Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գեւորգ Մալիքյան. «Իմ գործը Միջազգային է, իմ գործը Համընդհանուր է»

03/03/2023
- 03 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բրիտանական եւ թուրքական թատրոնի, հեռուստատեսության ու կինոյի դերասան Գեւորգ Մալիքյանը (ծն. 1943, Դիարբեքիր-Տիգրանակերտ) տասը տարեկանից ապրել է Ստամբուլում: 1963-ին ավարտել է տեղի Հայոց Սուրբ Խաչ դպրեվանքը: 1963-1967 թթ. ՀԲԸՄ թոշակով թատերական կրթություն է ստացել Լոնդոնի արքայական թատերական վարժարանում: Այստեղ նրա խաղը դիտել եւ խրախուսել է Անգլիայի թագուհին: 1968-ից Մալիքյանը սկսել է հանդես գալ դերասանությամբ: Թատրոնում խաղացել է Կամյուի, Շոուի, Շիլլերի թատերախաղերում, հանդես է եկել նաեւ հայերեն ներկայացումներում (Գրիգոր Սաթամյանի բեմադրած «Մեծապատիվ մուրացկաններ» եւ «Կասկածը կնոջ մտքում») եւ ասմունքով: Նկարահանվել է Քրիսթոֆեր եւ Մորիս Բարիների «Պարոն Ով», Դընիս Էբիի եւ Ջեյմս Ալենի «Պրոֆեսիոնալները», Ագաթա Քրիսթիի «Պուառո» հեռուստաշարքերի տարբեր դրվագներում, Ջեյմս Դեւիսի եւ Ջոն Հոլի «Փրես գանգ»,  Ռոբերթ Նայթսի «Կրկնակի այցելություն», Ֆրանքլին Շաֆների »Սֆինքս», Մայքլ Թաչների «Սպորտային հագուստ» եւ բազմաթիվ այլ ֆիլմերում:

Գեւորգ Մալիքյանը եւ կինը՝ կիպրահայուհի Մայտան, ունեն երկու զավակ՝ Սոնյա եւ Սեւան: Սոնյան բնակվում է Թունիսում, իսկ Սեւան Մալիքյանը (ծն. 1972, Լոնդոն), իր սերնդի բրիտանացի անվանի նկարիչներից է:

Չնայած Գեւորգ Մալիքյանը հայերեն գրում եւ կարդում է, նրա հետ իմ գրավոր հարցազրույցը վարեցի անգլերեն: Հայերեն թարգմանության մեջ պահպանել եմ Մալիքյանի յուրահատուկ սկզբունքը՝ որոշ բառեր գրել մեծատառ…

–Սիրելի՛ Գեւորգ, ձեր կյանքի առաջին տասը տարիներն անցել են Դիարբեքիրում, պատմական հայկական Տիգրանակերտում: Այս քաղաքի հայկական կյանքի մասին գիտենք Մկրտիչ Մարկոսյանի գրվածքներից: Ի՞նչ հիշողություններ ունեք ծննդավայրից:

-Այնքա՜ն շատ հիշողություններ, թե՛ տխուր, թե՛ ուրախ, որ գուցե մի ամբողջ գիրք կլցնեն… Երբ ծննդավայրդ խլում են քեզնից կամ քեզ՝ քո ծննդավայրից, հիշողությունները տարբեր գույներ են ստանում: Իմ սիրելի Հոր հետ Սուրբ Կիրակոս եկեղեցում անցկացրած ժամանակը, Եկեղեցու Բակում խաղալը կամ եկեղեցում աղոթելը, հավանաբար, այն հիշողություններն են, որոնք ամենից շատն եմ ես փնտրում…

–Հիշո՞ւմ եք՝ ո՛րն է եղել ձեր առաջին դերը Սուրբ Խաչ դպրեվանքում:

-Դերասանական արվեստ ուսանելով՝ Դպրեվանքում բեմադրություններ եմ արել հայերեն, անգլերեն եւ թուրքերեն:

–Ի՞նչն է ձեզ ամենաշատը ցնցել, երբ առաջին անգամ ժամանեցիք Լոնդոն:

-Ցուրտը, մառախուղը, լռությունը…

–Ձեր արտաքինով եւ ծագումով դերասանները կարծես թե միշտ «դատապարտված են» բրիտանական կինոյում եւ հեռուստատեսությունում էթնիկ դերեր խաղալու: Սա ձեզ երբեւէ անհանգստացրե՞լ է:

-«Դատապարտելը» խիստ բառ է, թերեւս՝ սխալ կիրառվող: Դերասանն ուրախ է խաղալու որեւէ դեր, հատկապես իր արհեստը սովորելու առաջին տարիներին: Նրանց ազգային պատկանելությունը նշանակություն չունի: Չե՞ս կարծում, որ բոլոր դերերն էլ «էթնիկ» են: Ամերիկացին հայի համար է էթնիկ, հայը՝ ամերիկացու (ծիծաղում է): Համենայն դեպս, մեր մասնագիտության մեջ «էթնիկի» հարցը երկար ու բարդ թեմա է:

Գեւորգ Մալիքյանը «Ինդիանա Ջոնսը եւ վերջին խաչակրաց արշավանքը» ֆիլմում

–Առաջին անգամ ձեզ տեսել եմ Էլվին Ռաքովի «Հիշի՛ր քո լեզուն» կատակերգական հեռուստաշարքում, որը պատմում է անգլերեն սովորող մի խումբ օտարերկրացիների մասին: Այնտեղ ձեր կերպարը հույն է՝ Մաքսիմիլիան Պապանդրիուսը: Իսկ ինչո՞ւ ոչ հայ կամ թուրք: Այդ դերի համար դուք ուսումնասիրե՞լ եք հունարեն առոգանանությամբ անգլերենի հնչողությունը:

-Ոոոոոո՛չ: Դերը գրված էր հույնի համար, եւ ես հույն Կերպար եմ խաղացել: Բացի այդ, հայերը տաղանդավոր լեզվագետներ են: Հնարավորության եւ ժամանակի դեպքում նրանք գեղեցիկ կխոսեն ցանկացած լեզվով, ներառյալ անգլերենը: Ես մի փոքր աշխատել եմ իմ հունարեն առոգանության վրա, որպեսզի Այն մի փոքր վավերական հնչի…

–Ալան Փարքերի «Կեսգիշերային ճեպընթաց» շարժապատկերում թուրք դատախազի ձեր դերը փոքր է, բայց բավական տպավորիչ: Ինչպե՞ս կբնութագրեք այդ փորձառությունը:

-Իմ դերասանական աշխարհում «փոքր դեր» հասկացությունը չկա: Ֆիլմից անցել է ավելի քան քառասուն տարի, իսկ Դատախազը դեռ հիշվում է: Այնպես որ, դա չի կարող «փոքր դեր» լինել: Սթիվեն Սփիլբերգը հիշեց ինձ այդ ֆիլմում, երբ ես հրավիրվեցի նկարահանվելու Նրա «Ինդիանա Ջոնսը եւ վերջին խաչակրաց արշավանքը» կինոնկարում:

–Ինչպիսի՞ն էր աշխատանքը Սթիվեն Սփիլբերգի հետ:

-Մենք հրաշալի աշխատանքային հարաբերություններ հաստատեցինք առաջին իսկ օրվանից: Նույնը կատարվեց եւ մյուս դերասանների հետ: Նա հիանալի Մարդ է, հիանալի Բեմադրիչ… արտադրիչներ Ջորջ Լուքասը եւ Ռոբերթ Ուոթսը՝ նույնպես:

–Դուք աշխատել եք լեգենդար կինոաստղերի հետ՝ Շոն Քոների, Բերթ Լանքասթեր, Ռոջեր Մուր, Հարիսոն Ֆորդ, Էնթոնի Հոփքինս, Սիգուրնի Ուիվեր, Մայքլ Քեյն, Սթիվեն Սիգալ եւ այլք: Ի՞նչ հիշողություններ կարող եք պատմել նրանցից:

-Կներես, բայց Սթիվեն Սիգալը՝ «լեգենդա՞ր»… Ես նրա հետ նկարահանվեցի, որովհետեւ  ուզում էի գոհացնել որդուս՝ Սեւանին, որը սիրում էր նրա մարտաֆիլմերը: Ինչեւէ, փորձառությունն այնքան էլ հաճելի չէր, որովհետեւ մարդը «դերասան» չէ… Բայց Քոներին եւ Ֆորդն ԻՍԿԱԿԱՆ ԼԵԳԵՆԴՆԵՐ են, հիանալի ՄԱՐԴԻԿ, հրաշալի դերասաններ…

–Դուք հանդես եք եկել Շեքսպիրի մի շարք թատերախաղերում, ինչպես նաեւ մի շարք դերեր եք մարմնավորել Շեքսպիրյան թագավորական թատերախմբում: Որքան գիտեմ, դուք առաջին հայազգի դերասանն եք, որն աշխատել է այդ թատրոններում: Ինչո՞վ էր առանձնահատուկ այս համագործակցությունը:

-Իսկապես, բարեկա՛մս, ինձ բախտ վիճակվեց աշխատել Շեքսպիրյան թագավորական թատերախմբում, Շեքսպիրի «Գլոբուս» եւ Թագավորական ազգային թատրոններում, մասնակցեցի մի քանի հիանալի դասական եւ ժամանակակից թատերախաղերի… ՄԻԳՈՒՑԵ ԵՎ առաջին հայն էի… Այսպես ասենք՝ առաջին հայ դերասանն էի Տիգրանակերտից, որն աշխատել է այդ թատրոններում…

–Դուք կատարել եք տարբեր ազգության հերոսների դերեր, նաեւ հայերի՝ «Երիտասարդ Ինդիանա Ջոնսի ժամանակագրությունը», «Պասկալիի կղզին», «Սպին» եւ «Խոստումը» ֆիլմերում: Կպատմե՞ք դրանց մասին:

-Անշուշտ, մեծ հնարավորություն էր, որ իմ դերասանական կարիերայի վերջին փուլերից մեկում առիթ ստեղծվեց նկարահանվելու այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սպին» եւ «Խոստումը»: Երկուսն էլ մեծ փորձեր են՝ ներկայացնելու 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որի ժամանակ զոհվել են նաեւ իմ հարազատները: Երկու շարժանկարների մասին էլ կարելի է անվերջ խոսել: Բայց, ըստ իս, այս ֆիլմերից ոչ մեկն էլ չհասավ ցանկալի միջազգային ազդեցության եւ Հայոց Հոլոքոսթի ամբողջական պատմության ճանաչման, ինչին այնքա՛ն արտահայտիչ կերպով հասել է իմ սիրելի բեմադրիչ Սթիվեն Սփիլբերգն իր «Շինդլերի ցուցակով»:

–Երբեւէ եղե՞լ եք Հայաստանում: Եթե ոչ, ապա միշտ՝ բարո՛վ գաք:

-Ցավոք, միայն մեկ անգամ եմ եղել Հայաստանում, շատ կարճ ժամանակով, կազմակերպելու համար Սունդուկյանի անվան թատրոնի մասնակցությունը Շեքսպիրի «Գլոբուսում» տեղի ունեցող «Աշխարհը՝ Գլոբուսին» փառատոնին, որի ժամանակ Շեքսպիրի 37 թատերգությունները ներկայացվեցին 37 տարբեր լեզուներով, ներառյալ՝ հայերեն: Եվս մեկ «առաջինը», միգուցե…

–Միացյալ Թագավորությունում կեսդարյա հաջող կարիերայից հետո որոշեցիք վերադառնալ Թուրքիա: Երեւի շատերն են զարմացել ձեր այս որոշումից:

-Իմ սիրելի՛ Արծվի, իմ գործը Միջազգային է, իմ գործը Համընդհանուր է… Ոչ մեկին չպիտի զարմացնի, որ ես աշխատում եմ Թուրքիայում… Այն երկիրը, որտեղ ծնվել եմ, ինձ հրավիրեց աշխատանքի, եւ հինգ տարվա ընթացքում մասնակցեցի մի քանի խոշոր թատերական, հեռուստատեսային եւ կինոնախագծերի: Այս հնարավորության շնորհիվ ես մի քանի մեծ հարցազրույցներ եմ տվել հեռուստատեսությանը եւ թերթերին, որոնցում խոսել եմ իմ ժողովրդի, իմ անցյալի եւ այլնի մասին: «Հրանտ Դինք» հիմնադրամի շնորհիվ կազմակերպվեց ինձ նվիրված եռօրյա փառատոն, որի ընթացքում նշեցին իմ դերասանական գործունեության 50-ամյակը: Պարզապես մոգական էր: Ես չեմ կարող բավականաչափ շնորհակալություն հայտնել նրանց: Ի դեպ, ինձ երբեք չեն հրավիրել աշխատելու Հայաստանում, նույնիսկ որպես այնտեղի ամենամյա կինոփառատոնի ժյուրիի անդամ: Բայց ո՛չ մի խնդիր, աշխատանքը շարունակվում է, կյանքը շարունակվում է…

–Իսկ հիմա ինչո՞վ եք զբաղված:

-Հիմա մի տեսակ կիսով չափ թոշակառու եմ: Բայց դեռ աշխատում եմ, այս տարի որոշ նախագծեր կցուցադրվեն:

–Շատ շնորհակալ եմ այս հարցազրույցի համար, հարգելի՛ Գեւորգ: Եվ ես մեծ հույս ունեմ, որ մի օր դուք գիրք կգրեք ձեր կյանքի եւ դերասանական փորձառության վերաբերյալ…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Զուլալի» հերթական խտապնակը

Հաջորդ գրառումը

«Հեքիաթներ եւ երազներ»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Հեքիաթներ եւ երազներ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական