ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Վաղը լրանում է Ջոն Կիրակոսյանի մահվան երեսուն տարին: Պետք է խոստովանել, որ այդ անունը թնդում էր հատկապես անցյալ դարի յոթանասունական եւ ութսունական թվականներին: Իսկ ահա նրա ֆանտաստիկ ճանաչվածությունը այն բանից չէր, որ նա երկար տարիներ զբաղեցնում էր կուսակցական եւ, ինչպես այն ժամանակ էին ասում, խորհրդային (գործադիր) բարձր պաշտոններ: Բավական է թվարկել դրանցից միայն մի քանիսը. Ռադիոյի եւ հեռուստատեսության պետական կոմիտեի նախագահ, ՀԿԿ ԿԿ գիտության եւ ուսումնական հաստատությունների բաժնի վարիչ, վերջին տասը տարիներինՙ Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարար, իսկ ինչո՞ւ չհիշելՙ վոլեյբոլի Հայաստանի չեմպիոն, գիտնականՙ պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր: Ջոնի ընկերները միայն աշխատանքային կոլեգաները չէին, այլեւՙ վարորդներ, բժիշկներ, ուսուցիչներ, ֆուտբոլիստներ, գրողներ, հատկապեսՙ բանաստեղծներ, կոլտնտեսականներ, դերասաններ, երգիչներ, ծերունիներ, երիտասարդներ: Երբ նա մահացու հիվանդացավ եւ մենք վաղ առավոտյան նրան տարանք «Լեչկոմիսիայի» հիվանդանոց, ապա ապշեցինքՙ ընդունարանի մուտքի մոտ տեսնելով լռակյաց մարդկանց ահռելի բազմությունը: Կեսօրին ողջ Երեւանը, հետո իմացա, նաեւՙ հանրապետության երեսունվեց շրջանները խոսում էին Ջոնի հիվանդության մասին: Նրանք բոլորը, կարծում եմ, առաջին հերթին ընթերցողներն էին պատմաբան Կիրակոսյանի, ով հասցրել էր գրել տասնյակ ծանրակշիռ մենագրություններ, որոնց թվում էին այնպիսի հիմնարար աշխատություններ, ինչպիսիք ենՙ «Առաջին համաշխարհային պատերազմը եւ արեւմտահայությունը», «Բուրժուական դիվանագիտությունը եւ Հայաստանը», «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» (երկհատորյակՙ հայերեն եւ մեկ հատորՙ ռուսերեն) եւ շատ այլ գրքեր:
Ցավոք, այսօր Ջոն Կիրակոսյանին քչերը գիտեն: Սա, իհարկե, մեծ հաշվով, իսկական հոգեւոր աղետ է: Հատկապեսՙ եթե հաշվի առնենք, որ Ջոնն առաջնահերթ սիրում էր հայ երիտասարդներին: Չէ որ նա, ամեն ինչից բացի, դասախոսում էր Երեւանի պետական համալսարանում: Հաճախ ելույթներ էր ունենում շրջկենտրոններում, գյուղական երիտասարդության առջեւ: Թեմաները ոչ միայն պատմական էին, այլեւ առանձնապես արդիական, հրատապ, հրապարակախոսական:
Եվ այսօր, Ջոն Կիրակոսյանի հիշատակի օրը, ընթերցողների ուշադրությանն եմ ներկայացնում մի փոքրիկ գլուխ իմ «Կյանքՙ մահից հետո» գրքից: Այս հատվածում բացահայտվում է ոչ միայն մեծ քաղաքացու, քաջարի պատմաբանի, այլեւ երիտասարդության իսկական ուսուցչի եւ դաստիարակի լուսավոր կերպարը:
***
Ջոնը ոչ թե պարզապես սիրում էր զավակներին, այլ իսկապես հարգում էր նրանց: Հայրն ուզում էր, որ երեխաներն, այն ժամանակ ընդունված «մոդային» հետեւելով, գնային, ասենք բժշկական, իրավաբանական ֆակուլտետներում սովորելու: Բայց Ջոնի դաստիարակած երեխաները չէին կարող դավաճանել Ջոնի ոգուն: Որդինՙ Արմանը, որոշեց դառնալ պատմաբան, Նունենՙ դուստրը, կենսաբան:
Ջոնը, հաճախ խոսելով երեխաների ընտրած մասնագիտությունների մասին, անդրադառնում էր ընդհանրապես երիտասարդության թեմային, մոդայիկ դարձած «մասնագիտական կողմնորոշմանը»: Նրան անհանգստացնում էին երիտասարդության բազմաթիվ բարդ խնդիրները: Իհարկե, ոչ մի սարսափելի բան չկա, որ երիտասարդները ցանկանում են դառնալ բժիշկ, իրավաբան, առեւտրի աշխատող: Բայց այստեղ մտորելու առիթ կար: Ո՞ւմ երեխաներն են, հիմնականում, ձգտում դառնալ բժիշկ, իրավաբան, առեւտրի աշխատող: Սա պարապ հարց չէ: Մեծամասամբ նրանք, այսպես կոչված, պատասխանատու աշխատողների երեխաներն են: Ջոնը միշտ այդպես էլ ասում էր. «այսպես կոչված, պատասխանատու աշխատողներ»: Ու երբ ես հարցնում էի, ասենք, ինչո՞ւ «այսպես կոչված», նա պատասխանում էր. «Որովհետեւ աշխարհում բոլոր աշխատանքներն էլ պատասխանատու են, եւ դա նշանակում էՙ նաեւ բոլոր աշխատողներն են պատասխանատու, ե՛ւ հացթուխը, ե՛ւ նախարարը»: Եղվարդի ակումբում նա հանդիպում ուներ երիտասարդության հետ: Ես ներկա էի այդ հանդիպմանը: Մոտավորապես մի ժամ պատմաբանը խոսեց միջազգային դրության մասին, ապա սկսեց պատասխանել հարցերին: Բարձրահասակ եւ ցցված ադամախնձորով շատ նիհար մի երիտասարդ խիստ հուզվում էր: Խոսում էր խճճված, բայց ես զգացի, որ դահլիճը բացահայտ հարգանքով է վերաբերվում նրան: Տեսա, թե ինչպես է հուզվում այդ երիտասարդի համար ինքըՙ պատմաբանը: Հարցը մոտավորապես այսպիսին էր. «Վերջերս շատ օրինախախտների, մի ինչ-որ տարօրինակ եւ կարծես թե մի անմեղ բառով անվանում ենՙ «ցեխավիկ»: Տերմինին ես համաձայն չեմ, բայց իմաստը հուզում է ինձ: Բանն այն է, որ այդ «ցեխավիկ» կոչվածները արդեն ուժ են ներկայացնում իրենցից եւ նույնիսկՙ իշխանություն: Ի՞նչ եք մտածում դուք այդ կապակցությամբ»:
Դահլիճում մեռյալ լռություն տիրեց: Ես կարեկցությամբ լցվեցի Ջոնի հանդեպ: Հարցը խրթին էր, բարդ, չնայած «խճճվածությանը»ՙ շատ կոնկրետ: Ջոնը անմիջապես չպատասխանեց: Սեղանի վրա նրա առջեւ մի քանի գրքեր կայինՙ նշանադիրներով: Նա սկսեց ինչ-որ բան փնտրել դրանցից մեկի մեջ: Փաստն ինքնին պերճախոս էր: Ջոնը չէր ենթադրում, որ իրեն այդպիսի հարց կտան: Ամեն ինչից դատելով, նա ցանկանում էր պատասխանը սկսել ինչ-որ մեջբերումի ընթերցումով, բայց չէր կարողանում գտնել: Վերջապես գտավ եւ սկսեց բարձրաձայն կարդալ. «Մկրտիչ Պորտուգալյանը գրում է, որ Բոսֆորի ափերին բնակվող հայ երիտասարդությունը կարգին չի իմանում, թե որտեղ է գտնվում Հայաստանը: Եթե հարցնեսՙ որտեղ է այդ Հայաստանը, ապա կպարզվի, որ նրանք ոչ մի գաղափար չունեն: Պորտուգալյանը նշում է, որ երիտասարդությունը գիտեր Վիկտոր Հյուգոյի բանաստեղծությունները, Գլադստոնի ճառերը, իսկ Հայաստանի մասին աղոտ պատկերացում ուներ»:
– Իսկ դուք գիտե՞ք ովքեր էին այդ երիտասարդները,- հարցրեց Ջոնը, դիմելով դահլիճին, եւ անմիջապես էլ շարունակեց – Դրանք, ինչպես գրում է Պորտուգալյանը, փողատեր երեւելիների զավակներն էին, ամիրաների երեխաները, այսպես կոչված, սարաֆների: Դուք գիտեք, իհարկե, թե ինչի հանգեցրեց այդ նույն երիտասարդության հանցավոր անտարբերությունը, որոնք գաղափար անգամ չունեին իրենց հայրենիքի ո՛չ պատմության, ո՛չ էլ աշխարհագրության մասին: Իսկ ամիրաներն ու հարուստ-սարաֆները այդ նույն ցեխավիկներն էին, որոնց մասին հարցնում էր այստեղ այն երիտասարդը: Ես նույնպես, ինչպես նա, համաձայն չեմ տերմինների հետ: Ոմանց հաջողվում է, շրջանցելով օրենքը, մասնավոր ցեխ կազմակերպել, արտադրել լայն սպառման ապրանքներ: Բայց այդ մարդիկ, ինձ թվում է, բոլորովին էլ սարսափելի չեն: Նրանք, համենայն դեպս, աշխատում են, ինչ-որ բան են արտադրում: Այդ ինչպիսի տաղանդի տեր պիտի լինեն, որ սոցիալիզմի օրոք սեփական բիզնես բացեն: Թեեւ համաձայն եմ, գոյություն ունեցող օրենքները խախտելու համար պետք է պատիժ կրեն բոլորն անխտիր: Ոչ մի, նույնիսկ ամենաազնիվ նպատակը չի կարող արդարացնել ապօրինի միջոցները: Ի վերջո, ինչպես կյանքը ցույց է տալիս, նպատակն էլ այդպիսի դեպքերում ազնիվ չի լինում: Շատ ավելի սարսափելի են նրանք, ովքեր, չլինելով արտադրող-ցեխավիկ, բայց ունենալով անվանական իշխանություն, չարաշահում են այն, հեշտ ձեռք բերված փողեր կուտակում: Այդպիսիներից ամեն ինչ կարելի է սպասել: Եվ այդ մասին նույնպես խոսում է պատմությունը: Այդպիսի մարդիկ դժվարին տարիներին ծախել են հայրենիքը, իրենց փողերը փրկելու համար: Սակայն այդ եւս այնքան սարսափելի չէ, քանի որ նրանք այսօր ինքնին առանձնապես վտանգ չեն ներկայացնում: Այստեղ հարկ է հիշեցնել նրանց երեխաների մասին, որոնք, ինչպես ասում են, տեսնում ու լսում են ամեն ինչ: Նրանք տեսնում են, լսում, գիտեն, թե իրենց հայրը ինչպես եւ ինչ ճանապարհով է ձեռք բերում այդ փողերը:
Եվ այստեղ ահա մանկուց երեխայի առաջ ստեղծվում է երկու իրողություն, երկու ճշմարտություն: Մեկըՙ ընդունված բոլորի համար, մյուսըՙ հոր: Բոլորին չի թույլատրվում գողանալ: Հորը թույլատրվում է, որովհետեւ նա բոլորի նման չէ: Նաՙ հայրը, ամեն ինչ կարող է, միայն եղանակը չի կարող պատվիրել, թեեւ, եթե շատ ցանկանա, այդ էլ կանի: Բավական է նա ցանկանա, եւ ոմն անձնավորության պաշտոնը կբարձրացնեն, իսկ մյուսին կհեռացնեն աշխատանքից: Նաՙ հայրը, կարող է արհամարհանքով խոսել գիտնականի մասին, հողագործի, գրողի, օրենքների մասին»…
Ես ջանում եմ հատվածներ մեջբերել Ջոնի ելույթից, որ ձայնագրել եմ ժապավենի վրա: Եվ խոստովանում եմ, որ դժվար է ներկայացնել այն կիրքը, որով նա խոսում էր երիտասարդության առաջ, ընդգծելով այն միտքը, թե ավերված տունը կարելի է վերականգնել, խոպանը միշտ էլ կարելի է հերկել, բայց երիտասարդության ավերված հոգիները, նրանց կոշտացած սրտերը անհնար է փրկել: Եվ նա դարձյալ վկայակոչեց պատմությունը, որը բազմահազար օրինակներ էր տալիս:
– Մի՞թե սրբապղծություն չէ,- ասում էր նա,- որ, վերջապես, եկել է այն օրը, երբ հնարավորություն կա ամեն ինչ անելու հայրենիքի իսկական ծաղկման համար, ու հանկարծ մենք հանդուրժում ենք մի վարակ, որ սնուցող միջավայր է գտել մեզ մոտ, եւ որը տարածվում է այդպես հեշտությամբ ու այդպես անպատժելիորեն: Ամեն անգամ ուզում եմ գոռալ, երբ իմանում եմ, որ նույնիսկ հաշմանդամից են կաշառք վերցրել նրան «Զապորոժեց» ավտոմեքենա տալու համար: Պետությունը հատուկ միջոցներ է հատկացրել հումանիստական գործի համար, բայց ինչ-որ մեկը, հաճախ պաշտոնական անձը, հանկարծ պղծում է այդ հումանիզմը: Կամ բողոքները, ես նկատի ունեմ, այսպես կոչված բնակարանային բողոքները: Կապիտալիստը նախքան տուն կառուցելը, որը նա տալու է բնակիչներին, մեծ քանակությամբ սեփական փող է ծախսում: Իսկ այստեղ ինչ-որ մեկը սպասում է, որ պետությունը իր ուժերով ու միջոցներով շենք կառուցի, չգիտես ինչու, ստանում Է բանալիները եւ ապա անպատիժ կերպով վաճառում այդ նույն բնակարանները: Եվ արդեն լկտիության գագաթնակետն Է, երբ ղեկավարը այդպիսի դեպքում թփթփացնում Է մարդու ուսը, իբր, այդ ինքն Է նրան տալիս բնակարան, ավտոմեքենա: Ինքը, եւ ոչ թե պետությունը:
Ես մի այլ այդպիսի մարդ չեմ տեսել, որ նման նախանձախնդրությամբ վերաբերվեր պետության գործերին ու պատվին:
Այստեղ Ջոնի մեջ խոսում Էր, ես կարծում եմ, արդեն ոչ թե պարզապես հրապարակախոսը, այլ առաջին հերթին գիտնական-պատմաբանը, որը չափից դուրս լավ Էր գիտակցում ժամանակին իր պետությունից ու պետականությունից զրկված ժողովրդի ողբերգությունը եւ պետություն ու պետականություն ձեռք բերած ժողովրդի երջանկությունը:
***
Ջոնը մեռավ հունիսի քսանի առավոտյան: Եթե անգամ Աստված ինքը իջներ, ոչինչ չէր կարող անել: Չէր կարող այդ անկրկնելի կյանքին ավելացնել թեկուզ մի օր: Մարդն ինքը չէր համաձայնվի: Ջոնը այդպես էր որոշել: Կյանքը, կասեր նա, արվեստ է, իսկ արվեստը, ամենից առաջ, չափի զգացումն է:
Մինչեւ Երեւան հասնելը սրահների մեռյալ անդորրը խաթարում էին սոսկ շարժիչների համաչափ գվվոցը եւ Ջոնի կնոջՙ Լիայի հառաչները: Ինքնաթիռը վայրէջք կատարեց: Ջոնը վերադարձավ տուն:
Ուղեւորներից ոչ ոք տեղից չշարժվեց, մինչեւ որ հանգուցյալի հարազատներն ու մտերիմները շարժասանդուղքով ներքեւ չիջան: Արագորեն ինքնաթիռին մոտեցան մի քանի մեքենաներ: Առաջինը մեքենա նստեցրին Լիային: Դեռ չէր հասցրել դուռը փակել, երբ ծանրաքայլ մոտեցավ մի ճերմակահեր ծերունի, որը, հավանաբար, նույն ինքնաթիռով էր թռել: Նա խոնարհեց գլուխը, բռնեց Լիայի ձեռքը եւ ցածրաձայն ասաց.
– Ցավդ տանեմ, աղջիկս: