«Անհատականություններ կան, որոնք իրենց ծնունդով, կենսագրությամբ դառնում են հայ ժողովրդի ասպանդական հատվածի բարդ ճակատագրի ամփոփ խորհրդանշանը»: Ալվարդ Պետրոսյանը այսպես էր սկսում իր «Ազգային ճակատագրի մեկնաբանը» հոդվածը («Սովետական Հայաստան», Երեւան, նոյեմբերի 9, 1985): Անցել են տասնամյակներ, եւ ահավասիկ Կոստան Զարյանի գրական գրեթե ողջ ժառանգությունը իր իսկ ցանկությամբ հետմահու հրատարակվեց Հայաստանում: Գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանի բացառիկ նվիրումի շնորհիվ արդեն 15 հատոր է հրատարակվել: Երախտապարտ ենք Արամ Մեհրաբյանին եւ «Սարգիս Խաչենց» հրատարակչությանը՝ Զարյանի գրական երկերը հրատարակելու եւ հայ գրականագետների ու երկրպագուների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացնելու համար:
Անվանի գրողի որդու` ճարտարապետ Արմեն Զարյանի անտիպ օրագրում կա այսպիսի գրառում. «Հայրս, մահանալեն մի քանի օր առաջ, ասաց. Արմեն, անհամբեր մի՛ եղիր, իմ ժամը գալու է…»: Խորհրդային Հայաստանում դժվար ժամանակներ էին: Արվեստաբան Վիլեն Մաթեւոսյանը դիպուկ միտք է արտահայտել իր «Երեք կիսադեմ» գրքում: «Սովետական իրականությունը գորշ ու անդեմ զանգվածների եւ պայծառ ու բացառիկ անհատականությունների իրականություն էր»: Ցավալի է նշել, որ այսօր, անբարո որոշ անձինք, օգտվելով մեծանուն գրողի «վերաբացահայտման» մթնոլորտից, որոշել են վարկաբեկել ու ստվեր գցել Կոստան Զարյանի կյանքի երեւանյան վերջին տարիների վրա: Սույն հոդվածը, այսպես ասած` Գրետայի վկայությունը, ուրիշ բան չէ, եթե ոչ խելացնոր մի կնոջ ստահոդ կեղծիքների շարան: Խոսքը վերաբերում է Աննա Բաբաջանյանի «Կոստան Զարյանի վերջին բառը» Արթդարակ (Artcollage, գլխավոր խմբագիր` Նունե Ալեքսանյան) առցանց կայքում (կայքը գործում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ) այս տարվա մարտի 4-ին հրատարակած Գրետա Վերդիյան-Այվազյանի հարցազրույցին: Մի կողմ թողնենք դեռահաս աղջկա՝ 19-ամյա Գրետա Վերդիյանի ու անվանի գրողի՝ 81-ամյա Կոստան Զարյանի միջեւ շինծու սիրավեպի հիվանդագին եւ ստոր պատմությունը, Գրետայի ստերը՝ Կոստան Զարյանի կյանքի վերջին տարիների անմխիթար հիգիենիկ վիճակի մասին, տան թափթփված կեցության ու գրողի անխնամ մնալու վկայությունները: Խոսելով Կոստան Զարյանի մասին, Գրետան փորձում է թոզ փչել հանրության աչքին՝ ասելով, թե իբրեւ միայն ինքն է հոգ տարել գրողի մասին, նույնիսկ մտահոգ եղել «փրկելու» մեծ գրողի սունդուկում պահվող գրական ժառանգությունը: Այս ամենը Գրետայի խեղված մտքի ու զառանցանքի արդյունք է: Ընթերցողին հիշեցնենք, որ 1963 թվականին, երբ Արմեն Զարյանը, հետեւելով հորը, Իտալիայից տեղափոխվեց ու հաստատվեց Հայաստանում, ակնարկվող սունդուկները բերել էր իր հետ եւ դրանք երկար տարիներ խնամքով ու ծածուկ պահել Աբովյան փողոցի մեր հայրական բնակարանում: Կոստան Զարյանի կինը` Թագուհի Շահնազարյանը, ջանասիրությամբ ու հոգատարությամբ նախօրոք կարգավորել էր ամուսնու նամակագրությունը, կարեւոր փաստաթղթերն ու գրական երկերի բնօրինակները: Անցյալ դարի վաթսունական թվականներին Գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սեդա Անանյանը զբաղվել է Կոստան Զարյանի սունդուկի ֆրանսալեզու դիվանը կարգավորելով ու համակարգելով (տես` «Կոստան Զարյան, հուշագրություն», ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակություն, Երեւան, 2022): Տեղին ենք համարում նշել, որ 2019 թվականի ամռանը Կոստան Զարյանի որդու` Արմենի ժառանգները գրողի դիվանն ամբողջությամբ նվիրել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին: Կոստան Զարյանի գերմանուհի հարսը, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ բուժքույր է եղել, կանոնավոր կերպով հոգացել է ամուսնու անվանի հոր առողջության եւ կենցաղային բոլոր կարիքները: Միեւնույն ժամանակ չորս թոռները` Սիրվարդը, Անաիսը, Արան ու Վալտերը, ամեն օր հերթով այցելում էին պապին՝ տանելով իր սիրած ուտեստները:
Կոստան Զարյանը քիչ բարեկամներ ուներ, հիշենք Մարո Մարգարյանին, Ալբերտ Կոստանյանին, Լեւոն Ներսիսյանին, Երվանդ Քոչարին, Մինասին, Վիլեն Մաթևոսյանին եւ ուրիշներ: Մարդիկ, որոնք ունեին գիտելիքների անսպառ պաշար եւ սիրով էին ականջալուր լինում Կոստան Զարյանի լուրջ ու խորաթափանց խորհուրդներին: Կոստան Զարյանի հարազատները` որդին՝ Արմենը եւ իր ընտանիքի մյուս անդամները, միշտ եղել են գրողի կողքին: Երեւանում բնակվելու տարիներին Զարյանը նամակագրություն է ունեցել նաեւ արտերկրում բնակվող մյուս զավակների՝ Հովանի, Վահեի ու Նվարդի հետ, որոնք հորը տեսնելու նպատակով այցելել են Խորհրդային Հայաստան:
Խնդրո առարկա հոդվածում, Աննա Բաբաջանյանի հարցազրույցում Գրետա Վերդիյանը «խոստովանում» է Կոստան Զարյանի մահից առաջ, իր ներկայությամբ, գրողի արտասանած վերջին բառը՝ «Գրետա»: Աներեւակայելի անհեթեթություն եւ սահման չունեցող ստորություն: Երեւանում Զարյանի բնակվելու տարիներին զավակը, ճարտարապետ Արմեն Զարյանը, Երեւաննախագիծ ինստիտուտից ամեն օր երեկոյան տուն վերադառնալիս այցելում էր հորը: Նրանք երկար զրուցում էին կյանքի, հայապահպանության, միջազգային արվեստի ու մշակույթի պատմության մասին: 1969-ի դեկտեմբերի 11-ին մահամերձ Կոստան Զարյանի կողքին միայն որդին էր՝ Արմենը: Հոր աչքերը փակվելուց հետո, նա գրողի գրասեղանին գտել է հետևյալ երկտողը.
Ձեռքը դրաւ սրտիս վրայ, պինդ սեղմեց եւ գրկեց,
Ձեռքը դրաւ, սեղմեց, պինդ սեղ…
Կոստան Զարեան, «Բառերի ոսկին», բանաստեղծություններ, Սարգիս Խաչենց, Փրինտինֆո, Երեւան, 2009, էջ 641:
Մեր հայրիկի` Արմեն Զարյանի անտիպ օրագրում, Կոստան Զարյանի վերջին ժամերի մասին պահպանվել է հետեւյալ գրառումը. «Երեկոյան ժամը 8.30-ին հայրս դադարեց շնչել: Լուր տվի կնոջս, նա եկավ, իսկ ես գնացի կենտրոնական փոստ, հեռագրեցի քրոջս եւ եղբորս: Հաջորդ առավոտ գնացի սպեց. պոլիկլինիկա պրիմար բժշկի մոտ ու խնդրեցի, որ ինձ տա հորս մահվան վկայականը: Նա մերժեց: Գնացի ընդունարան, բացատրեցի հարցը, պատասխանեցին…գնացե՛ք գլխավոր բժշկի մոտ… նա նույնպես հրաժարվեց: Չգիտեի էլ ո՞ւմ դիմել, երբ ինձ մոտեցավ մի բժիշկ՝ ասելով, որ Կոստան Զարյանին շատ էր հարգում եւ գրեց հորս մահվան վկայականը»:
1969-ից հետո, ամեն տարի, Կոստան Զարյանի թոռներից մեկը այցելում է երեւանյան գերեզմանոց՝ խունկ ծխում, ծաղիկներ դնում պապիկի, հոր ու մոր գերեզմանին, աղոթում առ Աստված բոլոր Զարյանների անունից:
Հ.Գ. – «Էս ժողովրդի դժբախտություններից մեկն էլ իր կես զարգացած, քաղքենի, տափակ սրտով եւ տափակ խելքով մտավորականներն են… Պառավ աղջիկների նման նախանձոտ, լեղի եւ հիմար…»
Կոստան Զարյան, «Նաւը լերան վրայ», Սարգիս Խաչենց, Փրինտինֆո, Երեւան, 2015, էջ 684:
Աշխարհով ցրված բայց ընտանյոք միասին Կոստան Զարյանի թոռներ՝
ՍԻՐՎԱՐԴ, ԱՆԱԻՍ (Կանադա)
ԱՐԱ (Իտալիա)
ՎԱԼՏԵՐ (Ուկրաինա)