Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակելը հակաօրինական, հակասահմանադրական, հակաբարոյական և հակաիրավական որոշում է, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։
«Մի ամբողջ բուհի կարծես ասում են՝ «Ինչ կուզենք, կանենք, մեզ ձեր կարծիքը չի հետաքրքում, այդ մարդը ռեկտոր չի ընտրվել, բայց մեկ է՝ կբերենք, կնշանակենք»։ Մեկ բառով ասած՝ ինչ ուզում՝ անում են»,- նշեց մեր զրուցակիցը։
Ցոլակ Ակոպյանը տեղեկացրեց, որ այս պահին էլ բուհում շարունակվում են դասադուլն ու գործադուլը։
«Ուսանողները դուրս են եկել բակ, աշխատողները ևս բակում կանգնած են»,- նշեց նա։
Հարցին՝ ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը հանդիպե՞լ է բուհի ուսանողներին և դասախոսական կազմին, Ցոլակ Ակոպյանը բացասական պատասխան տվեց։
«Ո՛չ։ Ոչ մեկը նույնիսկ չի բարեհաճել մեզ հետ հանդիպել։ Առանց մեզ երեկ 3 հոգով նիստ են արել և այս որոշումն ընդունել։ Այդ 3 անձանցից որևիցե մեկը բուհի հետ կապ չունի։
Սա հերիք չէ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ընտրել են ժամանակավոր խորհրդի նախագահ, ինչի իրավունքը չունեն, որովհետև այստեղ շահերի բախում կա. նախարարն այլ բուհում (Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ խմբ) այս պահին հոգաբարձուների խորհրդի նախագահ է։ Հերթական ապօրինությունն էլ այդտեղ է»,- ասաց մեր զրուցակիցը։
Ցոլակ Ակոպյանը միաժամանակ հավելեց՝ իրենց տեղեկացրել են, որ այսօր՝ ժամը 16։30-ին, գիտխորհրդի նիստ հրավիրեն, որի ընթացքում էլ Դավիթ Գյուրջինյանին կներկայացնեն բուհի աշխատակիցներին և ուսանողներին, սակայն ինքը պատասխանել է՝ կանոնակարգի համաձայն՝ մեկ օրում գիտխորհրդի նիստ հնարավոր չէ գումարել, առնվազն 5 օր առաջ էր պետք այդ մասին ծանուցել։
Ամփոփելով՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտորը շեշտեց՝ բուհի հետագա աշխատաոճը պետք է որոշի բուհի կոլեկտիվը. եթե կոլեկտիվը որոշի, որ համալսարանի շուրջ վերջին զարգացումները նորմալ և օրինական են, ոչ մի խնդիր։
«Բայց եթե կոլեկտիվը որոշի Դավիթ Գյուրջինյանին թույլ չտալ մտնելու համալսարան, ես կոլեկտիվի կողքին կլինեմ։ Կարճ ասած՝ կոլեկտիվն ինչ կորոշի, ես իր կողքին կանգնած եմ»,- ասաց Ցոլակ Ակոպյանը։
Հիշեցնենք, որ լեզվաբան, հայերենագետ, ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար:
ՀՀ կառավարությունը մինչ օրս չի հաստատել Կարինե Հարությունյանի` Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի` 2022 թ. դեկտեմբերի 9-ի հոգաբարձուների խորհրդի նիստում փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով ռեկտորի պաշտոնում ընտրվելու արդյունքները:
2022 թվականի դեկտեմբերի 22-ին էլ հայտնի էր դարձել, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։ Մասնավորապես, ըստ ՊՎԾ-ի, բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանն ինքն իրեն հատկացրել էր 5,44 մլն դրամի չափով պարգևատրում և լրավճար։