Արմեն Մանվելյան պ․գ․թ․
Մայիսը հաղթանակների ամիս է: Սա իհարկե ճշմարտություն է, քանի որ մեր ժողովրդի զավակները իսկապես փառահեղ հաղթանակներ են կերտել մայիս ամսին:
Մենք մայիսը համարում ենք հաղթականՙ այն կապելով թե՛ Ավարայրի ճակատամարտի ու Վարդանանց շարժման հետ, թե՛ Սարդարապատի փառահեղ հաղթանակի եւ թե Արցախյան հաղթանակներիՙ Շուշիի ազատագրումը եւ մայիսի 12-ին զինադադարի հայտնի պայմանագրի կնքումը, եւայլն: Հենց մայիս ամսին ենք հիշում մեր հաղթանակների, դրանք կերտողների եւ, իհարկե, ժողովրդի մասին: Մենք ստեղծել ու տարիներ շարունակ քարոզել ենք հաղթանակներ կերտող հայ ժողովրդի կերպարը, ինչին նպաստել է նաեւ խորհրդային շրջանը, երբ կարեւորվում էր ժողովրդի հավաքական ուժը եւ ստորադասվում անհատի նշանակությունը:
«Ժողովուրդներն են կերտում հաղթանակ, իսկ անհատը կամ անհատները ոչինչ են» սկզբունքը մարքսիզմ-լենինիզմի տեսության հիմնական դրույթներից մեկն էր, որը հետագայում ժողովրդավարության ու պոպուլիզմի անվան տակ սկսվեց տարածվել ողջ աշխարհով մեկ: Նման գաղափարախոսության հիմքում մեծամասնության բացարձակ ճշմարիտ լինելու սկզբունքն է եւ որ մեծամասնությունը, իմաՙ ժողովուրդը, պատմության հիմնական շարժիչ ուժն է:
Գաղափարական այս սկզբունքը շատ հարմար է, որ մարդիկ չիմանան եւ չճանաչեն սեփական պատմությունը, եւ որ ամենակարեւորն էՙ այն իրական հերոսներին, որոնք հենց կերտում են այդ հաղթանակները: Իսկ պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ժողովուրդների եւ ազգերի համար ճակատագրական պահերին հայտնվում են հզոր անհատներ եւ կամային որակներով օժտված մարդիկ, որոնք եւ շատ դեպքերում վճռում են պատմության ընթացքը, ու որպես կանոնՙ այդ մարդիկ չեն լինում մեծամասնություն, այլ ընդհակառակըՙ ազգի լավագույն փոքրամասնությունը, որը եւ ապահովում է ժողովուրդների գոյատեւումը:
Հետագայում որպես կանոն այդ անհատները մոռացվում են, իսկ հաղթանակները վերագրվում են մեծամասնությանըՙ ժողովուրդին: Ուղիղ 102 տարի առաջ այս օրերին Սարդարապատում ընթացող դաժանագույն մարտերին մասնկացում էր հայ ժողովորդի միայն մի փոքր մասըՙ ընդամենը 13 հազար զինվոր եւ սպա, որոնք իրենց կյանքի գնով, մոտ 9 օր տեւած մարտերից հետո կարողացան կանգնեցել եւ ապա հետ մղել արդեն Էջմիածնի մատույցներին հասած թշնամուն:
Հիշեցնենք, որ այդ շրջանում Արեւելյան Հայաստանի բնակչությունը, Արեւմտյան Հայաստանից գաղթածների հետ միասին կազմում էր, ըստ տարբեր տվյալների, 800 հազարից մինչեւ 1 միլիոնի: Սակայն, նրանցից միայն 13 հազարը մասնակցեց Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ ապա Բաշ-Ապարանի հայտնի մարտերին, երբ հաջողվեց կանգնեցնել եւ ապա հետ մղել թշնամու հարձակումները:
Այսինքն, բուն ռազմական գործողություններին մասնակցել է Հայաստանի բնակչության միայն 1 տոկոսից մի փոքր ավելին, իսկ մեծամասնությունը, նույնիսկ օրհասական այդ օրերին, նախընտրում էր խուսափել հայրենիքին ծառայելուց եւ փախչել ռազմական գործողություններից ինչքան հնարավոր է հեռու: Ժողովուրդի գոյատեւման բնազդը, չգիտես ինչու, «աշխատեց» միայն չնչին փոքրամասնության մոտ, որը հրաժարվեց նահանջելուց, այլ կանգ առավ եւ տվեցՙ հնարավոր վերջին մարտը, որը, փառք Աստծո, ավարտվեց հաղթանակով:
«Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար». Պարույր Սեւակի այս հայտնի խոսքերը ազգի գենոֆոնդի այն փոքր մասին է վերաբերում, որը իր կյանքի գնով կարողացավ թեքել պատմության ընթացքը: Ցարական Ռուսաստանի անկումը, ռուսական բանակի կազմալուծումը, թուրքերի շարունակական հարձակումները խուճապ էին առաջացրել ողջ ազգաբնակչության շրջանում, եւ քչերն էին, որ հասկանում էին, թե այդ պահին միայն վճռական ճակատամարտով կարելի էր կասեցնել թշնամու առաջխաղացումը:
Հայկական զորքերի հրամանատարն էր գեներել Մովսես Սիլիկյանը, շտաբի պետըՙ գնդապետ Ալեքսանդր Վեքիլյանը, Սարդարապատի ճակատի հրամանատարն էր Դանիել Բեկ-Փիրումյանը, շտաբի պետն էր Ալեքսանդր Շնեուրը, որը Հայաստանում ծնված գերմանացի էր: Թիկունքի կազմակերպիչը եւ ընդհանրապես պաշտպանության գաղափարախոսն էր Արամ Մանուկյանը, ոգեշնչողըՙ Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ 5-րդը, հետագայի զույգ կաթողիկոսներ Գեւորգ 6-րդը եւ Գարեգին Ա Հովսեփյանցը: Մի ողջ էլիտա: Սարդարապատի եւ մյուս ուղղություններում ընթացող մարտերին ակտիվ մասնակցություն են ունեցել նաեւ մեծ թվով ազգությամբ ռուս սպաներ, ովքեր հայ ժողովրդի համար այդ օրհասական օրերին նախընտրեցին մնալ Հայաստանում եւ մարտնչել թուքերի դեմՙ թույլ չտալու համար հերթական ցեղասպանությունը:
Ռազմական գործողություններին ակտիվ մասնակցություն են ունեցալ նաեւ եզդիական ջոկատները Ուսուբ բեկի ու Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Քրիտափոր Արարատյանի հրետանին կարեւոր նշանակություն ունեցավ վճռորոշ հաղթանակի համար: Այս եւ նման հերոսների անունները կարելի է շարունակաբար գրել, սակայն պետք է հասկանալ, որ այս անվախ խենթերն էին, որ կերտեցին հաղթանակը, իսկ նրանք, ցավոք սրտի, երբեք չեն կազմում մեծամասնություն:
Ի դեպ, նույն իրավիճակը, երբ չնչին փոքրամասնությունը կերտեց հաղթանակ, սակայն չգիտես ինչու այն սիրում ենք վերագրել ինչ-որ անհայտ մեծամասնության, կրկնվեց Արցախյան հաղթանակի ընթացքում եւս: Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հերթական էջը գրվեց 70 տարի անց, երբ այս տարածաշրջանում ապրող մոտ 4 միլիոն հայությունից միայն մի փոքր մասը մասնակցեց Արցախ աշխարհի ազատագրմանը:
Երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, Երեւանի Թատերական հրապարակում հավաքվում էր, ըստ տարբեր տվյալների, մինչեւ մեկ միլիոն մարդ, սակայն երբ սկսվեցին ռազմական գործողությունները Արցախում եւ սահմանամերձ գոտիներում, մարտական գործողություններին մասնակցում էր 20-25 հազար մարտիկ: Սա այն դեպքում, երբ Արցախում իրականացվել էր տոտալ մոբիլիզացիաՙ բոլոր տղամարդիկ զորակոչվել էին բանակ:
Այսինքն, Արցախի պայքարին մասնակցում էր հայ բնակչության 1 տոկոսից էլ պակաս մարդ, իսկ եթե հաշվի առնենք նաեւ Սփյուռքի գործոնը, ապա հայրենիքի համար պայքարին նետվեց հայ ժողովրդի 0,1 տոկոսը: Նույն Սփյուռքիցՙ կամավորության սկզբունքով Հայաստան ժամանեց ընդամենը մի քանի տասնյակ սփյուռքահայ, այն դեպքում, երբ 300-ից ավելի ռուսաստանցի հայեր մասնակցում էին Արցախի ազատագրմանը:
Այս վերլուծության նպատակն է հասկանալ մի պարզ ճշմարտություն, որ Հայրենիքի համար վճռական պահերին մարտի են նետվել միայն նրա ներկայացուցիչների փոքր մասըՙ ազգի էլիտան: Մայիսյան այս հաղթանակներն էլ, կերտված տարբեր դարաշրջաններում, իրականացվել է միայն շնորհիվ եւ ի հաշիվ չնչին փոքրամասնությանը, որը պատրաստ է մարտնչել իր հայրենիքի ազատագրման եւ պաշտպանության համար: Սա մի իրողություն է, որից պետք է դասեր քաղել եւ կրթական ու հայրենասիրական դաստիարակության միջոցով աճող սերնդին «ներարկել» հայրենասիրության այն չափաբաժինը, ինչը հնարավորություն կտա արդեն ժողովրդի մեծամասնությանը, հարկ եղած դեպքում, ոտքի կանգնել հայրենիքի պաշտպանության համար: