Կապիտուլացված երկիրը և նրա կապիտուլյանտ ղեկավարը պատերազմից անմիջապես հետո չի կարող շահեկան որևէ պայմանագիր ստորագրել իրեն կապիտուլյացիայի ենթարկած երկրի ղեկավարի հետ։ Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի առնչությամբ իսկապես կոնսենսուս կա, ԱԺ նախագահը պետք է մանրամասնի այդ կետերը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով օրենսդիր մարմնի ղեկավարի այսօրվա այն հայտարարությանը, որ թեև ինքը չի կարող առայժմ բարձրաձայնել, սակայն առկա են առաջարկներ, որոնց շուրջ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև կոնսենսուս կա:
«Թող Ալեն Սիմոնյանը մանրամասնի, տեսնենք այդ ո՞րն է այդ կոնսենսուսը, ո՞րն է այդ դրականը։ Սա աբսուրդի ժանրից է։ Միայն այն հանգամանքը, որ Ալեն Սիմոնյանը և մյուս ՔՊ-ականները չեն բացահայտում, թե թուրքերի հետ ինչ են բանակցում հայ ժողովրդի անունից, ապացուցում է՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թիկունքում դավաճանական նոր ծրագիր է իրականացնում և պատրաստվում է երկրորդ կապիտուլյացիոն, նվաստացուցիչ փաստաթուղթն ստորագրել»,- ասաց քաղաքագետը։
Գագիկ Համբարյանը հարց հնչեցրեց՝ ի՞նչ կոնսենսուսի մասին կարող է խոսք լինել կամ եթե անգամ կոնսենսուս կա, ինչո՞ւ ԱԺ նախագահն այդ մասին չի մանրամասնում։
«Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարում է, որ Հայաստանը կառուցողական դիրքորոշում չի դրսևորում, այսինքն՝ ամեն դեպքում իրենք իրենց առջև խնդիր են դրել պարտադրել ՀՀ կապիտուլացված իշխանություններին կատարել Բաքվի կողմից նախատեսված հայտնի 5 շանտաժ-նախապայմանները։ Մինչդեռ դրանք ուղղակիորեն ստորացուցիչ են Հայաստանի համար և ապագայում որպես պետություն կործանելու են Հայաստանը»,- ամփոփեց Գագիկ Համբարյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել էր՝ Հայաստանը վաղուց պատրաստ է խաղաղության պայմանագրի կնքմանը:
Նա նշել էր, թե առաջարկներ կան, որոնց շուրջ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև կոնսենսուս կա:
«Այո՛, կան, բայց ես չեմ կարող դրանք բարձրաձայնել, կարող եմ ասել, որ դրանք միջազգայնորեն ընդունված սկզբունքներն են», – ասել էր Սիմոնյանը:
Հարցին՝ այնուամենայնիվ, կա՞ն կարմիր գծեր, որ չպետք է անցնել, ԱԺ նախագահն արձագանքել էր. «Այդ գծերը նրանք են, որ մենք չենք կարող խաղաղության պայմանագրի մեջ ականներ դնել ՀՀ պետականության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ, դրանք կարմիր գծեր են»: