Իրավագիտությունն այնքան էլ առաջընթաց չի արձանագրել Թուրքիայում Օսմանյան սուլթանների ժամանակներից ի վեր: Հայ գրականության մեջ հասարակությանը քիչ ծանոթ երգիծաբան-նովելիստ Առանձարը (Միսաք Քերովբեի Գոյումճյան, 1877-1913 թթ.), ով նշավակել էր իր ժամանակաշրջանի թուրքական օրենքները, իր պատմվածքներից մեկում պատմում է մի հայի մասին, ով մոլլայի մորուքն անպատվելու համար մեղավոր է ճանաչվում (ինչպես Սեւան Նշանյանըՙ մարգարեին անպատվելու համար): Բողոքարկման ժամանակ, սակայն, գթասիրտ դատավորը արդարացնում է նրան, հիմնավորելով իր վճիռն այն փաստով, որ մոլլայի մորուքի որոշակի քանակի մազերը, որոնք անպատվության պատճառ էին դարձել, այդ առավոտյան բավականին ուժեղ սանրելու հետեւանքով արդեն թափվել են: Ցանկանում ենք, որ Նշանյանի գործն էլ նման ավարտ ունենա:
Ներկայիս Թուրքիան Եվրոմիությանը անդամակցելու թեկնածու է եւ Էրդողանի կառավարությունը, այդ կառույցի նախապայմաններին համաձայն, որոշ բարեփոխումներ է իրականացնում երկրի օրինական դաշտում, հատկապես մարդու իրավունքների եւ խոսքի ազատության բնագավառներում, չնայած շարունակվում են քուրդերի կոտորածներն ու մամուլի ազատությունների վրա հարձակումները եւ մեծ թվով լրագրողների բանտարկությունները:
Թուրքիայի քաղաքացի Դողու Փերինչեքը Շվեյցարիայում ժխտեց Հայոց ցեղասպանությունը, եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արդարացրեց նրան հիմնավորելով իր որոշումը անհատի ազատ արտահայտվելու իրավունքով, մինչդեռ նրա այդ իրավունքի մասին բարձրաձայնող Թուրքիան հայ մտավորական Սեւան Նշանյանին 25 տարով բանտարկում է Թուրքիայի պատմության մասին իրականությունը ասելու համար: Թուրքիայի նման երկրից մարդ կարող է ակնկալել օրինականության խախտումներ, բայց նման դատողություն եւ նման վերաբերմունք եվրոպական դատարանիցՙ ուղղակի անսպասելի է: Եվրոպան չպետք է մրցի Թուրքիայի հետ այդ հարցում:
Ի դեպ, երբ թուրք լրագրողներ, ներառյալ նաեւ «Ջումհուրիեթի» խմբագիրը, բանտարկվեցին, բողոքի ձայներ լսվեցին աշխարհում, բայց երկու տարի առաջ անարդարացիորեն ձերբակալված Նշանյանի պարագայում ցարդ ոչ մի արձագանք չի հնչել:
Արտակարգ տաղանդավոր մարդիկ հաճախ գունագեղ են լինում: Նրանք ըմբոստանում, մարտահրավեր են նետում օրվա ընդունված սոցիալական, բարոյական եւ քաղաքական նորմերին, եւ այդ ընթացքում, երբեմն իրենց կյանքի գնով նրանք մտածողության նոր ուղիներ են ձեւավորում, որոնք, իրենց հերթին, հետագայում դառնում են ընդունված «նորմեր»ՙ հասարակության մեջ: Նշանյանը կարող է դասվել սոցիալական այդ ըմբոստների (ինչպես Հիսուս Քրիստոսը, Ջորդանո Բրունոն, Ժաննա դ”Արկը, եւայլն) շարքում, բայց դժբախտաբար նա ճիշտ վայրում (երկրում) չի ապրում:
Նա բազմագիտակ անձնավորություն է, ով հսկայական ծառայություն է մատուցել հասարակությանը: Բայց նրան բանտարկել են կեղծ, շինծու մեղադրանքների հիման վրա: «Change.org» առցանց կայքում ներկայումս խնդրագիր է ներկայացված նրան ազատ արձակելու պահանջով, բայց ցարդ այն միջազգային ուշադրության չի արժանացել, ի հեճուկս հայկական համայնքների:
Բայց նրա պարագան, եւ դատական գործը միայն հայերին չէ, որ վերաբերում է, քանի որ նա դարձել է արդարության (կամ անարդարության) միջազգային խորհրդանիշ: Նա արդեն երկու տարի է, ինչ բանտում է գտնվում (*) եւ դեռ 11,5 տարի էլ ունի անցկացնելու այնտեղ, իսկ եթե դեռեւս առկախ մեղադրանքներն էլ «հաստատվեն», նրա պատիժը կարող է երկարաձգվել եւս 25 տարով:
«Ալ-Մոնիտորում» տպագրված իր հոդվածում Օրհան Քեմալ Ջենգիզը գրում է. «Սեւան Նշանյանին պատժում են անօրինական շինարարություն կատարելու համար Թուրքիայում, որտեղ անօրինական շինարարություններն անթիվ-անհամար են: Փոխանակ ճարտարապետության ասպարեզում Նոբելյան մրցանակի արժանացնելուն Շիրինչի իր հողատարածքում ստեղծած շինությունների համար, նրան Իզմիր-Թորբալի բանտում են պահում 17 մեղադրանքների հիման վրա, որոնք ընդհանուր առմամբ մոտ 50 տարվա բանտարկություն են նախատեսում: Իրականում, բոլորն էլ գիտեն, որ Նշանյանի գործը ոչ մի կապ չունի շինարարական խախտումների կամ օրինազանցությունների հետ: Նրան պատժում են պաշտոնական գաղափարախոսությանը դեմ իր հեղինակած գրական գործերի համար»:
Պետք է նշել, որ Նշանյանի նախաձեռնության շնորհիվ Շիրինչը դարձել է դրախտավայր, որն իրեն է ձգում տարեկան 600-800 հազար զբոսաշրջիկների: Իր կնոջ հետ նա այդ հին հունական, կիսավեր ավանը տեղափոխվեց, եւ որոշ շինություններ ձեռք բերելով վերանորոգեց դրանք, օժտելով ամենաարդիական հարմարություններով, որոնք կգոհացնեն ամենաբծախնդիր զբոսաշրջիկին: Իրականում նրա կատարածը հար եւ նման է Հայաստանում Թուֆենկյանների կատարածին: Բայց փոխանակ խրախուսելու զբոսաշրջությանը բերած իր նպաստը, թուրքական կառավարությունը պատժում է նրան սեփական կարծիք ունենալու համար: Չնայած Ստամբուլը համարվում է «Գեջեկոնդու» (գիշերածիլ) շինարարության մայրաքաղաքը, ոչ ոք մինչ օրս չի մեղադրվել կամ բանտարկվել այդ անօրինական շինությունները կառուցելու համար:
Ակներեւ է, որ Նշանյանի «դատավճիռը» ավելի շուտ իր անկեղծ բնավորության եւ արտահայտած մտքերի հետ է առնչվում, քան իր շինարարական գործունեության: Նա ինքն էլ է համոզված դրանում:
Սեւան Նշանյանը ավարտել է Կոլումբիա եւ Եյլ համալսարանները, իր ուսումնասիրությունների արդյունքում գրել է մի գիրք թուրքերենի ստուգաբանության մասին, հիշեցնելով մեզ լեզվաբանական հաջողութունները անվանի թուրքագետ Հակոբ Վահանի Մարթայանի (1895-1979), որին Աթաթուրքն ինքը տվել էր «Դիլաչար» (լեզվի բանալի, կամ լեզու բացող) անունըՙ լատինատառ այբուբենով թուրքերենի զարգացմանը նպաստելու համար: Բայց Նշանյանի անախորժությունները սկսվեցին, երբ նա հրատարակեց «Սխալ հանրապետությունը» վերնագրով հատորը, որտեղ քննության էր առնում Թուրքիայի ներկա հանրապետության հիմքերն ու Աթաթուրքի իշխանության օրինականությունը: Նրա եզրակացությունները հաստատել է թուրք պատմաբան Թաներ Աքչամը, ով մեկ առ մեկ թվարկել է պատերազմի իթթիհատական բոլոր ոճրագործներին, որոնք հետագայում Աթաթուրքի շարժմանը միանալով հիմնեցին արդի ժամանակների Թուրքիանՙ ընդհանրապես քրիստոնյաների եւ մասնավորապես հայերի արյամբ ողողված հողերի վրա:
Աթաթուրք բառացիորեն նշանակում է «Թուրքերի կամ Թուրքիայի հայր»: Թուրք գրող Ազիզ Նեսինը այլ առողջ դատող մտավորականներից մեկ քայլ առաջ անցնելով հարց է տվել, թե «ինչո՞ւ այդ պոռնկորդին իմ կամ իմ երկրի հայրը պետք է կոչվի»:
Վերջին տարիներին, մեկ այլ թուրք պատմաբանՙ Հոլանդիայում ապրող Ուգուր Ունգորը հրատարակեց «Արդի Թուրքիայի ստեղծումը» վերնագրով մի գիրք, որտեղ շարադրել է այն միտքը, թե ժամանակակից Թուրքիայի հարուստ դասակարգն այժմ վայելում է հայերի հարստությունն ու բռնագրավված ունեցվածքը: Նշանյանն այժմ բանտում է նմանատիպ մտքեր արտահայտելու համար: Նաեւ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ բարձրաձայնելու համար: Նա բազմաթիվ սպառնալիքներ էր ստացել կրոնական ճնշումների դեմ պայքարելու համար եւ գուցե բանտում գտնվելը բարիք է իր համար, որպեսզի չարժանանա Հրանդ Դինքի բախտին:
Ինչ վերաբերում է իր դեմ հարուցված բուն գործին, օրենքը, որի հիման վրա Նշանյանին բանտարկել են, արդեն չեղյալ էր հայտարարվել դրանից առաջ: Այս մասին ընդդիմադիր HDP կուսակցության անդամ, խորհրդարանի պատգամավոր Պերվին Բուդանի հարցադրումը խորհրդարանում անպատասխան էր մնացել: 2863 օրենքի 65-րդ հոդվածը սահմանադրությունից հանվել էր դեռեւս 2012 թվին, բայց Նշանյանի գործը քննող դատավորը շարունակել էր կիրառել այն: Նրան մեղավոր ճանաչելը հակասում էր նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 6-րդ եւ 7-րդ հոդվածներին:
Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կրոնական մոլեռանդության հետեւանքով երկրում ներկայիս ձեւավորված օտարատյացության մթնոլորտում, գործող օրենքների բարենպաստ նրբություններն ու լավ մտադրությունները չեն կարողանում փոխել մարդկանց մտայնությունը:
Նշանյանի ներկա գործը մարտահրավեր է ուղղված ոչ միայն աշխարհասփյուռ հայության, այլեւ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններին: Համաշխարհային հասարակական կարծիքը պետք է ուժ գտնի քողազերծելու ժամանակակից Թուրքիայի մարդու իրավունքների խախտումները, այլապես այդ երկրի Եվրոմիությանը անդամակցելու հայտը ծիծաղի առարկա է դառնալու:
Ժամանակն է, որ Սեւան Նշանյանին ազատ արձակեն բանտից: Նա, ճիշտ է, շատախոս է, ընդդիմադիր եւ չի պատրաստվում թուլացնել իր պայքարը կամ թաքցնել իր դիմագիծը պարզապես ապահով կյանք վարելու համար այդ երկրում, սակայն Թուրքիային էլ հենց նրա նմաններն են պետք, որպեսզի դառնա ժողովրդավարական երկիր:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.
(*) Նշանյանը բանտում է գտնվում 2014 թվի հունվարի 11-ից: Նրան մեկուսարանից «Սուլթանհիսարի բաց բանտ» էին տեղափոխել 2015-ի սեպտեմբերի 24-ին, բայց, ըստ «Ակօս» թերթի, վերջերս դարձյալ մեկուսարան են տարել: