Հիրավի, եզակի են այն անհատները, ովքեր հարազատ ժողովրդի պատմության մեջ իրենց առանձնահատուկ տեղն ունեն, անվիճելի է այն ճշմարտությունը, որ հասարակական կյանքում անհատի տեղն ու դերը գնահատվում է այն չափանիշով, թե նա հասարակայնորեն արժեքավորված խնդիրների իրականացման ժամանակ կազմակերպական ու բարոյական ինչ գործելակերպ է որդեգրում, ինչ համոզմունքներով է առաջնորդվում:
ՀՀ գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պետական-հասարակական գործիչ Մհեր Սիմոնի Մելքոնյանը պատկանում է հայ մտավորական համաստեղության այն ներկայացուցիչների թվին, ովքեր ամեն ինչով նման են իրենց ժողովրդին, ապրում են նրա խոհերով ու հոգսերով, ուրախությամբ ու տխրությամբ ասես խտացնելով նրա հոգեւոր կյանքի ողջ հարստությունն ու իմաստությունը:
Մ. Ս. Մելքոնյանը ծնվել է 1920թ. Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում: 1942թ. ավարտել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծա-ինժեներական ֆակուլտետը եւ ստացել կենդանաբույծի որակավորում:
Կամավոր զինվորագրվել եւ 1941-1945թթ. ծառայել է հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատում գործող բանակում: Պատերազմի հաղթական ավարտից հետո վերադառնալով հայրենիք Մ. Ս. Մելքոնյանն անմնացորդ նվիրվել է մայր հայրենիքի շենացման ու բարգավաճման հայրենանվեր գործին:
Բեղուն է եղել Մ. Ս. Մելքոնյանի աշխատանքային գործունեության ուղին. 1946-1958թթ. աշխատել է Սպիտակի շրջխորհրդի անասնաբուծության բաժնի վարիչ, հատուկ ցեղական կենդանիներ բուծող տնտեսությունների տնօրեն, Վանաձորի շրջանային գյուղվարչության պետի տեղակալ, շրջգյուղտնտեսության բաժնի կենդանաբուծության գլխավոր զոոտեխնիկ, անասնաբուծական եւ անասնաբուժական շրջանային վարչության պետ, շրջանային գյուղատնտեսության վարչության պետ, ոչխարաբուծության գլխավոր տեսուչ: 1958թ. նշանակվել է ժողովրդական դեպուտատների Սպիտակի շրջխորհրդի գործկոմի նախագահ, 1959-61թթ. ՀԽՍՀ ԿԿ Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղար: 1961-1972թթ. եղել է ՀԽՍՀ ԿԿ քարտուղար, որտեղ եւ զբաղվել է տնտեսության, մասնավորապես գյուղատնտեսության զարգացման հիմնարար խնդիրներով: 1972-1983թթ. զբաղեցրել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի, ապա նաեւ գյուղնախարարության գիտության եւ կադրերի պատրաստման գլխավոր վարչության պետի պաշտոնները:
Մ. Ս. Մելքոնյանին բնորոշ էր լայնահուն մտածելակերպը, տրամաբանական-վերլուծական եզրահանգումներ կատարելու ունակությունը, ավանդաբար կուտակված հնապաշտ կանոնները մերժելու վճռականությունը, վերակառուցողական միջոցառումների կազմակերպման եւ անցկացման որոշումներ ընդունելու բացառիկ համարձակությունը: Նա մեկը չէր բոլորից, նա բոլորի մեջ մեկն էր իր արքայավայել կեցվածքով, հզոր ուժով, անօրինակ եւ խիզախ մտածողությամբ, նվիրյալի վարքով, ով ամփոփում էր իր մեջ շքեղն ու համեստը, ուժն ու բարությունը: Պետական մտածողությունը նրա էությունն էր, ճշմարտության դիրքերից հանդես գալըՙ սկզբունք:
Մ. Ս. Մելքոնյանը ծանրակշիռ ավանդ ունի հայրենական գյուղատնտեսության եւ տնտեսագիտության զարգացման բնագավառում: Հանրապետությունում տեղական խառնացեղ ոչխարաբուծության ուսումնասիրության նպատակով 1948-50թթ. ղեկավարել է երկու արշավախումբ: Նպատակաուղղվածությունը եւ բացառիկ աշխատասիրությունը նրան հնարավորություն ընձեռեցին 1953-57թթ. անասնաբուծության եւ անասնաբուժության գիտահետազոտական ինստիտուտում կատարելու ծավալուն ու բեղմնավոր գիտահետազոտական աշխատանք: 1972թ. Մ. Ս. Մելքոնյանը ղեկավարել է ՀԽՍՀ պետագրոպրոմի անասնաբուծության եւ կերարտադրության գիտահետազոտական ինստիտուտի անասնաբուծության տնտեսության արդյունավետ արտադրողական խումբը:
Մ. Ս. Մելքոնյանի գիտական գործունեության հիմնական ուղղություններն են գյուղատնտեսական արտադրության տեղակայման, մասնագիտացման եւ կենտրոնացման հարցերի ուսումնասիրությունները, արտադրության նպատակահարմար տեխնոլոգիաների մշակումը, գյուղատնտեսական ճյուղերի արդյունավետ արտադրողականությունը եւ դրանց ներդրումը արդյունաբերության մեջ: Նրա ղեկավարությամբ ծավալվեց հայրենանվեր աշխատանք, որը կենսական նշանակություն ուներ գյուղատնտեսության բնագավառում: Զարգացած գիտական ներըմբռնման եւ անասնաբուծության նվաճումներն ըստ արժանվույն գնահատելու ունակության շնորհիվ Մ. Ս. Մելքոնյանը մշակեց գիտական նոր ուղղություններՙ անընդմեջ կատարելով փորձարարական հետազոտություններՙ հանդես եկավ գյուղատնտեսության արտադրության մասնագիտացման, տեղակայման եւ արտադրողականության, ինչպես նաեւ ոչխարաբուծության նոր եղանակների կիրառման բազմաթիվ առաջարկություններով, որոնք հավանության արժանացան ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության կողմից եւ ներդրվեցին արտադրության մեջ: Հատկանշական է, որ Մ. Ս. Մելքոնյանը կիսակոպտաբուրդ ոչխարների նոր ցեղի արտադրության հեղինակն է:
Մ. Ս. Մելքոնյանը 1968թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1977թ. դոկտորական թեզերը:
Պրոֆեսոր Մ. Ս. Մելքոնյանի գիտամանկավարժական գործունեությունն արտացոլված է նրա ավելի քան 170 գիտական աշխատություններում, այդ թվում 12 գիրքՙ մենագրություն եւ դասագիրք, 11 հեղինակային արտոնագիր: Իր աշխատություններում վաստակաշատ գիտնականն առաջադրել է գիտականորեն մշակված տեխնոլոգիական եւ տնտեսագիտական գյուղատնտեսության ինդուստրացման հիմնախնդիրներ:
Նրա անմիջական ղեկավարությամբ կատարվել եւ պաշտպանվել է 16 թեկնածուական եւ դոկտորական թեզ:
1983-1994թթ. Մ. Ս. Մելքոնյանը ստանձնել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնըՙ ցուցաբերելով իրեն բնորոշ կազմակերպչի եւ նորարարի մեծ հմտություն: 1984 թվականից ղեկավարել է նաեւ տնտեսագիտության կազմակերպման ամբիոնը:
Մ. Ս. Մելքոնյանն իր ծանրակշիռ ավանդն է ներդրել բարձրորակ կադրերի պատրաստման գործում, ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ուսանողները ստանան մասնագիտական խոր գիտելիքներ, դառնան գիտության ժամանակակից պահանջներին համապատասխան որակյալ մասնագետներ:
Կրթօջախի լուսավոր դեմքերից էր Մ. Ս. Մելքոնյանը: Նրա բազմաթիվ աշակերտները եւ հետնորդները, բոլոր նրանք, ովքեր ճանաչում են անվանի գիտնականին, բարձր են գնահատում գիտության անդուլ մշակին, անխոնջ գիտնականին, ազնիվ մարդուն ու մեծ քաղաքացուն, որն իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեց մայր ժողովրդին ու հայրենիքին ծառայելու սրբազան ու պատվավոր գործին:
Անվանի գիտնականը, մեծահամբավ մանկավարժն ու հմուտ կազմակերպիչն իր բացառիկ ծառայությունների արդյունքում 1994թ. ընտրվել է նորանկախ Հանրապետության գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, միաժամանակ ակադեմիայի տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ընտրվել է նաեւ ագրարային կրթության եւ գիտության միջազգային ակադեմիայի իսկական անդամ (1995թ.), ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի իսկական անդամ (1996թ.):
Հայրենիքի նվիրյալ քաղաքացին պարգեւատրվել է Լենինի, Աշխատանքային Կարմիր դրոշի, Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով եւ բազմաթիվ մեդալներով, Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգրերով, բազմիցս արժանացել է ԺՏՆՑ ոսկե մեդալների: 1996թ. Մ. Ս. Մելքոնյանը կնքեց իր մահկանացունՙ անավարտ թողնելով շատ մտահղացումներ, էպոսի լեզվով ասածՙ Մհերը գնաց շատ բան արած եւ շատ բան էլ մտքում:
Մ. Ս. Մելքոնյանը ընտանիքի օրինակելի ամուսին էր եւ լավ հայր Ավագ ղուստրը` կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մագդալինա Մելքոնյանը աշխատում է Երեանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, որպես գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր եւ բժշկական քիմիայի ամբիոնի վարիչ: Միջնեկ դուստրը` կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լյուդմիլա Մելքոնյանն աշխատում է ՀՀ ագրարային համալսարանում, որպես գենետիկայի ամբիոնի դոցենտ, կրտսեր որդինՙ տնտեսական գիտությունների թեկնածու Վահան Մելքոնյանը Միջպետական բանկի ՀՀ ներկայացուցչության տնօրեն, «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն: