Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարիամ Կարապետյան. Եգիպտական բալետի առաջատար մենապարուհին

10/02/2023
- 10 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցյալ նոյեմբերին Եգիպտոս կատարածս ուղեւորության ժամանակ հաճելի հանդիպում ունեցա Կահիրեի օպերայի բալետային խմբի առաջատար մենապարուհի Մարիամ Կարապետյանի հետ: Գյումրիում ծնված Մարիամը 2009-ին ավարտել է Երեւանի պարարվեստի պետական քոլեջը: 2011 թվականից գլխավոր դերեր է կատարում եգիպտական բալետում («Դոն Կիխոտ», «Քնած գեղեցկուհին», «Կարապի լիճը», «Կարմինա Բուրանա», «Սպարտակ», «Զորբա», «Բոլերո», «Վալպուրգյան գիշեր», «Բախչիսարայի շատրվանը», «Կոպելիա», «Իշխան Իգոր» եւ այլն): Աշխատել է բալետմայստերներ Աբդել Մոնի Քամելի, Խոսե Պերեսի, Ռենե դե Կարդենասի, Վալենտին Բարտեսի եւ այլոց հետ, հանդես եկել միջազգային բալետի ականավոր դեմքեր Թիերի Մալանդենի, Ռենատո Գրեկոյի, Լորկա Մասինի բեմադրություններում: 2004-ից որոշ ժամանակ Մարիամ Կարապետյանը բնութագրական պար է դասավանդել Կահիրեի ժամանակակից պարի կենտրոնում: Կահիրեի օպերայի բալետի խմբի հետ ելույթներ է ունեցել տարբեր երկրներում, 2017-ին զուգապարերով մասնակցել է Հարավային Աֆրիկայի միջազգային բալետի գալայում. այդ առթիվ տեղի մամուլը նշել է նրա հայ լինելը:

Մենք ծանոթ էինք Դիմագրքից, եւ գնալով նրա հետ հանդիպման Կահիրեի օպերայի եւ բալետի թատրոնի մերձակա մի սրճարանում՝ մտապատկերում չունեի նրա դեմքը: Սակայն միշտ կես կատակ ասում եմ, որ կարողանում եմ մարդկանց մեջ անմիջապես տարբերել հայերին եւ բալետի արտիստներին: Այդպես էլ դժվար չեղավ անմիջապես ճանաչել դասական պարուհու արտաքինով եւ հայկական գեղեցիկ աչքերով օժտված Մարիամին, որի հետ զրուցեցինք վաղեմի մտերիմների պես…

Մարիամ Կարապետյանը «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետում

-Գյումրիից՝ Կահիրե: Ինչպե՞ս եղավ այս ճանապարհը:

-1991-ին՝ իմ ծննդյան տարին, Գյումրիից նախ ընտանիքով տեղափոխվեցինք Ռուսաստան, հետո մորս պահանջով վերադարձանք Հայաստան, քանի որ մայրս չէր ուզում, որ ես ու քույրս Ռուսաստանում դպրոց գնանք: Երեւանում հայրս՝ Արշալույս (Աշիկ) Կարապետյանը, աշխատանքի անցավ պարարվեստի ուսումնարանում, որպես պարային կոշիկների ձեւավորող-կոշկակար, երբ ուսումնարանի տնօրենն էր լեգենդար Թերեզա Գրիգորյանը: Մենք նրան անչափ երախտապարտ ենք, քանի որ նրա շնորհիվ մեր ընտանիքը դուրս եկավ 90-ականների ճգնաժամից, եւ հենց նա ընդունեց ինձ ուսումնարան՝ բալետի բաժին: Բոլորն ուսումնարանում գիտեին հորս՝ Աշիկի արհեստանոցը, ինձ էլ կոչում էին «Աշիկի տղա», քանի որ շատ էի կռիվներ անում (ծիծաղում է): Միշտ սիրով եմ հիշում լուսահոգի ուսուցչուհուս՝ Լոլա Գյուրջյանին, որի մոտ սովորեցի մինչեւ յոթերորդ դասարանը: Հետո ավարտեցի մեր բալետի աստղ Էլվիրա Մնացականյանի դասարանը: Սիրահարվեցի պարին, ուսումնարանն ավարտելով՝ մտա մեր օպերային թատրոն, որտեղ քիչ մնացի, հետո երկու տարի դասավանդեցի Մալունցյանի անվան արվեստի դպրոցում: Այդ ընթացքում դեպրեսիայի մեջ էի, քանի որ չէի կարող չպարել: Սկսեցի պարապել բալետի ուսուցիչ Հայկ Ավագյանի հետ: 2010 թվականի նոյեմբերի վերջն էր: Պատրաստվում էի եկող հունվարին աշխատանքի համար դիմել՝ Թել-Ավիվի բալետի խումբ մտնելու: Քրոջս հետ Երեւանի «Գրիշկո» բալետային հագուստների խանութում էի, երբ մի մեծ խումբ ներս մտավ: Պարզվեց՝ պարողներ են Եգիպտոսից: Մենք չգիտեինք, որ Եգիպտոսում բալետ կա, մտածեցինք, որ տանուռա՝ պտտվող դերվիշների պարն են պարում: Քույրիկս, լինելով շատ շփվող, տղաներից մեկին հարցրեց՝ դուք տանուռա եք պարո՞ւմ: Տղան վիրավորված ասաց՝ ո՛չ, ես բալետի արտիստ եմ: Քույրիկս էլ հպարտությամբ ասաց՝ քույրս էլ է բալետ պարում: Եգիպտացին էլ ասաց, որ իրենց աղջիկներ են պետք եւ առաջարկեց աշխատանքի ընդունվելու համար դիմել իրենց խմբին: Երեք օր անց պարողներից մեկը, որը հիմա իմ կյանքի զուգընկերն է եւ որն ինձ արդեն նկատել էր, ինձ ուղեկցեց ընկեր Հայկի մոտ եւ իմ պարը նկարահանեց: Հետո նկարածը ցույց տվեց իրենց տնօրենին՝ Էրմինիա Քամելին, նա էլ ցանկացավ հանդիպել ինձ: «Անի» հյուրանոցի մարզասրահում պարեցի նրա համար, եւ ինձ միանգամից պայմանագիր առաջարկեց եկող հունվարի համար: Բայց երբ դուրս էինք գալիս սրահից, Էրմինիա Քամելը շրջվեց ու հարցրեց «Իսկ հիմա ազա՞տ ես»: Ստանալով դրական պատասխան՝ հարցրեց «Կարո՞ղ է հիմա գաս»: Ես համաձայնվեցի, բայց չէի պատկերացնում, որ այդ «հիմա»-ն կլինի վեց օրից: Դա ամենամեծ փորձությունն էր ոչ այնքան ինձ, որքան ծնողներիս համար: Երկու օրից պայմանագիրն ուղարկեցին, երրորդ օրը՝ տոմսս: Այդպես հայտնվեցի Եգիպտոսում:

-Եվ գո՞հ ես:

-Այո՛: Իդեալական տեղեր չկան: Բայց այստեղ կա մի բան, որն ինձ միշտ պահում է: Շատ բաների համար շնորհակալ եմ այս երկրին, այս թատրոնին, հատկապես երկացանկի համար, նաեւ շատ բաներ սովորեցրեց ինձ՝ որպես մարդու:

-Ինչո՞վ է առանձնահատուկ այսօրվա եգիպտական բալետը:

-Դժվար հարց է: Եգիպտոսում դպրոցից սկսած դասավանդում են Վագանովայի մեթոդով, այնպես որ՝ հիմքը ռուսական է: Խորհրդային Միության փլուզումից հետո բալետի շատ արտիստներ եւ պարուսույցներ եկան այստեղ աշխատելու: Նրանք թատրոնը ոտքի կանգնեցրին ու դարձրին առաջատարներից մեկը: Այդ սերնդի շնորհիվ շատ եգիպտացի պարողներ այսօր դարձան աստղեր, գեղարվեստական ղեկավարներ տարբեր եվրոպական թատրոններում: Մեր թատրոնը բոլոր բալետային դպրոցների խառնուրդ է, դրանով էլ հետաքրքրական է: Երբ նոր էի եկել, առաջին օրը պարապում էինք ռուսական մեթոդով, երկրորդ օրը՝ կուբայական, երրորդ օրը՝ ֆրանսիական: Շատ խորեոգրաֆներ էին գալիս Եվրոպայից, ինչը նոր բաներ սովորելու, զարգանալու, աշխարհայացքը բացելու հնարավորություն էր տալիս: Անձամբ ես ֆրանսիական դպրոցի սիրահար եմ: Մեր թատրոնը պահում է դասական երկացանկն իր «մաքուր» ձեւով, ինչը, գիտենք, աշխարհում աստիճանաբար վերանում է, ամենուրեք նորարարական միջամտություններ են անում: Անշուշտ, պետք է զարգանալ, բայց դասական ժառանգությունն էլ պիտի իր նախնական ձեւով պահել:

-Օրինակ, «Մարդուկ-Ջարդուկի» ո՞ր տարբերակն եք ներկայացնում, Պետիպա-Իվանովի՞…

-Հիմնականում՝ այո, սակայն որոշ տեսարաններ Նուրեեւից են: «Կարապի լճի» երրորդ եւ չորրորդ գործողություններն, ինչպես միշտ, անփոփոխ են, «Բայադերան» բեմադրվեց ժամանակակից մոտեցմամբ, բայց ստվերների տեսարանը չփոխեցին: Այնպես որ, դասականը մնում է հիմքը, որի վրա հենվում եւ զարգանում ենք: Ունենք ժամանակակից բեմադրությունների, նոր դասական ներկայացումների պակաս, ինչի սիրահար այնքան էլ չեմ ես՝ լինելով մեծ մասամբ դասական պարի մեջ, սակայն, անկասկած, դա նույնպես անհրաժեշտ է:

-Հաշվե՞լ ես, թե քանի՞ բեմադրությունների ես մասնակցել:

-Ես մենապարուհի էի, հիմա պաշտոնական առաջատար մենապարուհին եմ: Առաջին մեծ ելույթս, որպես գլխավոր մենակատար, եղավ «Օսիրիս» բալետում, Իսիսի դերում՝ ըստ հին եգիպտական դիցաբանության, որ բեմադրեց Աբդել Մոնի Քամելը: Երաժշտությունը՝ իմպրեսիոնիստական ոճով, ականջի համար շատ դաժան էր, մարդիկ սովորաբար կեսից հեռանում էին, քանի որ գլխացավ էին ունենում: Պարողների ու նվագախմբի համար նույնպես դաժան էր, բայց գործը հետաքրքրական էր: Պարել եմ Ժիզել, Գամզատտի՝ «Բայադերա», Գյուլնարա՝ «Կորսար», Մաշա-Կլարա՝ «Մարդուկ-Ջարդուկը», Ջուլիետ՝ «Ռոմեո եւ Ջուլիետ», Մանուելա՝ «Կարմեն-սյուիտ»՝ բալետներում:

-Իսկ ինչո՞ւ ոչ Կարմեն:

-«Կարմենը» բեմադրվեց, երբ որ ես դեռ պրիմա չէի: Բնավորությանս մեջ չկա խնդրել, ես հպարտ գյումրեցի եմ, այդ պատճառով բավարարվեցի գնչուհի Մանուելայի դերով: Առաջին սեզոնի վերջում «Կարմեն-սյուիտի» բալետմայստեր Խոսե Պերեսը բեմադրեց «Կլեոպատրան»: Երբ ինձ առաջարկեցին Կլեոպատրայի դերը, շատ ուրախացա. դե ո՞վ չի ուզի թագուհու դեր պարել: Էրմինիա Քամելը բեմադրության մեջ որոշ տեսարաններ ավելացրեց՝ է՛լ ավելի շքեղացնելով ներկայացումը, ինչպես՝ Կլեոպատրայի մուտքը Հռոմ, հսկայական սֆինքսի արձանի վրա, ոսկեզօծ զգեստներով, նաեւ մահվան տեսարանը, երբ նա ընկնում է աղջիկների ձեռքերին, նրան բարձրացնում եւ դնում են ոսկե գահի վրա, ինչից հետո ոսկեգույն կտորն իջնում է բեմի վրա: Շատ գեղեցիկ եւ տպավորիչ էր…

-Եգիպտացի զուգընկերդ, որն ամեն ինչ արեց, որ գաս Կահիրե, նաեւ քեզ պարընկե՞ր է:

-Ո՛չ: Կյանքի զուգընկերոջ հետ միասին պարելը դժվար է, կոնֆլիկտները շատ են: Թվում է՝ թե պիտի իրար զգաք, հատկապես խաղարկային տեսարաններում, եւ ավելի լավ համագործակցենք, բայց թատրոնում աշխատող ամուսինները, զուգընկերները հրաժարվում են միասին պարել: Եթե քեզ ոչ այնքան մտերիմ մեկն ինչ-որ բան սխալ անի, դու տեղը տեղին կասես՝ գիտե՞ս, այսպես հարմար չէ, բայց եթե քոնն է՝ ուզում ես ամեն ինչ իդեալական անի, նրա հանդեպ ավելի պահանջկոտ ես լինում: Մի անգամ ենք միայն պարել, «Հատվող պարեր»-ում, որտեղ երկու դեր ունեի, եւ փորձի ժամանակ հերթականությունը խառնեցի: Ընկերս սկսեց վրաս գոռգոռալ, իսկ խեղճ փորձավարը կանգնած դիտում էր մեր վեճը: Երբ հանգստացանք, փորձավարն ասաց՝ վե՞րջ, հիմա կարո՞ղ ենք շարունակել (ծիծաղում է):

-Ի՞նչ լեզվով ես հաղորդակցվում թատրոնում:

-Իմ առաջին փորձավարն ուկրաինուհի Ալլա Գեորգիեւնա Շեւելյովան էր՝ լեգենդար մի անձնավորություն, այժմ լուսահոգի, որին միշտ երախտապարտ կլինեմ իմ արտիստական կայացման գործում ներդրած իր ջանքերի համար: Ի դեպ, Ալլա Գեորգիեւնան եղել է Վիկտոր Սմիռնով-Գոլովանովի ասիստենտը՝ Երեւանում բեմադրված «Դիմակահանդես» բալետում: Քանի որ պարողների ու փորձավարների մեծ մասն ուկրաինացիներ ու ռուսներ էին, եգիպտացի պարողների մի զգալի մասը սկսեց սովորել եւ խոսել ռուսերեն: Հիմնական հաղորդակցման լեզուն անգլերենն է, չնայած մի քիչ արաբերեն էլ գիտեմ:

-Ուրիշ հայեր աշխատե՞լ են Կահիրեի օպերայում:

-Իմ ուսուցիչներից Հայկ Ավագյանը, տաղանդավոր մի անձնավորություն, մեկ տարի հրավիրվեց աշխատելու որպես փորձավար: 1970-ականներին այստեղ Վիլեն Գալստյանը բեմադրել է «Գայանեն»՝ եգիպտահայ պարուհի Սոնիա Սարգիսի գլխավոր դերակատարմամբ: Իսկ 2004-ին «Գայանեից» հատվածներ են ներկայացրել: Բելառուս հայտնի բալետմայստեր Ելիզարովը Կահիրեում բեմադրել է նաեւ «Սպարտակը», որը մինչեւ հիմա ունենք երկացանկում: Ես այնտեղ հանդես եմ եկել նախ կուրտիզանուհու, ապա՝ Ֆրիգիայի դերով: Կահիրեի օպերայի եւ բալետի թատրոնում տարիներ առաջ Մարկ Մնացականյանը բեմադրել է «Լորկիանան», որը նույնպես մինչեւ հիմա ներկայացնում են, երկու տարին մեկ. սիրված ներկայացում է, միշտ լեցուն դահլիճներով:

-Իսկ կապ ունե՞ս Կահիրեի հայ համայնքի մշակութային կյանքի հետ:

-Ես 2014 թվականից Կահիրեի «Յուսաբեր» մշակութային ընկերակցության «Սարդարապատ» պարախմբի գեղարվեստական ղեկավարն եմ:

Երբ ինձ առաջարկեցին այդ պաշտոնը, ասացի, որ ժողովրդական պարող չեմ, չեմ կարող երեխաներին հայկական պարեր սովորեցնել, այդուհանդերձ, ինձ վերցրին: Բնականաբար, իմ բեմադրած պարային համարները տարբերվում են, դրանցում շատ են պլաստիկայի տարրերը: Դասականի սիրահար լինելով՝ գործածում եմ հայ մեծ երգահանների գործերը: Չնայած դժվարություններին՝ սիրում եմ մեր հայկական ակումբում աշխատել, ինքս ինձ այդպիսով ավելի մոտ եմ զգում հայ մշակույթին եւ Հայաստանին: Ու եթե գոնե մեկ հայ երեխա պարերի շնորհիվ վերադառնա իր արմատներին՝ դա ինձ մեծ հպարտություն կպատճառի:

-Քեզ Երեւանում բեմի վրա դեռ չենք տեսել…

-Ես ինքս էլ շատ կուզենամ: Եվ քանի որ Եգիպտոսի պետական թատրոնի առաջատար մենապարուհի եմ, ապա կուզեմ, որ իմ հանդես գալը Հայաստանում կազմակերպվի մեր երկրների բարձր մակարդակով: Կարծում եմ՝ մեծամիտ չի հնչում ասածս: Եթե կարողանամ ինչ-որ կերպ մերձեցնել երկու երկրների մշակույթները՝ մեծ պատիվ կլինի ինձ համար: Ես հպարտ եմ որպես հայ՝ օտար մի երկրում լինել նրա առաջատար պարուհին:

-Մենք՝ նո՛ւյնպես…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հովհաննես Գրիգորյան. «Հակառակորդ է յուրաքանչյուր հարեւան, եթե դու նրանից թույլ ես…»

Հաջորդ գրառումը

Հայերենի եւ հայերենագիտության ոլորաններում

Համանման Հոդվածներ

Մշակութային

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են Այգեկ գյուղի շիական մզկիթը. Հովիկ Ավանեսով

19/11/2025
Մշակութային

Երբ Նյութը սկսում է խոսել․ հարցազրույց քանդակագործ Հայկ Հովհաննիսյանի հետ

14/11/2025
Ազգային

Ուկրաինայի Տերնոպոլի մարզում հայտնաբերվել է 414 տարեկան բացառիկ հայկական հուշարձան

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
Հաջորդ գրառումը

Հայերենի եւ հայերենագիտության ոլորաններում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական