«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնին հրաժեշտ տված Վահան Հունանյանը, մեր տեղեկություններով, շուտով նոր պաշտոն կստանա։ Նրան պատրաստվում են նշանակել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնին։
Ներկայում այդ պաշտոնը զբաղեցնում է Սամվել Մկրտչյանը, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը` 4 տարին, վաղուց լրացել է, եւ, ըստ օրենքի, եթե դեսպանին իր զբաղեցրած պաշտոնից չեն ազատում, նա շարունակում է պաշտոնավարել։ Դեսպանները նշանակվում են 4 տարի ժամկետով, իսկ եթե մի երկրից մյուս երկիր են տեղափոխվում, ապա՝ 3 տարի ժամկետով։ Մինչ Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնին նշանակվելը Սամվել Մկրտչյանը եղել է Լիբանանում ՀՀ դեսպանը, 2018 թվականին նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան, այսինքն՝ նրա պաշտոնավարման 4 տարին լրացել է։
Վահան Հունանյանից փորձեցինք ճշտել լուրը, նա համառորեն մեր զանգերին ու նամակներին չպատասխանեց։ ԱԳՆ ներկայիս խոսնակ Անի Բադալյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Վահան Հունանյանը դեսպան է նշանակվելու, խոսնակը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց․ «Այս պահին Վահան Հունանյանը շարունակում է իր դիվանագիտական ծառայությունը ԱԳՆ կենտրոնական ապարատում»։