Հաագայի դատարանի երեկվա որոշումը ողջունելի, դրական ազդակ է, որովհետև որոշ ժամանակ առաջ մենք նման զարգացում նույնիսկ ակնկալել չէինք կարող։ Կատարված աշխատանքը առանձին թիմի հետևողականության արդյունք է, և այն ոչ մի կերպ չպետք է վերագրել ՀՀ իշխանություններին, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից բացելու որոշմանը։
Մյուս կողմից, ըստ արցախցի պատգամավորի, բոլորն են պարբերաբար ականատես դառնում Ադրբեջանի ղեկավարի անթաքույց հայտարարություններին, որ միջազգային որևէ հորդոր իր համար արժեք չունի։
«Իհարկե, միջանցքի փակ մնալու առնչությամբ միջազգային արձագանքը բավական մեծ է, բայց այն դեռևս արդյունք չի տվել։ Մի կողմից Ալիևի հաստատակամությունը և լկտի պահվածքն են, մյուս կողմից՝ շահագրգիռ կողմի անգործությունը. ՀՀ իշխանությունները որևէ բան չեն անում, որպեսզի Ադրբեջանին ուղղված միջազգային ատյանների կոչերը միս ու արյուն ստանան. այդ որոշումներն այդպես էլ մնում են թղթի վրա։
ՀՀ իշխանությունները հնարավորինս խուսափում են միջազգային ատյաններում հանդես գալ և կոշտ պահանջներ ներկայացնել՝ առավելագույնը բավարարվելով խեղճուկրակ հայտարարություններով»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանն այս պահին բացառիկ հնարավորություն ունի դիվանագիտական հարթակում լուրջ հաջողություններ գրանցելու, բայց հույս դնել ՀՀ իշխանության վրա՝ միամտություն է։
«Վստահ եմ, որ Հաագայի դատարանի որոշումը նույն ճակատագրին է արժանանալու, ինչ մնացած հորդորներն ու կոչերը, որովհետև հետամուտ պետք է լինեն ՀՀ իշխանությունները։ Եթե թշնամու օրակարգը կատարող իշխանությունների փոխարեն ունենայինք ազգանվեր իշխանություններ, պատկերը, միանշանակ, այլ էր լինելու։ Ցավոք, մենք ուժեղ դիվանագիտություն չունենք, կամ այդ դիվանագիտությունն ուղղակի աշխատում է ընդդեմ Հայաստանի և Արցախի»,- ամփոփեց Մետաքսե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանը որոշել է՝ Բաքուն պարտավոր է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան, ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան երթևեկությունն ու տեղաշարժը։
Հարցին՝ ինչ կարող է հետևել, եթե Ադրբեջանը հրաժարվի կատարել Հաագայի դատարանի որոշումը, միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պարզաբանել էր՝ նախ դա լավ արձագանք չի ունենա միջազգային հանրության կողմից։
«Ադրբեջանի կողմից նման որոշումների չկատարումն առաջացնելու է առնվազն երկրի հեղինակության խնդիր, նաև լուրջ բարդություններ։ Հայկական կողմն էլ պետք է ամեն ինչ անի՝ ադրբեջանական կողմին և միջազգային հանրությանն անընդհատ հիշեցնելու այս նոր պարտավորության մասին և, այդ դեպքում, չեմ կարծում, թե ադրբեջանական կողմի շահերից է բխում այս որոշումը չկատարելը»,- նշել էր Կիրակոսյանը։