ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից
Ասում է մոսկովյան «Ռուցոգ ինվեստ» հոլդինգի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը
ՌԴ-ում վաղուց արդեն ճանաչված գործարար եւ բարերար, Հայաստանի սահմաններից դուրս ամենամեծ հայկական ինտերակտիվ թանգարանի նախաձեռնող Ռուբեն Գրիգորյանի մասին «Ազգի» ընթերցողներին արդեն պատմել եմ թերթի այս տարվա հրապարակումներից երկուսում (http://www.archive.azg.am/AM/2015090415) եւ (http://www.archive.azg.am/AM/2015100914):
Գրիգորյանը, ով արդեն 30 տարուց ավելի Մոսկվայում է, երբեք չի խզել կապը հայրենիքի հետ, եւ ինչպես տեղեկացա` վերջերս էր վերադարձել Հայաստանից: Նա Հայկական պետական մանկավարժական համալսարանում տարիներ շարունակ տարբեր թեմաներով դասախոսություններ է կարդում, այս տարի նույնպես շարունակել է ավանդույթը եւ հերթական դասախոսության թեմաները, ի թիվս Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարվա կարեւորագույն հարցերի` «Մոսկվայի հայկական թանգարանը եւ ազգի մշակույթը», «Ինչպես եմ տեսնում շրջակա աշխարհը», սերտ առնչություն է ունեցել նաեւ հայապահպանությանը, արտագաղթին եւ Հայաստանից «ուղեղների արտահոսք»-ը կանխելու խիստ կարեւոր ու ցավոտ խնդրին: Այս հարցերի շուրջ էլ զրուցակիցս արտահայտեց իր դիտարկումները, որոնց մեջ տագնապ եւ մտահոգություն կար Հայաստանի վաղվա օրվա նկատմամբ:
– Արտագաղթի պատճառները խիստ խորքային, առանձնահատուկ եւ անհատական են, մանրամասն վերլուծության կարոտ, բայց այդ վերլուծությունները ոչ թե պետք է անել «ոտքի վրա», այլ լրջագույն քննարկման առարկա դարձնել,- նշեց Ռուբեն Գրիգորյանը:- Ամեն անգամ Հայաստան գնալիս ես տեսնում եմ, թե ինչպես է ծառացած այդ խնդիրը, որի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու ճանապարհին հապաղելն անթույլատրելի է: Ավելին, վերջին տարիներին մեր ժողովրդին խիստ անհանգստացնող այդ ցավոտ խնդրիՙ մեծ չափերի հասնող արտագաղթի անմիջական հետեւանքը ավելի կործանարար է երկրի համարՙ «ուղեղների արտահոսք»-ը…
Զրուցակցիս անհանգստությունը կիսելով նշեմ, որ այդ առնչությամբ մամուլում պարբերաբար մտահոգիչ թվեր են վկայակոչվում: Ըստ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի տվյալների, վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանից հեռացել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց մեջՙ երիտասարդ, խոստումնալից կադրեր, տաղանդավոր եւ շնորհաշատ մասնագետներ…
– Արտագաղթի վերաբերյալ օգտագործելով «առանձնահատուկ» եւ «անհատական» բնորոշումները, նաեւ որպեսզի «թացը չորի հետ» չխառնվի, ես նկատի ունեմ հետեւյալը,- խոսքը շարունակելով պարզաբանում է Ռուբեն Գրիգորյանը:- Օրինակ, Ռուսաստանում եւ մոսկովյան իրականության մեջ արդեն ինքնահաստատված ու շրջապատում ճանաչում ձեռք բերած մարդիկ, որոնցից մեկը, թող անհամեստություն չհամարվիՙ Ձեր խոնարհ ծառան, փաստորեն, ժամանակին նույնպես արտագաղթել ենք Հայաստանից, բայց չգիտես ինչու ոմանք խուսափում են այդ բնորոշումից եւ անմիջապես վկայակոչում են հետեւյալ արդարացումը. «Մենք այստեղ ենք եկել 90-ականների ծանր ու դժվարին տարիներին, ծայրահեղ պայմաններից ելնելով, երբ հայրենիքում բառացիորեն ապրուստի միջոց չկար: Իսկ Ռուսաստան գալով եւ գրեթե զրոյից սկսելովՙ կայուն ապրուստի տեր ենք դարձել եւ երբեք չենք խզել կապը Հայաստանի հետ, չենք այրել կամուրջները, ընդհակառակըՙ այսօր մենք ենք ձեռք մեկնում հայրենիքին ինչով կարողանում ենք, նաեւ ուղիներ ենք փնտրում Հայաստանը շենացնելու, եւ ինչու չէՙ արտագաղթն ու «ուղեղների արտահոսք»-ը կանխելու ուղղությամբ…»: – Մենք պետք է գիտակցենք մեկ բանՙ 90-ականները այլեւս պատմություն են մեզ համար, այսօր այլ են ժամանակները, եւ պետք է միմիայն առաջ նայենք եւ հենց այսօրվա իրավիճակից ելնելով էլ դիտարկենք ե՛ւ արտագաղթը, ե՛ւ ուղեղների արտահոսքը…
Այս առնչությամբ Ռուբեն Գրիգորյանը նաեւ կոնկրետ ուղիներ է մատնանշում եւ մեխանիզմներ է առաջարկում. «Մենք բոլորս պետք է մշտապես հիշենք, որ Հայաստանը բացառիկ երկիր է, որը ժառանգել է հնագույն հարուստ եւ վառ մշակույթ, եւ որը կարող է իր վրա հենվելու ունակ ազգին տալ աճի ու զարգացման անհավանական ներուժ եւ պարզապես երջանիկ դարձնել մարդկանց: Մենք բոլորս պետք է շատ մեծ պատասխանատվություն զգանք այդ մշակույթի պահպանման եւ զարգացման համար մեր սերունդների, ամբողջ աշխարհի առջեւ: Մենք պետք է պահպանենք մեր երկիրը, քանի որ առանց նրա մենք դատապարտված ենք: Մեզանից յուրաքանչյուրը ամեն օր պետք է մտածի այն մասին, թե այսօր ինչ քայլ է կատարել այդ ուղղությամբ: Իսկ արտագաղթն ու «ուղեղների արտահոսք»-ը կանխելու համար անհրաժեշտ է համակարգված մոտեցում, որակյալ կադրերի պահպանումը պետության քաղաքականության հիմքը պետք է լինի: Պետությունը պետք է համակարգված քաղաքականություն վարի մասնագետներ պատրաստելու եւ նրանց աշխատանքով ապահովելու հարցում: Ամենից հաճախ որպես երեք հիմնական պատճառներ մատնանշվում են մարդկանց տնտեսական վատ վիճակը, պետական կառավարման անկատարությունը եւ, որպես հետեւանք, կոռուպցիան, անօրինությունն ու տնտեսական ազատությունների սահմանափակումը, ինչպես նաեւ անձնական զարգացման համար հեռանկարների անբավարարությունը: Պետք է խոստովանել, որ ամեն ինչ միայն ներքին տնտեսական կամ քաղաքական պատճառներով բացատրելն այնքան էլ ճիշտ չէ: Հաճախ Հայաստանից մեկնողները նոր վայրում ավելի վատ են ապրում, քան Հայաստանում: Ինչ վերաբերում է քաղաքական պատճառներին, ապա Ռուսաստանը, ուր ուղղված է միգրանտների հիմնական հոսքը, քաղաքական ազատությունների, արդարության, կոռուպցիայի եւ օրենքի գերակայության իմաստով ոչ մի առավելություն չունի: Այո, Հայաստանը «ուղեղների շտեմարան» է, բոլորս, մեր հնարավորությունների սահմաններում, պետք է աչքի լույսի պես պահպանենք ու գուրգուրենք այդ մեծ հարստությունը»:
Ես արդեն ընթերցողին պատմել եմ Ռուբեն Գրիգորյանի հայաստանյան մի շարք ձեռնարկումների եւ առաջիկայում կյանքի կոչվելիք հայրենաշեն ծրագրերի մասին, որոնց շնորհիվ բազմաթիվ նորամուտներ կլինեն, աշխատատեղեր կբացվեն, կներգրավվեն նաեւ երիտասարդ ու շնորհալի մասնագետներ եւ կապը հայրենիքի հետ այլեւս անքակտելի կլինի: Այդ առումով, իր բազմաթիվ ծրագրերը կյանքի կոչելու մտահոգությունից ելնելովՙ Ռուբեն Գրիգորյանի պրպտուն միտքը, բացի վերը նշվածից, ուղիներ է փնտրում ամենուրեք: Նրա մտահղացմամբՙ ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է «Ինչպես եմ տեսնում շրջակա աշխարհը» ինտելեկտուալ ակումբը, որը հետաքրքրական մտահղացումների յուրօրինակ պահոց եւ շտեմարան կդառնա նաեւ Հայաստանի երիտասարդության, եւ, ընդհանրապես, թարմ գաղափարներով եւ նորարարական ձիրքով օժտված մարդկանց համար: Ինտերնետային այս ինքնատիպ հարթակը, ըստ Ռուբեն Գրիգորյանի, պետք է նաեւ նպաստի բիզնեսի զարգացմանը, ուսուցողական դեր կատարի սկսնակների եւ ընդհանրապես ինքնատիպ գաղափարներով հետաքրքրվող մարդկանց համար, եւ որ անչափ կարեւոր էՙ ծառայի նաեւ որպես քրիստոնեական արժեքների եւ արժեհամակարգի պրոպագանդման ամբիոն, քանի որ ամբողջ աշխարհում մուսուլմանական գերիշխանության միտում է զգացվում, մուսուլմանների կույր մոլեռանդությունը գլուխ է բարձրացնում, ինչը կարող է Երկիր մոլորակը տանել կործանման: Եվ որպես այս ամենի արժանի հակահարված եւ պաշտպանիչ հզոր վահանՙ մեր հայրենակիցը վերստին օրինակ է բերում ինտերակտիվ թանգարանը, որի դերը, անուրանալի է հատկապես ռուսական բազմազգ իրականության մեջ…
Իր անչափ բազմազբաղ, ուժերի գերլարում եւ համակ ուշադրություն պահաջող աշխատանքում եւ առօրյայում Ռուբեն Գրիգորյանի միտքն աշխատում է մեր շնորհաշատ հայրենակիցների կյանքի պայմանները բարելավելու, Հայաստանում ապրելը հարմարավետ դարձնելու ուղղությամբ: Այդ «հիվանդությունը» մեկ անուն ունիՙ Հայրենիք, եւ Հայաստանի հոգսերով ապրող մեր տաղանդավոր հայրենակիցը, Հայրենիքից հեռու ապրելով եւ հավատարիմ նախնիների արյան կանչինՙ առաջնորդվում է իր նվիրական Տան հանդեպ տածած սիրո եւ այդ տան բնակիչներին օգնության ձեռք մեկնելու ազնիվ մղումներով: