Լուրջ փորձագետների կարծիքով, ներկա պահին Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի գլխավոր հարցը ԵՏՄ-ում Ադրբեջանի հավանական ընդգրկման խնդիրն է: Փորձագետներից ոմանց համար այդ հավանականությունը, առանց չափազանցության, կոշմարային վիճակ է ստեղծելու Հայաստանի համար, մինչդեռ ուրիշների կարծիքով, դա կլինի եւս մի հանգրվան, որից մեր երկիրը կարող է դուրս գալ նվազագույն կորուստներով: Այլ խոսքով, բոլոր պարագաներում սպասելի են կորուստներՙ մեծ կամ փոքր:
Որո՞նք են այսպիսի հոռետեսության պատճառները:
Առաջին հերթինՙ Ադրբեջանի շահեկան դիրքը: Սեւ խավիարի թե սեւ ոսկու միջոցով, այդ երկրին համենայնդեպս հաջողվում է վճռական պահերին իր կողմը գրավել նորանոր կողմնակիցների, որոնք սեփական շահի համար կարող են աչք փակել, եւ փակում են, այդ երկրում մարդու իրավունքների ու քաղաքական ազատությունների ամենակոպիտ խախտումների վրա: Ու թեեւ մեր իշխանական լրատվամիջոցները քմծիծաղ են տալիս անընդհատ, սակայն Բաքվում Համաեվրոպական 1-ին խաղերի անցկացման փաստն իսկ հերիք է կշռաչափելու այդ երկրի դիրքի բարձրացումը միջազգային ասպարեզում: Եվ այդ դիրքից նա փորձում է կամք թելադրել, որի արտահայտություններից ընդամենը նվազագույնն է Բաքվում ԵԱՀԿ ներկայացուցչական գրասենյակի փակումը, որը կարելի է դիտարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը փոխելու համապատկերում, նույն համապատկերում տեղադրելով նաեւ շփման գծերի երկայնքին ու լայնքին լարվածությունը շիկացնելու Բաքվի գործողությունները:
Վերադառնալով Ղարաբաղյան հակամարտության հարցին, խիստ ուշագրավ է փաստը, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, ունի անմիջական տարածաշրջանում իր շահերը պաշտպանող առնվազն մեկ երկիրՙ Թուրքիան, որը երբեք չի թաքցրել այսպես կոչված «գրավյալ տարածքները» վերադարձնելու պահանջըՙ իբր Հայաստանի հետ հարաբերությունները վերահաստատելու (Sic.!) հեռանկարով:
Բնականաբար առանձին քննարկման թեմա է Ռուսաստանի դիրքորոշումը, ավելի շուտՙ նրա խորքային նկրտումները միեւնույն հարցով: Անցնող երկու տասնամյակներում Մոսկվան միշտ էլ պահպանել է Ղարաբաղյան կնճիռը չկարգավորելու իր դիրքըՙ վերահսկվող հակամարտության կարգավիճակում: Սակայն դատելով վերջինՙ շուրջ մեկ տարվա զարգացումներից, ավելի քան պարզորոշ է դառնում, որ Պուտինի Ռուսաստանը ջանք չի խնայում Ադրբեջանին մտցնելու ԵՏՄ փարախ, որին, անշուշտ, համաձայն կլինի Բաքուն միայն այն դեպքում, երբ Մոսկվան իր վճռական խոսքն ասի Ղարաբաղյան հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի լուծելու խնդրում:
Այս իրավիճակում հավանականությունը շատ մեծ է, որ Մոսկվան, ելնելով միջազգային ու տարածաշրջանային սեփականՙ քաղաքական, ռազմավարական ու տնտեսական շահերից, Բաքվի հետ համաձայնության գա եւ մեր հաշվին պայմանավորվածություն ձեռք բերի Բաքվի հետ, ընդունելով վերջինին ԵՏՄ ակումբ, որտեղ Հայաստանը ակնհայտորեն կմնա մեկուսացած ու միայնակ: Կարելի է առարկել, նկատի ունենալով այդ ակումբի անդամության կոնսեսուսով ընդունման կարգը եւ, հետեւաբար, Ադրբեջանի անդամության Հայաստանի կողմից մերժման հնարավորութունը: Սակայն ո՞վ, մեր երկրի ո՞ր ղեկավարությունը համարձակություն կունենա վետո դնելու ԵՏՄ-ում: Ահա՛ հարցերի հարցը, որի շուրջ, պնդում են մեր լուրջ փորձագետները, անհրաժեշտ են խորքային եւ իրատես քննարկումներՙ ազգաբնակչության մտածող խավերի մասնակցությամբ: