Նախորդ օրվա մյունխենյան բանավիճային հանդիպումից հետո, այսօր, համացանցային ու յութուբյան հարթակները ողողված են Հոյսգենի եւ Էնտոնի Բլինքենի կազմակերպած Փաշինյան-Ալիեւ բանավեճերի շուրջ խորհրդածություններով, տեսակետների ու մեկնաբանությունների ներկայացմամբ։
Ստորեւ «Ազգ»-ի Գերմանիայի թղթակից Անահիտ Հովսեփյանը բանավիճային այդ մթնոլորտը ներկայացնում է բոլորովին տարբեր ընդգրկումով՝ միջազգային հակամարտությունների պարունակում, ընկալումների բոլորովին տարբեր ոլորտում, որտեղ մենք միշտ մտնում ենք կաղ ոտքով, խղճուկ, արգահատելի տեսքով, թերուս ու թերխաշ ներկայացուցիչներով։
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 18-ին Հոյսգենից չլսեցինք Ալիեւին ուղղված շեշտը, թե ուժի կիրառումը բացառվում է:
Եթե մի նախադասությամբ ներկայացնելու լինեմ Մյունխենի անվտանգության 2023-ի համաժողովը, ապա կնախընտրեմ այսպես ձեւակերպել՝ երեք օր խոսեցին մեկի մասին, որ ներկա չէր, քանզի հրավիրված չէր: Արդյունավե՞տ է այդպես, թե՞ դյուրին պատժելու առումով… Դեռ առիթ կունենանք գրել բացակա Ռուսաստանի մասին այսչափ սրված խոսույթի մասին ամփոփ շարադրանքով, բայց նկատել տանք մի հանգամանք՝ այս անգամ հե՛նց գլխավոր սրահում Հայաստանին իր դրացի երկու երկրների հետ նույն հարթակում բանավիճելու առիթ տրվեց: Ձեւակերպեցին՝ պատմական հանդիպում:
Ճիշտ ժամանակն է Հայաստանին բազմամարդ լսարանում խոսեցնել, որ փաստի, թե Ռուսաստանից դավաճանված է:
Բայց նախ, մեր կարծիքով, գերլուրջ մի վտանգի մասին, որ Ոսկե ձկնիկ Արեւմուտքը մերժեց:
Մարդ ու տարածքներ արագ ոչնչացնող մարտական հրասայլերի ու կործանիչների պահանջից հետո Ուկրաինան Մյունխենի անվտանգության համաժողովում փետրվարի 17-ին արեւմուտքին նոր հարկադրանք առաջադրեց. Ռուսաստանին դիմակայելու համար փոխվարչապետ Օլեքսանդր Կուբրակովը խնդրեց, թեեւ տոնը հուշում է ստույգ բառը՝ պահանջեց արտոնել կիրառել կասետային զինամթերք եւ ֆոսֆորային հրկիզող զենք: Երեկ արտգործնախարար Կուլեբան էլ ակնարկեց դրա մասին՝ վստահեցնելով, թե դա կօգտագործեն միայն Ռուսաստանի դեմ, ինչը այդ երկիրն արդեն կիրառում է:
Այստեղ անշուշտ ոչ մի հիշատակում, թե այդ ֆոսֆորն արդեն արցախյան 44- օրյա պատերազմում մեր զինվորների ոսկորն է քայքայել: Այսօր դեռ շարունակվում է Մյունխենյան համաժողովը, եւ մեր առանձնացրած այս ուշագրավ փաստը կարող է օգտակար լինել հայկական պատվիրակության համար:
Բարեբախտաբար Ուկրաինայի այս պահանջը մերժվում է: Այս պահին գոնե հաստատապես:
Երեկ Մյունխենում մի շատ կարեւոր փաստ հայտնի դարձրեց Չինաստանը՝ ինքն այն պետությունն է, որ Ռուսատանի՝ Ուկրաինա ներխուժման արյունալի մեկամյակին ընդառաջ՝ փետրվարի 24-ին գրավոր փաստաթղթով խաղաղության նախաձեռնության առաջամարտիկն է դառնալու: Ի՞նչ թուղթ է դա, դեռ հայտնի չէ, ինչպես հայտնի չէ գերմանական մեդիա տիրույթում դրանից մեկ օր առաջ շրջանառված՝«Հայաստանը Ադրբեջանին խաղաղության պայմանագրի իր առաջարկն է ներկայացրել» խոստումնալից վերնագիրը, որ դպրոցում քերականությունից անցածը վերհիշելով՝ Հայաստան- Արցախ-Ադրբեջան հակամարտությունից անտեղյակ մարդը կարող է նախադասությունն այսպես վերլուծել՝ Հայաստանը ենթակա է, գործողություն կատարողն է, ըստ տրամաբանության ուրեմն՝ ագրեսորը, որ զենքը վայր է դրել, խաղաղություն է կերտում: Նույն օրվա երեկոյան հարավկովկասյան երեք երկրների առաջնորդների մասնակցությամբ բանավեճին Ադրբեջանի նախագահը նույնը կբարձրաձայնի: Զոհն իրենք են, Հայաստանն ագրեսոր է:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուղեկցությամբ Փաշինյան -Ալիեւ հանդիպման մասին գերմանալեզու լրահոսում երեկ երեկոյան հանդիպում ենք հետեւյալ տողերին: «Փաշինյանը վերահաստատեց երկու երկրների միջեւ կնքվելիք պայմանագրով երկարաժամկետ խաղաղության հասնելու իր վճռականությունը: Ալիեւը հայտարարեց՝ «Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ցույց տան, որ… պետք է վերջ գտնեն ատելությունն ու թշնամանքը»:
Վերջին նախադասությունը կարծես հաստատում է Ալիեւի զոհ լինելու, դրանից բխող հանդուրժողականության պահանջը: Այնինչ Մյունխենյան համաժողովի ֆեսբուքյան էջում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան բանավեճի ժամանակ ադրբեջանցի մի օգտատեր գրում էr՝ Karabakh is Azerbaijan, մյուսը պատասխանում՝ Zangezur and Irevan too:
Հենց այդտեղ կարելի էր դիմակազերծ անել խաղաղությունը ռազմական ագրեսիայով, Երեւան հասնելու Ալիեւի մտագար սեւեռակետն ի ցույց դնելով: «Ազերթաջի» անգլերեն եւ գերմաներեն տարբերակներում բավական փաստ կա կուտակված՝ մեր տեղանունների անվանափոխումը, Հայաստանի Հանրապետության ներկա մայրաքաղաքի անունն առաջին հերթին: Պաշտոնական Երեւանը չի կարող հանդուրժել կամ՝ չպետք է հանդուրժի այս սպառնալիքը: Անվտանգության համաժողովը խոսելու վայր է, բարձրաձայնելու եւ ցույց տալու, ինչպես Մյունխենում կախված ցուցահանդեսի մեծ պաստառն է հուշում՝
Ukraine is you: |Ուկրաինան դո՛ւ ես:
Գերմանիայում, Մյունխենում երբեք այսքան չեն պարտադրել «այլ ինքնության» ենթական լինել:
Այս երեւույթը, որի դեմ նաեւ երեկ այդ քաղաքում բողոքի ցույց էին անում տարբեր խմբեր, դեռ աճ է գրանցելու: (Որքան է դեռ շարունակվելու այս պատերազմը, եթե քաղաքական գործիչները հայտարարում են, թե Ուկրաինայի կողքին են այնքան, որքան անհրաժեշտ է: Անորոշ ժամանակ, նույնը պատրաստ չէ ստանձնել քաղաքացին, հարկատուն) Իսկ Հայաստանը, եթե կարող է, թող ձեւակերպի՝ Արցախը դո՛ւ ես, մանավանդ Բերձորի (Լաչինի) միջանցքի մասին կարծես բոլորն են արտոնել խոսել: Դրա մասին գրեց, գրում է գերմանական մեդիան: Հումանիտար աղետ է, ուստի մարդունն է: Երեւի այսպես: Նույնիսկ երդվյալ լռությունն է խախտել, Ադրբեջանին կոչ էր արել, անում բացել այն ԳԴՀ արտգործնախարար Աննալենա Բերբոքը: Իսկ երեկվա բանավեճի հարթակում Հոյսգենը խոսեց դրա մասին՝ մեղմորեն: Նա, որքան նկատել ենք, վճռական է միայն «դեպուտինացնել Ռուսաստանը», իսկ Ալիեւը վիրո՞ւս է, թե՞ բակտերիա, դեռ պիտի որոշեն, երբ հերթը հասնի Ադրբեջանում ժողովրդավարություն հաստատելու անհրաժեշտությանը: Հոյսգենը հիշեցրեց, որ հակամարտողների բանակցությունների վայր չէ մյունխենյան հարթակը, ուստի ազատություն տվեց խոսելու, եթե ուրիշ բառով՝ արտոնեց նաեւ շոու անել: Ինչպե՞ս հարց չտալ, չհիշատակել հենց նրա՝ անվտանգության համաժողովից առաջ եւ հենց նույն օրը մեր ունկը լցրած ձեւակերպումը՝ Օրենքի ուժն առավել ուժեղ է, քան ամենաուժեղի օրենքը (Die Stärke des Rechts ist stärker als das Recht des Stärkeren): Այս ձեւակերպումը բացառում է ռազմական ուժի կիրառումը: Իսկ Հոյսգենի կողքին նստած Ալիեւը ցինիկաբար բարձրաձայնում է դրա մասին:
Գերմանական խոսույթում, գրավոր բովանդակության մեջ Ստալինի կերպարը վերակենդանացնում են նաեւ Պուտինով: Հոլոդոմորի մասին Բունդեսթագի բանաձեւի մասին գրել ենք, ուստի չկրկնենք, թե Ստալինը որքան «սիրելի թիրախ է»: Գերմանալեզու ԶԼՄ-ը բացառիկ դեպքերում են հիշատակում նրա՝ Արցախն Ադրբեջանին նվիրելու հանգամանքի մասին: Մե՛նք ինչո՞ւ չենք շրջանառում:
Մենք գիտենք, որ Ալիեւը փաստերը կեղծում է, կեղծելու է: Նույնն անմիջապես թվիթերյան իր էջում արձանագրում է Բեռլինում այդ երկրի դեսպանը: Խնդրեմ՝ «այսօր ՀՀ վարչապետը Մյունխենում հայտարարեց, թե Ղարաբաղում մզկիթները ոչնչացրել է ոչ թե Հայաստանը, այլ ԽՍՀՄ-ը: Ստորեւ ցուցակագրված 43 մզկիթ, որ ոչնչացրել է Հայաստանը 1992-93-ին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո»:
Ադրբեջանի դեսպանն այս «փաստ»ին կից հրապարակել է մի անդեմ ավերակ, որ կարող է լինել աշխարհի ցանկացած վայրում: Տեղին չէ՞ր Շուշիի մզկիթի վերանորոգման մասին ակնարկել, թվիթերյան էջում այդ պահին դնել պատկերը: Նաեւ՝ Նախիջեւանի խաչքարերի մասին, դրա լուսանկարը անմիջապես տարածելով: Առանց հապաղելու մի «կոնսպեկտ» կազմեք՝ ոչնչացված հայկական գյուղերի, քաղաքների, մշակութային հարստությունների, վանքերի, եկեղեցիների մասին: Լուսանկարներով՝ առաջ եւ հիմա:
«Բիլդի» թղթակիցը ներկա էր սուրբ Ղազանչեցոցում, երբ Ալիեւը 2020-ին հրթիռակոծեց եկեղեցին, հիմա քանդում է գմբեթը՝ ոչնչացնում է:
Ընդհանրապես գերմանալեզու լրահոսում, մանավանդ կաթոլիկական կայքերում բազմիցս արձանագրվել է, որ Ադրբեջանը, այսինքն՝ Ալիեւը ոչնչացնում է հայկական հուշարձանները, մեր վանքերն ու եկեղեցիները: Արտգործնախարարությունը այս փաստերի մասին միշտ պիտի ահազանգի, իր սոցցանցային տիրույթում շրջանառի դրանք: Նախարարությունը պիտի մեր երկիր հրավիրի օտարերկրյա այն լրագրողներին, որոնք լուսաբանել են Արցախյան 44-օրյա պատերազմը, գրել են, գրում են սեպտեմբերին Հայաստանի վրա հարձակման մասին:
Գիտենք Ալիեւի մոտավոր «սիրելի թեմաները»: Մոսկվայի համալսարանը, հոր ստեղծած բարեկեցիկ միջավայրը, նավթախավիարային որոգայթը լարած պահելու նրա ունակությունը ծանոթ է մեզ, ինչպես նաեւ մարմնի շարժումների, մանավանդ արագախոս, առանց թուքը կուլ տալու, առանց շունչ առնելու այն լեզուն, որ մշտապես սուտ է խոսում, կեղծ փաստեր շրջանառում, բայց ամենակարեւորը՝ սպառնում: Մյունխենի անվտանգության համաժողովը մի վայր է, որտեղ մարդու, երկրի, պետության առաջնային բնական պահանջն է ընդգծվում՝ անվտանգությունը:
Տպավորություն է, թե հայերս կա՛մ չենք սիրում այս բառը, կամ՝ երկյուղ ունենք դրանից:
Մյունխենում առաջին հերթին պիտի կենտրոնացած լինեինք այս բառի վրա: Կա՞ անվտանգություն մի երկրի համար, երբ Ալիեւը նույն հարթակից անթաքույց հայտարարում է՝ խաղաղության բանակցությունները 28 տարի արդյունավետ չեղան, ուժ կիրառեցինք:
Սա այն պահն է, երբ Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ, այդ պահին Ալիեւի կողքին նստած հյուրընկալ Հոյսգենին պիտի հարց տալ արդեն օրեր առաջ, նաեւ նույն օրը հնչեցրած իր միտքը դեմ տալով: «Պուտինին եւ Լավրովին իրենց ռազմական քարոզչությունը հանրայնացնելու հարթակ չենք կարող տրամադրել», ասել եք Դուք: Իսկ հիմա արտոնում եք Ձեր կողքին նստած պարոնին այդքան չափն անցնե՞լ: Գերմանացիները հայտնի ուղղախոս են, ուղիղ հարց կարելի է դեմ տալ նրանց, մանավանդ բանավեճի հարթակում:
Հայաստանն իրավունք ունի պաշտպանվելու, ինչպես Ուկրաինան, ինչպես Մոլդովան, ինչպես Ֆինլանդիան, որի նախագահն անընդհատ շեշտում էր, թե ՌԴ-ի հետ շատ երկար սահման ունի: Միշտ պիտի կրկնել՝ Հայաստանն ագրեսոր չէ, եւ նկատել տալ, որ Ադրբեջանը սպառնում է տարածաշրջանին, նաեւ՝ Վրաստանին, որի վանական համալիրը զավթելու փորձ է անում՝ փաստում ուժի իրավունքը:
Բանավեճին մասնակից ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը, երկրաշարժից տուժած Թուրքիային Հայաստանի օգնության ձեռք մեկնելու քայլը դրվատելով, առիթ տվեց Հայաստանին խոսել իր անվտանգության երաշխիքների կարեւորության մասին: Գերմանիայում միշտ պիտի գոնե հակիրճ հիշեցնել, թե մենք բոլորս Հայոց ցեղասպանության վերապրողներ ենք: Անընդհատ կրկնվում է նույն ահասարսուռ պատկերը, քանզի ոճրագորճն ուրանում է ոճիրը: Այստեղ ապրող հրեաները սովորեցրել են, որ դա վերապրողի խոսքի առանցքային բաղադրիչ է: Ինչու՞ չասել՝ հիշում ենք, երախտապարտ ենք Արմին Թեոֆիլ Վեգներին, որի լուսանկարները կարեւոր վավերագիր են մեր ողբերգության: Ինչու՞ չակնարկել, որ Հայոց ցեղասպանության մասին լավագույն գրական պատումը գերմանալեզու տիրույթում է ձեւավորվել՝ հրեա Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրերը» դեռ կարդում են այստեղ: Եթե ժամանակ չկա լսելի դարձնել սա հանդիպման ժամանակ, մեծ լսարանի առջեւ, միշտ առիթ կա երախտագետ լինելու, գիտելիք փոխանցելու. մեր պետությունը դրանք կարող է տարածել իր պաշտոնական մարմինների թվիթտարածքում: Չէ՞ որ կա այն սպառողների ձեւավորված բազմություն:
Ի՞նչ կմնա Մյունխենի անվտանգության համաժողովից՝ յուրացվող եւ չյուրացվող դասեր եւ մի մեծ դաս:
Հենց այս պահից՝ մեր պետությանը գրավոր տնային աշխատանք: Բանավորը լավ կազմած գրավորից է հոսում, եթե ավելի ճիշտ՝ շարվում: Այդ դեպքում համակարգիչը հաշվիչը չէ, որ տեխնածին աղետի դեպքում օգնել չի կարող, մեր ուղեղն է, որ կարեւոր բովանդակություն բեռնելիս միշտ պայծառանում է:
Եւ պատասխանը չի ուշացնում:
Անահիտ Հովսեփյան, Գերմանիա