«Մյունխենում տեղի ունեցած հանդիպում-քննարկումների վտանգավոր դրվագներից մեկը վերաբերում է «Լաչինի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը:
Ալիևը պարզ վերահաստատում է իր այն մոտեցումը, որ Հայաստանն Արցախին կապող երթուղին և Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհը պետք է գործեն միևնույն ռեժիմում` հավելելով, որ այդ հատվածներում պետք է անցակետեր տեղակայվեն»,- Ալիևի պահանջների հեռահար նպատակները վերլուծել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Առավել պարզ ասած, Ալիևն ասում է, որ եթե ՀՀ-ն դեմ է Սյունիքով միջանցքի տրամադրմանը, ապա Հայաստանն Արցախին կապող երթուղին պետք է զրկվի միջանցքի կարգավիճակից, իսկ դա նշանակում է, որ ՀՀ-ից Արցախ մուտք գործելիս պետք է անցնել ադրբեջանական անցակետերով` անվտանգային, մաքսային և այլ ընթացակարգերի ներառմամբ:
«Չի բացառվում, որ ի սկզբանե Ադրբեջանը միջանցքի թեման առաջնային օրակարգ էր մղել որպես «փոխզիջում» օգտագործելու և իր գլխավոր նպատակներից մեկին հասնելու` ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհին անցակետ տեղակայելու համար:
ՀՀ-ի ու Արցախի միջև հնարավոր ադրբեջանական անցակետի տեղակայումը Արցախի հարցի վախճանը կդառնա»,- համոզված է պատգամավորը: