Կոպիտ չարտահայտվելու համար ավանակի ու փալանի ասացվածքը չենք ուզում մեջբերել, բայց ասես օրինաչափություն լինի՝ մեր երկրին նախագահը «վրա չի գալիս»: Ավելի քան մեկ տարի պաշտոնավարող նախագահ Վահագն Խաչատուրյանի գործունեությունը դժվար է քննել. քննելու բան էլ չկա: ՀԱԿ-ի շարքերից սահուն քայլերով դեպի Փաշինյանի թիմ գնացած նախագահը, ինչ խոսք, երաժշտական լավ լսողություն ունի, դաշնամուր հաճույքով է նվագում: Բայց այդ ամենը քիչ է, անգամ՝ անհրաժեշտ էլ չէ մի ամբողջ ինստիտուտ նպատակին ծառայեցնելու ու ի շահ պետության գործունեություն ծավալելու համար: Այս օրերի նրա արածը մե՛կ Երեւանի քաղաքապետին, մե՛կ վարչապետին հանդիպելը, կամ Փաշինյանին՝ Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելու համար անգրագետ հայերենով շնորհակալություն հայտնելն է: Տպավորություն է, թե նախագահը շնորհակալություններից ու դաշնամուրի ստեղներին մոտենալուց բացի ոչինչ չունի անելու: Իհարկե, միջազգային այցեր նույնպես ունենում է, ու տեղը տեղին «խայտառակում ռեսպուբլիկան»՝ Եղիսաբեթ երկրորդ թագուհու աճյունի ֆոնին, օրինակ, «սելֆի» անելով: Միջադեպը, հիշեցնենք, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել՝ բացասական իմաստով: Պարգեւավճարի մասին էլ չեն մոռանում Խաչատուրյանի ղեկավարած հիմնարկում. իրենց լավ են նայում ու հավելյալ վճար ստանում՝ ըստ երեւույթին չափից շատ շնորհակալություն հայտնելու համար:
Նախկին նախագահ Արմեն Սարգսյանից հետո, որ, օրինակ, նոյեմբերի 10-ի հայտարարությանը մամուլից էր տեղեկացել, հասարակությունն սպասում էր, թե նորեկ նախագահը երկրի դարդուցավով կապրի, Հայաստանի շահը միջազգային հարթակներում կներկայացնի ու դաշնամուրի ստեղներին ի նպաստ մեր երկրի կմոտենա: Բայց պարոն Խաչատուրյանը Հայաստանի ու Արցախի համար օրհասական այս պահին հասարակությանը միաբանող որեւէ ելույթով, էլ չասած՝ գործունեությամբ հանդես չի եկել: Երեւի նա նույնպես երկրում կատարվող իրադարձություններին մամուլից է տեղեկանում ու գոհունակ ժպիտով բացում դաշնամուրի կափարիչը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ