Չեմ կարծում, թե ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ Թուրքիա կատարած այցից պետք է քաղաքական լուրջ արդյունքներ ակնկալել, որովհետև այդ երկիրը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ուղղակիորեն պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
«Իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկար ես այս պահին չեմ տեսնում այն պարզ պատճառով, որ Ադրբեջանին խաղաղություն պետք չէ։ Ադրբեջանին իբր խաղաղության բանակցային գործընթացն անհրաժեշտ է զուտ քարոզչական նպատակներով, որպեսզի բանակցությունները մերժողի դերում ներկայացվի Հայաստանը։ Սրանով Ադրբեջանը ռազմական նոր ագրեսիայի հնարավորություն կստանա։
Կարծում եմ՝ պաշտոնական Բաքուն առաջին հերթին հենց այս նպատակն է հետապնդում, հետևաբար, եթե կողմերից մեկին խաղաղություն ընդհանրապես պետք չէ, չեմ կարծում, թե խաղաղության պայմանագրի վրա աշխատելու գործընթացը հաջողություն կունենա։ Սրանով պայմանավորված էլ՝ չեմ կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն, քանի որ, կրկնում եմ, Թուրքիան այս հարցն ուղղակիորեն փոխկապակցում է այլ հարցի հետ»,- նշեց Արմեն Բաղդասարյանը։
Քաղաքագետը միաժամանակ քիչ հավանական համարեց, որ երկրաշարժի օրերին Հայաստանի կողմից Թուրքիային ցուցաբերված հումանիտար օգնությունն էական ազդեցություն կունենա կողմերի հարաբերությունների կարգավորման վրա։
«Թուրքիան իր արտաքին քաղաքականությունը կառուցում է ոչ թե էմոցիաների հիման վրա, այլ առաջնորդվում է բացառապես իր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային շահերով։ Քանի որ այդ շահերը, նպատակները և թիրախները չեն փոխվել, մարդասիրական օգնությունը և շնորհակալություն հայտնելը կլինեն և կմնան ընդամենը ժեստեր։ Եթե դրանք քաղաքական տրամաբանության մեջ կիրառելի լինեին, Թուրքիան կթմբկահարեր և կօգտագործեր, իսկ եթե այդ երկրի քաղաքական շահերն այլ լինեն, նմանօրինակ ժեստերը որևէ ազդեցություն ունենալ, բնականաբար, չեն կարող»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 15-ին մեկնել էին Թուրքիա:
Նրանց օդանավակայանում դիմավորել էր երկխոսության գործընթացում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
Անկարայում տեղի էր ունեցել Միրզոյանի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։
Մամուլի ներկայացուցիչների համար հայտարարության ժամանակ Չավուշօղլուն անդրադարձել էր հայ գործընկերոջ հետ երկկողմ հանդիպմանը: Նա նշել էր, որ հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող աշխատանքներին, միաժամանակ կարծիք հայտնել, որ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև նորմալացման գործընթացները նպաստելու են տարածաշրջանում կայունության և բարօրության հաստատմանը: