է Հայաստանի ԼԿԵՄ կենտկոմի քարտուղար, 1951-1954 թթ.ՙ ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի ԽՄԿԿ պատմության բաժանմունքի վարիչ, 1968-1977 թթ.` նույն մասնաճյուղի տնօրեն, 1954-1961 թթ.` Հայաստանի կոմկուսի կենտկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ, 1961-1968 թթ.` ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար:
Հանրագիտարանային այս տվյալներն ընդամենն իրենց մեջ են առնում Գեւորգ Ղարիբջանյանի կենսագրությունը, հուշում այն ճանապարհի մասին, որով անցել է նա: Մինչդեռ չոր վիճակագրությունը եթե անգամ պատկերացումների համածիր է ձեւավորում, այնուհանդերձ չի կարող ամբողջապես ներկայացնել գիտնականին ու պետական գործչին: Զարմանալ կարելի է, թե բարդ ու պատասխանատու պաշտոններում գտնվելով, ինչպե՞ս է նա կարողացել գրել մոտ 300 գիտական աշխատություն եւ հրապարակագրական հոդված, տպագրել 75 գիրք եւ բրոշյուր, որոնցից շատերը գիտական լուրջ արժեք եւ ներկայություն ունեն: Հիմնարար գիտական աշխատությունների շարքին են դասվում «Լենինը եւ Անդրկովկասը», «Ստեփան Շահումյան», «Ալեքսանդր Մյասնիկյան», «Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին», «Ավարայրից մինչեւ Սարդարապատ», «Ժողովրդական հերոս Անդրանիկը», «Ակնարկներ հայ-բուլղարական բարեկամության պատմության», «Հայկական ցեղասպանությունը եւ համաշխարհային հասարակայնությունը» եւ այլն: Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ որպես պատմաբանի, Գեւորգ Ղարիբջանյանին հետաքրքրել են 19-րդ դարավերջն ու 20-րդ դարասկիզբը: Այսինքն, մեր պատմության բարդագույն շրջանները, որոնք որքան մոտ էին արդիականությանըՙ իրենց հայտնի փաստերով, պատմական նյութի հարստությամբ, նույնքան էլ դժվարին էին քաղաքական ու կուսակցական խճողումներով, գաղափարախոսական դիրքերի հակասություններով:
Գեւորգ Ղարիբջանյանի բոլոր կենսագիրները նշել են, որ նա պատմությանն ու պատմականությանը անդրադառնում էր յուրովի, հավատարիմ մնալով աղբյուրագիտական հարուստ թափանցումներին, պատմական ճշմարտություններին, այնուհանդերձ առաջադրում սեփական մեկնաբանություններն ու վերլուծությունները, համադրականության շնորհիվ հասնում պատմաշրջանի կերպարի ամփոփմանը: Պատմություն եւ իրադարձություն, պատմություն եւ անհատՙ ահա այն գիտական հետազոտման շրջանակը, որի տարածքում Գեւորգ Ղարիբջանյանը ներկայացնում է Ստեփան Շահումյանին, Ալեքսանդր Մյասնիկյանին, Ալյոշա Ջափարիձեին, Ստեփան Ալավերդյանին: Նրանք բոլորը նույն պատմաշրջանի ներկայացուցիչներն են, գործել են որպես բոլշեւիզմի ներկայացուցիչներ, նպաստել են Այսրկովկասում բոլշեւիկյան գաղափարների տարածմանը, սակայն պատմական տարբեր առաքելություն եւ խնդիրներ ունեին նրանք, որոնց բոլորին անդրադարձել է գիտնականը եւ միանգամայն նոր ընկալումների դիրքերից գնահատել նրանց: Խորհրդային պատմագիտությունը գրեթե անդրադարձ չէր կատարել Ստեփան Շահումյանին եւ Ալեքսանդր Մյասնիկյանին, չափազանց կցկտուր էին նրանց մասին պատկերացումները, խեղաթյուրված էին Բաքվի կոմունային վերաբերող տեղեկությունները: Ընդգծված ու կարեւորված չէր Ստեփան Շահումյանի դերը մասնավորաբար Այսրկովկասի հեղափոխական իրադարձությունների ձեւավորման եւ մարքսիզմի տարածման եւ սոցիալական տեսության ասպարեզում: Գեւորգ Ղարիբջանյանը համակողմանիորեն քննելով եւ հետազոտելով ինչպես Ստեփան Շահումյանի կենսագրությունը, այնպես էլ Բաքվի կոմունայի պատմական նշանակությունը, առաջինը մեր պատմագիտության մեջՙ Բաքվի կոմունայի գոյության մեջ տեսավ ու արժեւորեց հայապահպանության գործոնը, ինչին հետագայում անդրադարձավ մեկ անգամ եւսՙ գրելով «Բաքվի կոմունան ի նպաստ հայապահպանության» հոդվածը, որը նոր լույս է սփռում Բաքվում հայ ավանդական կուսակցությունների գործունեության վրա:
Խորհրդային տարիներին մի շարք նամակներ, հոդվածներ գտնվում էին փակի տակ, արգելվում էր գրել Հնչակյան եւ Դաշնակցական կուսակցությունների ունեցած դրական դերի մասին, մինչդեռ Գեւորգ Ղարիբջանյանը, օգտագործելով հարուստ աղբյուրագիտական նյութ, ճշմարիտ գնահատական տվեց Դաշնակցության եւ կոմունայի ունեցած կապին, հայերի փրկությանը միտված քայլերին: «Հակաթուրքական ուժերի միասնական ճակատի ստեղծման գործում կարեւոր Էր Շահումյանի եւ գեներալ Անդրանիկի համագործակցությունը: 1918թ. հունվարին, Թիֆփսում զորավար Անդրանիկի օրգան «Հայաստան» թերթի խմբագրությունում Շահումյանը երկու անգամ հանդիպում է Անդրանիկի հետ, քննարկում թուրքական զավթիչներից երկրամասի պաշտպանության հարցերը, Արեւմտյան Հայաստանի ազատագրման խնդիրը:
Ի դեպ, Գեւորգ Ղարիբջանյանը մի քանի առիթներով է գիտական հետաքրքրությունների կենտրոն բերել Անդրանիկ Օզանյանին, ձեւավորել ճշմարիտ գիտական հայացք: Անդրանիկի հանդեպ սերն այնքան մեծ էր, որ հանդիսանալով Լենինականի կուսքաղկոմի առաջին քարտուղար, նա Հայաստանում առաջին անգամ փողոց անվանակոչեց մեծ զորավարի անունովՙ չվախենալով հետապնդումներից ու արգելքներից: Ընդ որում, այդ փողոցը ձգվում էր դեպի հայ-թուրքական սահման, դեպի Կարս… Զորավար Անդրանիկի կյանքն ու գործը Գեւորգ Ղարիբջանյանի համար յուրատեսակ գիտական հավատամք դարձան, գիտնականը կարողացավ իր մենագրության միջոցով պատասխանել բազմաթիվ պատմական խրթին հարցերի, լուսաբանել մասնավորաբար Այսրկովկասում ազգամիջյան բախումների դրդապատճառները, թուրք-թաթարական նկրտումները: Վիկտոր Համբարձումյանը գրքի առաջաբանում գրել է. «Մենք հպարտանում ենք մեր անցյալի ազատասեր զորավար Անդրանիկով եւ անցյալի բազմաթիվ հայ քաջորդիներով: Բայց հպարտ ենք նաեւ, որ Անդրանիկի կրծքում վառվող կրակը չմարեց, այլ ուժեղանալովՙ տարավ հայ զինվորին հայկական դիվիզիայի, խորհրդային բանակի կազմում մինչեւ Բեռլին»: Այս գիրքը լույս տեսավ 1990 թվականին, երբ արդեն եռում էին կրքերը Ղարաբաղի շուրջ, երբ ձեւավորվում էր մի նոր ազգային-ազատագրական պայքար: Եվ Ղարիբջանյանի աշխատությունը, որը նաեւ լույս տեսավ ռուսերեն, պատմության ու ներկայի ինքնատիպ զուգակցումն էր, այդ աշխատության միջոցով բացահայտվում էին պատմական այնպիսի իրողություններ, որոնք նպաստում էին նաեւ ղարաբաղյան հիմնահարցի ամբողջական ընկալմանը:
Չնայած չի ընդգծվել, գիտական շրջանակներն առանձին չեն անդրադարձել, սակայն Գեւորգ Ղարիբջանյանին կարելի է դասել մեր լավագույն ցեղասպանագետների շարքին, քանզի գիտնականն անդրադարձ է կատարել ցեղասպանության փաստի համաշխարհային արժեւորմանը, ներկայացրել առաջադեմ հանրության կարծիքն ու վկայությունները: Ցեղասպանության թեմային, Հայկական հարցի էությանը գիտնականն անդրադարձել է նաեւ «Հայկական հարցը եւ հայոց ցեղասպանությունը», «Հայոց պատմության հիմնահարցեր», «Արաբական աղբյուրները Հայաստանի եւ հայերի մասին» եւ այլ աշխատություններում: Ցավոք, այսօր ոմանք յուրովի մենաշնորհելով ցեղասպանության թեման, իրենց վերագրելով ցեղասպանագիտության ոլորտը, մոռացության են տվել Գեւորգ Ղարիբջանյանի հիմնարար ուսումնասիրությունները, որոնք նոր խոսք էին պատմագիտության մեջ:
Գեւորգ Ղարիբջանյանի գիտական ահռելի կենսագրությունը համադրվել է նաեւ աշխատանքային հարուստ կենսագրությունը, որի ամենապայծառ ու հագեցած շրջանը կապակցվում է Լենինական-Գյումրուն, երբ ութ տարի նա եղավ իր ծննդավայր քաղաքի ղեկավարը, նրա զարթոնքի ու վերաշինության նախաձեռնողը: Բազմաթիվ անգամներ անդրադարձներ են եղել Գեւորգ Ղարիբջանյանի գործունեության այս շրջանին, Հր. Գաբրիելյանի «Լենինական», հեղինակային կոլեկտիվի «Գյումրի» եւ այլ աշխատություններում ներկայացվել է այն ահռելի աշխատանքը, որը կատարեց Գեւորգ Ղարիբջանյանը:
Գեւորգ Ղարիբջանյանի մասին խոսելիս շատերն աշխատում են այսօր արդեն լինել օբյեկտիվ, շեշտել այն հանգամանքը, որ նա առաջին հայ պատմաբաններից էր, որի աշխատությունները տպագրվել են Ռուսաստանում, Ուկրաինայում, Անգլիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Բուլղարիայում: Մեծադղորդ ածականներից հեռու էր, ուստի հեռու էր մեծարանքի հանդեսներից, գնահատումների շռայլ խոսքերից: Սակայն հիմա եկել է ժամանակը սկզբունքային գնահատական տալու նրա գիտական վաստակին, նրա աշխատություններին, որոնք չեն ստեղծվել սոսկ մի ժամանակաշրջանի համար: Դրանք մեր պատմագիտության մնայուն արժեքներն են:
(Կրճատումներով)