Թեեւ կանցլերի կայքում նախապես իրազեկում չկար եւ ավելի ուշ արձանագրվեց, որ այսօր՝ մարտի 14-ին, Ալիեւ-Շոլց առանձնազրույցին հետեւելու է մամուլի ասուլիս, այդուհանդերձ որեւէ զիջում չարվեց «Ազգի»՝ հայկական լրատվամիջոցի համար, եւ նույն օրը կանցլերի մամուլի ծառայություն ուղարկված մեր գրավոր հարցերը հնչեցնել հնարավոր չեղավ: Երբ նույնիսկ պնդեցինք, թե Ադրբեջանի նախագահին հենց հայ լրագրողը պիտի հարց տա, մամուլի ծառայության ղեկավարը մեր հետ հեռախոսազրույցում փորձեց հավաստիացնել, թե գերմանացի պրոֆեսիոնալ լրագրողներն էլ տեղում են եւ կարող են նրան (սուր) հարց ուղղել: Այդպես էլ սուր հարց չհնչեց, իսկ ֆաշիստին արտոնեցին Մյունխենում սկսած իր հոխորտանքը նորից կրկնել Գերմանիայի մայրաքաղաքում:
Բեռլինում ժամը 14 անց 3 սկսվեց Ադրբեջանի նախագահի եւ ԳԴՀ կանցլերի առանձնազրույցին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսը, որն ավարտվեց 14 անց 23: Ժամանակն արձանագրում ենք՝ շեշտելով հատկապես այն հանգամանքը, որ 20 րոպե տեւած ասուլիսում առիթ եղավ նախ հիասթափվելու գերմանացի մեր գործընկերներից: Նրանց հնչեցրած միակ հարցը, մեղմ ասած, բարոյական չէր: Երբ ստիպված ես լսել ֆաշիստական գործունեությունը չքողարկող մի երկրի նախագահի, որը քեզ տաք ջուր եւ ջեռուցվող բնակարան է խոստանում, ապա քեզ տրված հարցի իրավունքը սպառում ես քո երկրի կանցլերին դիմելով, որ պարզաբանի ամերիկյան «Սիլիկոնային հովիտ բանկին» առնչվող մի խնդիր, աննկատ թողնելով 120 000 արցախցու, մարդո՛ւ ոչնչացման մասին Ալիեւին ուղղված քո հնարավոր հարցը, ապա մերժում ես, թե լրագրողի համար մարդու եւ մարդկանց կյանքը պահպանելը առավելագույն կոչումն է:
Մնացած բոլոր հարցերը տվեցին ադրբեջանցի լրագրողները:
Հպանցիկ շարադրենք այսօրվա ասուլիսում հնչած երկու շեշտ՝ Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններում կարեւոր բաղադրիչը տնտեսականն է, էներգետիկ համագործակցությունը, հատկապես կանաչ էներգիան, ԵՄ-ի հայտնի բանաձեւումը «վստահելի գործընկերոջ» հետ առաջիկայում խորացնելիք առեւտուրը նոր հնարավորություն ու հեռանկար է խոստանում ԵՄ-ի եւ Գերմանիայի համար։
Եվ երկրորդ շեշտը, որ խրոխտ հիշեցրեց Ադրբեջանի նախագահը, հետեւյալն է՝ Ադրբեջանը 2,5 տարի առաջ պատերազմի միջոցով վերականգնել է իր պատիվն ու արժանապատվությունը, հաստատել իրավազորությունը 30 տարի Ադրբեջանի տարածքը գրաված հայկական զինուժի տարածքում, իսկ հիմա Հայաստանը, եթե հնարավորությունը բաց չթողնի, ապա խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում:
Կանցլեր Շոլցին մի քանի անգամ հարց ուղղեցին Արցախի ինքնորոշման մասին՝ մարտի 2-ին Բեռլինում ՀՀ վարչապետի հետ ասուլիսում հնչեցրած ելույթին հղում անելով: Կանցլերը խուսանավում էր հստակ պատասխանից, երկու տարբեր հարցերի նույն կերպ պատասխանեց՝ միջազգային հանրությունը, Գերմանիան չեն խոսում Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին:
Ասուլիսից ստացած մեր առաջնային տպավորությամբ՝ Շոլցի եւ Ալիեւի զրույցը, որքան էլ տնտեսական համագործակցությունը գերկայող շեշտ է ունեցել, այդուհանդերձ ԳԴՀ կանցլերն ընդգծել է իր մտահոգությունը Հայաստան-Ադրբեջան նկատելի էսկալացիայի առիթով, ասուլիսի սկզբում իր ելույթում խոսեց Լեռնային Ղարաբաղի հումանիտար վտանգավոր իրադրության, հակամարտության լուծման մասին:
Անդրադառնալով ռուսական հարձակմանը՝ Գերմանիայի կանցլերն ասաց, թե այն աշխարհաքաղաքական շրջադարձ է ուրվագծում եւ այդ պատճառով հիմա առանցքային նշանակություն են ստանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարամյա հակամարտությունը խաղաղ լուծելու ջանքերն ակտիվացնելը:
«Գերմանիան մտահոգ է, որ հայ-ադրբեջանական սահմանին անկայուն վիճակ է: Իրադրությունը չի կարող տեւական ժամանակ հանդուրժելի լինել, կհանգեցնի վտանգի՝ հետագա էսկալացիայի: Անցած շաբաթների եւ ամիսների իրադարձությունները սա ակնբախ դարձրին, սա առանձնահատուկ վերաբերում է տեղում հումանիտար իրավիճակին: Հետևաբար, մեր ընդհանուր նպատակը պետք է լինի այս հակամարտությունը արագորեն հասցնել կայուն և կենսունակ լուծման՝ ի շահ տեղի Լեռնային Ղարաբաղի բնակչության: Հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։ Սա ներառում է Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։ Երկու պետությունների բոլոր բնակիչների համար կարևոր է հարգել մարդու և փոքրամասնությունների իրավունքները՝ միջազգային չափանիշներին և ստանձնած պարտավորություններին համապատասխան», իր ելույթում ընդգծեց Գերմանիայի կանցլերը: Նա նշեց, որ ողջունում է Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի վարչապետի հետ կայացած հանդիպումները, ինչպես նաեւ խաղաղության հասնելու նրանց միակամությունը: Ադրբեջանը եւ Գերմանիան ԵԽ անդամներ են, ուստի մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը հարգելու պարտավորություններ ունեն, շեշտեց կանցլերը՝ հիշատակելով, որ ժողովրդավարության մաս է կազմում քաղաքացիական ակտիվ հասարակությունը, նաեւ ընդգծելով, թե առանձնազրույցի ընթացքում դրա մասին էլ ակնարկել է:
Այնուհետ խոսեց Ալիեւը՝ «Ուզում եմ, որ գերմանական լրատվամիջոցներն իմանան, որ ադրբեջանական տարածքները Հայաստանի օկուպացիայի տակ են եղել 30 տարուց ի վեր: Էթնիկ զտման պատճառով մեր երկրի 20 տոկոսը օկուպացված էր,1 միլիոն ադրբեջանցի արտաքսված էր այդ տարածքից՝ դառնալով փախստական: 2,5 տարի առաջ հայրենական պատերազմի միջոցով վերականգնեցինք մեր պատիվը, մեր տարածքային ամբողջականությունը վերականգնեցինք, ճակատամարտում պարտադրեցինք Հայաստանին, որ մեր տարածքը թողնի, զորքը ետ քաշի: Հայաստանի նախկին ղեկավարությունը ԼՂ-ն հայկական տարածք էր ճանաչում, դրանով խաղաղության հնարավորությունը բաց թողնում: Հայաստանի այսօրվա վարչապետն ասում է Ղարաբաղն Ադրբեջան է եւ վերջ: ( Ադրբեջանի նախագահը խոսում էր իր մայրենիով, նրա խոսքն իր համերկրացին թարգմանում էր գերմաներեն, մենք էլ ունկնդում էինք թարգմանությունը, որը եւ ներկայացնում ենք- Ան.Հ.)։ 44-օրյա հայրենական պատերազմի ժամանակ մենք ապացուցեցինք, որ Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է, Շուշիում նույնն ենք ապացուցել: Այժմ խաղաղության ժամը հասունացել է: Հայաստանին 5 սկզբունք ենք ներկայացրել, հույս ունենք, որ Հայաստանն այս հնարավորությունը բաց չի թողնի», ասաց Ադրբեջանի նախագահը՝ շեշտելով, թե դրանով Հարավային Կովկասում վերջապես խաղաղություն կհաստատվի:
Դաշնային նախագահին հարց տվեց ադրբեջանցի լրագրողներից մեկը՝ հիշեցնելով, թե ՀՀ վարչապետի հետ մարտի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ կանցլերն ասել է, թե «հակամարտությունը պիտի լուծվի Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Եւ որ դրանք հավասարազոր են: Ձեր հիշատակած սկզբունքները վերաբերո՞ւմ են նաեւ Հարավային Օսիային, Աբխազիային, Դոնբասին, Մերձդնեստրին»: Կանցլերն այսպես պատասխանեց՝ պարզապես գերարդիական մի հակամարտության մասին ասեմ՝ Ռուսաստանը փորձում է Ուկրաինայի մի մասն օկուպացնել: Սա մենք երբեք չենք ընդունի: Տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքին դեմ է: Այդ անեքսիան չենք ընդունի: Եւ այդ պատճառով միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա