«Իմ ամբողջ 76 տարվա կարիերայի ընթացքում ես չեմ արատավորել իմ պատիվը: Գիտեք, շատ հեշտ է ընկնել կոռուպցիայի ճիրանները, չափազանց հեշտ, բայց ես միշտ պայքարել եմ դրա դեմ: Իմ պատիվը իմ կյանքն է, մենք անբաժան ենք», ասել է Թեդ Թըրները Մոնտանայի իր տարածուն ռանչոն հարցազրույցի համար այցելած Քրիստիան Ամանպուրին: Միջազգաին համբավի տեր լրագրուհին մեդիա ոլորտի միլիարդատեր մագնատի եւ բարերարի հետ զրուցել է CNN-ի, ընտանիքի, հաջողությունների, ձախողումների եւ նպատակների մասին:
Ամանպուրի այն հարցին, թե կհաղթահարի՞ երբեւէ իր հարազատ ընկերությունից դուրս մնալու հանգամանքը, Թեդը պատասխանել է. «Ես հաղթահարելու խնդիր չունեմ: Ես դրանով ապրում եմ»:
Մոնտանայի հիասքանչ ռանչոն ընդամենը մի փոքրիկ մասն է տարբեր նահանգներում երկու միլիոն ակր տարածութուն զբաղեցնող իր ունեցվածքի: Այստեղ բիզոններ են թափառում (նա աշխարհի ամենամեծ բիզոնների նախրի սեփականատերն է) եւ գիշանգղներ սավառնում: Հատկապես ամառներին նա սիրում է այդ կենդանիների ընկերակցությամբ այստեղ զբաղվել ձկնորսությամբ կամ ձիասպորտով: Ամանպուրի հետ զրուցելիս նա անկեղծացել է.
«Քիչ էր մնում CNN-ի ծրագիրը ձախողվեր: Հիմնադրումից մեկ տարի անց գործերը շատ վատ էին: Ֆինանսներ չկային, բանկերն էլ իրենց ներդրած փողերը հետ էին պահանջում: Իրավիճակը ճգնաժամային էր»:
Բայց անհողդողդ բնավորության տեր անձնավորությունը հավատում էր իր առաքելությանը:
«Ես գիտեի ինչ եմ անում: Ավելի ճիշտ զգում էի, որ գիտեմ, թե ինչ եմ անում եւ դա փոխեց, ամբողջովին վերափոխեց իրավիճակը»:
Խիզախ ու նախաձեռնող Թեդը «ոչ» բառը չի ընդունում որպես պատասխան: «Ինչպե՞ս եք վերաբերվում ձախողությանը» հարցին նա պատասխանել է. «Պարզապես խուսափում եմ դրանից»:
Եվ նրան հաջողվել է ցարդ խուսափել: Նա հաջողության է հասել ամեն ինչում, որ նախաձեռնել է եւ կուտակել միլիարդներ, որի մեկ միլիարդ դոլարը սիրահոժար նվիրել է Միավորված Ազգերի կազմակերպությանըՙ ստեղծելով վերջինիս բարեգործական ծրագրերը խթանելու կենսական մի հիմնադրամ: Նա այդ հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահն է:
Նրա իրագործած մյուս ծրագրերի թվում են 2001-ին սենատոր Սեմ Նանի (Դեմոկրատ Ջորջիայից) հետ ստեղծած միջուկային, քիմիական եւ կենսաբանական զենքերի տարածման սպառնալիքի դեմ պայքարող ոչ-կուսակցական կազմակերպությունը, որի տնօրենների խորհրդի համանախագահն է, «Բարի կամքի խաղերը», որը «Ատլանտա Բրեյվզ» բեյսբոլ խմբին մեծ ժողովրդականություն պարգեւեց, «Ըմբշամարտի համաշխարհային չեմպիոնատ»ի ձեռքբերումը, որը վերականգնեց այդ մարզաձեւի հանդեպ հետաքրքրասիրությունը, ռուսական TV6 ալիքի հիմնադրումը եւ շրջակա միջավայրի պահպանության խնդիրները: «Փրկեք ամեն ինչը», «Պահպանեք բնությունը» գրությամբ պաստառներով է ծածկված նրա ավտոմեքենան:
«Իմ ամենամեծ վախը միջուկային զենքերն են: Ուզում եմ, որ աշխարհն ազատվի դրանցից: Զենք կուտակելը նման է քո տան նկուղում դինամիտ զետեղելուն: Ժամանակն է պատերազմները թողնել անցյալին: Կարծում ոմ բավական առաջադիմել ենք, որպեսզի կարողանանք «ոչ» ասել պատերազմներին», նշել է նա, հիշատակելով անցյալում Ֆիդել Կաստրոյի հետ իր հանդիպումը եւ ներկայիս Իրան-արեւմտյան երկրներ համաձայնությունն ու պատժամիջոցների վերացումը: Հատկապես Կաստրոյի հետ հանդիպումը 60-70-ական թվերին մեծ խիզախություն էր պահանջում:
Որպես մեծ հարստության տեր մարդու, նա շռայլություններ չի սիրում: Խոստովանել է, որ էլեկտրականությունից, օրինակ, օգտվում է խիստ անհրաժեշտության դեպքում եւ կողմնակից է էկոլոգիապես մաքուր էներգիայի, այսինքն արեւային էներգիայի բնագավառում ներդրումներ կատարելու:
Այժ, 77-ամյակի շեմին, նախասրտային թրթռումներից տառապող, դանդաղկոտ դարձած, բայց ոչ ուժասպառ Թեդը ծնվել է 1938 թվի նոյեմբերի 19-ին Ցինցինատիում: Ամբողջական անունն է Ռոբերտ Էդուարդ «Թեդ» Թըրներ երրորդ: Հիմնադիրն է «Cable News Network» (CNN)ՙ կաբելային առաջին 24 ժամյա լրատվական հեռուստաալիքի, ինչպես նաեւ «Watch Turner Broadcasting System» (WTBS) կաբելային հեռուստատեսության առաջին գերհագեցած կայանի, որը մի քանի ձախողակ հեռուստակայանների վերագործարկումով ստեղծեց այլընտրանքային, բազմաժանր ծրագրեր ներկայացնելու հնարավորությունը: Հայրըՙ Ռոբերտ Թըրներ երկրորդը գովազդային ընկերության մագնատ է եղել, ով ողբերգական ձեւով ինքնասպան է եղել, երբ Թեդը 24 տարեկան էր: Նա Թեդին խորհուրդ է տվել այնքան բարձր նպատակներ դնել իր առաջ, որ հնարավոր չլիներ իրականացնել մի կյանքի ընթացքում: Ինը տարեկանին, Թեդի ընտանիքը Սավաննա (Ջիորջիայի նահանգ) է տեղափոխվել: Հաճախել է ՄկՔալի վարժարանը Թենեսիում, ապա Բրաուն համալսարանը, որտեղ մասնագիտացել է դասական բանասիրության մեջ, խիստ բարկացնելով հորը: Հետագայում մասնագիտացել է նաեւ տնտեսագիտության մեջ, բայց դիպլոմ չի ստացել վերջին տարում բուհից հեռացված լինելու պատճառով: 1989-ին սակայն Բրաուն համալսարանը նրան շնորհել է պատվավոր բակալավրիատի գիտական աստիճան:
1980-ին, CNN-ի հիմնադրման առիթով նա ասել է. «Մենք հարատեւելու ենք, գնալու ենք մինչեւ աշխարհի վերջը, դա էլ ենք լուսաբանելու եւ «Աստված իմ, մենք ավելի ենք մոտիկացել քեզ» երգելով եզրափակելու ենք մեր հաղորդումները»: Հիմնադրումից հինգ տարի անց Թեդը գնել է Թոմ Քազընսից «Օմնի ինտերնեշընլ» ընկերությունը եւ Միդթաունի (Ատլանտա) արվարձանային ակումբներից մեկի գրասենյակից CNN-ը տեղափոխել այնտեղ: 1981-ին նրա հեռահաղորդակցության կազմակերպությունը գնել է «Բրուտ Փրոդաքշընզը» Ֆաբերժ ինկորպորացիայից: 1986-ին 1,5 միլիարդ դոլարով Թեդը Քըրք Քըրքորյանից գնել է MGM/UA զվարճանքի ընկերությունը, բայց պարտքերի հետեւանքով նա վերավաճառել է այն դարձյալ Քըրքորյանին: Իրեն է պահել միայն հեռուստատեսային ֆիլմերի արխիվը: «Թըրներ էնթրթեյնմընթ» ընկերությունը հիմնվել է 1986ին: 1989-ին հիմնել է «Turner Tomorrow Fellowship» ընկերությունը, զարկ տալու համար գլոբալ խնդիրներ լուծելու դրական մոտեցումներ առաջարկող գեղարվեստական արտահայտչամիջոցներին:
1988-ին «Քամուց քշվածները» ֆիլմով սկիզբ է դրել իր «Turner Network Television» հեռուստակայանի գործունեությանը: 1994ին սկսել է ցուցադրել դասական ֆիլմերի իր հավաքածուն «Turner Classic Movies» անվան տակ եւ ձեռնամուխ է եղել գունավորելու նախկին սեւ ու սպիտակ ֆիլմերը, բայց պահանջված ծախսերը այնքան մեծ են եղել, որ հրաժարվել է այդ գաղափարից: 1993-ին ռուս լրագրող Էդուարդ Սագալաեւի հետ Թեդը հիմնել է Մոսկվայի անկախ հեռահաղորդակցության կորպորացիան, որը սկսել է գործել 6րդ հաճախականության վրա, դառնալով TV-6-ը: Հետագայում այն վաճառել է ռուս գործարար Բորիս Բերեզովսկուն: Թեդը երկարամյա անբարյացկամ վերաբերմունք է ունեցել կաբելային հեռարձակումների մեկ այլ մագնատ Ռուպերտ Մըրդոքի նկատմամբ: Խնդիրը առաջացել է 1983-ին, երբ Մըրդոքի հովանավորության տակ գտնվող սպորտանավը Սիդնեյ-Հոբարտ մրցույթի ժամանակ բախվել է Թըրների սպորտանավին եւ խորտակել այն: Մրցույթի ավարտի պատվին տրված ճաշկերույթի ժամանակ Թեդը Մըրդոքին մարտահրավերի է կանչել, իսկ հետագայում էլ նրան «պատերազմի հրձիգ» է անվանել, երբ Մըրդոքը սկսել է պաշտպանել Իրաք ներխուժելու Ջորջ Բուշի նախաձեռնությունը:
Թեդը ամուսնացած եւ բաժանված է եղել երեք անգամ: Նրա կողակիցներն են եղել Ջուդի Նայը (1960-64), Ջեյն Շիրլի Սմիթը (1965-88) եւ դերասանուհի Ջեյն Ֆոնդան (1991-2001): Ունի հինգ զավակ: Հավատացյալ է եղել մինչեւ ականատես լինելը իր քրոջ տառապանքներին հինգ տարի շարունակ եւ նրա մահվանը 17 տարեկանում: Նա հիմա էլ է իրեն համարում ագնոստիկ, բայց դեռեւս շարունակում է աղոթել հիվանդ ընկերների առողջության համար: Նա Քանզասում, Նեբրասկայում, Օկլահոմայում եւ այլուր գտնվող 15 ռանչոների սեփականատերն է: Ընդհանուր տարածքը 1,910,585 ակր. (7,731,86 կմ2): Ամենամեծը «Վերմեխո պարկն» է Նյու Մեքսիկոյում: 2008ին լույս է ընծայել ինքնակենսագրական «Call me Ted» (Անվանեք ինձ Թեդ) հատորը: Արժանացել է բազմաթիվ մեդալների եւ պարգեւների: 1991-ին «Թայմս» ամսաթերթը նրան անվանել է «Տարվա մարդ», պարգեւատրվել է «Ալբերտ Շվեյցերի անվան մարդասիրության ոսկե մեդալով»:
Քաղաքական հարցերի եւ միջավայրի պահպանության խնդիրների վերաբերյալ ունի իր հստակ կողմնորոշումները:
Դեռ 2006 թվի սեպտեմբերի 19-ի Ռոյթերսի կազմակերպած լրատվական կոնֆերանսի ժամանակ նա իր դիրքորոշումն է արտահայտել Իրանի միջուկային զենքի կապակցությամբ, ասելով. «Իրանը ինքնիշխան պետություն է: Մենք 28 հազարը ունենք (միջուկային զենք ի նկատի ունի), ինչո՞ւ Իրանը չի կարող 10 հատ ունենալ: Ինչո՞ւ Իսրայելի մասին ոչինչ չենք ասում: Նրանք 100 կամ մոտավորապես այդքանն ունեն: Ինչո՞ւ չենք խոսում Հնդկաստանի, Պակիստանի կամ Ռուսաստանի մասին»:
Իսկ 2010-ին Ուեսթ Վիրջինիայում ապրիլի 5-ին տեղի ունեցած հանքի փլուզման (որի ժամանակ 29 հանքափորներ զոհվեցին) եւ ապրիլի 20-ին Մեքսիկոյի ծոցում նավթի հեղեղման (որի հետեւանքով զոհվեցին նավային անձնակազմի 11 անդամներ) առիթներով նա CNN-ին ասել է. «Եթե Աստված չի կամենում, որ մենք շարունակենք հորատումները, եկեք հրաժարվենք դրանցից: Իսկ նավթի փոխարեն էլ անցնենք արեւային կամ քամու էներգիայի օգտագործմանը»:
2008ին էլ անդրադառնալով մթնոլորտի գլոբալ տաքացման երեւույթին նա PBS-ի լրագրողին նշել է, որ միջոցներ եթե չձեռնարկվեն, մարդկանց մեծ մասը մահանալու է դրա հետեւանքով, իսկ մյուս մասն էլ մարդակերներ են դառնալու:
Ամանպուրի հետ զրուցելիս նա, ճիշտ է, խոստովանել է, որ հոգնած է զգում իրեն, բայց չի պատրաստվում բավարարվել ձեռքբերածով: