Նոյեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արմենական կուսակցության 130-ամյակին նվիրված գիտաժողով: Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ առաջատար գիտաշխատող Սուրեն Սարգսյանը: Շնորհավորելով ներկաներին հոբելյանի առթիվ նա ասաց, որ քաղաքական կազմակերպությունների բարձրագույն ձեւին` կուսակցության ստեղծմանը հայ ժողովուրդը հասավ երկար ու դժվարին փնտրտուքի արդյունքում: 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Եվրոպայից դուրս մղված թուրքերն աննախադեպ խստացրին բռնաճնշումները` հարձակման հիմնական թիրախ դարձնելով արեւմտահայությանը: Բեռլինի վեհաժողովում բանաձեւված Հայկական հարցից սարսափած իշխանությունների հարկային, ազգային, իրավական, կրոնական, հոգեբանական բռնությունները, հարեւան կիսավայրենի քրդերի ամենօրյա հարձակումները փոփոխության հրատապ պահանջ էին առաջացրել եւ ստիպել հայությանը այդ վիճակից դուրս գալու համար ելք որոնել:
Ժողովրդի վերազարթնումին եւ պայքարի կոչելուն նպաստում էին նաեւ Վասպուրական աշխարհում իրենց կրթալուսավորական եւ ազատաբաղձ քարոզչական գործունությամբ աչքի ընկած Մկրտիչ Խրիմյան Հայրիկը, Մկրտիչ Փորթուգալյանը եւ ուրիշներ,- շարունակեց Ս. Սարգսյանը: 1885 թ. աշնանը Մ. Փորթուգալյանի հիմնադրած Կենտրոնական վարժարանի մի խումբ նախկին շրջանավարտներ հիմնեցին առաջին ու միակ հայրենածին` Արմենական կուսակցությունը: Անչափ համեստ ու դափնիների արժանանալու հավակնություններից հեռու արմենականները թշնամուն ավելորդ փաստեր չթողնելու մտահոգությունից ելնելով` շատ քիչ վավերագրեր են թողել իրենց մասին, ինչը դժվարացնում է այդ թեմայով ուսումնասիրություններ կատարելը: Այնպես որ, կարեւորելով զեկուցողների կատարած կարեւոր գործը, ուզում եմ նախապես շնորհակալություն հայտնել կատարած դժվարին աշխատանքի համար եւ բարի երթ մաղթել գիտաժողովին:
Այնուհետեւ գիտաժողովը ողջունեցին եւ բեղուն ստեղծագործական ընթացք մաղթեցին վաստակաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ անդամ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը եւ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ակադեմիկոս Երվանդ Ազատյանը: Կարդացվեց թվով վեց զեկուցում, որոնցից յուրաքանչյուրում ներկայացվում էին Արմենական կուսակցության գործունեության տարբեր կողմեր: Հեղինակները` պգ դոկտորներ Լեւոն Շիրինյանը, Համլետ Գեւորգյանը, Ռուբեն Սահակյանը, Աշոտ Ներսիսյանը եւ պգ թեկնածուներ Քնարիկ Ավագյանն ու Արմեն Կարապետյանը գիտական բարեխղճությամբ լուսաբանեցին արմենականների գործունեությունն ու կարեւոր դերակատարությունը հայ ազգային-ազատագրական պայքարում:
Գիտաժողովի ավարտից հետո Ս. Սարգսյանը համառոտ ներկայացրեց սփյուռքահայ ժամանակակից մտավորական Հակոբ Վարդիվառյանի վերջերս լույս տեսած «Մեծ երազի ճամբուն ուղեւորները եւ համապարփակ պատմություն Ռամկավար Ազատական կուսակցության» աշխատությունը եւ ներկաներին հրավիրեց գրքի գինեձոնի արարողությանը:
Գիտաժողովին ներկա էր ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, նշանավոր գիտնականներ, սփյուռքի տարբեր երկրներից ժամանած հյուրեր:
Երվանդ Ազատյանի ողջույնի խոսքը
Ժամանակն էր, որ Արմենական կուսակցութեան վերագնահատումը եւ վերարժեւորումը կատարուէին պատմական առարկայական հիմունքներու վրայ, եւ արդար էր, որ այդ ծրագրին նախաձեռնողը հանդիսանար Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցութիւնըՙ արժանաւոր ժառանգորդը Արմենականներուն:
Արմենական կուսակցութիւնը ունէր եզակի բնոյթը հայկական բնօրրանի հողին վրայ կազմուած ըլլալու, եւ այսօր երբ ետ կը նայինք 130 տարուան պատմութեան վրայ, կը հաստատենք, թէ ան իբրեւ ուղեգիծ եւ գաղափարաբանութիւն ընտրած էր ամենէն իրատեսական եւ իրագործելի քաղաքական ուղղութիւնը: Հայաստանի պատմական հողին վրայ ծնունդ առած կուսակցութիւնը այսօր կրկին կը վերադառնայ հայկական հողին:
Վեց դարեր վերջ, երբ այսօր կրկին դարձած ենք պետական ժողովուրդՙ այդ հանգամանքը մեզ կը պարտաւորեցնէ, որ ինչպէս արմենականներու պատմութիւնը, նոյնպէս մեր ազատագրումին նուիրուած միւս բոլոր կուսակցութիւններու պատմութիւնը վերանայուի առարկայականօրեն ե՛ւ վերաժեւորուի իրապաշտօրէն: Պետականութիւն ունեցող ժողովուրդ մը իրաւունք չունի իր պատմութիւնը- այդ ալՙ իր ազատագրութեան պայքարին նուիրեալ պատմութիւնը- սիրողական մակարդակով պահպանելու եւ աւանդելու գալիք սերունդներուն:
Այսօր բոլոր կուսակցութիւններու անցեալը պատմական հենքի վրայ դիտելովՙ կը պատկանի ամբողջ հայ ժողովուրդին: Անոնց սխրագործութիւններըՙ ամբողջ հայութեան սխրագործութիւններն են. նոյնպէս անոնց բացթողումներն ու թերութիւնները կը պատկանին ամբողջ հայութեան եւ կը բխին վեց դար պետականութենէ զրկուած ժողովուրդի մը անփորձութենէն:
Արմենական կուսակցութեան պատմութիւնը քիչ ուսումնասիրուած բնագաւառ մըն է մեր պատմագրութեան մէջ, հակառակ որ անոր որդեգրած ուղեգիծը երկիցս ենթարկուեցաւ իրականութեան դաժան փորձին եւ իր վաւերագրումը կնքեց պատերազմի դաշտին վրայ: Առաջինըՙ Վանի 1896-ի ինքնապաշտպանութիւնն էր, որու աւարտին նահատակուեցան անոր մարտիկներէն աւելի քան 800 զինեալներ: Այսուհանդերձ ան պահպանեց իր կենսունակութիւնը դարձեալ ծառանալու համար 1915-ի ինքնապաշտպանութեան օրերուն:
Կուսակցութեան ուղեգիծը կը բխէր հայ ժողովուրդի ամէնէն կենսական մէկ պահանջէնՙ ինքնապաշտպանութեան գործօնէն, որուն համար ան պատրաստուեցաւ գաղտնօրէնՙ ճակատագրական պահուն պարզելու համար իր բազուկը: Ոեւէ յեղափոխականի կամ յեղափոխական խմբաւորման համար միշտ փորձիչ պիտի մնային Եւրոպայի եւ Ռուսաստանի մէջ լայնօրէն տարածում գտած միջազգային գաղափարախօսութիւնները, որոնք թրքական գլանի տակ ճզմուող ժողովուրդի մը բախտին ու ճակատագրին հետ անյարիր պիտի մնային:
Մեր կուսակցութիւններու պատմութինները առ հասարակ գրուած են կուսակցականներու կամ անոնց համակիրներու կողմէ, որոնք անկողմնակալ ըլլալու մտահոգութիւնը չեն ունեցած միշտ եւ գերագնահատած են իրենց կուսակցութիւնը եւ թերգնահատած միւս կուսակցութիւնները կամ աւելի վատՙ անտեսած են անոնց գոյութիւնը:
Սակայն այսօր, երբ կը վերարժեւորուին տուեալներըՙ համապատասխան կուսակցութեան իրագործումներու կողքին ուսանելի կը մնան նաեւ անոնց վրիպումները: Հետեւաբար իւրաքանչիւր կուսակցութիւն առանձին եւ մեր պատմագրութիւնը ընդհանրապէս անպայման բան մը կը շահին առարկայականօրէն վերլուծելով անցեալը: Մանաւանդ որ այսօր կը փորձենք բազմակուսակցական բնոյթով պետականութիւն մը կերտել:
Եղեռնին հարիւրամեակի կապակցութեամբ մենք հրատարակեցինք Երուանդ Օտեանի «Անիծեալ տարիներ» հատորը, անհատի մը կեանքին ընդմէջէն դրսեւորելու համար ամբողջ ազգի մը ողջակիզումը: Պատմութեան աչքին ուղիղ նայելու համար մենք պէտք է հրատարակած ըլլայինք նաեւ Օտեանի ուրիշ մէկ երկըՙ «Յեղափոխութեան մակաբոյծները» ճանչնալու համար, որ մեր ազատագրութեան սրբազան դատին հաշւոյն ինչպիսի սրբապղծութիւններ են գործուած: Ու մեր աշխարհահայեացքը աւելի կշռադատ դարձնելու համար պիտի կարդայինք նաեւ Արփիար Արփիարեանի «Կարմիր ժամուցը»: Այս հատորներու հեղինակները իրենց օրին հալածուած կամ սպաննուած են, սակայն անդենականէն մեզի իրապաշտութեան դասեր կ՛ընծայեն:
Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի կամարները զգօնութիւն կը թելադրեն մեզիՙ մեր հաեացքը մխրճելու 130 տարուան պատմութեան մը քաոսին մէջ: Պատրաստուած է լուրջ գիտաժողով մը, որմէ չ՛ակնկալուիր հատուածական սնապարծութիւն: Մեր յարգելի զեկուցողները պիտի գան բանալու պատմութեան վարագոյրը, ուր պիտի տեսնենք թէ՛ սխրանքը, թէ՛ վրիպանքը եւ թէ անաչառ գնահատանքը:
Բոլոր մասնակիցներուն համար կը մաղթեմ այս դահլիճէն հեռանալՙ իրենց հետ տանելով միայն պատմութեան ճշմարտացիութիւնը, որովհետեւ այդ ճշմարտացիութեան վրայ պիտի կերտենք մեր նոր պետականութիւնը:
Կ՛ողջունեմ բոլոր զեկուցողները, ինչպէս նաեւ մեր նախանձախնդիր ունկնդիրները: