Այս տարվա հունվար ամսին անցկացված հասարակական կարծիքի արդյունքներով Հյուսիսային Դալլասի (Տեխաս) արվարձան Կարոլտոնում գտնվող հայկական նորակառույց Սբ. Սարգիս եկեղեցին 8500 քվեարկողների մոտ 64 տոկոսի ձայներն ստանալով ճանաչվել է «Մ. Նահանգների 2022-ի Տարվա կառույց», Նյու Յորքից տեղեկացնում է «World-architects.com» կայքի թղթակից Ջոն Հիլը: Համացանցում քվեարկողները պետք է ընտրեին անցյալ տարի «Շաբաթվա Կառույց» ճանաչված 40 շենքերից մեկը:
Ճարտարապետ Դեյվիդ Հոտսոնի նախագծով կառուցված եկեղեցու հիմնաքարը դրվել էր 2018-ին: Ավանդական օծումը կատարվել էր անցյալ տարվա ապրիլի 23-ին, եւ հաջորդ օրն իսկ տեղի էր ունեցել կիրակնօրյա առաջին եկեղեցական արարողությունը, որը նվիրված էր եղել Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 միլիոն հայերի հիշատակին:
Եկեղեցին Հայաստանից մոտ 7000 մղոնով հեռու է, բայց կառուցված է հայոց մայրաքաղաքից ոչ շատ հեռու գտնվող 7-րդ դարի Սբ. Հռիփսիմեի տաճարի նմանությամբ: Արեւմտյան ճակատային մասում ճենապակու վրա իտալական Fiandre ընկերության կողմից պատրաստված հայկական խաչի ձեւով հուշապատկեր է դրոշմված, 1,5 միլիոն բոլորաձեւ դրվագներով, որոնցից յուրաքանչյուրը եզակի է, ինչպես եզակի էին մեկ դար առաջ կյանքից զրկված անհատների ճակատագրերը: Ընդհանուր առմամբ այն «կենարար ծառ» է հիշեցնում եւ խորհրդանշում է հայերի վերապրելու կամքը:
Հին, ավանդական եւ նոր, ժամանակակից տեխնոլոգիաների ներդաշնակ համադրությամբ կառուցված եկեղեցու «Տարվա կառույց» ճանաչվելու առիթով ճարտարապետ Դեյվիդ Հոտսոնը հետեւյալ խոսքերն է գրառել. «Պատիվ է ինձ համար, որ եկեղեցին արժանացել է նման ճանաչման: Այդ պատիվը ես վերագրում եմ նախագծի վրա աշխատող ամբողջ թիմին եւ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են սոցհարցումին, ներառյալ հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնց համար այս եկեղեցին յուրահատուկ նշանակություն ունի: Սբ. Սարգիս եկեղեցին 14 դար հետ է գնում առնչվելու համար աշխարհի ամենահին քրիստոնեական երկրի ճարտարապետության հետ, մինչ ժամանակակից շինարարական տեխնոլոգիաների կիրառումով այն նոր շունչ է հաղորդում Տեխասի լայնածավալ տափաստանին: Հույս ունեմ, որ եկեղեցու այցելուների հաճախումը կավելանա նրան շնորհված այս պատվի առթիվ եւ դա իր հերթին կբարձրացնի ամերիկացիների իրազեկվածությունը քրիստոնյա հնագույն ազգի նկատմամբ»:
Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)