Հայերին ատելու, հայերի նկատմամբ անմարդկային ձևով վարվելու վարքը թուրք-ադրբեջանական տանդեմի մոտ արդեն վաղուց նորմալ է դարձել, և այստեղ մեծ դեր ունի անպատժելիությունը։ Այդ անպատժելիության հետևանքով Արցախն այսօր կանգնած է գոյաբանական ճգնաժամի առջև, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի թեմային։
«Ադրբեջանի հիմնական նպատակը այս տարածաշրջանում հայերի չգոյությունն է, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով. առաջինն, իհարկե, հայատյացությունն է, երկրորդը՝ իրենց գոյությունն արդարացնելու, հայերին իբր եկվոր և «օկուպանտ» ներկայացնելու մղումը։
Ադրբեջանցիները ներկայացնում են, որ հայերին ատում են ոչ թե ուղղակի, այլ որոշակի պատմական պատճառներով։ Չնայած նրանց այս փորձերին՝ օտարերկրյա պատմաբանները փաստում են, որ հայերն այս տարածաշրջանում բնակվում են անհիշելի ժամանակներից, իսկ ահա ադրբեջանցիները՝ բոլորովին նորերս։
Երրորդ հանգամանքն այն է, որ թուրքերն ու ադրբեջանցիները երբեք չեն հաշտվել, որ հայերի մեջ միշտ պայքարի ոգի է եղել։ Շատ ազգեր վերացել են հանձնվելու, պայքարելու իմաստ չտեսնելու հետևանքով, մինչդեռ հայերը հասել են մեր օրեր։ Թուրք-ադրբեջանական տանդեմին սա որոշակիորեն նյարդայնացնում է, և նրանք չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ հայերը մինչ օրս գոյություն ունեն՝ այն էլ իրենց պատմական հողերի վրա»,- ասաց Գառնիկ Դավթյանը։
Հարցին՝ ինչո՞ւ է ՀՀ արտգործնախարարությունը Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի առնչությամբ բավական մեղմ տոներով հաղորդագրություն տարածում, իսկ ահա Իրանում ՀՀ դեսպանությունը դեպքերը ներկայացնում է կոնկրետ թվերով և ծանրակշիռ փաստերով, ադրբեջանագետը պատասխանեց՝ պատճառն այն է, որ ՀՀ գործող իշխանությունները չեն եկել՝ պաշտպանելու հայ ժողովրդի և Հայաստանի շահերը։
«Իրենց վարած քաղաքականությանը նայելով՝ ակնհայտ է դառնում, որ գործող իշխանությունները ոչ միայն հետևություն չեն արել իրենց գլխին եկածից, այլև որդեգրած աշխատաոճը փորձում են ներկայացնել որպես պատմական նոր էջ բացելու «հնարավորություն»։ Սա ցույց է տալիս ՀՀ իշխանությունների իրական դեմքը։
Նրանք բազմիցս ապացուցել են, որ թուրքերից բարդույթ ունեն և իրենց անհասկանալի դիվանագիտությամբ փորձում են շրջապատին և իրենց ինչ-որ բան ապացուցել։ Նրանք չեն հասկանում, որ եթե գոյաբանական խնդիրները դնում են մի կողմ, դառնում են այսպես ասած расходный материал»,- ամփոփեց ադրբեջանագետը։