Որքան էլ տարօրինակ` սահմանադրական փոփոխությունների հետ կապված գործընթացները նպաստում են լրիվ քրքրված ընդդիմադիր դաշտի վերաֆորմատավորմանը: Բայց դա առաջին հայացքից է տարօրինակ, իսկ խորքով համապատասխանում է գաղափարական հստակ կողմնորոշիչեր չունեցող ու պարանորմալ մեր քաղաքական դաշտի տրամաբանությանը: Քանի որ հենց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որքան էլ պնդեն, ծնվել է ոչ թե մեր երկրի կառավարման մոդելը փոխելու ազնիվ մղումից, այլ քաղաքական դաշտի հարմար քարտեզ ունենալու` բարձրագույն իշխանության մղումից: Եթե դրան նախորդած չլիներ ընդդիմադիր դաշտը քայքայելու տարիների «բեղուն» աշխատանքը, որն ի վերջո ավարտվեց թիվ մեկ ընդդիմադիր եւ ապագա նախագահական ընտրություններում գործոն դառնալ հավակնող ուժին նոկաուտի ենթարկելով, մենք էլ մի շարք կուսակցականների նման կընկնեինք ռոմանտիզմի գիրկն ու կասեինք, թե` հա, մեր երկրի համակարգն է բյուրեղացվում:
Գրել ու գրելու ենք դեռ այն դերի մասին, որ ունեն կամ ստանձնում են իշխանական քաղաքական համակարգի տարբեր միավորները սահմանադրական փոփոխությունների գործընթացում (ոչ միանշանակ արդյունքով` սա էլ տարբեր տիպի ու թեւերի իշխանականների դժբախտությունը համարենք), սակայն փորձենք այս անգամ հասկանալ, թե ո՞րն է լինելու ընդդիմադիր շրջանակների դերակատարումը կամ մասնակցությունն այս ամենին, եթե նրանք իրոք կան:
Բոլոր պարագաներում` իրենց քաղաքական վերլուծաբան համարողները խորիմաստ ու երբեմն նույնիսկ իզը կորցրած սխոլաստի ու վերացականության հասնող վերլուծությյուններ են անում, փորձելով ինչ-որ կերպ իրացնել արեւմտյան ջանքերով ստացած կրթության գիտելիքները` մեր պրիմիտիվ իրականությունը խո՜րը փիլիսոփայական հարթությունից դիտարկելով: Սակայն պետք է հիասթափեցնել նրանց` անգամ ընդդիմադիր շրջանակները մեզ մոտ վոյաժներ են անում` պարզ պրագմատիզմից ելնելով եւ արեւի տակ իրենց տեղն ունենալու բնազդական ձգտումով, այլ ոչ թե` մեր կյանքը փոխելու բյուրեղացված ցանկություններից, ինչպես ոմանք են ձեւակեեւպում: Այս իմաստով մեր իշխանությունն ու տարբեր առիթներով ծիկրակող- իրենց ընդդիմադիր սեպող միավորներն իրար արժեն:
Սակայն մենք պետք է ելնենք այն կանխավարկածից, որ ուժեղ ընդդիմության բացակայությունը միշտ էլ իշխանության ամենաթողության նշան է, անկախ նրանից, որ իշխանությունն է թուլացրել ընդդիմությանը: Ուրեմն պետք է այնպիսի ընդդիմություն, որին թուլացնել չեն կարող: Ու լավ կլիներ` արեւմտյան կամ ռուսական տարբեր շրջանակներից չսնվող ընդդիմություն ունենալ, բայց դա առայժմ երազանք է միայն, մանավանդ` նոր մարդիկ այդպես էլ չուրվագծվեցին վերջին շրջանում (վերստին սկսված «Ոչ թալանին» եւ այլ անվանումներ կրող քաղաքացիական շարժումը հստակ բնութագրել առայժմ անհնար է` քաղաքականությանը չխառնվելու նրա լիդերների ցանկության եւ շարժման ստույգ ուղղորդիչներին չիմանալու պատճառով, իսկ որ նրանք արդեն հայտարարում են, թե քաղաքական ուժերի հետ կպայքարեն` դա դեռ կերեւա): Եւ մենք ստիպված ենք խոսել նրանից, ինչ ունենք:
Սկսված սահմանադրական աժիոտաժի պայմաններում գլխավոր հարցը մնում է այն, թե ո՞վ կգլխավորի սահմանադրական փոփոխությունների դեմ շարժումը: Սա ոչ այնքան այդ փոփոխությունների նպատակի դեմ է, որքան ընդդիմության նոր միավորների հայտածման, կայացման կամ միգուցե մի նոր կոնգլոմերատ ձեւավորելու առիթ, քանզի, նշել ենք, սահմանադրություն փոխելը սովորաբար մեր իշխանությունների համար քաղաքական քարտեզները հարմար ձեւավորելու առիթներ են, ձեռքի հետ էլ եթե կառավարման համակարգը բարելավվի` չգիտենք: Արհեստական օրակարգ է ընդդիմադիր ձեւաչափով հանդես եկողների համար, թերեւս, սակայն, այնուամենայնիվ` օրակարգ է, գոնե ավելի գլոբալ, քան թե մանր-կենցաղային հարցերը, բացի այդ` սահմանադրական փոփոխություններին դեմ եւ կողմ շարժումները իշխանական եւ հակաիշխանական նորացված թեւերի ձեւավորման համար ռեսուրս են պարունակում: Հատկապես այն առումով, որ նոր նախագիծը, այո, կայուն մեծամասնության դրույթով շատ մեծ վտանգ ունի մի կուսակցության եւ նրա լիդերի անսահմանափակ եւ անժամկետ իշխանության իրացման առումով` ինչ պաշտոնում էլ լինի նրա լիդերը: Իսկ դա առկա կառավարման լծակների պահպանում եւ մի կուսակցության մենիշխանություն է նշանակում` անկախ նրանից, թե քանի կուսակցություն մուտք կգործի խորհրդարան: Դա կարող է հակառակորդներ ունենալ երկու կողմերում էլ:
Դիտարկենք, թե ով հավակնություն ունի ղեկավարելու սահմանադրական փոփոխությունների դեմ շարժումը կամ լինելու գերիշխող այդ շարժման մեջ:
Սկզբում` սկսենք բացասումներից:
Բացառում ենք, որ դա ԲՀԿ-ն կլինի, այո, քանզի նրա պահվածքն այժմ առավել կանխատեսելի է, հետո այդ ուժը հայտարարում է, որ չի միանա նախագծի դեմ պայքարին: Սակայն ըստ լուրերի` այս ուժի վրա հենվող վարչապետը ժամանակի հետ այլ տրամադրություններ ու հավակնություններ կարող է ունենալ, դա ընթացքում կերեւա: Մենք չենք մոռանում, իհարկե, որ ԲՀԿ ներկայիս ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ժխտում է, թե վարչապետն այս ուժի հետ կապ ունի, բայց լուրերը տարածող լրատվամիջոցները սնվում են իշխանական օթյակներից, այնպես որ` սա էլ ժամանակի ընթացքում պարզ լինելու խնդիր է:
ՀԱԿ-ը հազիվ թե ձգի ինչ- որ բան ղեկավարելու, չնայած ըստ ամենայնի` այս ուժն է կարծես նախաձեռնում սահմանադրական փոփոխությունների դեմ շարժումը (ՀԱԿ-ը դեմ է սահմանադրական փոփոխությունների նախագծին եւ նախագահ Սարգսյանի հետ չի հանդիպել. անցած անգամ թյուրիմացաբար գրել էինք , որ այդպիսի հանդիպում եղել է` ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանն էր ուղղակի հանդիպման գնացել, էն էլ «ՍԴՀԿ վերակազմյալի» անունից): Չի ձգի նախ այն պատճառով, որ նա արդեն խորհրդարան էր մտել ժամանակին մագիլները հանած, հիմա էլ բզկտվում է իր ներսից իրեն հակադրվողների պատճառած ցնցումներից:
Քոչարյա՞նը: Ասում ենՙ այո, նա չի հրաժարվել առաջին դեմքի կարգավիճակով վերադառնալու հավակնություններից, ուզում է կուսակցություն հիմնել եւ կրկնել ժամանակին ԲՀԿ-ի տեսքով զանգվածային կուսակցություն կազմավորելու փորձը եւ վերադառնալ…սպիտակ ձիով: Արդյո՞ք այդ մտադրությունն ու Վարդան Օսկանյանի մտադրությունը` նոր կուսակցություն հիմնելու, նույնական են, եւ արդյո՞ք ճիշտ է այն լուրը, որ «Բարգավաճ հայրենիք» անունով նոր կուսակցությամբ վերջնականապես փորձ է արվելու մոռացնել ներկա ԲՀԿ-ն: Այս լուրերն էլ երկար հնարավոր չի լինի առանց նյութական փաստերի սնել: Բոլոր դեպքերում քոչարյանամերձ շրջանակները սպասում են ձեւավորում առ այն, որ Քոչարյանը շուտով նոր հարցազրույց կտա ու այս բոլորի մասին կարտահայտվի, իսկ կան ԶԼՄ-ներ, ովքեր խոսում են այդպիսի շարժումը Քոչարյանի կողմց ֆինանսավորելուց:
Նիկո՞լը: Նրա ստեղծած միությունը գրանցել են: Չնայած նրա նախկին կողմնակիցներին հարող լրատվամիջոցների կողմից նրա շուրջ տարածվող բամբասանքներին առ այն, թե վերջինս կապ ունի իշխանական օթյակների հետ, անառարկելիի է մի բան` Նիկոլ Փաշխնյանը խորհրդարանում շատ գրագետ է աշխատում, եթե չասենք` ընդդիմադիրների մեջ ամենագրագետը, նա ճիշտ պահին ու ճիշտ տեղում միշտ բարձրացնում է այն հարցերը, որոնք տվյալ պահին ամենաակտուալն են ու արձագանք են գտնում հանրության մեջ: Այսինքն` նրան կարելի է համարել հանրության մեջ ամենաընկալված գործիչը: Իսկ թե ինչ դուրս կգա դրանից, որտեղ կլինի նա ու իր ստեղծած շարժումը, վաղ է եզրահանգումներ անելը: Բայց որ նրա լիդերական հակումները հարկավոր են լինելու, սա` անկասկած:
Արթուր Բաղդասարյանի ստեղծած միավորումը գուցեեւ կարող է ուժ դառնալ, եթե այստեղ փող լինի` կլինեն ուժեր, որոնք ե՛ւ արմատական ընդդիմություն չեն, ե՛ւ իշխանություն չեն, ու կմիանան այս ուժին: Սակայն անհասկանալի է դեռ, թե ինչ վերջնական դիրքորոշում կորդեգրի այդ ուժը, երբ սկսվի սահմանադրական փոփոխությունների դեմ շարժումը: Հայտնի է, որ ներկա տեսքով նախագիծը միավորման անդամ ՕԵԿ-ականները քննադատում են: Սակայն «Հայկական վերածննդի» ընդդիմանալու օրակարգն ու ռեսուրսը դեռ լիովին հայտնի չեն::
Էդմոն Մարուքյանի ստեղծած կամ ստեղծելիք ուժի մասին դեռ քիչ բան է հայտնի, այդ իմաստով դեռ այդ մասին խոսելը ի տեղի եւ ժամանակի չէ, կլինի` կխոսենք: Էլի կան ուժեր, որոնք կհարեն դիմակայության շարժմանը, ասենք` «Ժառանգությունը», եթե մոռանա նախագահական ընտրություններին ընդդիմադիրների կողմից «գցվելու» դառը փորձը, մանավանդ` դեմ է նախագծին:
Ուրիշները եւս շարժում ստեղծելու անհրաժեշտության մասին խոսում են (Արամ Սարգսյանը, Արամ Կարապետյանը եւ այլք), սակայն դեռ որոշակիացված բան չկա, այս ամսվա վերջերին գուցե որոշ բան կուրվագծվի:
Նկատենք, որ մինչ ընդդիմադիրները փորձում են սահմանադրական փոփոխություններին դիմակայություն ձեւավորել, փոխվում է իրավիճակը մեր երկրի համար կենսական մի շարք խնդիրներում: Մտահոգիչ է սահմանային լարվածությունը. Ադրբեջանը գնդակոծում է Տավուշի սահմանային գյուղերը, կան վիրավորներ: Բաքուն կրկին ցույց է տալիս իր դեմքը` որոշ պահ օլիմպիադայի շրջանում լռելուց հետո: Սա տեղի է ունենում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` երկու օր առաջ կայացած բաքվյան այցի ֆոնին, որն ըստ ենթադրությունների կարող է Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակի վաճառքի հայտ պարունակել իր մեջ, անգամ արտերկրի տարբեր աղբյուրներ արտահոսքեր են անում, թե Ռուսաստանն ուզում է ռադարային կայան կառուցել Ադրբեջանում, բնականաբար` Հայաստանին դա անհանգստացնում է: Պուտինն է օրինագիծ առաջարկել Պետդումային` ԱՊՀ տարածքում առեւտուր անելիս դոլարից ու եվրոյից հրաժարվելու մասին, եթե դա տեղի ունենա` հարկ է նախօրոք հաշվել Հայաստանի արտաքին առեւտրի օգուտն ու վնասը: Այսինքն` ընթացիկ հարցեր կան, որոնք անընդհատ կարող են փոխել Հայաստանի ներքին օրակարգը` Հայաստանը միշտ պիտի պատրաստ ու պաշտպանունակ լինի, իսկ սահմանադրական փոփոխությունների կամ դրա դեմ շարժման վրա կենտրոնացողներն էլ պիտի նախ այդ բոլորը նկատի ունենան:
Առայժմ, այս երեք օրը երկրի նախագահը ներկա կառավարման մոդելի հնարավորություններն է ստուգում` հրամանատարաշտաբային եռօրյա զորավարժությունների միջոցով եւ իր գերագույն հրամանատարությամբ: Տեսնես մեր նախարարները փափուկ ու փափկակենցաղ իրավիճակից դուրս մի բանի ընդունակ ե՞ն: Համենայն դեպս` մեր հակառակորդն արձագանքում է այս զորավարժություններին` մեր հյուսիսային սահմանները գնդակոծելով: