«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործի ՄԻԵԴ Վերին պալատի հոկտեմբերի 15-ին հրապարակած130 էջանոց վճիռն այն թթխմորն էր, որ միջազգային մամուլին առիթ տվեց դրանից հետո գերաճ տված խմորից օրեր շարունակ իր ընթերցողին տարատեսակ հաց մատակարարելՙ թերթի լրագրողներիս բառապաշարովՙ լավաշ նյութեր, աղնուպղպեղը չխնայած մեկնաբանություններ, ենթադրում եմ, որ թուրք եւ ադրբեջանցի մեր գործընկերները քաղցրահամ միջուկ խառնած կլինեն իրենց համար էլ թթու այդ խմորին, որի տաք-տաք մատուցումն ախորժելի, բայց նաեւ վնասակար ազդեցություն է թողնում:
Ստորեւ Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանի հետ մեր զրույցըՙ շվեյցարական լրատվամիջոցներում օրեր առաջ մատուցվող այս լուսանկարով:
– Պարոն Շահինյան, ասում եք հայ համայնքը ցնցված է: Անսպասելի՞ էր նման վճիռը:
– Անսպասելի չէր: Հայ համայնքը ցնցված է ոչ այդքան որոշումեն, որքան որոշումների պատճառաբանություններեն: 17 դատավորների մեծամասնությունը ակնհայտ մակերեսային ձեւով մոտեցավ Փերինչեքիՙ ցեղասպանությունը ժխտելու դրսեւորումներինՙ նախապատրաստությանը, հայտարարություններին, դիտավորությամբ կիրառմանը:
– Ի՞նչն էր պատճառը Ձեր կարծիքով:
– Կարծում եմ իրականության մեջ ունեցանք այն դժբախտությունը, որ Թուրքիո պետության կարեւորությունն այս տարվա հենց սկզբից ընդգծվեց, Միջին Արեւելքի մեջ տեղի ունեցած ճգնաժամին համեմատ եվրոպական երկիրները չեն ուզած քաղաքական հարված հասցնել այդ երկրին:
– Վճռի հրապարակումից հետո Հայաստանում մոտավորապես այսպես ընդհանրացրեցինՙ Հայաստանը գոհ է, Սփյուռքը գոհ է: Սփյուռք ասելով նկատի ունեին ՀՅԴ: Ձեզ ծանո՞թ է Սփյուռքի այլ կազմակերպությունների դիրքորոշումը:
– Ոչ, ծանոթ չէ: Համաձայն չեմ ոչ ՀՀ գլխավոր դատախազի, ոչ էլ երկու փաստաբանների վերջնական մեկնաբանության հետ, որոնք պաշտպանեցին Հայաստանի դիրքորոշումը: Մեծ համակրանք ունեի եւ ունեմ Հայաստանի գրավոր մասնակցության վերաբերյալ, որ ներկայացրին Վերին պալատինՙ խնդրին աջակցելու ընթացքում: Բայց նրանցՙ հունվարի 28-ի մոտեցման հանդեպ նույնը չեմ կարող ասել, քանի որ դա եղավ գրեթե այն ուղղությամբ, որը ջանք էր թափում պատճառաբանել ցեղասպանության պատմական իրողությունը, այնինչ պահանջվում էր փաստել, թե որն էր Փերինչեքի ժխտողական արտահայտությունների համեմատ Զվիցերիո վիրավորված հայերի իրավունքը: Դա բավարար ձեւով չբացատրվեց ոչ Հայաստանի կողմե, ոչ ալ Զվիցերիո ներկայացուցչին կողմե: Իհարկե վերջինս փորձեց ավելի հստակ մոտենալ խնդրին, բայց չկարողացավ: Միակ կազմակերպությունը, որ այդ ուղղությամբ շեշտ դրավ, եղավ Շվեյցարիա- Հայաստան ընկերակցությունըՙ իր գրավոր մասնակցության մեջ: Այդ փաստարկը դատարանը ստիպած եղավ ներառել իր վճիռին մեջ: Ի միջի այլոց, հայ ժողովուրդին արժանապատվության պաշտպանությունը բավական վատ ձեւով է արտահայտված վճռին մեջՙ վկայակոչում է 8-րդ հոդվածը, սակայն հակակշռելով միտքի արտահայտության բացարձակ ազատությանը, նախապատվություն է տրվում այս վերջինին: Նույն բանը չպիտի ըլլար, եթե հայերի փոխարեն հրեաներու արժանապատվության խնդիրը դրված ըլլար:
– Վճռի մասին նույն օրը խոսելիս հայկական հեռուստալրագրությունը, նաեւ առցանց լրատվամիջոցները, լղարիկ բացառություններով, տարածեցին նույն կարծիքներըՙ « հաղթանակ, լավ օր Հայաստանի համար». անտեսվեց Շվեյցարիա- Հայաստան ընկերակցության տեսակետը, նաեւ դրան բովանդակությամբ շարունակող Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հայտարարությունը: Ի դեպ, շվեյցարահայության կարծիքը տարաբեւե՞ռ է, նկատի ունեմ տեղի ՀՅԴ անդամներին:
– Շվեյցարահայությունն ունի ամփոփ կարծիք, որը Շվեյցարիա-Հայաստանի տեսակետն է:
– Պարոն Շահինյան, Շվեյցարիայում անցյալ շաբաթ ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները, SVP աջակողմյան պահպանողական շվեյցարական ժողովրդական կուսակցությունը շահեց քվեների մեծ մասըՙ շահարկելով փախստականների խնդիրը: Այս կուսակցության մասին մեր նախորդ հարցազրույցներից մեկում խոսել էինք, թե այն կարող է հասարակության տրամադրությունների վրա այնպես ազդել, որ Հայոց ցեղասպանության ժխտողականության կողմնակիցների թիվը նահանջ արձանագրի: Ընտրությունների ժամանակ շահարկվե՞ց վճիռը:
– Ոչ, միայն մեկըՙ Օսկար Ֆրայզինգերը, որ իր թեկնածությունը չէր դրել իբրեւ պատգամավոր, այն տեսանկյունը պաշտպանեց, ինչ ժամանակին ուներ, այսինքնՙ մտքի ազատությունը բացարձակ է, եւ որ ինքն ափսոսում է, որ 2003- ին քվեարկել է ի նպաստ Ցեղասպանության ճանաչման, մի կարեւոր տարբերությամբ սակայնՙ այս անգամ անձամբ համոզված է, որ հայերու դեմ ցեղասպանություն տեղի ունեցած է: Դրանից զատ ուրիշ դիրքորոշում կուսակցությունների կողմից ընտրարշավի ընթացքին չեղավ: Բայց Շվեյցարիա- Հայաստան պատգամավորական խումբը 4 հարցումներ էր ուղղած մեր Դատին ի նպաստ արտահայտվող 20 տարբեր պատգամավորների, որոնց պատասխանները շատ հետաքրքրական էինՙշեշտելով մանավանդ, որ կարելի չէ ընդհանրապես տկարացնել հակառասիստական օրենքը եւ որ դա պետք է լիովին գործածվի նաեւ ի պաշտպանություն հայ ժողովրդի արժանապատվության, գոնե նրանց հանդեպ, որ Զվիցերիո մեջ են ապրում:
– «Հայաստանը հաղթեց, Շվեյցարիան պարտվեց» ձեւակերպումը Ձեր մեջ հիասթափություն արթնացրե՞ց, իսկ շվեյցարացիներից լսե՞լ եքՙ մոտավորապես այսպիսի հոգոցՙ անշնորհակալ են…
– Ոչ, եւ լավ եղավ, որ զերծ մնացինք այդ տեսակ ենթակայական մոտեցումներից: Ամեն ինչ արեցինք, որ օրենքի հիման վրա պատճառաբանված փաստարկները հոլովվեին: Անոնք, որոնք միտքի արտահայտության բացարձակ ազատության կողմնակիցներ են, այսպես ասենքՙ լավ իմաստով ֆունդամենտալիստներ են, չեն կարողացել երբեք այդ տեսակ հստակ սահմանում դնելՙ ինչու Զվիցերիո մեջ կարող են պատժվել Շոայի ժխտողականությունը տարածողները եւ ինչու նույնը չի կարելի տարածել, երբ հայերու դեմ գործված ցեղասպանությունը կժխտվիՙ կասկածի տակ դրվելուն զուգահեռ: Երբ Եվրոդատարանը կըսե, թե Դողու Փերինչեքի դիրքորոշումները, արտահայտությունները չեն կարող համեմատվիլ ատելության հրահրման կամ բռնության հրահրման կամ անհանդուրժողականության հրահրման կոչերու հետ, որ իր արտահայտությունները չեն վիրավորում հայերի արժանապատվությունը, սա կնշանակե, որ իրենք չնայեցան կամ չուզեցին դիտարկել Փերինչեքի բուն արտահայտությունները եւ մանավանդ դրանց բովանդակությունը: Նույն դատարանի նախագահ Դիին Շպիլմանը շատ հստակորեն այդ 10 դատավորների մեկնաբանության մեթոդոլոգիան քննադատելու ատեն ասում է հետեւյալըՙ ինքը չի հասկանում, թե ինչպես դատարանի մեծամասնությունը չկարողացավ ըմբռնել հայցվորիՙ Փերինչեքի արտահայտությունների իմաստը: Անգլերեն հստակ, համակարգված շարադրանքում կարելի է նկատել, թե դատարանի նախագահն իր քննադատությունն ուր է տանում, խոսում Հոլոքոսթի խնդրի մասին: Այսՙ երկու չափի եւ կշռի քաղաքականությունը, որ դժբախտաբար մի անգամ եւս կիրառվեց վճռի մեջ, կպատճառաբանվի հետեւյալ ձեւով. Հոլոքոսթի ժխտողականությունը համեմատվում է անտիսեմիտիզմի եւ հակադեմոկրատական գաղափարախոսության հետ, նույնիսկ եթե թաքնված լինի պատմական կամ գիտական հետազոտության դիմակի ետեւ: Նույն տեսակետը չի կիրառվում, երբ խոսքը կվերաբերի Հայոց ցեղասպանության: Սա հենց թրքական ժխտողական գաղափարախոսության թարգմանությունն է, որը հաշվի առած է վկայությունները, ապացույցները ժխտելու էությունը: Այս հստակ կետին վրա իրենք դրեցին խտրականություն: Եվ սա է, որ անընդունելի է: Ավելին ասեմՙ դատարանը Զվիցերիո իրավական հայեցողության շրջանակը իրավունք չուներ սահմանելու, քանի որ ԵԴ ունի սուբսիդիալՙ օժանդակ, լրացուցիչ օգնական բնույթ, ոչ թե վճռական: Այսինքն իր գործառույթն է քննել, թե զվիցերիական իրավունքի ներքին ատյանները իրենց գործը ճիշտ արեցի՞ն, նաեւ հաշվի առնելով, որ Զվիցերիո մեջ ընդունված քրեական այդ օրենքը խարսխված է բարոյական օրենքների եւ չափանիշների հիման վրա, որոնք հատուկ վերաբերում են Շվեյցարիային: Դա պետք է հարգվի առաջին հերթին: Ի միջի այլոց, այս օրենքը միմիայն պառլամենտի կողմից չէ ընդունված, այլեւՙ հանրաքվեի դրված օրենքը 55 տոկոսով պաշտպանել է ժողովուրդը: Ասկե ավելի դեմոկրատական չէր կարող լինել: Եվրոպական ուրիշ օրենսդրություն չունի այսքան լայնասպարեզ պատճառաբանություն: Օրենսդրության նկատմամբ վիրավորական մոտեցում էր 10 դատավորների արածը: Եվս մեկ բան, այդ կետերից մեկում ասում էՙ ոչ մի միջազգային իրավունք չէր պարտադրում Շվեյցարիային, որ ինքը քրեական գետնի վրա Հայոց ցեղասպանության ժխտողականությունը պատժեր: Ճիշտ հակառակն է իրականությունըՙ հենց այս օրենքըՙ 261-րդ հոդվածը ընդունվեց խորհրդարանի եւ ժողովրդի կողմից, քանի որ համապատասխանեցված էր 1965-ին ՄԱԿ-ի խտրականության կոնվենցիային: Միջազգային շատ ուրիշ օրենսդրություններ կան, որ չեն պարտադրում, այլ սպասում են, որ յուրաքանչյուրն անդրադառնաՙ համապատասխանեցնելով միջազգային օրենքին: 7 դատավորներն էլ ասում են, որ հենց այդ օրենսդրության պահանջն է, որ թե Շվեյցարիան, թե ուրիշ երկրներ համապատասխանեցնեն այս օրենսդրության: Այսինքնՙ 10 դատավորների պատրվակները անտեղի էին:
– Շվեյցարիան պիտի իր օրենսդրությունը վերաձեւակերպի՞:
– Ոչ անպայման: 6 ամիս ժամանակ կա, որ Շվեյցարիան առաջարկներ անի թեր ու դեմ: Ինքն անկախ է իր օրենսդրության մեջ: Եթե իրենք հանգեն այն եզրակացության, որ Զվիցերիայի օրենսդրությունը լիովին բավարար է եւ ճիշտ, ապա որեւէ փոփոխություն չի լինի: Շվեյցարիայի բարձրագույն դատարանի նախկին նախագահի ասածը ճիշտ այդ ուղղությամբ է, որ այս դատավճռով հարցականի տակ չի դներ հակառասիստական օրենսդրությունը, հարցականի տակ կդնե միմիայն այս հատուկ դեպքի կիրառումը, այսինքնՙ նույնիսկ ոչ թե Հայոց ցեղասպանության ժխտողականությունը, այլ Փերինչեքի կողմե կատարված ժխտողական արտահայտությունները, որովհետեւ եվրոպական ակնոցով դա չդիտարկվեց որպես մի խմբի արժանապատվության վիրավորում:
– Շվեյցարական թերթերը փաստում ենՙ մամուլը այս վճռից հետո երկու մասի է բաժանվել: Աջակողմյան տրամադրությունների ֆոնին ինչպիսի՞ զարգացում եք ակնկալում. հասարակությունն իր վերաբերմունքը կփոխի՞ Հայոց ցեղասպանության ժխտողականությունը պատժելու հարցում. արդյոք նահանջ չի՞ գրանցի:
– Չեմ կրնար արտահայտվիլ այդ ուղղությամբ, քանի որ սա առաջին հերթին ղեկավարության հետ կապված խնդիր է: Ինչ կվերաբերի խորհրդարանի եզրին մեջ տանելիք գործունեություններին, ունինք մեծ պատասխանատվություն մարդկանց փաստելու, համոզելու, որ 1- ինՙ մեր ներկա օրենքը որեւէ փոփոխման ենթարկելու կարիք չկա, 2-րդՙ Հայոց ցեղասպանության ժխտողականությունը պատժվելու ենթակա ոճիր է: Այն ինչ պիտի ընենքՙ մանկավարժական գործունեությունն առաջ տանիլն է զանազան մակարդակներով, քաղաքական, մեդիատիկ, ժողովրդական եզրում հասկացնելու համար, թե ոչ մի տարբերություն չկա Շոայի եւ Հայոց ցեղասպանության ժխտողականության միջեւ:
– Ձեզ դավաճանված զգու՞մ եք:
– Ես ինքզինքի՛ս առջեւ պատասխան պիտի տամ: Խիղճս լիովին հանգիստ է: Ումի՞ց պիտի դավաճանված զգամՙ նույն դատավորներից, որոնց կթելադրեն այն նույն ուժերը, որ 1915- ին, 16-ին, 17- ին, 18-ին, 20, 21, 22- ին, 23- ին եւ առհասարակ մեզ մինակ թողեցին: Նրանք այսօրվա դավաճանները չեն: Միակ զենքը, որ կգործե, ուժն է: Մենք տկար էինք: Մեր մասնակցությունը թուղթե էր, մեր հակառակորդին մասնակցությունըՙ երկաթե, գուցե հիշենք 1878-ը: Ոչ, ես դավաճանված չեմ զգում, դա չափազանցված կլինի: Ուղղակի նվազեցման հասկացողություն կար: Բայց դա մի քիչ շատ դյուրին բացատրություն էր: Ես ամբողջը սեւ ներկելու իրավունք չունեմ, կան կետեր ալ, որ կարեւոր են, ինչ խոսք: Ի տարբերություն առաջին վճռի, այս անգամ Հայոց ցեղասպանության իրավական սահմանումը հարցականի տակ չի դրվել, բայց ոչ թե այն բանի համար, որ իրենք ասել են, թե չեն ուզում այդ իրողությունը կասկածի տակ դնել, այլ որովհետեւ դատավորները մերժեցին ցեղասպանության իրավական սահմանումը տալ: Հայ դատը չի սահմանվիր միմիայն ցեղասպանության իրավական սահմանումով, մե՛նք կանք, առաջին հերթին անձը կա, իր արժանապատվությունը կա: Երբ անձի արժանապատվությունը ոտնահարվում է, որեւէ մեկը իրավունք չունի ասելուՙ սա մեծ հաղթանակ է հայ ժողովրդի համար, ոչ ալ Հայաստանի համար: Հայաստանը դժբախտաբար ցույց տվավ, որ այսքան տարի իր ժողովուրդին արժանապատվությունը իր սահմանին մեջն ալ չի կրցավ պաշտպանել, ուր մնացՙ սահմանից դուրս: Սա է բուն պայքարը: Մենք պիտի հագվինք համեստության շատ ավելի հաստ վերարկու եւ նոր սկսինք գործելՙ լուռ, սիստեմատիկ, նպատակասլաց, սլոգանային մոտեցումը լուրջ չէ: Նույնը նաեւ Ղարաբաղի խնդրում: Մինչեւ մեր տկարությունները հստակ չպատկերացնենք, չպիտի կարողանանք առաջ երթալ:
Գերմանիա