ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի կենսաինժեներիայի և կենսաբժշկական հետազոտությունների լաբորատորիաները Բելառուսի ԳԱԱ Ֆիզիկայի ինստիտուտի «Մոլեկուլների ֆոտոնիկայի և ֆոտոքիմիայի» կենտրոնի հետ համագործակցությամբ իրականացնում են հետազոտություններ՝ ստեղծելու այնպիսի նոր դեղամիջոց, որով ոչնչացնեն միայն քաղցկեղային բջիջները:
Քաղցկեղային բջիջներում ֆոլաթթվի (վիտամին B9) ռեցեպտորների քանակը, որոնք աշխատում են անտենայի սկզբունքով, 100-300 անգամ ավելի շատ է, քան առողջ բջիջներում: Օգտագործելով այս հանգամանքը՝ գիտնականները ֆոլաթթվի (ՖԹ) հետ կոմպլեքսավորել են ցինկ մետաղ պարունակող պորֆիրիններ: Ստացված կոմպլեքսները կապվում են միայն քաղցկեղային բջիջների ֆոլաթթվի ռեցեպտորների հետ թիրախային սկզբունքով: Ներթափանցելով քաղցկեղային բջիջների մեջ, լազերի միջոցով լուսավորումից հետո նրանք ոչնչացնում են միայն քաղցկեղային բջիջները: Այդ կոմպլեքսներից ընտրվել են նյութերի ամենաբարձր հարաբերակցությամբ կոմպոզիտը` [ՖԹ + Zn-TBut4PyP], որում հարաբերակցությունը հասնում է 20/1-ի: Կոմպոզիտների հատկություններն ուսումնասիրվել են տարբեր pH-ի և NaCl կոնցենտրացիայի պայմաններում, որոնք բնորոշ են քաղցկեղի համար: Պորֆիրինները կարող են օգտագործվել նաև բակտերիաների, սնկերի և վիրուսների դեմ պայքարում:
Հետազոտությունն իրականացվում է «Ֆոլաթթվի և կատիոնային պորֆիրինների հիմքով նոր վեկտորային կոմպոզիտներ ուռուցքների ֆոտոդինամիկ թերապիայի համար» ծրագրի շրջանակում: Հետազոտությունների հիման վրա շարունակվելու է այլ նմանատիպ միացությունների` նանոմասնիկների (արծաթե, ոսկե) ու պորֆիրինների կոմպոզիտների ստեղծումը: Հետազոտական աշխատանքում ընդգրկված են նաև երիտասարդ գիտաշխատողներ:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ