Բանաստեղծ, հրապարակախոս, խմբագիր Հովհաննես Գրիգորյանի մահվան 10-րդ տարելիցն առիթ է վերադառնալու 1991 թվականի ապրիլ, երբ իմ հրավերով նա հանդես եկավ «Հառնեցինք վերստին» վերտառությամբ ռադիոհաղորդման ընթացքում: Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի Երիտասարդական հաղորդումների խմբագրության՝ ապրիլի 24-ի հաղորդաժամի թողարկման հեղինակը եւ խմբագիրը լինելով՝ որպես մասունքներ պահպանել եմ դրա մասնակիցների բանավոր խոսքի գրավոր տեքստերը: Դրանցում շարադրված մտքերն այսօր նույնչափ արդիական են, ոնց երեսուներկու տարի առաջ:
Հասմիկ Սարգսյան
«Չեմ ուզում արյան վրեժի կոչ անել այսօր… Չնայած հոգիս խռովքի մեջ է: Չեմ ուզում գոռալ՝ ի զեն, չնայած աչքերս մշուշված են անսահման ցավից, չեմ ուզում ատելություն կուտակել իմ, ձեր, բոլորիս հոգիներում, որովհետեւ ատելությամբ համակված հոգին ընդունակ չէ ստեղծելու, ապրելու… Ես ուզում եմ խոսել ցածրաձայն, ինչպես որ վայել է այն տանը, ուր մեծ տխրություն կա, եւ որի դռների վրա սեւ դրոշներն են վշտահար խոնարհել գլուխները:
Եվ մենք էլ խոնարհենք մեր գլուխները նրանց հիշատակի առաջ, բոլոր նրանց, ովքեր խեղվեցին, ճզմվեցին իրարից հողի պատառներ լափող տերությունների ճանկերի մեջ… Այդ ճանկերի հետքերը կան մեր ժողովրդի պատմության բոլոր էջերում, եւ այդ սպիներն «ինչպես ապրելու» նորանոր դասեր են տալիս մեզ… Ես համընդհանուր մոռացման կոչեր չեմ անում, դա աններելի է, հիշողությունից զրկված ժողովուրդը կույր է… Մենք պիտի հիշենք մեր պատմության յուրաքանչյուր դրվագ՝ լինի հերոսական, ողբերգական, առօրյա-սովորական, մենք նախ եւ առաջ պիտի հիշենք մեր կորուստները, սակայն պիտի հիշենք նաեւ, որ հակառակորդ է յուրաքանչյուր հարեւան, եթե դու նրանից թույլ ես… Պիտի հիշենք, որ եթե տխրությունն անհրաժեշտ է այսօր, ապա՝ որպեսզի հոգիդ թեթեւացնի, եւ եթե արտասուքն է անհրաժեշտ, ապա՝ որպեսզի սրբի մեր աչքերի փոշին, մշուշը, որպեսզի մնացած, մյուս օրերին ժողովուրդը կարողանա ապրել առանց տխրության, թեթեւացած հոգով, եւ որ նրա՝ մշուշից ազատված, մաքրված աչքերը կարողանան տեսնել առաջ տանող ճանապարհը…
Ժողովուրդը պետք է ապրի եւ չպիտի թողնի, որ մոռացության խոտ ու մացառների տակ կորեն, անհետանան իր նախնիների գերեզմանները, սակայն, նաեւ որպեսզի ապրելով ապրեցնի նրանց հիշատակը, իր խնդությամբ մեղմացնի նրանց դառնացած հոգու մորմոքը, արցունք կաթեցնի նրանց շիրիմների վրա, սակայն , առավել՝ կենսական ուժի, կորովի կենարար անձրեւ տեղա այն ծառի արմատներին, որ Հայաստան է կոչվում, եւ, հավատացեք, մեռած ճյուղերն անգամ կպարալակալեն…
Նորից ու նորից կարդում եմ Զոհրապին ու Վարուժանին, Սիամանթոյին, Ռուբեն Սեւակին, Տիրան Չրաքյանին եւ բոլոր նրանց, ովքեր հասցրեցին լուսավոր հետք թողնել մեր մշակույթի պատմության մեջ, եւ բարձր լարման հզոր հոսանքի պես քեզ են փոխանցվում ապրելու կարոտը, սերը, այնքա՜ն վարակիչ, այնքա՜ն թափանցիկ, որ պարտադրում է քեզ առավել ուժգնությամբ, խորությամբ ապրել անցնող կյանքի բոլոր ակնթարթները, որովհետեւ բոլոր այդ ակնթարթներում տրոփում են նրանց անմեռ կարոտները…
Եվ շոշափելիորեն զգում ես ամենակարեւորը, որ ոգին երբեք չի մեռնում, որ ժողովրդի ոգին չի կիսվում, չի մանրանում, ինչքան էլ մեծ ու անդառնալի լինի կորուստը, որովհետեւ բոլոր նրանք՝ սիրելիներն ու հարազատները, որ հեռացան մեզանից, դարձյալ մեզ հետ են, անբաժանելի մասն են ժողովրդի ընդհանրական ոգու:
Եվ կապրեն մեզ հետ, քանի դեռ մենք ապրում ենք»: