Համեստությունն այս դեպքում ամենեւին էլ չի գեղեցկացնում
Տեսակետը, որ պետական բյուջեի մեջ փոքր բիզնեսի հարկերը նշանակալի տեղ են զբաղեցնում, պարզապես կարծրատիպ է` հեռու իրականությունից: Պետական բյուջեն հիմնականում համալրվում է առաջին 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերով: Այլ բան է, իհարկե, թե որքա՞ն է նրանց ստվերային շրջանառությունը, որքա՞ն են թաքցնում իրենց եկամուտները ու որքա՞ն ավելի պետք է վճարեին, եթե լինեին ամբողջությամբ պարտաճանաչ հարկատուներ: Այդուհանդերձ, հենց խոշոր հարկատուներին սովորաբար բաժին է ընկնում բոլորի վճարած հարկերի 65-70 տոկոսը: Դիտարկենք ֆինանսների նախարարության հրապարակած` 2015-ի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի եկամուտների եւ 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ցուցանիշները:
Այսպիսով, այս տարվա ինը ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է մուտք գործել 785 մլրդ 595 մլն դրամ, ինչը 1,2 տոկոսով ավելի է նախորդ` 2014-ի նույն ժամանակահատվածի պետական բյուջեի եկամուտների համեմատ: Այս ցուցանիշը նախ ըստ հարկատեսակների քննելու դեպքում, կտեսնենք, որ հիմնական համալրումները ստացվում են ավելի մեծ շրջանառություն ունեցող եւ ավելի խիստ հարկման դաշտում գտնվողների կողմից:
Շրջանառության հարկի դաշտում գործող 57 հազար փոքր հարկատուները բյուջեի ընդամենը 1 տոկոսն են վճարում
Այսպես, ամենամեծ մուտքերը ստացվել են ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)` 313 մլրդ 420 մլն դրամ, ապա եկամտային հարկից` 231 մլրդ 44 մլն դրամ, երրորդը` շահութահարկից` 79 մլրդ 920 մլն դրամ: Հասկանալի է, որ փոքր բիզնեսը ավելացված արժեքի հարկի դաշտում չի գործում, հետեւաբար ոչ ավելացված արժեքի հարկ, ոչ շահութահարկ չի վճարում: Եկամտային հարկը վճարում են բոլորը, բայց բնական է, որ դարձյալ առյուծի բաժինը վճարում են մեծ թվով աշխատակիցներ ունեցող, այսինքն խոշոր ընկերությունները:
Այժմՙ փոքր բիզնեսի վճարած հարկերի մասին: Խոսքը նախեւառաջ շրջանառության հարկի դաշտում գործող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին է վերաբերում: Այս դաշտում գործող շուրջ 57 հազար տնտեսվարողներ տարվա 9 ամիսներին միասին վերցրած վճարել են ընդամենը 8 մլրդ 177 մլն դրամ։ Սա կազմում է պետական բյուջեի եկամուտների ուղիղ 1 տոկոսը: Այստեղ արժե ավելացնել, որ մոտ 40 հազարը առեւտրով զբաղվողներն են (հիմնականում տոնավաճառներում), մնացածը ծառայությունների եւ արտադրության ոլորտներում գործողները: Առեւտրով զբաղվողների համար հնարավորություն է ստեղծվել վճարել շրջանառության 1 տոկոսը, այն դեպքում, երբ արտադրության համար հարկային դրույքաչափը 3,5 տոկոս է, ծառայությունների համար` 5 տոկոս:
Հատկանշանակ է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շրջանառության հարկի դաշտում գործողներիՙ հիմնականում առեւտրականների վճարած հարկերը նվազել են 31,6 տոկոսով: Այն պարագայում, երբ երկրի ներսում առեւտրի շրջանառության ծավալները վերոնշյալ 9 ամիսներին նվազել են ընդամենը 5,6 տոկոսով: Բազմիցս շեշտել ենք առեւտրի ոլորտին նման արտոնյալ վիճակ տրամադրելու տնտեսապես ոչ նպատակահարմար լինելը, որի դեպքում անգամ նրանք ավելի ու ավելի քիչ են հարկեր վճարում: Ինչեւէ: Այժմ տեսնենք, թե ովքե՞ր են խոշոր հարկատուներից ամենամեծ հարկային վճարումները կատարել, իսկ ովքե՞ր շարունակում են համեստ դիրքերում մնալ:
Բյուջեի 18 տոկոսը վճարել են առաջին 10 խոշոր հարկատուները
785 մլրդ 595 մլն դրամ պետական բյուջեի եկամուտներից, 2015-ի 9 ամիսներին, 515 մլրդ 435 մլն դրամը կամ ամբողջ հարկային եկամուտների ավելի քան 67 տոկոսը 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերն են: Խոշոր հարկատուների առաջին տասնյակն էլ վճարել է 144 մլրդ դրամ հարկ, որն ամբողջ հարկային եկամուտների ավելի քան 18 տոկոսն է: Տեղեկացնենք, որ հարկային դաշտում գործում են ընդհանուր առմամբ մոտ 95 հազար տնտեսվարողներ:
Հայաստանի ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է (նախկին «Հայռուսգազարդը») `մոտ 31 մլրդ դրամ վճարած հարկերով: Այս ընկերությունն զգալիորեն առաջ է անցել մնացած խոշոր հարկատուներից իր վճարած հարկերի ընդհանուր չափով` մոտ 12 մլրդ դրամով ավելի վճարելով երկրորդ տեղում գտնվող խոշոր հարկատուից: Երկրորդ տեղը զբաղեցնում է հանքարդյունաբերության խոշորագույն ձեռնարկությունը` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»` 19 մլրդ դրամ վճարած հարկերով։ Հարկ է նշել, որ ընկերության վճարած հարկեըը առաջին կիսամյակի համեմատ կտրուկ ավելացել են:
Խոշոր հարկատուների ցանկում երրորդը «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերությունն է` 16,7 մլրդ դրամ վճարած հարկերով: Այս ընկերությունն առաջին անգամ է հայտնվում խոշոր հարկատուների առաջին եռյակում, ինչը պայմանավորված է ամերիկյան ընկերությանը` նրան պատկանող գույքի վաճառքով եւ դրանից առաջացած լրացուցիչ հարկային պարտավորություններով:
Չորրոդ տեղում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար «Ղ-Տելեկոմ» («Վիվասել-ՄՏՍ») ընկերությունն է` 13 մլրդ 738 մլն դրամ վճարած հարկերով: Բացի կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ստանձնելուց եւ բազմաթիվ բարեգործական ծրագրեր իրականացնելուց, այս ընկերությունը, որպես կանոն, խոշոր հարկատուների վերին հորիզոնականներում է լինում:
Վերջին ամիսներին բողոքների կիզակետում հայտնված «Հայաստանի էլեկտրական ցանցերը» 13 մլրդ 730 մլն դրամով 5-րդ տեղում է: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը վճարել է 11 մլրդ 949 մլն դրամ եւ խոշոր հարկատուների ցանկում 6-րդն է: Այս նույն անձին պատկանող «Նատալի Ֆարմը» նույնպես խոշոր հարկատուների ցանկում է` 33-րդ տեղում` մոտ 2,7 մլրդ դրամ վճարած հարկերով: 7-րդ տեղում հեռահաղորդակցության ոլորտի մյուս խոշոր ընկերությունն է` «Արմենտելը», 11 մլրդ 826 մլն դրամ վճարած հարկերով:
8-րդ տեղում Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունն է` 10 մլրդ 120 մլն դրամ վճարած հարկերով: 1000 խոշոր հարկատուների ցանկում են նաեւ Վարդանյաններին պատկանող այլ ընկերություններ` «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»` 13-րդ տեղ, «Գրանդ Քենդին» 24-րդ տեղ, «Գրանդ մաստերը»` 42-րդ տեղ, «Մասիս Տոբակոն»` 208-րդ տեղ, «Գրանդ ավտոն» 539-րդ տեղ եւ այլն: Միասին վերցրած, նրանց վճարած հարկերն այս տարվա 9 ամիսներին մոտ 22-23 մլրդ դրամ են կազմում:
9-րդ տեղում Բարսեղ Բեգլարյանին պատկանող, վառելիք ներմուծող «Ֆլեշ» ընկերությունն է, որը վճարել է 9 մլրդ 261 մլն դրամ: Նա նաեւ «Արարատբանկի» ամենախոշոր բաժնետերն է: Այս բանկը զբաղեցնում է 63-րդ տեղը` 1,3 մրդ դրամ վճարած հարկերով: Խոշոր հարկատուների առաջին տասնյակը եզրափակում է դարձյալ վառելիք ներմուծող, Հարութ Փամբուկյանին պատկանող «Սի Փի Էս Օիլ քորփորեյշն» ընկերությունը` 6 մլրդ 777 մլն դրամ:
Տասնյակից դուրս` համեստ վճարումներով օլիգարխներ եւ առաջընթաց գրանցածներ
Ինչպես երեւաց, Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները բացակայում են խոշոր հարկատուների առաջին տասնյակում: Նրա «Օնիրա քլաբը» միայն 19-րդ տեղում է` 3,5 մլրդ դրամ վճարած հարկերով, «Արարատցեմենտը»` 99-րդը` 861 մլն դրամով, «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը»` 178-րդ տեղում` 478 մլն դրամով եւ այլն: Դատելով այս` ավելի քան համեստ հարկային վճարումների ցուցանիշներից, կարելի է ենթադրել, որ Գագիկ Ծառուկյանը, համարվելով Հայաստանի ամենահարուստ մարդը, շարունակում է ամենամեծ ստվերային գործունեությունը ծավալել, չնայած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր ստուգել բյուջե նրա չվճարած գումարների մասին տեղեկությունները: Երեւում է կա՛մ նախագահի հանձնարարությունը լավ չեն կատարել, կա՛մ էլ նախագահն առանձնապես չի ցանկացել Գագիկ Ծառուկյանի ստվերում գտնվող ահռելի շրջանառության գոնե մի մասը բերել հարկման դաշտ:
Առաջին երեք հարյուրակից բացակայում է անցյալ տարի 13-րդ տեղում գտնվող, Գուրգեն Արսենյանին պատկանող «Արսօյլը»: Անցյալ տարվա խոշոր հարկատուներից «Արմավիան» նույնպես բացակայում է: Ինչպես հայտնի է, սնանկացած ազգային ավիափոխադրողի սեփականատերը Միխայիլ Բաղդասարովն էր, որը նույնպես աչքի էր ընկնում որպես հարկերից խուսափող գործարար: «Արմավիան» մշտապես համեստ դիրքեր է զբաղեցրել խոշոր հարկատուների ցանկում, իսկ անցյալ տարի, սնանկացումից հետո, ստիպված էր եղել մարել բյուջեի հանդեպ կուտակած պարտքերը:
Ի դեպ, «Օնիրա քլաբից» մեկ հորիզոնականով վեր է գտնվում Վալերի Մեջլումյանին պատկանող «Թեղուտ» հանքարդյունաբերական ձեռնարկությունը` 3,6 մլրդ դրամ վճարած հարկերով: Այն սկսել է գործել այս տարի եւ արդեն հայտնվել խոշոր հարկատուների վերին հորիզոնականներում: Վճարած հարկերով բարձր տեղեր զբաղեցնողների մեջ նկատելի առաջընթաց արձանագրածներից է «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնը»` 17-րդ տեղ` 3,8 մլրդ դրամ վճարած հարկերով, որը գերազանցում է անցյալ տարվա տարեկան արդյունքը: Բանկերից ամենախոշոր հարկատուն Ռուբեն Վարդանյանի «Ամերիան» է: Այն նույնպես վճարել է ավելին` 4,3 մլրդ դրամ, քան անցյալ տարվա նրա տարեկան ցուցանիշն է:
Սա խոշոր հարկատուների ցանկին խիստ համառոտ անդրադարձն է։ Իհարկե, մեկ հրապարակմամբ անհնար է անդրադառնալ այս ցանկի բոլոր առանձնահատկություններին եւ հետաքրքրական պահերին: Բոլոր պարագաներում հարկ է փաստել, որ բյուջեն հիմնականում համալրվում է հենց այս հարկատուներով, եւ ցանկալի կիներ, որպեսզի այն ընկերությունների սեփականատերերը, որոնք դեռեւս իրենց իրական հնարավորություններից շատ ցածր հարկային վճարումներ են կատարում, գիտակցեն դրա նշանակությունը պետության համար եւ հպարտանան պարտաճանաչ հարկատու լինելու փաստով: