Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին:
Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը շնորհավորել է Իմանգալի Տասմագամբետովին ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և հաջողություններ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ անդամ-պետություն հանդիսացող Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի վերաբերյալ կազմակերպության հստակ և հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: ԱԳ նախարարը շեշտել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների և Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման հրամայականը:
Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել է նախօրեին քաղաք Ջերմուկ կատարած այցելությունից իր տպավորությունները:
ԱԳ նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն իր շարունակական սադրանքներով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին, իսկ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ ուժի կիրառման համար հող նախապատրաստելուն: Այս համատեքստում կարևորվել է ՀՀ դաշնակիցների և գործընկերների կողմից գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից իր պարտավորությունները կատարելու և ուժի կիրառման դրսևորումները բացառելու ուղղությամբ։