Փարիզյան ահաբեկչությունը քաղաքական, տնտեսական եւ հոգեբանական ցնցումների ենթարկեց Բելգիայի թագավորությանը: Մասնավորապես Բրյուսելում, հասարակության անվտանգությունն առավելագույնն ապահովելու համար, հայտարարվեց ահաբեկչության վտանգի գերբարձր մակարդակ, ինչը նշանակում էր անհապաղ դադարեցնել հասարակական տրանսպորտի, առեւտրի կենտրոնների, ռեստորանների, սրճարանների եւ սննդի այլ կետերի գործունեությունը, արգելվում էին նաեւ հասարակական բոլոր միջոցառումները:
Հեռուստատեսության ուղիղ եթերով զգոնության կոչեր էին արվում, մասնավորապես հորդորում էին բնակիչներին հնարավորինս տանից դուրս չգալ, քանի որ ենթադրյալ ահաբեկիչների հետքերը հասնում էին Բրյուսել: Հինգ օր քաղաքը գտնվում էր կատարյալ կատվածահար վիճակում: Վտանգի առկայությունն ըստ հատուկ ծառայությունների այնքան մեծ էր, իրական ու անխուսափելի, որ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը ստիպված հայտարարեց անվտանգության գերմակարդակի պահպանումը երկարաձգելու մասին: Սակայն ի զարմանս բոլորի, հաջորդ օրն, առանց որեւէ հիմնավորման եւ բացատրության, անսպասելի նվազեցվեց տագնապի գերաստիճանը, որի դեպքում միանգամայն թույլատրելի էր համարվում վերսկսել հանրային ծառայությունների գործունեությունը եւ իրականացնել հասարակական միջոցառումներ: Այսինքն, Բրյուսելը դարձյալ անցնում էր իր առօրյա կյանքին: Չհիմնավորված այս կտրուկ փոփոխությունը լայն քննարկումների, անհանգստությունների, նաեւ դժգոհությունների տեղիք տվեց:
Հակաահաբեկչական լայնածավալ միջոցառումները Բելգիային հասցրեցին տնտեսական կատարյալ շոկի: Օրական 52 միլիոն եվրոյի կորուստ միայն առեւտրի ոլորտն ունեցավ, իսկ պետական համակարգըՙ 22 միլիոնի: Անմասն չմնացին նաեւ մշակութային օջախներն ու տուրիստական կազմակերպությունները:
Չնայած օրական հասցրած միլիոնավոր կորուստներին, այդուհանդեձ ահաբեկիչներին գտնելու լայնածավալ փորձերը մինչ օրս անարդյունք են: Հայտարարված թիվ մեկ ահաբեկիչ Սալահ Աբդեսլամն ու նրան սատարողներն մինչ օրս իրենց ազատությունն են վայելում : Իսկ ժամանակավոր կալանքի տակ են մնացել ընդամենը հինգ անձ, որոնք կասկածվում են Աբդեսլամի համախոհը լինելու մեջ :
Ինչեւէ, Բելգիան վճռական է տրամադրված: Բյուջեից հատկացվել է եւս 400 միլիոնՙ անվտանգությունն առավել կազմակերպելու համար:
Ներքին գործերի նախարար Յան Յանբոնի խոսքերով, գործի են դրվել բոլոր միջոցները: Նախատեսվում է Մոլենբեկում մեկ առ մեկ խուզարկել Մարոկկոյից ներգաղթյալների բնակարանները: Հարկ եղած դեպքում Մոլենբեկը հիմնովին մաքրել արմատական շեղումներ ունեցողներից:
Սալահ Աբդեսլամը Մոլենբեկում սրճարան ուներ, հաճախորդներից եւ հարեւաններից (բելգիացի, իտալացի) տեղեկացանք, որ նա բարի, կենսախինդ, շնորհալի երիտասարդ է, երբեւէ միջավայրում խնդիրներ չի ունեցել, խուսափել է վիճաբանություններց եւ ամենակարեւորըՙ շրջապատին եւ տարեցներին հարգանքով է վերաբերվել: Մեր հարցումների ընթացքում չգտնվեց որեւէ մեկը, ով բացասական արտահայտվեր, բոլորը զարմացած էին, քանի որ որեւէ խոսակցություն, չնչին իսկ առիթ չեն ունեցել նրան կասկածելու արմատական իսլամիզմի, ջիհադական խմբավորմանը մաս կազմելու մեջ:
Թեպետ այս օրերի լարվածությունը ստիպում է մարոկկոցի երիտասարդներին լինել ծայրահեղ զգուշավոր, այդուհանդերձ մեր հետ զրույցում ոմանք անկեղծացան, խոստովանելով, որ շատերին է գրավում լինել ջիհադիստական խմբավորման մեջ, լինել արմատական իսլամիստ: Մեր հարցումներից պարզվեց, որ ոչ միայն մուսուլմաններն են, այլ նաեւ շատ բելգիացիներ եւ ընդհանրապես տարբեր ազգերի երիտասարդներ են հավատափոխ լինում եւ մեկնում Թուրքիա-Սիրիա:
Մոհամեդի (ազգանունը խնդրեց չհրապարակել) խոսքերով, շատերին միայն ֆինանսական շահն է հրապուրում: Լինելով ջիհադիզմի մեջ, ամսական ստանում են 2 -ից 5 հազար եվրո, ապահովվում է ուտելու եւ քնելու հարցը, իսկ ամենակարեւորըՙ թմրանյութերը ստանում են անվճար:
Բելգիայում ապրող առավել տարիքով մարոկցիները միանգամայն համաձայն են, որ բոլոր մարոկցի երիտասարդներին արտաքսեն երկրից:
Վստահաբար Բելգիան նույնպես կցանկանար բոլորին արտաքսել, սակայն եվրոպական օրենքներն ու դեմոկրատական եւ մարդասիրական գաղափարները հսկայական պատնեշ են դարձել, նաեւ նպաստելՙ Եվրոպայի սրտում արմատական իսլամիզմի ճյուղավորմանը:
Այսօր Եվրոպան միայն մուսուլմանական աշխարհին է թիրախ սարքել, սակայն Բելգիայի եւ ընդհանրապես Եվրոպայի շատ երիտասարդներ հավատափոխ են լինում եւ մեկնում Սիրիա: Այս մասին վաղուց Բելգիայի եւ Եվրոպայի հատուկ ծառայությունները քաջատեղյակ են: Ծնողներն իրենց երեխաներին Սիրիա մեկնելու գաղափարից հետ պահելու համար ահազանգում են, դիմում են ոստիկանություն, մինչեւ անգամ, ճարահատյալ, իրենց երեխաների դեմ բողոքի հայցով դատարան են դիմել, սակայն պատասխանը մեկն էՙ երեխան չափահաս է, եւ ինքն է ընտրում իր ապագան, եւ օրենքը թույլ չի տալիս բռնանալ նրաց իրավունքներին եւ ազատությանը:
Այսօր այդ ծնողներից շատերն արդեն որդեկորույս են, որակվում են որպես ահաբեկիչների ծնողներ: Նրանք հասարակությունից մեկուսացված են եւ միայնակ: Մինչդեռ իրական խնդիրը գալիս է եվրոպական քարացած օրենքներից եւ անտարբերությունից :
Տարիներ ի վեր մուսուլմաններն արմատներ են գցել Եվրոպայում եւ դեռ շարունակում են: Տարիներ ի վեր պարբերաբար ահաբեկչություններ են իրականացվել Եվրոպայի տարբեր քաղաքներում , սակայն ահասարսուռ ահաբեկչությունից մեկ շաբաթ անց այլեւս դադարում են այդ մասին խոսել, այն դառնում է միայն պատմութան տխուր էջ:
Բրյուսել
Նկար 2. Սալահ Աբդեսլամի սրճարանը Մոլենբեկում