«Բուլղարիայի ամենագեղեցիկ կինը ազգությամբ հայ Մանիտա Վարդանն է», տեղեկացնում է «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթի վաշինգտոնյան թղթակից Հայկարամ Նահապետյանը: Հեռախոսազրույց ունենալով նրա հետ՝ Նահապետյանը նշում է, որ 2022-ի նոյեմբերին կայացած «Miss Bulgaria» գեղեցկության մրցույթում Մանիտան հաղթող է ճանաչվել եւ այժմ պատրաստվում է մասնակցել այս տարի Դուբայում կայանալիք «Miss World» մրցույթին:
Մանիտան 4-րդ սերնդի բուլղարահայ է: Ծնվել է Պլովդիվում: Վարդանը իր հոր անունն է: Իսկական ազգանունը Խաչիկյան է:
«Ծնողներս մանկավարժներ են: Ես էլ եմ դասավանդել տեղի հայկական եւ բուլղարական դպրոցներեում: Տան մթնոլորտն ու դասատուի աշխատանքս նպաստել են, որ պահպանեմ իմ ազգային ինքնությունը, որը կարեւոր է եղել մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար: Ես ամենուրեք նշել եմ, որ հայ եմ, ու թեեւ ծնվել եմ Բուլղարիայում, սիրտս միշտ Հայաստանում է եղել: Երբեք չէի մասնակցել գեղեցկության մրցույթների: Ժամանակ առ ժամանակ հանդես էի եկել որպես մոդել միայն: Զարմանալիորեն առաջին իսկ մասնակցությունս ինձ հաջողություն բերեց: 300 մասնակիցներից ժյուրին նախ ընտրեց 15-ին, ապա նրանցից 3-ին, իսկ վերջում ինձ ճանաչեց որպես հաղթող», պատմում է Մանիտան:
Ուսուցչությանն առընթեր նա շարունակում է մոդելի իր կարիերան, բայց նաեւ հատուկ ծրագրերի միջոցով օգնության ձեռք է մեկնում Բուլղարիայի մանկամսուրների եւ որբանոցների սաներին: Միաժամանակ փորձում է քաջալերել տաղանդավոր երեխաներին:
Իր վեց տարեկան դուստրը՝ Էլիզաբեթը նույնպես մրցանակակիր է: Անցյալ հոկտեմբերին Նեապոլում (Իտալիա) կայացած միջազգային երաժշտական մրցույթում նա առաջին տեղն է գրավել: Դրանից առաջ Բուլղարիայում տեղի ունեցած երաժշտության եւ օտար լեզուների իմացության մրցույթներում նա 20 մցանակ է ստացել: Իսկ այս տարվա հունվարի 18-ին «Տաղանդների քաղաք» միջազգային փառատոնում դարձյալ առաջին տեղն է զբաղեցրել:
Մանիտայի ամուսինը Երեւանում ծնված հայ գործարար է, եւ Մանիտան մտադիր է Հայաստան այցելել մոտ ապագայում: Նա նաեւ ցանկանում է գիրք հրատարակել Ցեղասպանությունից ճողոպրած իր նախնիների անցած ճանապարհի եւ Բուլղարիայում հայտնվելու մասին: Որոշ ֆիզիկական նմանություններ տեսնելով երկու «աստղերի» միջեւ՝ Բուլղարիայում մարդիկ հաճախ են Մանիտային անվանում «Բուլղարիայի Քիմ Քարդաշյանը»:
«Իրականում Քիմ Քարդաշյանը իմ ներշնչման աղբյուրն է: Երազում եմ նրան հանդիպել», խոստովանում է Մանիտա Վարդանը:
Պատրաստեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)